Լայնականջ ոզնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լայնականջ ոզնի
Լայնականջ ոզնի
Լայնականջ ոզնի
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Eulipotyphla
Ընտանիք Ոզնիներ (Erinaceidae)
Ցեղ Hemiechinus
Տեսակ Լայնականջ ոզնի (H. auritus)
Միջազգային անվանում
Hemiechinus auritus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Լայնականջ կամ ականջեղ ոզնի (լատ.՝ Hemiechinus auritus), ոզնիների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի։ Գրանցված է ՀՀ և ԼՂՀ կենդանիների կարմիր գրքերում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Հարավարևելյան Եվրոպայում,Առաջավոր և Կենտրոնական Ասիայում, Հնդկաստանում, Ղազախստանում։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի և Արագածոտնի մարզերում։ Ղարաբաղի հարավում հանդիպում է Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի տարածքում, հյուսիսում՝ Վարնկաթաղ (Լյուլասազ) գյուղի տարածքում։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերադասում է բնակվել չոր տափաստաններում, կիսաանապատներում։ Խույս է տալիս խիտ և բարձր բուսականությունից։ Հանդիպում է պտղատու այգիներում, բանջարանոցներում։ Կարող է բարձրանալ ծովի մակարդակից 1000-1300 մ։ Վարում է մթնշաղագիշերային կյանք։ Ցերեկները թաքնվում է իր պատրաստած բնում (խորությունը՝ 1-1,5 մ) կամ այլ կենդանիների լքված բներում։ Ունի լավ զարգացած հոտառություն։ Նոյեմբերից ապրիլ ամիսներին ձմեռային քուն է մտնում։ Զույգ է կազմում ձմեռային քնից արթնանալուց հետո։ Ամենակեր է, սակայն գերադասում է կենդանական ծագման կերերը։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 14-28 սմ է, պոչը՝ 1-2,5 սմ, ականջները՝ 3-5 սմ, կենդանի զանգվածը՝ 200-550 գ։ Փորի և կրծքի մորթին սպիտակավուն կամ բաց մոխրագույն է, հաճախ՝ միագույն, մռութը՝ գորշ սևից մինչև բաց շագանակագույն։ Փշերը կարճ են և տեղադրված մեջքի կողքերի հատվածում։ Ճակատն ունի մազաբաժիններ։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է միջատներով, որդերով, խխունջներով, օձերով, պտուղներով, հատապտուղներով և այլն։ Սննդային մրցակիցներից են սովորական ոզնիները, միջատակեր և գիշատիչ թռչունները։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է ապրիլից մինչև ամռան կեսը։ Հղիությունը տևում է 7 շաբաթ։ Ունենում է մինչև 8 ձագ։ Թվաքանակը սահմանափակող գործոններից են բնակատեղերի յուրացումը, խամ ու խոպան հողերի հերկումը, կերահանդակներում անասունների ոչ ռացիոնալ արածեցումը, թունաքիմիկատների և պեստիցիդների օգտագործումը։

Թշնամիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թշնամիներից են գիշատիչ թռչունները, աղվեսները, թափառող շները, շնագայլերը, կզաքիսները։

Հիվանդությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակվում է էկտո և էնդոմակաբույծներով։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր նշանակություն ունի կենսոցենոզներում՝ որպես սննդային շղթայի օղակ և կարելի է օգտագործել որպես մկնանման կրծողների դեմ պայքարի կենսաբանական միջոց. ոչնչացնում է նաև վնասատու միջատներին[1][2][3][4]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվադեպ հանդիպող տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 182։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Красная книга Армянской ССР, Животные, Ер., 1987.
  4. Соколов В. Е., Систематика млекопитающих, Москва, Высшая школа, 1973.
  5. Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6