Սիգ
| Սիգ |
|---|
| Գիտական դասակարգում |
|
|
| Լատիներեն անվանում |
| Coregonus
|


Սիգ (լատիներեն՝ Coregonus), սաղմոնների ընտանիքի ձուկ։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմինը տափակ է՝ կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ։ Գլուխը փոքր է, դունչը՝ սուր։ Թեփուկները համեմատաբար խոշոր են։ Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկնագույն նրբերանգով։ Մեջքը մուգ կանաչ է, մոխրագույն կամ գրեթե սև, կողքերը՝ արծաթավուն, փորիկը՝ սպիտակ։ Մեջքի և կողքերի վերին մասի թեփուկների արտաքին եզրերը հաճախ մանր պուտերով են, լողակները՝ մոխրագույն, կրծքային և փորային լողակները՝ երբեմն բաց նարնջագույն։
Սեռահասուն է դառնում 2–3 տարեկանում։ Այդ շրջանում արուների կողքերի թեփուկների վրա հայտնվում է շատ փոքրիկ մաշկային բրգիկ։ Բազմանում է նոյեմբեր–դեկտեմբերին՝ լճի առափնյա տարածքներում՝ 1–8 մ խորություններում։ Ձկնկիթը (մինչև 35 հզ. հատ) դնում է լճի ավազոտ հատակին՝ ափին մոտ։
Մատղաշն սկզբում սնվում է պլանկտոնային օրգանիզմներով, սեռահասունները՝ ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, երբեմն՝ սեփական ձկնկիթով և այլն։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ամենատարածված ձկնատեսակն է։ Սևանա լիճ է ներմուծվել 1924-1927 թվականներին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից։ Կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը։
Ունի արդյունագործական նշանակություն։ ՀՀ առանձին ջրամբարներում վերաբնակեցնելու փորձեր են արվում՝ արհեստական բուծման ճանապարհով։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Դպրոցական Մեծ Հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 358)։ |
Սեւանի սիգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևանի սիգի գիտական դասակարգումը հետևյալն է.
• Թագավորություն՝ Կենդանիներ (Animalia)
• Տիպ՝ Քորդավորներ (Chordata)
• Դաս՝ Ճառագայթալողակ ձկներ (Actinopterygii)
• Կարգ՝ Սաղմոնանմաններ (Salmoniformes)
• Ընտանիք՝ Սաղմոններ (Salmonidae)
• Ենթաընտանիք՝ Սիգեր (Coregoninae)
• Ցեղ՝ Սիգ (Coregonus)
• Տեսակ՝ Սովորական սիգ (Coregonus lavaretus)
• Ենթատեսակ՝ Սևանի սիգ (Coregonus lavaretus sevanicus)
• Էկոլոգիական ձեւեր՝
1) Լճային ձեւ; Լճային սիգ (Coregonus lavaretus ludoga)
2) Գետաբերանային ձեւ; Մեծ սիգ (Coregonus lavaretus maraenoides)
Ձեւերի մասին
Coregonus lavaretus ludoga -ն ներմուծվել է Լադոգա լճից: Այն բազմանում է լճում՝ ափամերձ գոտիներում: Հանդիսանում է Սեւանի սիգի հիմնական մասը։
Coregonus lavaretus maraenoides -ն ներմուծվել է Չուդ լճից: Այն ավելի խոշոր է և հիմնականում ձվադրում է գետաբերաններում:
Այս ձևերը հարմարվել են լճի բնական պայմաններին և մասնակցել են Սեւանի սիգի պոպուլյացիայի ձևավորմանը։ Չնայած դրան, դեռեւս առանձնանում են չափսերով, արտաքինով, առանձնահատկություններով։
Կարեւոր է իմանալ
Որոշ գիտական աղբյուրներում ( ձկնաբան Մ. Գ. Դադիկյան) Սեւանի սիգը համարվում է ուրույն տեսակ՝ Coregonus sevanicus։ Իսկ որոշ գիտական աղբյուրներում Սեւանի սիգը նույնիսկ առանձին ենթատեսակ չի համարվում, այլ Սովորական սիգի ադապտացված տարբերակ։ Մի խոսքով՝ տեսակ-ենթատեսակի առումով դասակարգումը վիճարկելի է։