Հայաստանում հանդիպում է միայն Լոռու մարզում։ Բնակվում է խոնավ անտառային ու մարգագետնատափաստանային գոտու կանգուն ու հոսող ջրավազաններում և նրանց մերձակայքում։ Հայաստանում բնակատեղին ունի մնացորդային բնույթ, պահպանվել է հետսառցային շրջանում կլիմայական պայմանների փոփոխություններից։ Մարմնի երկարությունը 1,2-6,2 սմ է, պոչը՝ գրեթե նույն երկարության։
Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտիկավոր։ Գլուխը մուգ, երկայնաձիգ զոլերով է, որոնցից մեկն անցնում է աչքերի երկարությամբ և ակնառու է։ Մեջքը և կողքերը գորշ են, գորշ շագանակագույն, դեղնաշագանակագույն կամ կանաչագորշավուն։ Փորիկը բաց դեղնավուն է կամ նարնջագույն՝ մուգ կետերով կամ բծերով։ Զուգավորման շրջանում արուի մեջքի երկայնքով զարգանում է կատար, հետին վերջույթների վրա՝ լայն լողաթաղանթներ, մարմնի և պոչի վրա հայտնվում են բաց երկնագույն զոլեր։ Արուի մեջքային և որովայնային մակերեսները պատված են խոշոր, մուգ գույնի բծերով, մեջքի ընդհանուր գունավորումն ավելի մուգ է, քան Էգինը։ Վարում է գլխավորապես մթնշաղային ու գիշերային կենսակերպ։ Սնվում է հիմնականում մանր անողնաշարավորներով։
Օգտակար է. ոչնչացնում է վնասատու փափկամարմիններին ու միջատներին։ Ձմեռում է ցամաքում՝ աշնան վերջից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում գարնանը։ Բեղմնավորումը ներքին է. էգը հավաքում է ջրավազանի հատակից արուի դրած սպերմատոֆորը, ձուն կպցնում է տերևին կամ այլ ստորջրյա առարկաների։ Թրթուրը ծնվում է ձվադրումից 14-20 օր հետո։ Կերպարանափոխությունը տեղի է ունենում ամռան վերջից աշնան սկիզբը։ Հայտնի են թրթուրների ձմեռման դեպքեր և չկերպարանափոխված (ևեոտենիկ) ձևեր։ Առաջարկվել է գրանցել Հայաստանի Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։