Կիսաանապատային բուսականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիսաանապատային բուսականություն

Կիսաանապատային բուսականություն, Արարատյան գոգավորության, նաև Զանգեզուրի, Մեղրիի ու Վայքի լեռնաշղթաների վրա (600-1500 մ բարձրություններում) գտնվող գրեթե բոլոր չոր, անջրդի հողատարածքները՝ ղռերը, ծածկված են կիսաանապատային բուսականությամբ։ Քարքարոտ կիսաանապատների ամենախոշոր զանգվածները Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում և այլն։ Ի տարբերություն անապատների՝ այստեղ բուսական համակեցությունում զգալի տոկոս են կազմում էֆեմեր ճիմ առաջացնող դաշտավլուկազգիները (անապատասեր, ցորնուկ, այծակն, դաշտավլուկ և այլն)։

Հայաստանի կիսաանապատային բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի կիսաանապատային բուսականության տիրապետող բույսերն են հոտավետ օշինդրը, Կապար Փշոտ Գազ տարօրինակ Կնճիթաթերթիկ գոգավոր Սիզախոտ Նշենի Ֆենցլի կոխիան, նոնեան, լերդախոտը, բորբոսատեսուկը, դաշտավլուկը, կապարը, հազարատերևուկը, որոնք երբեմն առաջացնում են ինքնուրույն բուսականություն, համակեցություններ։

Օշինդրային կիսաանապատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օշինդրային կիսաանապատների որոշ հատվածներ (Կոտայքի մարզի Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ գյուղերի շրջակայքում) իրենց բուսական, ծածկում պարունակում են արտակարգ հետաքրքիր բուսատեսակների (ուրարտական, արարատյան և բեոտական վայրի ցորեններ, Վավիլովի աշորա, վայրի գարի, անքիստ բթաթեփուկ, այծակն) և բազմաթիվ այլ հազվագյուտ խոտաբույսերի (տուրնեֆորտիա, նրբագեղմ հիրիկ, Եղեսպակ և այլն) բնական պոպուլացիաներ։ Հազվագյուտ տեսակները պահպանելու համար 1981 թվականին կազմակերպվել է էրեբունու արգելոցը (տարածքը՝ 89 հեկտար)։ Օշինդրային կիսաանապատները, տարեցտարի կորցնելով իրենց լանդշաֆտային պատկերը, վերածվում են գյուղատնտեսական դաշտերի ու այգիների։

Երևանը շրջապատող կանաչ գոտին, Սարի թաղի, Ծիծեռնակաբերդի, Արզնիի, Ողջաբերդի, Ջրվեժի անտառամշակույթները, Երևանի բուսաբանական և կենդանական, այգիներն ստեղծվել են կիսաանապատային տարածքների իրացման հաշվին։ Սակայն Արագածոտնի և Կոտայքի մարզերում կիսաանապատների մեծ զանգվածներ ցայսօր օգտագործվում են որպես ձմեռային արոտներ, ուտելի (սիբեխ, թրթնջուկ, կապար, խատուտիկ, դանդուռ), դեղատու (անթառամ, առյուծագի, լոշտակ, հազարատերևուկ, սրոհունդ, սպանդ) և բազմաթիվ այլ օգտակար (ներկատու, եթերայուղատու, համեմունքային) բույսերի հավաքման համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։