Համազանգեզուրյան առաջին համագումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համազանգեզուրյան առաջին համագումար
Համազանգեզուրյան առաջին համագումարի կայացման վայրը՝ Տաթևի վանքը
Թվական1920 թվականի դեկտեմբերի 25
Ժամանակ14:00
ՎայրՏաթևի վանք, Զանգեզուր
ՄասնակիցներԳարեգին Նժդեհ, Զանգեզուրի բոլոր գյուղերից 100 պատգամավորներ, Զանգեզուրի բոլոր շրջանային խորհուրդների 15 ներկայացուցիչներ,
ընդհանուր՝ 118 հոգի
ՀետևանքԻնքնավար Սյունիքի հռչակում

Համազանգեզուրյան առաջին համագումար, 1920 թվականի դեկտեմբերի 25-ին Զանգեզուրի բնակչության ցանկությամբ Տաթևի վանքում հրավիրված և տեղի ունեցած համագումար, որը հռչակել է Սյունիքի ինքնավարությունը։ Համագումարի պատրաստությունները սկսվել են դեռևս 1920 թվականի հոկտեմբերի կեսերին, երբ Նժդեհը բոլոր շրջաներին պատվիրել է հրավիրել ժողովներ, քննարկել Հայաստանի խորհրդայանցման հարցը, ընտրել պատգամավորներ և ուղարկել Տաթև։

Համագումարին մասնացել է Զանգեզուրի սպարապետ Գարեգին Նժդեհը, Բուն Զանգեզուրի Գյուղացիական Ժամանակավոր Խորհրդի նախագահ Տիգրան Մելիք-Հուսեինյանը, ընդհանուր՝ 118 մարդ։ Վերջինս ժամը 14։00-ին բացել է համագումարը[1], որը տևել է 3 օր և ավարտվել դեկտեմբերի 27-ին՝ երեկոյան ժամը 3-ին[2]։

Համագումարի ընթացքում Գարեգին Նժդեհը հայտարարվել է Զանգեզուրի սպարապետ, ստեղծվել է Ինքնավար Սյունիքի պառլամենտ, կառավարություն, վերահսկիչ մարմին, տեղական ինքնակառավարման մարմիններ, որոշումներ են ընդունվել արտաքին և ներքին քաղաքականության կարևոր հարցերի մասին, որոնք պահանջում էին շտապ լուծումներ։ Ընտրվել են ղեկավար մարմինների անդմաները, սահմանվել է նրանց լիազորությունները և պարտականությունները։

Դիվան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախագահ՝ Գեդեոն Տեր-Մինասյան
  • Փոխանախագահներ՝ Եգոր Հարությունյան և Տիգրան Մելիք-Հուսեյինյան
  • Քարտուղարներ՝ Սամվել Մաշուրյան և Նիկալա Դորունց[1]

Նիստը բացել է նախագահ Գեդեոն Տեր-Մինասյանը, որը համառոտ կերպով ներկայացրել է համագումարի պատմական նշանակությունը, նրա կատարելիք դերը և առաջարկել դրա օրակարգը։

Օրակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագումարի օրակարգում էին հետևյալ հարցերը՝

1․ Զեկուցում Հայաստանի քաղաքական անց ու դարձի մասին և համագումարի բռնելիք դիրքը

2․ Զեկուցումներ բոլոր շրջանային խորհուրդների գործունեության մասին
3․ Ինքնավար Սյունիքի կառավարության ձևը
4․ Իշխանության կազմակերպում․

  • Սպարապետի հրավիրում
  • Ինքնավար Սյունիքի պառլամենտի դիվանի ընտրություն
  • Ինքնավար Սյունիքի վերահսկիչ մարմնի ընտրություն,

5․ Իշխանության կենտրոնատեղի որոշում
6․ Արտաքին քաղաքականություն․

  • Հայաստանի Հանրապետության հետ
  • Ադրբեջանի հանրապետության հետ
  • Պարսկաստանի կառավարության հետ
  • Հարևան թուրքերի հետ,

7․ Ինքնապաշտպանության հարց
8․ Պարենավորում
9․ Պետական ծառայողների ռոճիկների նորմաների որոշում
10․ Մասնավոր և խոշոր սեփականությունների պետականացում․

  • վանքապատկան և եկեղեցական
  • խաների, բեկերի և մելիքների
  • արդյունաբերության

11․ Ընթացիկ հարցեր․

  • որբանոց
  • ջուլհականոց
  • նախկին կառավարություններից զանազան անձնավորությունների մոտ մնացած գումարների պահանջման հարց
  • դրամների գործածություն։

Որոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնահայաստանի զինանշան

Օրակարգի 1-ին կետով զեկուցվել է տիրող իրավիճակը։ Քննադատվել են բոլշևիկյան 5-ամսյա տիրապետության ժամանակ կատարված բռնությունները, ավերը, թալանը։ Նշել է, թե Զանգեզուրում ինչեր են կատարվել 5 ամսվա ընթացքում բոլշևիկյան ուժերի կողմից․ ավերվել և հողին են հավասարվել մի շարք գյուղեր, հարստահարվել է չքավոր գյուղացին, մոռացության են մատնվել օգնության բոլոր խոստումները, գլխատվել է հայ մտավորական երիտասարդությունը[3], հազարավոր «տաճկական ասկյարների» թույլ է տրվել մտնել Զանգեզուր, որոնք անպատվել են հայ կանանց և աղջիկներին, բանտարկվել են մի շարք մարդիկ։ Այս ամենի հետևանքով էր, որ զանգեզուրցիները, չդիմանալով բոլշևիկների ճնշումներին, 1920 թվականի հոկտեմբերի 10-ին ապստամբել և նոյեմբերի 21-ին Զանգեզուրից դուրս են քշել խորհրդային զորամասերը[4]։

Օրակարգի 2-րդ կետով համագումարը լսել է յուրաքանչյուր շրջանի խորհրդի ներկայացուցչի զեկույցը[4]։

Օրակարգի 3-րդ կետով Սյունիքը հռչակվել է ժամանակավորապես ինքնավար, մինչև հնարավորություն կլինի միանալու մայր հայրենիքին՝ Հայաստանին։ Ինքնավարությունում մտցվել է հանրապետական համակարգ։ Ընդունվել է կառավարման համակարգի գլխավոր գծերը։ Համագումարը հռչակվել է Ինքնավար Սյունիքի բարձր օրենսդրական մարմին-պառլամենտ։ Այն հրավիրվելու էր տարին առնվազն 2 անգամ նախագահության կողմից, առանձին՝ իր անդամների կեսի կամ նախագահության պահանջով։ Պառլամենտի անդմաների ընտրությունը կատարել է ազգաբնակչությունը հետևյալ կերպ․ մինչև 100 տուն ունեցող գյուղերն ունենում են 1 ներկայացուցիչ, 100-200 տներ ունեցողները՝ 2, իսկ 200 և ավելի տներ ունեցողները՝ 3։ Պառլամենտը 6 ամիս ժամկետով ընտրել է կառավարություն, որը բաղկացած էր 9 հոգուց, և որին է անցնում երկրի քաղաքացիական և զինվորական բոլոր գործերը։ Կառավարության անդամ կարող էին ընտրվել այն մարդիկ, որոնք պառլամենտի անդամ չեն։ Պառլամենտն էր նշանակելու սպարապետ-զորավար, հայտարարելու պատերազմ կամ կքնելու խաղաղություն (արտակարգ դեպքերում կարող է հայտարարել նաև սպարապետը)։ Կառավարության մեջ մտնում էին հետևյալ վարչությունները՝ ներքին գործերի, արտաքին գործերի, պարենավորման, արդարադատության, ֆինանսական, լուսավորության, առևտրաարդյունաբերության, հողային, ճանապարհների հաղորդակցության, խնամատարության[5]։ Կարևոր խնդիրները, որոնք վերաբերում էին արտաքին և ներքին քաղաքականությանը, պետք է ընդունվեին ամբողջ կառավարության կողմից։ Զինվորական բոլոր գործերն անցնում են սպարապետի վերահսկողության ներքո, իսկ կարևոր պաշտոնները նշանակվում են կառավարության կողմից։

Զանգեզուրի սպարապետ Գարեգին Նժդեհ

Շրջանային գործադիր մարմինների կազմը, ընտրությունը, նրանց իրավասության սահմանները․ Սյունիքը բաժանվում էր Բուն Զանգեզուրի, Տաթևի ձորի, Ղափանի, Դարաբասի ձորի, Սիսիանի և Գենվազի շրջանների, որոնցում կազմվում էին գործադիր մարմիններ։ Դրանք մեծ շրջաններում կազմված էին 5, իսկ փոքերում՝ 3 անդամներից, որոնք ընտրվում էին պառլամենտի՝ նույն շրջանից ընտրված անդամների կողմից։ Շրջանի գործադիր մարմնի կազմը գործում էր 6 ամիս, և իրենց գործունեության մասին զեկուցում էին կառավարությանը։ Այդ մարմիններին էին վերապահված շրջանի ներքին, ոչ հանրապետական նշանակություն ունեցող հարցերի լուծումը, իսկ կարևոր հարցերը լուծվում էին կառավարության կողմից։ Դրանք ունեին հետևյալ վարչությունները՝ ներքին գործերի, պարենավորման և զինվորական, իսկ կից գործում էին ագիտացիոն բյուրոներ։ Ամեն շրջանի գործադիր մարմին իր շրջանի գյուղերում պետք է կազմավորեր ինքնապաշտպանական վաշտեր։

Գավառապետներ և շրջանային կոմիսարներ․ յուրաքանչյուր շրջան ունենում է գավառապետ և շրջանային կոմիսար(ներ), որոնք ընտրվում էին շրջանի գործդիր մարմնի և նշանակվում կառավարութան կոմից։ Ղափանի շրջանն ունենալու էր 1 գավառապետ և 3 շրջանային կոմիսար[6], իսկ Սիսիանի, Բուն Զանգեզուրի, Տաթևի ձորի, Դարաբասի և Գենվազի շրջանները՝ 1 գավառապետ և 1 շրջանային կոմիսար։

Գյուղական կոմիսարներ․ յուրաքանչյուր գյուղ կամ համայնք ունենալու էր իր գյուղական կոմիսարը։ 100 և ավելի տուն ունեցող գյուղերում կոմիսարն ունենալու էր օգնական։ Ինչպես կոմիսարը, այնպես էլ նրա օգնականը ընտրվելու էին համայնքի բնակչության կողմից և հաստատվելու գյուղի շրջանային գործադիր մարմնի կողմից։

Վերահսկիչ մարմին․ Ինքնավար Սյունիքի բոլոր վարչությունները և հիմնարկությունները վերահսվելու էին Վերահսկիչ մարմնի կողմից, որն իրավասու էր հսկելու բոլոր հաշվետվություններն ու գործողությունները։

Օրակարգի 4-րդ կետով տեղի է ունենում իշանության կազմակերպում և ընտրություններ․

  • Սյունիքը միաձայն որոշում է Գարեգին Նժդեհին՝ «իր ազատատար հերոսին», հրավիրել զբաղեցնելու Ինքնավար Սյունիքի սպարապետի պաշտոնը։ Ծափահարությունների ներքո բոլորը իրենց վստահության քվեն են տալիս սպարապետին։
  • Ինքնավար Սյունքի կառավարության համար առաջադրվում է 15 թեկնածու։ Գաղտնի քվեարկությունից հետո նրանցից 8-ը ընտրվում են կառավարության անդամներ։ Նրանք էին Գեդեոն Տեր-Մինասյանը, Նիկոլայ Դորունցը, Իսրայել Մելիք-Փարսադանյանը, Գևորգ Գրիգորյանը, Եգոր Հարությունյանը, Մկրտիչ Տեր-Մկրչտյանը, Տիգրան Մելիք-Հուսեյինյանը և Սամվել Մաշուրյանը (անձնափոխանորդ՝ Մինաս Մինասյան)[7]։
  • Ինքնավար Սյունիքի վերահսկիչ մարմնի անդամներ են ընտրվում Գասպար Խաչատրյանը, Մուշեղ Ոսկանյանը և Գևորգ Գրիգորյանը, իսկ նրանց անձնափոխանորդներ՝ Տիգրան Սազանդարյանը և Շիրին Շիրինյանը։

Օրակարգի 5-րդ կետով մտքերի երկար փոխանակում իրականցնելուց հետո որոշվում է իշանության կենտրոն ընտրել Գորիս քաղաքը։

Զանգեզուրի տարածք

Օրակարգի 6-րդ կետով համագումարը որոշում է հետևյալ երկրների հետ իր ապագա արտաքին քաղաքականությունը․

  • Հայաստան․ Զանգեզուրը միշտ ցանկացել և ձգտել է լինել մայր հայրենիքի կազմում, սակայն քանի որ վերջինս իրեն ինչ-ինչ անբարենպաստ հանգամանքներից ելնելով հայտարարել է խորհրդային, և քանի որ հայ ժողովուրդը չի կարող հաշտվել այդ վարչակարգի հետ, Զանգեցուրը որոշել է մինչև այդ վարչակարգի վերացմումը գործել անջատ և ապրել ուրույն կարգով։
  • Ադրբեջան․ համազանգեզուրյան համագումարը որոշում է Ադրբեջանի հետ լինել բարեկամական, սակայն չհաստատել որևէ սերտ հարաբերություն կամ ազատ երթևեկություն մինչև այն պահը, երբ երկու ազգերի միջև կլինի կատարյալ վստահություն։
  • Պարսկաստան․ համագումարը նշում է, որ հարևան Պարսկաստանի հետ Զանգեզուրի հարաբերությունները միշտ եղել են սերտ բարեկամական։ Նախատեսվում էր, որ Ինքնավար Սյունիքը պետք է ունենար իր ներկայացուցիչը Պարսկաստանում, որը պետք է առևտրական և հաղորդակցության տեսակետից ավելի սերտ հարաբերությունների մեջ մտներ պարսկական կառավարության հետ։
  • Հարևան թուրքեր․ համագումարը հայտարարեց, որ Զանգեզուրի հարաբերություները հարևան թուրքերի հետ արդեն 3 տարի է, ինչ թշնամական է։ Այդ պատճառով համագումարը լիահույս էր, որ այդ «անտեղի թշնամանքը» կդադարի երկու ազգերի միջև և կհաստատվի բարեկամություն։

Օրակարգի 7-րդ կետով համագումարը որոշում է ինքնապաշտպանության հետ կապված բոլոր հարցերը թողնել սպարապետի՝ Գերեգին Նժդհեի իրավասությանը։

Օրակարգի 8-րդ կետով մի շարք կողմ և դեմ ձայների արդյունքում ընդունվում է Գևորգ Գրիգորյանի առաջարկը, ըստ որի՝ առաջարկվում է պարենավորման հարցը լուծելու համար շրջաններում կատարել կամավոր հանգանակություն և մթերքը կենտրոնացնել պետական կենտրոնական շտեմարաններում։ Կռիվների ժամանակ ամեն շրջան պետք է ինքը մատակարարեր զինվորականների մթերքը։ Որոշվում է պետական հիմնարկների համար համեմատական կերպով բաժին հանել մնացած իրերը, իսկ պետական գույքերը փոխանակել հացահատիկի հետ[8]։

Օրակարգի 9-րդ կետով քննարկվում է ռոճիկների հարցը, ինչի հարցում որոշում կայացնելը թողնվում է սպարապետ Գարեգին Նժդեհին։

Օրակարգի 10-րդ կետով համագումարը որոշում է պետականացնել խոշոր սեփականությունները՝ ինչպես վանքապատկան-եկեղեցական, այնպես էլ խաների, բեկերի և մելիքների կալվածքները։

Օրակարգի 11-րդ կետով քննարկվում է ընթացիկ 4 հարցերը, որոնց լուծումը թողնվում է կառավարությանը[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագ, Հարությունյան (1921 թվական). «Ազատ Սիւնիք։ Սև էջեր և փաստեր բօլշևիկների հնգամսեայ գործունէութիւնից» (PDF). Գորիս: Ինքնավար Սյունիքի խորհրդարան. էջ 60. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հարությունյան, Ավագ (2007). «Ազատ Սյունիք․ Արնոտ Գիրք». Երևան: «Հայրենիք» ակումբ. էջ 36. ISBN 99930 4 498 9.
  2. Հարությունյան, Ավագ (2007). «Ազատ Սյունիք․ Արնոտ Գիրք». Երևան: «Հայրենիք» ակումբ. էջ 44. ISBN 99930 4 498 9.
  3. 3,0 3,1 Հարությունյան, Ավագ (2007). «Ազատ Սյունիք․ Արնոտ Գիրք». Երևան: «Հայրենիք» ակումբ. էջ 37. ISBN 99930 4 498 9.
  4. 4,0 4,1 Հարությունյան, Ավագ (2007). «Ազատ Սյունիք․ Արնոտ Գիրք». Երևան: «Հայրենիք» ակումբ. էջ 38. ISBN 99930 4 498 9.
  5. Հարությունյան, Ավագ (2007). «Ազատ Սյունիք․ Արնոտ Գիրք». Երևան: «Հայրենիք» ակումբ. էջ 39. ISBN 99930 4 498 9.
  6. Հարությունյան, Ավագ (2007). «Ազատ Սյունիք․ Արնոտ Գիրք». Երևան: «Հայրենիք» ակումբ. էջ 40. ISBN 99930 4 498 9.
  7. Հարությունյան, Ավագ (2007). «Ազատ Սյունիք․ Արնոտ Գիրք». Երևան: «Հայրենիք» ակումբ. էջ 41. ISBN 99930 4 498 9.
  8. Հարությունյան, Ավագ (2007). «Ազատ Սյունիք․ Արնոտ Գիրք». Երևան: «Հայրենիք» ակումբ. էջ 42. ISBN 99930 4 498 9.
  9. Հարությունյան, Ավագ (2007). «Ազատ Սյունիք․ Արնոտ Գիրք». Երևան: «Հայրենիք» ակումբ. էջ 43. ISBN 99930 4 498 9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]