Մելիք-Հուսեինյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մելիք Հուսեինյաններ, հայ մելիքական-իշխանական տոհմ Հին Գորիսում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմն առաջացել է հին գորիսեցի խոջա Լազարի որդի Լալայից։ Բացի Լալայից Լազարը ևս երկու որդի է ունեցել՝ Պարոնն ու Ավագը։ Եղբայրներն ապրել են Հին Գորիսում, որտեղ հողի պակասությունը բավական նեղել է նրանց, ինչի պատճառով Պարոնը, վերցնել է մի բուռ հաճար և գնացել է շահի մոտ, ցույց տվել նրան ևւ ասել, որ իրենց հողի վատության և սակավության պատճառով ստիպված են հաճար ուտել։ Շահը նրան հողեր է նվիրել Նոր Գորիսի մոտակայքում։

Կարճ ժամանակ անց թարաքյամա թափառական խմբերը հարձակվում են Հին Գորիսի վրա, բնակիչներին կոտորում, թալանում և ցրվում։ Այդ ընթացքում Լալայի որդի Բաղրը մեռնում է թողնելով երկու որդիներին՝ Օհանին ու Ամիրին։ Օհանն ու ու Ամիրը, որպեսզի ազատվեն այս թափառականների հալածանքներից, Չանախչի գյուղ՝ մելիք Շահնազարի մոտ։ Այստեղ Օհանը հայտնի է դառնում իր քաջությամբ և ամուսնանում շուշեցի մի մեծատան աղջկա հետ։ Այս ժամանակ գորիսեցիները գնում խնդրում են Օհանին, որ գա իրենց մելիքը դառնա, նա էլ, երբ նույն խնդիրը կրկնում է մելիք Շահնազարին, հանձն է առնում և Փանահ խանից Գորիս, Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Քարահունջ, Ալիղուլիքենդ, Մաղանջուղ, Կորու գյուղերի վրա մելիք հաստատվելով գալիս է կառավարելու։ Մելիք Օհանը հաստատվում նախ« Ծակերի ձորում, հետո՝ Նոր Գորիսում։

Օհանը քաջ մարդ է եղել բազմիցս հալածել է թափառական թարաքյամաներին, որոնք պարբերաբար հարձակումներ են գործել Նոր Գորիսի վրա։

Մելիք Օհանին հաջորդել է նրա ավագ որդին՝ մելիք Հովսեփը։ Նա շատ թույլ մարդ է եղել, իսկ նրա եղբայր Սեին կամ Հուսեինն աչքի է ընկել իր քաջությամբ, առատաձեռնությամբ և խելքով։ Մելիք Հովսեփը միշտ նրա հետ է խորհրդակցել և գործերի մեծ մասը նրան հանձնարարել։ Հուսեինը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել, և ժողովուրդը խնդրել է մելիք Հովսեփին, որ մելիքության տիտղոսն էլ եղբորը հանձնի, քանի որ ամբողջ կառավարությունը նրա ձեռքին է, մելիք Հովսեփը համաձայնվԵլ Է։ Սակայն սա ծանր է թվում Հուսեինի ավագ եղբայրներին, որոնք ընդդիմանում են և մի կռվում դաշույնի հարվածով Հուսեինի երկու մատը կտրում են և մի աչքն էլ կուրացնում, բայց և այնպես Հուսեինը հաղթող է դուրս գալիս և մելիք դառնում։ Եղբայրները չեն հանգստանում և Խոտ, Շինուհայր ու Հալիձոր գյուղերին դրդում են իրենց եղբոր դեմ։ Այս պատճառով էլ Մեհտի խանը 1805 թվականին մի հրովարտակով հիշեցնում է այդ գյուղերին, որ նրանց մելիքը Հուսեինն է։

Հուսեինի օրոք Նախիջևանի խանի զինվորները, երկու խմբի բաժանված, հարձակվում են մեկը՝ Քարաշենի, մյուսը՝ Քարահունջի վրա։ Քարաշենը շուտով անձնատուր է լինում, որը ասպատակողները թալանում և երիտասարդներին գերի են տանում, իսկ Քարահունջը պաշտպանվում է։ Գյուղացիներն ապաստանում են եկեղեցում և սեղանի մեծ քարով ծածկում դուռը։ Զինվորները փորձում են քանդել եկեղեցին, բայց չեն կարողանում։ Այդ ժամանակ բերում են դաշտում բռնած երկու եղբայրների, որոնց հայրը նույնպես եկեղեցում է ապաստանած լինում։ Զինվորները ստիպում են այս եղբայրներին աղաչել իրենց հորը, որ դուռը բացի՝ խոստանալով, որ այդ դեպքում կխնայեն ինչպես այս երկու եղբոր, այնպես էլ նրանց հոր կյանքը, այնինչ հակառակ դեպքում կսպանեն եղբայրներին։ Սրանք թուրքերեն աղաչում են հորը, որ բացի դուռը, բայց և հայերեն խնդրում են, որ իրենց երկուսի կյանքի համար չզոհի բոլոր գյուղացիների կյանքը։ Վերջապես թուրքերը, տեսնելով, որ հայրը չի լսում որդիների աղաչանքը, սուրը դնում են եղբայրների վզին և կանչում հորը, որ ազատի նրանց։ Սակայն հայրը, արցունքներ թափելով, զոհում է որդիներին։ Եղբայրները երկուսն էլ թաղված են նույն եկեղեցու դռան մոտ։

Այդ ժամանակ մելիք Հուսեինն օգնության է գալիս քարահունջեցիներին, սակայն թուրքերը, ավարն առած, դեպի Նախիջևան էին շտապում։ Մելիք Հուսեինը հարձակվում է նրանց վրա Բազարչայի մոտ, որտեղից Սիսիանի ճանապարհը տանում է Նախիջևան։ Թուրքերի առաջնորդ Քալբին, մելիք Հուսեինն նկատելով, հրացանով կրակում է, սակայն գնդակը ծակում է միայն մելիքի վերարկուն։ Իսկույն նրա ծառա Խուրշուդը, որ Պարոնի ցեղից էր և շատ քաջ, գնդակով տալիս սպանում է Քալբուն։ Զորքը, տեսնելով իրենց առաջնորդի սպանվելը, ավարը թողնում է և փախչում։

Մի առավոտ էլ մելիք Հուսեինը նկատում է, որ Նախիջևանի խանի մարդիկ էլի իջնում են դեպի իրենց գյուղը՝ Նոր Գորիս։ Անմիջապես տեղեկացնում է Խուրշուդին. սա անցնում է գետը, տանում իր բարձր գդակը մի քանի ուրիշ գդակների հետ քարերի վրա դնում և ինքը հակառակ կողմում թաքնվում։ Թուրքերի առաջնորդն ուղղվում է դեպի գդակները՝ կարծելով, թե հայերը եկել կտրել են իր ճանապարհը և սկսում այդ ուղղությամբ կրակել։ Այդ ժամանակ Խուրշուդը հետևի կողմից խփում է գնդակով և վայր գլորում նրան։ Անմիջապես նրան հետևող մարդիկ թողնում և փախչում են։

Մելիք Հուսեիննն առատաձեռն է եղել նաև հոգևորականների հանդեպ, երբ 1814 թվականին Եփրեմ կաթողիկոսի նվիրակը գալիս է Գորիս, սա սիրով ընդունում է նրան և մեծ նվերներ տալիս։ Այդ պատճառով էլ Եփրեմ կաթողիկոսը մի կոնդակով օրհնում է նրան։

1815 թվականին մելիք Հուսեինը մահանում է, և նրան հաջորդում է որդին՝ Մելիք Ռոատամը, որ միայն երեք տարի է մելիքություն անում և անզավակ մեռնում։ Նրան հաջորդում է եղբայրը՝ Մելիք Հարությունը կամ Մելիք Թյունին։ Սա առաջին անգամ մտցնում է Զանգեզուրում կարտոֆիլի մշակությունը, որի համար և 1846 թվականին Վորոնցովից Աննայի ժապավենով արծաթե մեդալ է ստանում և խաղաղությամբ կառավարում ժողովրդին։ Երբ կառավարությունն այս գավառում ևս մտցրեց ընտրողական տանուտերությունը, մելիք Հարությունը, իր համար դա անպատվություն համարելով, հրաժարվեց տանուտեր լինելուց և հասարակական գործերից հետ քաշված՝ մեռավ 1880 թվականին՝ թողնելով մի որդի՝ Մանուչար բեկին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]