Որոտան-Արփա-Սևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)

«Արփա-Սևան» թունելի շինարարության ղեկավարն է ԽՍՀՄ վաստակավոր շինարար Աբրահամ Սարգսյանը։

Կառուցման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում արդյունաբերության զարգացման և հողերի ոռոգման համար հզոր էներգետիկ բազաների ստեղծման խնդիրով մտահոգված էին Սովետական իշխանության հաստատումից ի վեր։ Այդ տարիներին Հայաստանում էներգետիկ այլ աղբյորներ չունենալու պատճառով խնդիրը լուծվում էր Սևանա լճի օգտագործմամբ։ Ստեղծված ՀԷԿ-երի  Սևան-Հրազդան կասկադը տարիներ շարունակ ՀՍՍՀ հիմնական էներգետիկ բազան էր։ Այդ տարիներին կառուցված ոռոգման ջրանցների համակարգի շնորհիվ ոռոգվեցին տասնյակ հազարավոր հեկտար անջրդի հողեր։ Այս և այլ նպատակներով Սևանա ջրից բաց էր թողնվում տարեկան 1200 մլն. մ³ ջուր, ինչի հետևանքով լճի մակարդակն աստիճանաբար իջնում էր։ Հաշվի առնելով լճի մակարդակի իջեցման հնարավոր վտանգները՝ ստեղծվեցին գազով կամ այլ վառելանյութերով աշխատող ջերմային էլեկտրակայաններ, որոնք զգալիորեն նվազեցրեցին էներգետիկ նպատակներով լճից կատարվող թողքի։ Սևանա լճի մակարդակի կայունությունը և էներգետիկայի ու ոռոգման նվազագույն պահանջմունքները բարելավելու համար անհրաժեշտ դարձավ լիճը այլ աղբյուրներից  ջրով սնել։ Այդ տարիներին «Հայհիդրոնախագիծ» և ՀՍՍՀ ԳԱ ջրային պրոբլեմների ինստիտուտների մանրազնին հետազոտությունները ցույց տվեցին, որ ամենանպատակահարմարը Արփա գետի ջուրը Սևանա լիճ տեղափոխելն Է։ «Հայարդնախագիծ» ինստիտուտը 1961–62թթ.-ին կազմեց կառույցի սխեման և նախագծային առաջադրանքը։ Ներկայացված նախագծով նախատեսվում էր Արփա գետից տարեկան 250 մլն․ մ³ ջուր տեղափոխել Սևանա լիճ, որը միաժամանակ կապահովվեր նաև Արփա գետի ավազանի հողերի ոռոգման պահանջմունքը։

Նախագծի ընձեռած և կարևորոգույն հնարավորություններից էր նաև այն որ, դրա օգնությամբ հնարավոր էր դառնում  Սևանա լճում կուտակվող ջրից Էներգետիկ ու ոռոգման նպատակներով տարեկան օգտագործել 420 մլն․ մ³ և լճի մակարդակը պահպանել ծովի մակերևույթից 1899 մ բարձրության վրա։ Այս նախագծով ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության համար լուծվում էր մի շարք կարևոր խնդիրներ, առավելագույն չափով ու տնտեսական արդյունավետությամբ օգտագործվում էր Սևան–Հրազդան կասկադի ՀէԿ–երի ու ոռոգման կոմպլեքսների կառուցվածքներն ու սարքավորումը, ապահովվում էր առողջարանների ու հանգստի գոտիների ստեղծման հնարավորությունները։ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և ՍՍՀՄ էներգետիկայի ու էլեկտրիֆիկացման մինիստրության որոշմամբ «Ա–Ս․» կոմպլեքսի շինարարությունը սկսվել է 1963-ի մարտից։

«Արփա-Սևան» հիդրոտեխնիկական կառույցների համալիրի կառուցման համար մեկնարկում է համաժողովրդական շինարարական աշխատանքներ։  Առաջին փուլում շինարարական աշխատանքները կատարում է «Հայհիդրոէներգոշինը», այնուհետև «Հիդրոսպեցստրոյ» համամիութենական պետական տրեստին կից ստեղծված «Արփա–Սեանշին» հատուկ վարչությունը։

Այսպիսով՝ Սևանի փրկության խնդիրն ժողովրդի և պետության կողմից մեծ հաշվով  դրված էր նաև շինարարների առջև։ Սա անհավանական փորձություն էր յուրաքանչյուրի համար, փորձություն և պայքար` բնության և մարդու միջև։

Բացառիկ երկարությամբ և կարևոր նշանակությամբ այս հիդրոտեխնիկական թունելի կառուցման համար մեծ ջանքեր պահանջվեցին։ Գրանցվեցին նույնիսկ մարդկային կորուստներ։  Հիդրոտեխնիկական թունելի շինարարությունը գտնվում էր հանրապետության ղեկավարության սևեռուն ուշադրության կենտրոնում։ Թունելի շինարարները տարին երկու անգամ ընդունում էին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին և մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանին, ովքեր ծանոթանում էին շինարարական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվում թունելի բնակիչները դարձած շինարարների առողջությամբ և կարիքներով։  Թունելի շինարարական աշխատանքներին սկզբից մինչև վերջ մասնակցած շինարարներից մեկը, լրագրողին տված իր հարցազրոյցում պատմում է, որ շինարարության ավարտի օրը՝ 1980 թվականի դեկտեմբերի 30-ին զանգահարել է Քոչինյանին և զեկուցել`«Ձեր երազանքն իրականացավ. Կեչուտից մինչև Սևան թունելը պատրաստ է»։

Կատարված շինարարական աշխատանքների արդյունքում Ջերմուկ առողջարանից ներքև՝ Կեչուտ գյուղի մոտ քարալիցքային պատվարով Արփա գետի ջրերը բարձրացվում ու հասցվում են 1942 մ բարձրության՝ ստեղծելով Կեչուտի ջրամբարը, որի մակարդակը 44 մ–ով բարձր լինելով Սևանա լճի մակարդակից, հնարավոր է դարձնում ջրի ինքնահոս տեղափոխումը։ Արփա գետից մինչև Սևանա լիճ, Վարդենիսի լեռնաշղթայի տակով թունել է վարվում այն հաշվարկով, որ ներառնվեն նաև Եղեգիս գետի ջրերը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղկացած է Որոտան-Արփա (կառուցված 2004 թվականին) և Արփա-Սևան (1981 թվականին) թունելային ջրատար համակարգերից։ Որոտան-Արփան թունելային համակարգի սկզբնական հատվածն է, սկիզբ է առնում Սպանդարյանի ջրամբարից և ապահովում է տարեկան 165 միլիոն մ³ ջրի տեղափոխումը Կեչուտի ջրամբար, այնտեղից՝ Սևանա լիճ՝ Արփա-Սևան թունելով։ Թունելի ջրառի հաշվարկային ելքը 15 մ³/վ է, առավելագույնը 18 մ³/վ, այն իրականացվում է Սպանդարյանի ջրամբարի աջ ափին (2057 մ) կառուցված գլխամասային հանգույցի միջոցով։

Թունելի երկարությունը 21,6 կմ է, վերջնամասում թունելի լծորդումը Կեչուտի ջրամբարի հետ իրականացվում է բետոնապատված, ուղղանկյուն կտրվածքով արագահոսի միջոցով։

Որոտան-Արփա թունել[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոտան-Արփա թունելի աշխատանքային ռեժիմը տարվա ընթացքում կարգավորվում է՝ Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրապահովվածության և Արփա-Սևան թունելի ջրատարության պայմաններից ելնելով։ Թունելի շինարարությունն իրականացնելու նպատակով լրացուցիչ կառուցվել են 4 հորան և 2 հանքուղի։

Արփա-Սևան թունել[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփա-Սևանը բաղկացած է Կեչուտի գլխավոր հանգույցից (Արփա գետի վրա), 18 մ³/վ թողունակությամբ №1 թունելից, ջրընդունիչ կառույցներից (Եղեգիս գետի վրա), 25 մ³/վ թողունակությամբ №2 թունելից և կողմնատար ջրանցքից։ Համալիրը Արփայի և Եղեգիսի հոսքերի մի մասը (տարեկան 250 միլիոն մ³ գումարային ծավալով) տեղափոխում է Սևանա լիճ։ Կեչուտի գլխավոր հանգույցի մեջ մտնում են ջրընդունիչ և ջրնետ կառույցներն ու իռիգացիոն ջրթողը։ Ջրամբարում ջրի նշագիծը որոշվել է դեպի Սևանա լիճ ջուրը ինքնահոս տեղափոխվելու պայմանով։ Տեղափոխումը կատարվում է 48,3 կմ ընդհանուր երկարությամբ անճնշում թունելների միջով, որոնք երեսպատված են բետոնով, երկաթբետոնով և, մասնակիորեն, հավաքովի երկաթբետոնե բլոկներով։ Թունելների ջրագիծն անցնում է Արփայի և Եղեգիսի ջրբաժան լեռնազանգվածի ու Վարդենիսի լեռնաշղթայի տակով՝ 1230 մ առավելագույն խորությամբ և 870 մ երկարությամբ բաց ջրանցքով միանում Սևանա լճին։ 19-րդ կմ-ի վրա թունելների ջրագիծը բացվում է և հատում Եղեգիս գետի կիրճը, որտեղ կառուցված են գետի հոսքի մի մասը դեպի №2 թունելը տանող կառույցներ։ Արփա-Սևանի թունելները եզակի են հայրենական թունելաշինության պատմության մեջ. դրանք կառուցված են մեծ խորություններում՝ տեղագրական, երկրաբանական և ջրաերկրաբանական բարդ պայմաններում. 11 հանքախորշից 7-ը փորվել են 191-663 մ խորությամբ 4 ուղղաձիգ հորանների միջոցով, առաջին անգամ 1 հանքախորշի փորվածքի երկարությունը կազմել է 6250 մ։ Լուծվել են ստորգետնյա շինության բարդ խնդիրներ՝ մեծ գազակուտակման և բարձր ջերմաստիճանների պայմաններում փակուղային երկար փորվածքների օդափոխումը, ջրի անսպասելի արտանետումների պայմաններում խոր հորաններից ջրհանումը։

Մշակվել, պատրաստվել և ներդրվել են թունելների հավաքովի բլոկային երեսարկման մոտ 4 ՄՊա լեռնային ճնշման համար նախատեսված կոնստրուկցիաներ, առաջին անգամ կիրառվել են հանքահորի փողերի երեսարկի բետոնապատման կախովի փեղկային կաղապարամածը, բեռների ինքնահետգլորքը հորանային մակերևույթի վրա, բարձր ճնշման օդափոխիչներ, բազմաստիճան ջրապոմպեր և այլն։

Որոտան-Արփա-Սևանի շահագործմամբ ապահովվել է ոչ միայն Սևանա լճի մակարդակի կայունացումը, այլև աստիճանական բարձրացումը։

2010 թ. մարտի 25-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ թունելն անվանակոչվել է «Յակով Զարոբյանի անվան Արփա-Սևան» ջրատար թունել[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անհանգիստ մարդու դիմանկարը, «Գարուն», 1967, № 1։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կառավարության որոշումներ - Հայաստանի էլեկտրոնային կառավարում | e-gov». e-gov.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 154