Jump to content

Պատմագիտությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Խորենացին ստեղծագործելիս

Պատմագիտութունը Հայաստանում, 5-18-րդ դարերի պատմագիտությունը Հայ մշակույթի ոսկեդարը (5-րդ դար) նշանավորվել է նաև հայ պատմագրության ստեղծմամբ։

Հայ պատմագիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի) երկերն ունեն ազգային բովանդակություն, գրվել են գործնական նպատակադրումով՝ կապված ժամանակի առաջադրած որոշակի խնդիրների հետ։ Ագաթանգեղոսի երկը պայմանավորվել է քրիստոնեության դարձով, Կորյունինը՝ հայ գրերի ստեղծմամբ, Եղիշեինը՝ պարսկական գերիշխանության դեմ Ավարայրի ճակատամարտով (451 թվական), Փավստոս Բուզանդինը, Մովսես Խորենացունը և Ղազար Փարպեցունը՝ քաղաքական և հոգևոր մաքառմամբ։ Օգտագործելով աստվածաշնչյան և հունա-հռոմեական պատմափիլիսոփայության միտքը՝ 5-րդ դարի պատմիչներն ստեղծել են պատմագրության նոր մեթոդներ ու բարոյագիտական նորմեր, նոր պատկերացում՝ պատմության նշանակության մասին։ Մովսես Խորենացին բարձր է գնահատել նախորդ մատենագիրների (հայ և օտար) երկերն ու հմտորեն օգտագործել դրանք իր պատմությունը շարադրելիս։ Ղազար Փարպեցին պատմագրից պահանջում է չեղածը չավելացնել, եղածները չպակասեցնել և չկրճատել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշավորությամբ։ Մովսես Խորենացին իր երկի վերջում զետեղած «Ողբում» անդրադառնում է Հայաստանի 5-րդ դարի քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, մերկացնում հասարակական կյանքում արմատացած արատավոր բարքերը։ Համաբնույթ գործ է նաև Ղազար Փարպեցու նամակը՝ հղած սպարապետ Վահան Մամիկոնյանին։ Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը, ստեղծված լինելով ժողովրդական ավանդույթների հենքի վրա, ներշնչված է հայրենիքի, հայրենի հողի և ջրի հզորության գաղափարով, քաղաքական գործիչները ներկայացված են ժողովրդական վեպին բնորոշ գեղարվեստական գծերով։ Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկն արժեքավոր է պատմական ճշմարտացիության և բանաստեղծ, շարադրանքի միահյուսմամբ։

Հայ ժողովրդի ծննդյան վկայական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ դասական պատմագիտության հիմնասյունը Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ն է, որը Հայաստանի առաջին համակարգված պատմությունն է։ Սկսվում է հայ ժողովրդի ծննդաբանությունից և հասցվում մինչև 5-րդ դարի 40-ական թվականները։ Մովսես Խորենացին քննադատաբար է վերաբերվել իր օգտագործած բազմաթիվ աղբյուրներին (Աստվածաշունչ, հայկական, հունական, ասորական աղբյուրներ, բանավոր զրույցներ, ժողովրդական ավանդություններ՝ ավելին քան 40 աղբյուր), արել հայոց պատմության ժամանակագրության մշակման առաջին փորձը։ Մովսես Խորենացին (անվանվել է Պատմահայր, Քերթողահայր) «Պատմութիւն Հայոց»-ում գրում է, որ «առանց ժամանակագրության պատմությունն ստույգ չէ»։

Սկզբնաղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

6-7-րդ դարերի (մինչև 661 թվականը) իրադարձությունների մասին կարևոր սկզբնաղբյուր է Սեբեոս Եպիսկոպոսի «Պատմութիւն»-ը, որտեղ Հայաստանի պատմությունը շարադրված է համաշխարհային նշանակության իրադարձությունների ծիրում։ Սեբեոսը մերկացնում է Բյուզանդիայի ու Սասանյան Պարսկաստանի վարած հայահալած քաղաքականությունը։ 7-8-րդ դարերի պատմիչ Մովսես Կաղանկատվացին «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկում, չնայած ժամանակի ավատատիրական մասնատվածությունից բխող անջատողական տրամադրությանը, Արցախ և Ուտիք նահանգների պատմությունը ներկայացրել է Հայաստանի պատմությանը միահյուսված։ Նույն ժամանակաշրջանի մատենագիր Հովհան Մամիկոնյանը «Պատմութիւն Տարօնոյ» երկում կարևոր տեղեկություններ է հաղորդում վաղմիջնադարյան Հայաստանի պատմության մասին։ 8-րդ դարի հեղինակ Ղևոնդ Վարդապետի «Պատմութիւնը» արաբական արշավանքների, հայ նախարարական տների ոչնչացման, հայրենասեր ուժերի ապստամբության և պարտության մասին պատմող ճշմարտացի սկզբնաղբյուր է։

9-րդ դարի վերջից սկսվել է հայ պատմագրության նոր վերելքը՝ պայմանավորված հայկական պետականության վերականգնմամբ ()։ 9-12-րդ դարերում շարունակվել են 5 դարի մատենագիրների, հատկապես Մովսես Խորենացու ավանդույթները։ Հովհաննես Ե Դրասխանակերտցի (9 դարի 12-րդ դարի կես 929 թվական, Ամենայն հայոց կաթողիկոս՝ Ք.ա. 898- 521 թվականներից) դատապարտել է երկիրը պառակտող իշխաններին և պաշտպանել միասնական պետության պահպանման անհրաժեշտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։