Թուրաջ
Թուրաջ | |
Թուրաջ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Հավազգիներ (Galliformes) |
Ընտանիք | Փասիաններ (Phasianidae) |
Ցեղ | Francolinus |
Տեսակ | Թուրաջ (F. francolinus) |
Միջազգային անվանում | |
Francolinus francolinus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Թուրաջ (լատին․՝ Francolinus francolinus), փասիանների ընտանիքին պատկանող թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։
Մարմնի երկարությունը 33-36 սմ է, թևերի բացվածքը՝ 50-55 սմ է, իսկ կենդանի զանգվածը՝ 400-550 գ։ Փետրածածկը մուգ է և թեփուկանման, իսկ պոչի եզրային փետուրները՝ սևավուն։ Հասուն արուի դիմային մասը սև է, այտին կա սպիտակ բիծ, գագաթը և ծոծրակը մուգ դարչնագույն են՝ բաց կարմրավուն-դարչնագույն խայտերով։
Մարմինը ներքևից սև է, կողքերը՝ ակնառու սպիտակ պտերով, կարմիր-դարչնագույն օձիքով։ Էգի ընդհանուր գունավորումը դարչնագույն է, գլուխը՝ մի քիչ ավելի բաց գույնի, աչքի հետնամասի շերտը՝ մուգ, ծոծրակի մասում՝ դարչնագույն։ Երիտասարդը նման է հասուն էգին, սակայն ավելի փոքր է, խամրած, դիմային մասը՝ ավելի բաց գույնի։ Խիստ զգուշավոր է, թռիչքի է դիմում դժվարությամբ։ Ձայնը բաղկացած է մի շարք բարձր կանչերից։ Երբեմն հանդիպում է ճամփեզրերին։ Բնակվում է եղեգի, ուռենու, մոշենու խիտ մացառներում։ 10 դիտարկումների տվյալներով պարզվել է, որ թուրաջը տարածված է Արաքս գետի ափամերձ եղեգնուտներում, Հայաստանի հանրապետական սահմանի տարածքում։
Սնվում է բազմատեսակ բույսերով, սերմերով և միջատներով։
Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլ-մայիսին։ Բներում ձվերն ու ձագերը հայտնվում են մայիս-հունվար ամիսների ընթացքում։ Բույնը ոչ խորը փորվածք է՝ գետնին, առանց ցամքարի, խիտ թաքստոցում։ Դնում է 42 մմ տրամագծով, բաց դարչնագույն՝ սպիտակ պտերով 8-12 ձու։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կիպրոս կղզում և Փոքր Ասիայում մինչև Հյուսիսային Իրաք, Հյուսիսարևմտյան Իրանում և Կասպից ծովի հարավային ափում։ Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու շրջանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում են գետերի հովիտներում և խիտ թփուտներում կամ բարձր խոտերով ծածկված բացատների հետ հերթափոխվող եղեգնուտներում։ Մեղրու շրջանում բնակեցվում է Արաքս գետի մերձհունային հատվածում։
Նստակյավ տեսակ է, որը բնադրում է թփուտներում, սնվում՝ կանաչ ծիլերով, պտուղներով, սերմերով և միջատներով։ Կերը հավաքում է ինչպես գետնից, այնպես էլ ճյուղերից։ Տարեկան ձվադրում է մեկ անգամ՝ դնելով սովորաբար 8-12 ձու[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր թվաքանակով, խոցելի տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է տվյալների անբավարարություն կատեգորիայով։
Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալների բավարար չեն։ 2008 թվականի տվյալներով թուրաջներ պահվում են Երևանի կենդանաբանական այգում։
Քանի որ թուրաջի տարածման շրջանը գտնվում է մերձսահմանային գոտում, սահմանային ռեժիմի շնորհիվ ապօրինի որսը անհնար է։ Սահմանափակ է նաև մարդու և անասունների կողմից բազմացման շրջանում անհանգստացնելը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրաջ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրաջ» հոդվածին։ |
|