Jump to content

Հայաստանի կենդանական աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական մուֆլոնը Հայաստանի ամենաբնորոշ կենդանատեսակներից է՝ ընտանի ոչխարների նախնին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում

Հայաստանի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։

Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։

Հայաստանի տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը Հայաստանի կենդանական աշխարհի տեսակների վրա։

Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ պարսկական կլորագլուխ մողեսը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ։ Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովկասյան մարեհավը։ Հայաստանի կենդանական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև մի շարք լայն տարածված Եվրասիբիրական ծագման տեսակներ։

Կենդանական աշխարհի ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ֆաունան ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։ Անողնաշարավորները Հայաստանում ներկայացված են արմատոտանիների, ինֆուզորիաների, կնիդոսպորիդաների, խեցգետնակերպների, փորոտանիների, երկփեղկանիների, սարդանմանների ու միջատների դասերով, ընդ որում միջատները կազմում են այս խմբի մոտ 90%-ը։

Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։

Խումբ Տեսակների
ընդհանուր թիվը
Էնդեմիկ տեսակների
և ենթատեսակների թիվը
Անողնաշարավորներ 17000 316
Ձկներ 30 9
Կաթնասուններ 83 6
Սողուններ 53 6
Երկկենցաղներ 8 1
Թռչուններ 349 1
Ընդամենը 17523 339

Տեսակային կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական որոր, Հայաստանի էնդեմիկ թռչուն

Հայաստանում հանդիպում է թռչունների ավելի քան 349 տեսակ՝ տարածված բոլոր բնական գոտիներում (կան կիսաանապատային, լեռնատափաստանային, անտառային և ալպյան տեսակներ), ջրլող թռչուններ՝ այն շրջաններում (որոշ բացառությամբ), որտեղ կան գետեր, լճեր, արհեստ, ջրավազաններ։ Խիստ նվազել է Սևանի ավազանի թռչնաշխարհի տեսակային կազմը։ Արհեստական ձկնաբուծական ջրամբարների ստեղծմանը զուգընթաց խիստ մեծացել է Արարատյան դաշտի ջրաճահճային թռչունների քանակությունը։ Բնական կենսապայմանների կրճատման և վերափոխման հետևանքով շատ տեսակներ (ագռավ, կաչաղակ, կեռնեխ, տատրակ, շամփրուկ և այլն) հարմարվել են մարդու հարևանությամբ ապրելուն։ 67 տեսակ գրանցված է Միջազգային, ԽՍՀՄ և ՀՀ Կարմիր գրքերում։

Կաթնասուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է կաթնասունների 8 կարգ, 83 տեսակ։ Ապրում են էկոլոգիական ամենատարբեր պայմաններում՝ ցամաքում, ծառերի վրա (սկյուռներ), օդում (չղջիկներ), ստորգետնյա կյանք են վարում (խլուրդներ, կուրամկներ) և այլն։ Կաթնասունների մի մասը մորթատու է, շատերը՝ որսարդյունագործության և մարզ, որսորդության օբյեկտ։ Մարդու ակտիվ գործունեության, բնական պայմանների փոփոխության հետևանքով կաթնասունների տեսակները խիստ նվազել են։ Որոշ տեսակներ պահպանվում են ՀՀ պետական արգելավայրերում։ 18 տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Լճագորտը Հայաստանում տարածված երկկենցաղ է:

Հայաստանում տարածված է սողունների 53 տեսակ։ Հայտնի են կուսածին տեսակներ (օրինակ՝ Հայաստանում տարածված ժայռային մողեսների 4 տեսակները), ձվադրող, ձվակենդանածին ու կենդանածին տեսակներ։

ՀՀ-ում հանդիպում են նաև ջրային կրիաների՝ 2, ցամաքային կրիաների՝ 1, մողեսների՝ 26, կույր օձիկների՝ 1, վիշապների՝ 1, սահնօձերի՝ 18, իժերի՝ 4 տեսակ։

Երկկենցաղներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված են պոչավոր երկկենցաղների 1 տեսակ՝ փոքրասիական տրիտոն, և անպոչ երկկենցաղների 6 տեսակ՝ սիրիական սխտորագորտ, կանաչ ղոդոշ, սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ, փոքրասիական գորտ, լճագորտ։

ՀՀ-ում հանդիպում են 8 տեսակ երկկենցաղներ։ Հանրապետությունում առանձնապես լայն տարածում ունեն լճագորտը (Rana ridibunda), կանաչ դոդոշը (Bufo viridis)։ Բարձրադիր լեռնատափաստանային գոտիներում հանդիպում է անդրկովկասյան գորտը (Rana macrocnemis), հյուսիսային անտառային գոտում լայն տարածում ունի Շելկովնիկովի ծառագորտը (Hyla arborea shelkovnikovi), իսկ հարավում՝ փոքրասիական ծառագորտը (H. savigni)։ Հանրապետության երկկենցաղների ֆաունայում ծանր վիճակում է գտնվում Անդրկովկասի համար խիստ էնդեմիկ՝ սիրիական սխտորագորտը (Pelobates syriacus), որը կանգնած է անհետացման եզրին և գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ Վերջերս հանրապետության երկկենցաղների ֆաունան ավելացավ նաև մի նոր տեսակով. Հայաստանի հյուսիսային շրջանում հայտնաբերել է փոքրասիական տրիտոնի (Triturus vittatus) մի փոքրիկ պոպուլյացիա, որը լրիվ մեկուսացված է իր հիմնական արեալից։

էդնեմիկ Սևանի իշխանի պատկերը հայկական նամականիշի վրա:

ՀՀ ջրավազաններում հայտնաբերվել է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ։

Տեսակների մեծ մասը (36) գետերի բնակիչ է, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում, ջրանցքներում։ Իսկ 3-ը (իշխան, սիգ, Սևանի բեղլու) հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող վտակներում։ Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ և խայտաբղետ հաստաճակատներ և այլն։ Ձկների շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզական որսի օբյեկտներ են։ Կարմրախայտի որսն արգելված է Հայաստանում։ Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են։ Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Հայաստանի անողնաշարվոր կենդանիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված է անողնաշարավոր կենդանիների շուրջ 17 000 տեսակ, որոնց 90%-ը պատկանում են միջատների դասին։ Տեսակները բաշխվում են հետևյալ կարգաբանական խմբերում։

Որդան կարմիր
Տիպ Դաս Հայտնի տեսակների քանակը
Փափկամարմիններ 155
Փորոտանիներ 141
Երկփեղկանիներ 14
Հոդվածոտանիներ 16845
Սարդակերպեր մոտ 2000
Միջատներ 14845

Կենդանիների տարածական բաշխվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեզոարյան այծը Հայաստանին բնորոշ կաթնասուն կենդանի է:

Կենդանիների բազմազանության տարածական տեղաբաշխվածությունը հիմնականում կախված է երկրի կլիմայական պայմաններից ու լանդշաֆտային բազմազանությունից։ ՀՀ ֆաունայի գերիշխող մասը հարմարված է տաք ու չորային նախալեռների և միջին բարձրության լեռների՝ կիսաանապատային, չոր տափաստանային ու նոսրանտառային լանդշաֆտներին։

Կիսաանապատներում տարածված կենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաանապատներին բնորոշ են առավել ջերմասեր ու չորադիմացկուն կենդանատեսակները, փափկամարմիններից՝ Xeropicta derbentina, Xerosecta crenimargo, բզեզներից՝ Թախտաջյանի էրեմոդրոմիուսը, կովկասյան ախենիումը, սողուններից՝ պարսկական կլորագլուխ մողեսը, ավազային մողեսիկները, գյուրզան, մողեսաօձը, թռչուններից՝ պարող քարաթռչնակն ու թուրաջը, կաթնասուններից՝ ավազամկները, լայնականջ ոզնին, աղվեսը և այլն։ Նոսրաևտառներում գերիշխող են ավելի խոնավասեր տեսակները, փափկամարմիններից՝ Orculella ruderalis, Pupilla bipapulata, բզեզներից՝ Շնեյդերի կոլոտեսը, մետաղագույն ցիբոցեֆալուսը, սողուններից՝ միջին մողեսը, Ռադդեի իժը, իժանման սահնօձերը, թռչուններից՝ սև անգղը, կարմրաճակատ սերինոսը, կաթնասուններից՝ բեզոարյան այծը, հովազը և այլն։

Խոնավ անտառային և տափաստանամարգագետնային տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սև կեռնեխը Հայաստանում տարածված թռչնատեսակ է:

Խոնավասեր տեսակները գերադասում են խոնավ անտառային ու բարձրլեռնային, տափաստանամարգագետնային լանդշաֆտները։ Խոնավ ու ստվերոտ անտառներին բնորոշ են. փափկամարմիններից՝ Cecilioides acicula, Serrulina serrulata, բզեզներից՝ բծավոր գալերուցելան, ոսկեգույն խալկոիդեսը, երկկենցաղներից՝ սովորական ծառագորտը, սողուններից՝ ժայռային մողեսները, իլիկամողեսը, պղնձօձը, թռչուններից՝ սև կեռնեխը, անտառային աղավնին, կաթնասուններից՝ անտառամուկը, քնամոլները, անտառային կատուն ու այծյամը։

Լեռնատափաստանային ու մարգագետնային տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնատափաստանային ու մարգագետնային լանդշաֆտներին բնորոշ են. փափկամարմիններից՝ Vertigo substriata, Euxina somchetica, բզեզներից՝ կովկասյան օլոֆրումը, հայկական պտերոստիխուսը, ուղղաթևներից՝ թամբանման ու տափաստանային սագաները, մարգագետնային ու ճարպիկ մողեսները, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, ալպիական ճայը, կովկասյան մայրեհավը, տափաստանային արծիվը, դաշտամկները։

Ջրային և մերձափնյա կենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին խումբ են կազմում ջրային ու մերձափնյա (արտալանդշաֆտային) էկոհամակարգերին բնորոշ կենդանատեսակները։ Դրանց կենսագործունեությունը պայմանավորված է ջրային ավազանների գոյությամբ։ Այս խմբին են պատկանում՝ փափկամամիններից՝ Radix peregera, Euglesa casertana, միջատներից՝ Արարատյան որդան կարմիրը, կովկասյան ախենիումը, ձկներն ու երկկենցաղները, ջրային ու բատագուրիդ կրիաները, ջրային ու սովորական լորտուները, բոլոր ջրլող ու առափնյա թռչունները, եղեգնակատուն, կուսարան և այլև։

Էնդեմիկ և մնացուկային տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարևսկու վահանագալուխ իժը Հայաստանում հանդիպող օձերի էնդեմիկ տեսակներից է:

Էնդեմիկ տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի կենդանական աշխարհը հարուստ է նաև էնդեմիկ ու մնացուկային տեսակների բազմազանությամբ, որը պայմանավորված է հիմնականում երկարատև լեռնագոյացմամբ։ Վերջինս, որպես կանոն, խթանում է օրգանիզմների առաևձևախմբերի մեկուսացումն ու պահպանությունը, առանձին մերձավոր տեսակների հանդիպումը, համակեցությունն ու խաչասերումը, ինչպես նաև մուտագենեգի ակտիվացումը, ինչն իր հերթին երբեմն հանգեցնում է նոր տեսակների գոյացման։ ՀՀ տարածքում և նրա շրջակայքում գոյացած բնաշխարհիկ կենդանատեսակներից են Սևանի իշխանը, ժայռային մողեսների մի շարք տեսակներ, Դարևսկու վահանագլուխ իժը և այլն։

Մնացուկային տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մնացուկային տեսակներից են. երկկենցաղներից՝ սովորական տրիտոնը, թռչուններից՝ տուրպանը, թավշաոտ բուն և այլն։ Լեռնային ռելիեֆով պայմանավորված լանդշաֆտային բազամգանությունը, գետային բավարար ցանցն ու առանձին խոշոր ջրավազաններն օժանդակում են չվող թռչունների և խոշոր կաթնասունների գաղթին, որը ևս խթանում է կենդանական բազմազանության զարգացումը։ Գաղթող կենդանատեսակների շարքն են դասվում, թռչուններից՝ ծիծեռնակները, կռունկները, ֆլամինգոն։ Սեզոնային տեղաշարժեր են կատարում նաև ազնիվ եղջերուն, մուֆլոնն ու հովազը։

Բրածո կենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնաբերվել են նաև կենդանիների բրածո մնացորդներ․ Հայրավանքից 2 կմ հյուսիս Վեդի քաղաքից 15 կմ հարավ արևմուտք ՎԵդի գետի ամավազանում հայտնաբերվել են կենդանիների բրածոներ[1]։

Կենդանական աշխարհի ուսումնասիրման նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ կենդանական աշխարհը հանրային հարստություն է և կարևոր նշանակություն ունի հասարակության գիտական, գեղագիտական, ճանաչողական զարգացման համար։ Կենդանիները, լինելով կարևոր բնական պաշար և ունենալով կարևոր նշանակություն մարդու տնտեսական գործունեության համար, միաժամանակ կարող են հանդիսանալ գյուղատնտեսության վնասատուներ, որոշ վարակիչ հիվանդությունների ու մակաբույծների փոխանցողներ կամ մարդու և կենդանիների համար վտանգավոր կենդանական թույների կրողներ։ Ուստի անհրաժեշտ է պահպանել նրանց հետ հարաբերվելու որոշակի կանոններ և անհրաժեշտության դեպքում նաև իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։

Հայաստանի կենդանական աշխարհի պահպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր կենդանատեսակները պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հազվագյուտ ու անհետացող տեսակները, կարգավիճակի պարբերական որոշման արդյունքում, գրանցվում են ՀՀ Կարմիր գրքում։

Հայաստանի Կարմիր գիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր գիրքը բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987-ին հրատարակել է Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքը, որն ընդգրկում է ողնաշարավոր կենդանիների 99 տեսակ, կաթնասունների' 18 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 67 (սովորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ և այլնն), սողունների' 11 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, պարսկական կլորագլուխ մողես, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 1 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (իշխան, Սևանի բեղլու) տեսակներ։

Հայաստանի տարածքի բույսերի ու կենդանիների որոշ տեսակներ (հայկ. արոսենի, արարատյան և ուրարտ. ցորեններ, Վավիլովի տարեկան, հայկ. լեռնատափաստանային իժ, գանգրափետուր հավալուսն, հովազ) գրանցվել են նաև Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում։

Կարգաբանական խումբ Տեսակների ընդհանուր
քանակը
Անհետացած Անհետացող Հազվագյուտ Կրճատվող Անորոշ Տեսակների քանակը
Միջազգային Կարմիր գրքում
Ձկներ 2  -  2 1  -   -  2
Երկկենցաղներ 1  -   -   -  1  -  -
Սողուններ 11  -  6 4 1  -  7
Թռչուններ 67  -  20 34 13  -  3
Կաթնասուններ 18 2 3 6 6 3 1
Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակներ
Առաջավորասիական ընձառյուծ Սիրիական գորշ արջ Գառնանգղ Սև անգղ Հայկական իժ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։