Վայոց ձորի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վայոց Ձորի մարզից)
1rightarrow blue.svgԱյս հոդվածը ՀՀ Վայոց Ձորի մարզի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վայոց Ձոր (այլ կիրառումներ)։
Վայոց Ձորի մարզ
Քարտեզ
Վայոց Ձոր մարզի դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Աշխարհ Սյունիք
Կառավարություն
Մարզկենտրոն Եղեգնաձոր
Մարզպետ Հարություն Սարգսյան
ՎիՃակագրություն
Տարածք
 - Ընդհանուր

2,308 կմ²
Բնակչություն
 - (2009)
 - խտություն

55,8 հզ
Հապավումներ
 - Փոստային ինդեքս
 - ISO 3166-2
 - FIPS 10-4



Կայք: vdzor.gov.am

Վայոց Ձորը Հայաստանի մարզերից մեկն է։ Տարածքը 2308 քառ․ կմ է, մարզկենտրոնը՝ քաղաք Եղեգնաձորը։ Այն ընդգրկում է քաղաքային համայնքներ՝ 3, գյուղական համայնքներ՝ 41, գյուղական բնակավայրեր՝ 52: Մարզը զբաղեցնում է Հայաստանի տարածքի 7.8%֊ը։

Վայոց ձորը բնակեցված է եղել դեռևս քարե դարից, առանց ընդհատումների։ Վարդան աշխարհագիրը այն անվանել է Եղեգյաց ձոր։ Նախախորհրդային շրջանում կոչվել է Դարալագյազ, իսկ խորհրդային շրջանում՝ Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ, որոնց միավորումից ձևավորվել է ներկայիս Վայոց ձորի տարածքը։

Անմատչելի երկրաբանական դիրքի շնորհիվ, համեմատաբար քիչ է ենթարկվել ավերիչ արշավանքների։ 13-14-րդ դարերում այստեղ իշխում էին Պռոշյանները և Օրբելյանները։ Բազում են բնական հուշարձանները։ Բերդերը և ամրոցները հիմնականում կառուցված են բնակավայրերից հեռու՝ բարձր լեռներում կամ խոր կիրճերում և մնացել են անմատչելի։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայոց ձորը գտնվում է Արփա գետի ավազանում (2630 քառ․ կմ), արևելքից շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային հատվածով, սահմանակից էր Սյունիքի Ծղուկ և Արցախի Ծար գավառներին, հարավից Սյունիքի Ճահուկ գավառին։

Այժմ սահմանակից է Հայաստանի մարզերից Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին, ԼՂՀ-ին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը[1]: Մարզը տարանջատվում է հարևան մարզերից տարածքի մակերևույթի առանձնահատկությամբ։ Վայոց ձորը՝ որպես գոգավոր տարածք, շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով՝ այն դարձնելով աշխարհագրական մի ամբողջություն։

Արևմուտքից Վայոց ձորի լեռնաշղթաները, աստիճանաբար ցածրանալով, հասնում են շարուրի դաշտավայր։ Հյուսիսից շրջապատված է Վարդենիսի լեռնաշղթայով։

Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և նրա վտակների ջրերը առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ՝ մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (71 մ)։ Կիրակոս Գանձակեցին հիշատակում է 735 թ երկրաշարժի մասին, երբ «40 օր երկիրը ցնցվում էր»։ Առավել խոշոր ու հարմար ձորերում տեղավորվել են գյուղերը, և նրանցից շատերի անունները կապվում են ձոր բառի հետ՝ Ագարակաձոր, Աղավնաձոր, Գլաձոր։

Արփա գետի հովտով են անցնում Հայաստանի հյուսիս֊արևմուտքը՝ հարավ֊արևելքին կապող ավտոճանապարհները։

Երկրաբանական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր է Եղեգիսի հովիտը Շատին գյուղից վերև,որտեղ աղմկոտ գետը, փորելով հրաբխային կարծր ապարները, անդնդախոր կիրճ է առաջացրել։ Հովիտի երկու կողմերում բխում են հանքային աղբյուրներ, որոնք էլ հիմնականում պահպանում են Եղեգիս գետի մակարդակը ամառվա չորային ամիսներին։ Հովտով դեպի վերև՝ հս․֊արլ բարձրանալիս մտնում ենք ալպյան և ենթաալպյան արոտավայրերի գոտի, որտեղ բնապատկերի հիմնական տարերն են մանրիկ լճերը, քարե չինգինները և բլրակները։ Մարզը հարուստ է բազմամետաղների զգալի կուտակումներով։

Գոգավորության ցածրադիր մասը իր հողակլիմայական պայմաններով կարծես Արարատյան դաշտի շարունակությունը լինի․ քարքարոտ լանջերին տարածված են սակավազոր, խճախառը հողեր, իսկ դրանցից վերև՝ բաց շագանակագույն հովեր։ Վերջիններս բարենպաստ են այգեգործության համար, որի շնորհիվ մարզը հայտնի է դարձել իր խաղողների և գինիների տեսակներով։ Ամենուրեք տարածված են այսպես կոչված «անհարմար» հողերը, որոնք կազմում են Վայոց ձորի հողային ֆոնդի համարյա կեսը, իսկ վարելահողերի բաժինը 14%ից չի անցնում։ Ամենացածրադիր մասերում տարեկան տեղումները 300 մմ ավել չեն, ընդ որում ամենաառատ տեղումները լինում են ամռանը։ Լեռների կատարային գոտում տեղումների քանակը գերազանցում է 700 մմ֊ն։ Գոգավորության հատակում ձմռանը կայուն ձնածածկույթ հազվադեպ է առաջանում և շերտի հաստությունը հիմնականում հասնում է 2 մ֊ի։ Ձմեռային ամիսներին միջին ջերմաստիճանը -4 C-ից չի իջնում, իսկ ամռանը՝ հուլիս, օգոստոսին կազմում է +26 C, առավելագույն ամառային ջերմաստիճանը +42 C է։ Վայոց ձորում բնակավայրերը ցրված են տեղաբաշխված։ Հիմնականում ընդգրկում են 1000֊ից 2000 մմ բարձրության գոտիները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայոց ձորի տնտեսությունը հիմնականում հիմնված է հանքարդյունաբերության վրա։ 2011 թվականին Վայոց Ձորում հանքագործական արդյունաբերության արտադրանքի ծավալն ընթացիկ գներով հիսնապատիկ գերազանցել է 2005 թվականի ծավալը։ Հայաստանի ամենափոքր բնակչություն ունեցող Վայոց Ձորի մարզը 2010 թվականին ապահովել է հանրապետության մարզերում թողարկված խմիչքի արտադրության ծավալի 12 տոկոսը։ Համակարգիչների, էլեկտրոնիկայի և օպտիկական սարքավորանքի արտադրության ծավալով Վայոց Ձորը հանրապետությունում երրորդն է՝ զիջելով միայն մայրաքաղաք Երևանին և Արմավիրին։ «Ջերմուկ գրուպ», «Ջերմուկի մայր գործարան», «Մեգա Արարատ», «Գոլդեն Գոութ», «Գետնատուն», «Արենի», «Արենի գյուղ» ընկերությունները պարբերաբար մասնակցում են հանրապետական և արտերկրում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Եվրամիության անդամ երկրներում, ԱՄՆ-ում կազմակերպվող ցուցահանդեսների և նվաճում արտադրանքի բարձր որակի մրցանակների։

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզկենտրոնը` Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է։ Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը։ Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին։ Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն։ Եղեգնաձորից ոչ հեռու՝ Արփայի ափին գտնվում է Վայք քաղաքը։ Այն առաջացել է Սոլյան փոքր գյուղի տեղում՝ որպես երկրաբանական աշխատանքների կենտրոն, սակայն այստեղ հնից ոչինչ չի մնացել։ Եղեգնաձորն ու Վայքը դարձել են մարզի արդյունաբերության գլխավոր օջախները։ Այստեղ հիմնական մշակվում է գյուղատնտեսական հումքը։ Վայքի տարածքով է անցնում Հրազդանի կասկադը՝ Զանգեզուրի արդյունաբերական կենտրոնի հետ կապող էներգահաղորդման գիծը։ Գետի վերին հոսանքում կիրճը լայնանում է գոյացնելով բավականին ընդարձակ սարավանդներ, որոնցից մեկի վրա էլ գտնվում է մարի մյուս քաղաքը՝ Ջերմուկը։ Այն հռչակված է իր հանքային ջրերով, որոնք ունեն տարբեր ֆիզիկաքիմիական հատկություններ և օգտագործվում են առոջապահական նպատակներով։ Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ։ Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի տարբեր երկրներ

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի ձորալանջին, Գնդեվազ գյուղից ներքև։ X դ.-ում այն հիմնադրել սյունյաց Սոփիա իշխանուհին, որպես ձորի ճգնավորների մենաստան։ Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը։ Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք: Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին։

Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի մոտակայքում պահպանվել է վաղ միջնադարյան գյուղատեղիի և բազիլիկ եկեղեցու ավերակներ։

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին ըստ արևելյան պատի արձանագրության կառուցել է (1303 թ.-ից ոչ ուշ) Տարսայիճ իշխանի թոռը՝ Ստեփանոս Սյունյաց եպիսկոպոսը։

Մագիլի քարանձավը Հայաստանում ամենամեծերից է։ Քարտեզագրված տարածքը 1,7 կմ խորություն ունի, սակայն դեռևս կան ամբողջականությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ։ Քարանձավը բնակեցված է եղել նեոլիթյան ժամանակաշրջանից։ Այստեղ, համեմատաբար ավելի նոր շրջանի` IX դ. գտածոներից բացի հայտնաբերվել են նաև քարեդարյան ոսկորներ, քարե գործիքներ և այլ պարագաներ։ Քարանձավի հեռավոր դիրքը և դժվարամատչելի մուտքը դարձրել էին այն հուսալի ապաստարան հարձակումներից թաքնվելու համար։

Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում։ Այդ ժամանակշրջանից հայտնի է Սուրբ Փոկաս եկեղեցին, որը գտնվել է վանքի այժմյան տարածքում։ Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն։ Այստեղ XIII դ. 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIV դ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։

Շատին գյուղը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտում, Եղեգիս և Սելիմ գետերի միախառնման տեղում։ Շատինից մոտ 4 կմ դեպի արևելք, Եղեգիս գետի ձախափնյա լեռան լանջին գտնվում է Շատին վանքի (Շատին անապատ) համալիրը։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վանքը հիմնադրվել է 929 թ.-ին։ Այդ ժամանակաշրջանից պահպանվել են բազմաթիվ խաչքարեր և արձանագրությունների բեկորներ։

Բոլորաբերդ ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց Ձոր գավառում (այժմյան Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղից 6-7 կմ հյուսիս), զառիվեր լանջերով անմատչելի լեռան վրա։ Կառուցել է Պռոշ իշխանը XIII դ.։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։

Սելիմի քարավանատունը կառուցվել է 1332 թ. Չեսար Օրբելյանի իշխանության օրոք։ Գտնվում է Սելիմի լեռնանցքի հարավային լանջին (2410 մ)։ Քարավանատան երկարությունը 35,5 մ է։ Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով։

Սմբատաբերդ (Ցախաց Քարի բերդ) պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ V դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին միջնադարյան վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։

Ջրվեժը ունի 72 մ բարձրություն։ Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում։

Ջուրն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում։ Դա Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել։ Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը... «Ջրահարսի վարսեր»

«Յոթաղբյուր»֊ աղբյուր Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից 10 կմ հս-արլ դեպի Ալ լիճ տանող ճանապարհին, Ջերմուկի հրաբխային պլատոյի վրա, ծ.մ-ից 2610 մ բարձրության վրա

Արատեսի նշանավոր վանքը գտնվում է Արատես գյուղում։ Գյուղի և վանքի մասին պատմական տեղեկությունները հասնում 9-րդ դարին, սակայն նրանք գոյություն են ունեցել դեռ 7-րդ դարում։ Տարսայիճ իշխանը Արատես գյուղը և վանքը նվիրում է Նորավանքին, որպես  ամառանոց, նրա բարձրաստիճան հոգևորականների համար։

Արդեն 2 տարի Վայոց ձորի Շատին գյուղում Հայաստանի ու Նորվեգիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ բեզոարյան այծերի դիտակետ է կառուցվել։ Շատին գյուղում շուրջ 600-700 բեզոարյան այծեր կան, իսկ միայն դիտակետի շրջակա ժայռերի վրա ապրում Է 90-100 բեզոարյան այծ։ Նշենք, որ բեզոարյան այծը կարմիրգրքային կենդանատեսակ է և վերանալու վտանգի տակ է գտնվում։

Հաստիք․ պատմական Ոստինք գուղն է, որը մատենագրական աղբյուրներում հիշատակվում է շատ վաղուց, Ոստիքի վանքի հետ։ Գտնվում է Եղեգիսից մոտ չորս կիլոմետր դեպի արևմուտք, համանուն վտակի աջ ափին, Եղեգիս քաղաքի ավերակներին շատ մոտիկ և հավանաբար  հանդիսացած լինի նրա արվարձանը։ Գյուղատեղում պահպանվել է եկեղեցին և երկու փոքրիկ  գերեզմանոցները։

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի 1321 թ., ճարտարապետ Մոմիկ։ Կառուցվել է Սյունյաց Լիպարիտ Օրբելյանի որդի Հովհաննես Օրբել Մետրոպոլիտի հրամանով։ Շինարարությունն ավարտվել է 1321 թ.-ին։

Մարզը հարուստ է այնպիսի բնական արժեքներով, ինչպիսիք են Արենիի ջրվեժը, Մագիլի, Թռչնի, Մոզրովի և Արջերի քարանձավները, բազմաթիվ քարայրները, Գրավի աղբյուրը, էկզոտիկ ժայռային գոյացությունները և այլն։

Վայոց ձորի ամենավաղ պատմական վայրերից է Մոզ քաղաքը` Մալիշկա գյուղի մոտակայքում, որտեղ հայտնաբերվել են բրոնզե և վաղ քարե դարի գերեզմանների մնացորդներ և«կիկլոպյան» ամրոցներ։ մ,

Աշխարհի ամենահին կաշվե կոշիկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արենիում գտնված կաշվե կոշիկը

2008 թվականին Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի-1 քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Կոշիկի տարիքը մոտ 5500 տարի է։ Նմանատիպ կոշիկներ օգտագործում էին Իռլանդիայի բնիկները մոտ 50 տարի առաջ։ Կոշիկը հետազոտել են Հայաստանի, Իռլանդիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի գիտնականները։ Կոշիկի տարիքը պարզել են Օքսֆորդի և Կալիֆոռնիայի լաբորատորիաներում։

Կոշիկը պատրաստվել է մ.թ.ա. 3500֊ական թվականներին՝ էնեոլիթի կամ պղնձաքար դարաշրջանում։ Հայտնաբերման ժամանակ կոշիկը լցոնված է եղել չորացած խոտով, որի նպատակը գիտնականներին դեռ պարզ չի։ Կոշիկը եվրոպական չափային ստանդարտի համաձայն 37 համար է։

Կոշիկը ներկայումս գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում և ունի այժմ կոնսերվացման կարիք։

Ավելի հին կոշիկներ՝ սանդալներ, հայտնաբերվել են ԱՄՆ-ում՝ Միսսուրիի քարանձավում, որը սակայն բուսական նյութից է պատրաստաված եղել։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ»։ ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ. ՀՈԴՎԱԾ 3 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]