Ալպիական ճայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալպիական ճայ
Ալպիական ճայ
Ալպիական ճայ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկանմաններ (Passeriformes)
Ընտանիք Ագռավներ (Corvidae)
Ցեղ Pyrrhocorax
Տեսակ Ալպիական ճայ (P. graculus)
Միջազգային անվանում
Pyrrhocorax graculus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ալպիական ճայ (լատ.՝ Pyrrhocorax graculus), ճայերի ընտանիքին պատկանող նստակյաց և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:

Արտաքին կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 38 սմ է, թևերի բացվածքը՝ 75-85 սմ, կենդանի զանգվածը՝ 240-295 գ։ Փետրավորումը սև է, իսկ երկար պոչը և թևերը՝ կլորավուն։ Նստած վիճակում թևերը չեն հասնում պոչի ծայրին։ Հասունի կտուցը կարճ է՝ թեթևակի ներքև կեռված և դեղին, սևավուն ոտքերը՝ կարմիր՝ խամրած վարդագույն երանգով։ Երիտասարդի կտուցը բաց մոխրագույն-դեղին է, ծայրը՝ մուգ:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ երամային է։ Երամները կայուն և միասնական են։ Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում, ժայռագագաթների շուրջը։ Արձակում է խիստ բնորոշ բարձր տոնայնության սուր ճիչեր։

Բնակվում է բարձրադիր ժայռոտ լեռներում, ալպյան մարգագետիններում, ձմռանը՝ կերով ապահով վայրերում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։

Նստակյաց և չվող այս տեսակը բնադրում է ոչ մեծ գաղութներով: Գավաթաձև բույնը պատրաստում է դժվարհասանելի ժայռերում և կիրճերում: Ձվադրումը մայիս-հունիսին է, զարգացումը՝ 18-21 օր: Դնում են 3-6 ձու[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ալպիական ճայի տարածմանը վերաբերող տվյալները հավաքագրվել են 1995 թվականին։ Բնադրագաղութները հայտնաբերվել են հուլիսի ընթացքում, որտեղ նորելուկ ձագերը եղել են հասունների հսկողության տակ։ Բարձրադիր լեռնագոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն։

Հայաստանում բնադրում է մեկուսացված օջախներով Զանգեզուրի լեռնաշղթայում և լեռնաճյուղերում[1]:

Տարածված է Հարավային Եվրոպայի, Հյուսիսարևմտյան Աֆրիկայի, Փոքր, Առաջավոր և Միջին Ասիայի լեռներում, Արևմտյան Տիբեթում, Հիմալայներում և Ալթայում[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օջախային բնադրմամբ խիստ սակավաթիվ և Հայաստանում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ:

Սպառնացող վտանգներից է, հավանաբար, փոքր թվաքանակը:

Ապրելավայրերի մի մասը ներգրավված է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: Պահպանվում է «Բողաքար» պետական արգելավայրում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png