Խատուտիկ
Խատուտիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
Տրիբա | Cichorieae |
Ցեղ | Խատուտիկ (Taraxacum) F.H.Wigg., 1780 |
Խատուտիկ (լատին․՝ Taraxacum), բարդածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող բույսերի ցեղ։
Հայկական տարանունները՝ ակլատիզ, խմբաբա, խտուտ, խտուտիկ, կռաբանջար, պուպու, քոչի խոտ, մինչև 15 սմ բարձրության բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տարաքսակում» անունը ունի հունական ծագում, որը նշանակում է հանգստացնող։ «dandelion» նաև նշանակում է առյուծի ատամ (dent of lion) Ըստ Կ. Ա. Տիմիրյազևի, եթե խատուտիկի բոլոր սերմերը աճեին, ապա կարճ ժամանակում կծածկեին ողջ երկրագունդը։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խատուտիկի տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները լեզվակաձև, վառ դեղին։ Սերմիկները թխավուն են կամ գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են ամենուր. ծլունակությունը պահպանում 10 - 12 տարի։ Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին։ Աշնանը խատուտիկը նորից է ծաղկում, մոլախոտ է, աճում այգիներում, ցանքերում, խամահողերում, արոտավայրերում, մարգագետիններում և այլուր, հաճախ տալով հոծ բուսուտներ։ Բույսը լավ է աճում չափավոր խոնավ և հարուստ հողերում։
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատը պարունակում է տրիտերպենային միացություններ, մինչև 40% ինուլին, մինչև 3% կաուչուկ, ճարպայուղ, որը պարունակում է գլիցերիդներ, դառը գլիկոզիդ տարաքսացին, խեժ, կալիումական և կալցիումական աղեր։ Կաթնահյութը պարունակում է լակտուցերոլ, կաուչուկ, խոլին, ասպարագին, սապոնիններ, օրգանական թթուներ, խեժ, իսկ տերևները ճարպ, պարաքսանթին, կարոտինոիդներ, վիտամիններ, խոլին, թիրոզին, քիմիական տարրերից՝ երկաթ, կալցիում, մանգան, ֆոսֆոր։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը, որը հանում են բահով, ուշ աշնանը, երբ թառամում են տերևները, կամ վաղ գարնանը։ Ավելորդ մասերը հեռացնում են, լվանում ջրով, թողնում արևի տակ մինչև կաթնահյութի կտրվելը։ Այնուհետև չորացումը շարունակում են տանիքում կամ չորացնում՝ միջանցուկ քամու տակ։ Չոր հումքը կազմում է ելանյութի 33-35%–ը։ Բույսի վերգետնյա մասը հավաքում են միայն սահմանափակ չափով՝ ծաղկման ընթացքում։ Բույսը անհոտ է, դառը համով։ Մեղրատու է։ Խատուտիկի մեղրի նեկտարը դեղին կամ ոսկեգույն է, սուր հոտով և կծու համով[1]։ Խատուտիկի որոշ տեսակների արմատներում պարունակվում է կաուչուկ։ Խատուտիկի 2 տեսակ՝
- (Taraxacum koksaghyz)
- (Taraxacum hybernum), նախկինում մշակում էին որպես կաուչուկատու բույս։ Կան նոր առաջարկներ դրանց աճեցման համար[2]։
Որպես դեղաբույս խատուտիկի օգտագործումն ունի հին պատմություն։ Դեռևս Թեոֆրաստն այն առաջարկել է դեմքի պեպենները և «լերդային բծերը» հեռացնելու համար։ Ավիցեննան բուսահյութը նշանակել է դռներակային կանգի, ջրգողության և կարիճի խայթոցի ժամանակ, կաթնահյութը՝ ակնահատը բուժելու նպատակով։
Ռուսական ժողովրդական բժշկության մեջ բուսահյութը համարվել է «կենսատու ըմպելիք», որը ընդունակ է «արյունը մաքրելու» և ունի խուխամուղ, մարսողությունը կանոնավորող, դեղնուկը վերացնող և քունը կարգավորող հատկություն։ Բուլղարիայում թարմ տերևները և հյութը օգտագործում են աթերոսկլերոզի, –ավիտամինոզի, մաշկային, լյարդի, լեղապարկի, ստամոքսի և աչքերի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև ճարպերի վատ յուրացման, աղեփքանքի, փորկապության և թութքի ժամանակ։ Գերմանիայում արմատը օգտագործում են փայծաղի, երիկամների և միզապարկի, ինչպես նաև երիկամաքարային հիվանդությունների ժամանակ։ Լեհաստանում դեղաբույսն օգտագործվում է ընդհանուր թուլության, վատ ախորժակի և լեղուղիների որոշ հիվանդությունների ժամանակ։ Դեղաբույսը լայն ճանաչում ունի նաև Ֆրանսիայում։ Այստեղ այն կիրառվում է լեղուղիների խրոնիկական բորբոքումների և աթերոսկլերոզի ժամանակ՝ որպես արյան մեջ խոլեստերինի քանակն իջեցնող միջոց։ Առաջարկում են նաև օրվա մեջ ընդունել 50—100գ թարմ բուսահյութ՝ որպես «արյունը մաքրող», օրգանիզմը տոնուսավորող, միզամուղ, ստամոքսի գործունեությունը ուժեղացնող միջոց, ինչպես նաև դեղնուկի, մաշկային ցանավորումների և պոդագրայի բուժման նպատակով։ Միջին Ասիայում տերևների թարմ հյութը օգտագործում են սակավարյունության, կրծքացավերի և ընդհանուր թուլության ժամանակ, ինչպես նաև որպես լուծողական, իսկ կաթնահյութը՝ գորտնուկների վերացման համար։ Չինական ժողովրդական բժշկության մեջ բույսն գործածվում է որպես ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող և քրտնամուղ միջոց։ Չեխական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործում են լեղուղիների հիվանդությունների և շաքարախտի ժամանակ։ Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ արմատն օգտագործվում է լյարդի հիվանդությունների, մաշկային պզուկների, փորկապության և թութքի ժամանակ[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ватолин Д. О мёде и не только о нём // Наука и жизнь. — 2008. — № 11. — С. 122.
- ↑ «Американцы тянут серийную резину из русских одуванчиков». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Ա Թորոսյան, Հայաստանի դեղաբույսերը, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1983
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 35)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խատուտիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խատուտիկ» հոդվածին։ |
|
|