Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ա, ա
Ա handwritten.svg
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառԱ
Փոքրատառա
Մասն էՀայոց գրեր
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում1-ին
Տառատեսակները
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ
Երկաթագիր ձեռագիր 1171 թվական

Ա, ա, հայերեն այբուբենի առաջին տառը, ստորին բարձրացման, ըստ որոշների՝ միջին բարձրացման ետին շարքի ձայնավոր հնչույթի գրային նշանը[1]։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Անունն է «այբ»։ Որպես թվանշան նշանակել է 1, իսկ բյուրի նշանով ա = 10.000։ Թվային կարգի արժեքով նշանակում է առաջին։ Կազմված է 3 հաստ ուղղաձիգ՝ երկար և դրա աջ կողմում հավասար հեռավորությամբ կարճ ու լայն տարրերից, երկարը ստորին ծայրից՝ հորիզոնական, իսկ կարճը 2 ուղղաձիգ նուրբերով միանում է լայնին։ Ունի գրչագիր, երկաթագիր, բոլորգիր, շղագիր և նոտրգիր տառատեսակները՝ իրենց տարբեր ձևերով, որոնց մեջ պահպանվել են նրա բուն գծագրական յուրահատկությունները[2]։

Որպես այբուբենի առաջին տառ, նշանակել է մեկ և առաջին, բյուրի նշանով (Ա)՝ հազար։ Արաբական թվանշանների ընդունումից հետո օգտագործվել է թվային կարգի արժեքով։ Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական (օր.՝ մաս Ա-մաս առաջին)։

Ա տառի այբ անունը բ տառի բեն անվան հետ միասին կազմավորում է հետևյալ գոյականները՝

այբուբեն
այբբենարան։
  • Անգրագետ մարդուն բնորոշելու համար ասում են՝
Փորի մեջ մի կտոր այբ չկա։
  • Ա- ն հայերենի ամենատարածված տառն է։

Յունիկոդում ներկայացված է՝

  • Մեծատառ Ա ՝ U+0531
  • Փոքրատառ՝ U+0561։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին։ Կազմվել է երեք հաստ ուղղաձիգ՝ երկար և դրա աջ կողմում հավասար հեռավորության վրա գտնվող կարճ և լայն տարրերից, ուր երկարը ստորին ծայրից՝ հորիզոնական, իսկ կարճը երկու ուղղաձիգ նուրբերով միացել է լայնին։ Գրի զարգացման հետ որոշ փոփոխություններ են կրել լայնը (թեքվել է դեպի աջ, երբեմն երկարել) և ուղղաձիգ նուրբերը (ներսինը իջել է կարճի վերին մասից, դրսինը երբեմն ձուլվել է կարճին)։

Ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի գրչագիր, երկաթագիր, բոլորագիր, շղագիր և նոտրգիր տառատեսակները՝ իրենց տարբեր ձևերով, որոնց մեջ պահպանվել են նրա բուն գծագրական յուրահատկությունները։

  • Գրչագիր Ա - ունի քառանկյունի ձև, որի զուգահեռ ուղղահայաց գծերը միացել են իրար ուղիղ նուրբերով, գրվել է ուղղահայաց և դեպի աջ թեքված, մեծ միջակ և մանր չափերով։
  • Երկաթագիր կամ գլխագիր Ա, ստեղծվել է գրչագրի հենքից, երբ երկար ու լայն գծերը իրար են միացել ոչ թե ուղիղ, այլ կիսակոր նուրբով, գրվում է ուղղաձիգ և շատ քիչ՝ դեպի աջ թեքված, մեծ և միջակ չափերով։
  • Բոլորագիր կամ բոլորակ գիր Ա, մարմնածիր է, առաջ է եկել գրչագրից և կազմվել է երեք հավասար, ուղղաձիգ գծերից, որոնք գրվել են կողք-կողքի և տողի վրա ստորին ծայրերից իրար միացել երկու նուրբերով, գրվել է ուղղաձիգ և թեք, մեծ, միջակ, մանր և մանրագույն չափերով։ Միջնադարում գործածվել է մի գծով, որը կոչվել է «միագիծ այբ»։
  • Շղագիր կամ շեղագիր Ա, առաջացել է բոլորագրից։
  • Նոտրգիր Ա, ստեղծվել է շղագրից։

Արտասանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն Ա հնչյունը արտասանելիս բերանը բացվում է չափավոր, շրթունքները, ծնոտները և լեզուն ընդունում են ազատ դիրք, լեզուն փռված է բերանի հատակին այնպես, որ եզրերով հպվում է ստորին ատամնաշարին, իսկ ետևի մասը, թեթևակիորեն բարձրանալով, երկու կողմից հպվում է կարծր քիմքի ու կատիկի միջնամասին։

Ժամանակակից գրական հայերենում ա-ն հնչյունափոխության չի ենթարկվում, սակայն որոշ բառերում սղվում է (կոճակ-կոճկել, ամառ-ամռան, քաղաք-քաղքենի)։ Ծառայում է որպես հոդակապ բարդ և ածանցավոր բառերի մեջ (գրարախտակ, հուշագիր, բարձրագույն)։ Ա տառը ի սկզբանե օգտագործվել է թվային և թվային կարգի արժեքներով։

Թվային արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես թվանշան նշանակել է 1, իսկ բյուրի նշանով ա = 10.000։ Թվային կարգի արժեքով նշանակում է առաջին (Ա հատոր - առաջին հատոր, գլուխ Ա - գլուխ առաջին)։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծատառ Ա- ն գործածվում է հոսանքի ուժի միավոր Ամպերը նշանակելու համար։

Բրայլով ներկայացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Braille A1.svg
Dots-1

Կրկնակ գրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կրկնակ ձայնավոր ա տառը հանդիպում է հատուկ անուններում՝

  • վրացական՝
Պաատա
Սաակաշվիլի
  • էստոնական՝
Սաարեմաա
  • այլ լեզուների՝
Բաալբեկ
Հաագա
Մաաստրիխտ։
Սաարբրյուկեն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր բառգիրք Հայկազեան լեզուի - Վենետիկ 1836
  • Ի. Հարությունյան, Հայոց գիրը - Թիֆլիս 1892
  • Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագրության վրա - Վենետիկ 1898
  • Կ. Ղաքադարյան, Հայկական գրի սկզբնական տեսակները - Երևան 1939
  • Ա. Աբրահամյան, Հայկական պալեոգրաֆիա Երևան - 1948
  • Հ. Աճառյան Հայոց գրերը - Երևան 1968
  • Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն - Երևան 1972

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 1։
  2. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 7, էջեր 7 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ա» հոդվածից (հ․ 1, էջ 11 )։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png