Մարմնի երկարությունը՝ 3-17 սմ է, պոչը՝ կրկնակի երկար, ինքնահատվող։ Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր, համաչափ տեղադրված վահանիկներով։ Կոպերը շարժուն են, արտաքին ականջային անցքը՝ լավ արտահայտված։ Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով։ Երիտասարդ մողեսի մուգ շագանակագույն ընդհանուր գունավորում ունեցող մարմնի երկայնքով ձգվում են 5 նեղ, կանաչավուն զոլեր։ Տարիքի հետ մեջքի ողջ մակերեսի ընդհանուր գունավորումը ձեռք է բերում կանաչավուն (մուգ կանաչից կամ կանաչագորշավունից վառ կանաչ) երանգ։ Երկայնակի զոլերը պահպանվում են կամ լրիվ անհետանում, իսկ նրանց միջև հաճախ հայտնվում են մուգ բծեր։ Հասուն արուի որովայնային մակերեսը դեղնականաչավուն է, էգինը՝ դեղնավուն կամ սպիտակ։ Բազմացման շրջանում արուի գլխի կողմնային մակերեսը, կոկորդը, երբեմն նաև մարմնի կողմնային հատվածները դառնում են վառ երկնագույն, էգերի մոտ նույն հատվածում երևում են ավելի մանր, բաց երկնագույն խալեր։ Միջին մողեսները որոշ տարածքներում հանդիպում են համատեղ՝ մոտ ազգակից զոլավոր և ճարպիկ մողեսների հետ։ Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտ։ Սնվում է հիմնականում անողնաշարավորներով, երբեմն՝ նաև մանր մողեսներով ու օձերով։
Բազմացումն սկսվում է մայիսից։ Ձվադրում է տարեկան 2 անգամ։ Խոշոր էգերը կարող են դնել մինչև 30 ձու (երկար.՝ մինչև 1,5 սմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի սկիզբը։ Չնայած լայնորեն տարածված հակառակ կարծիքի՝ Միջին մողեսը թունավոր չէ։ Հաճախ խնամվում է անազատ պայմաններում։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին։