Մեծ Հայք
Մեծ Հայք
| ||||
Fall of Armenian Empire since BC 66.gif | ||||
Մեծ Հայքի թագավորությունն իր հզորության գագաթնակետին՝ Տիգրան Բ Մեծի օրոք | ||||
Պետական կարգ | թագավորություն կայսրություն (Տիգրան Բ Մեծի օրոք) | |||
Մայրաքաղաք | Արմավիր (մ․թ․ա․ 331-210) Երվանդաշատ (մ․թ․ա․ 210-176) Արտաշատ (մ․թ․ա․ 176-77, 69-120) Տիգրանակերտ (մ․թ․ա․ 77-69) Վաղարշապատ (մ․թ․ա․ 120-330) Դվին (մ․թ․ա․ 336-428) | |||
Թագավորանիստ ոստան | ||||
Պետության գլուխ | արքա
| |||
Արքայատոհմ | Երվանդունիներ Արտաշեսյաններ Արշակունիներ | |||
Լեզու | հայերեն (հիմնական լեզու) հունարեն արամեերեն պարսկերեն (պարթևերեն, պահլավերեն) | |||
Կրոն | զրադաշտականություն[1]
քրիստոնեություն (301 թվականից) | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | հին աշխարհ, միջնադար | |||
Հասարակարգ | ստրկատիրական, ավատատիրական | |||
Հիմնադրում | Մ.թ.ա. 331 թվական | |||
Հզորության գագաթնակետ | Տիգրան Մեծի արքայություն (մ․թ․ա․ 95-մ․թ․ա․ 55) | |||
Անկում | 428 թվական (Արշակունյաց թագավորության անկում) | |||
Ժամանակագրական հաջորդականություն | ||||
- մ․թ․ա․ 331 թվական | Առաջին հիշատակումը որպես անկախ վարչական միավոր | |||
- մ․թ․ա․ 189 թվական | Արտաշեսյանների արքայատոհմի հաստատում հայոց գահին | |||
- մ․թ․ա․ 94-մ․թ․ա․ 66 | Տիգրան Մեծի աշխարհակալություն | |||
- 52 թվական | Արշակունիների արքայատոհմի հաստատում հայոց գահին | |||
- 301 թվական | Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն | |||
- 405 թվական | Հայոց գրերի ստեղծում | |||
- 428 թվական | Մեծ Հայքի զավթում պարսիկների կողմից | |||
Ներկայիս տարածքում | Հայաստան Արցախի Հանրապետություն Վրաստան Աբխազիայի Հանրապետություն Հարավային Օսիայի Հանրապետություն Թուրքիա Ադրբեջան Իրան Սիրիա Իրաք Լիբանան Իսրայել Պաղեստին Հորդանան Եգիպտոս Քուվեյթ Սաուդյան Արաբիա | |||
| ||||
Պատմության պորտալ |
Մեծ Հայք, հայտնի է նաև որպես Մեծ Հայքի թագավորություն, Հայոց թագավորություն, Հայկական աշխարհակալություն, Հայկական կայսրություն (լատին․՝ Armenia Maior), հինաշխարհյան և վաղմիջնադարյան շրջանի հայկական թագավորություն Հայկական լեռնաշխարհում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականը։ Հիմնադրել է Հայաստանի սատրապ Երվանդ Գ-ն, ով Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Մեծ Հայքը հռչակել է անկախ պետություն։ Երվանդունիներն իրենց աթոռանիստն են դարձնում Վանի թագավորության օրոք հիմնադրված Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերանվանվում է Արմավիր։
Մագնեսիայի ճակատամարտում սելևկյան բանակի ջախջախումից հետո մ․թ․ա․ 189 թվականին Արտաշես Ա-ն հռչակվում է հայոց արքա՝ վերականգնելով անկախ պետականությունը։ Վերջինս միավորում է Մեծ Հայքի գրեթե բոլոր նահանգները (բացառությամբ Ծոփքի), ստեղծում կայուն և մարտունակ բանակ, իր հաջորդներին թողնում տնտեսապես զարգացած պետություն։ Մեծ Հայքի թագավորությունը սակայն իր հզորության գագաթնակետին է հասնում Տիգրան Բ Մեծի օրոք (մ․թ․ա․ 95-մ․թ․ա․ 55)․ Տիգրանյան նվաճումների արդյունքում ստեղծվում է Հայկական աշխարհակալությունը (կայսրությունը), որը ձգվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս, Կասպից ծովից մինչև Միջերկրական։ Տիգրանը պարթևներից խլում է «արքայից արքա» տիտղոսը՝ Մեծ Հայքը դարձնելով արևելքի հզորագույն թագավորությունը ։ Սակայն հետագա տարիներին շարունակվող հռոմեա-պարթևական հակամարտությունն էական վնաս է հասցնում Մեծ Հայքին, որն էլ անկում է ապրում մ․թ․ 1 թվականին՝ Տիգրան Դ-ի մահվանից հետո։
Արտաշեսյանների թագավորության անկումից հետո կես դարից ավելի Մեծ Հայքում հաջորդաբար իշխում են Հռոմի և Պարթևստանի դրածոները։ Արյունարբու պատերազմներից հետո՝ 66 թվականին, Ներոնը հայոց արքա է ճանաչում Տրդատ Ա Արշակունուն՝ Վաղարշ Ա-ի եղբորը։ Արդյունքում՝ հաստատվում է Արշակունիների ժառանգական իշխանությունը։ Տրդատ Գ Մեծի կառավարման տարիներին՝ 301 թվականին, Մեծ Հայքը առաջինն աշխարհում քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն։ Հաջորդ հարյուրամյակում, այս անգամ Վռամշապուհ արքայի կառավարման տարիներին, տեղի է ունենում հերթական դարակազմիկ իրադարձությունը և 405 թվականին Մեսրոպ Մաշտոցն իրագործում է հայոց գրերի գյուտը։ Մինչ այդ սակայն՝ 387 թվականին, Մեծ Հայքը բաժանվել էր Հռոմի և Սասանյան տերության ազդեցության գոտիների, մինչդեռ Արշակունիները չէին դադարում իշխել միացյալ հայոց հողերի վրա։ Արշակ Գ-ի մահից հետո հռոմեացիները վերացնում են արևմտահայկական թագավորությունը՝ այն միացնելով Փոքր Հայքի նահանգներին, իսկ պարսկական հատվածում Արշակունիները շարունակում են իշխել մինչև 428 թվականը։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Մակեդոնացու «արևելյան» արշավանքի հետևանքով Հայաստանը դուրս եկավ Աքեմենյան պետության կազմից։ Երկիրը բաժանվեց 2 անհավասար մասերի՝ Մեծ Հայք և Փոքր Հայք։ Հետագայում Ծոփքը նույնպես առանձնացավ, ձևավորելով անկախ թագավորություն։ Նրան միացավ 4-րդ հայկական պետությունը՝ Կոմագենեն։ Երվանդ Գ-ն դարձավ նորանկախ պետության առաջին թագավորը։
Այսպիսով՝ Երվանդ արքան վերականգնում է մ.թ.ա. 6-րդ դարի վերջին Աքեմենյանների միջամտությամբ ընդհատված հայկական անկախ պետականությունը։ Հայկական թագավորությունն ընդգրկել է հիմնականում նախկին սատրապության տարածքը։ Նրա սահմանները անդրեփրատյան Կոմմագենե երկրից ձգվել են մինչև Կուր գետը, Տիգրիս գետից՝ մինչև Պոնտոսի լեռները։ Հաշվի առնելով Վանի աշխարհագրական անբարենպաստ դիրքը և սահմաններին մոտ գտնվելը, հայոց արքան մայրաքաղաքը տեղափոխում է հյուսիս՝ Արարատյան դաշտ։ Ուրարտական Արգիշտիխինիլի քաղաքի տեղում կառոուցվում է հայկական Արմավիրը։ Այստեղ կառուցվում են պալատներ, հեթանոսական տաճարներ։
Երվանդի թագավորությունը եռանդուն մասնակցել է Առաջավոր Ասիայի քաղաքական կյանքին։ Նրա օգնությամբ Կապադովկիայի թագավոր է հռչակվել նախկին սատրապ Արիարաթեսը։ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Առաջավոր Ասիայում ստեղծված իրավիճակում Երվանդը համակրել է այն խմբավորման առաջնորդներին, որոնք փորձել են պահպանել մակեդոնական տիրակալության ամբողջությունը և երաշխավորել Աքեմենյաններից անկախացած պետությունների ինքնուրույնությունը։
Մ.թ.ա. 3-րդ դարի վերջին հիմնվում է Հայաստանի երրորդ մայրաքաղաքը՝ Երվանդաշատը։ Այն կառուցվում է Ախուրյան և Արաքս գետերի միախառնման տեղում։ Այստեղ է տեղափոխվում հայկական արքունիքը, ինչպես նաև՝ Արմավիրի բնակչության մի մասը։ Կառուցվում են այլ քաղաքներ՝ Զարեհավանը, Զարիշատը, Սամոսատը, Արշամաշատը և այլն։
Հայկական թագավորությունները պայքարում էին Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո ստեղծված Սելևկյանների թագավորության դեմ։ Մ.թ.ա. 201 թվականին Անտիոքոս III Մեծի հրամանով երկու հայ զորավարներ՝ Արտաշեսն ու Զարեհը, գրավում են Մեծ Հայքն ու Ծոփքը։ Մայրաքաղաք Երվանդաշատի պաշարման ժամանակ զոհվում է վերջին Երվանդյան թագավորը՝ Երվանդ Դ-ն։ Արտաշեսը նշանակվում է Մեծ Հայքի ստրատեգոս, իսկ Ծոփքի ստրատեգոս նշանակվում է Զարեհը։ Այս իրավիճակը տևում է 10 տարի։
Մ.թ.ա. 190 Մագնեսիայի ճակատամարտից (որտեղ Սելևկյան թագավորությունը ջախջախվեց Հռոմի Հանրապետության կողմից) և Ապամեայի հաշտության պայմանագրի կնքումից հետո, Արտաշեսն ու Զարեհը իրենց հայտարարեցին անկախ թագավորներ համապատասխանաբար՝ Մեծ Հայքում և Ծոփքում։
Արտաշեսյան հարստություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշես Ա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև Արտաշես Ա-ի գահակալությունը հարևան երկրները, օգտվելով Մեծ Հայքի թուլացումից, զավթել էին նրա ծայրամասային երկրամասերը։ Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը։ Հատկապես եռանդուն էր գործում Արտաշեսը։ Նա ոչ միայն վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը միացնելու նաև Ծոփքը, Կոմագենեն և Փոքր Հայքը։
Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափերը։ Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Փայտակարանը և մինչև Ուրմիո լճի արևմտյան ափերն ընկած հողերը։ Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք, որը զավթել էր հայկական հինավուրց Գուգարք նահանգը։ Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները։ Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել։ Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը։ Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված Տմորիք երկրամասը։
Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին։ Այստեղ, սակայն, հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի համառ դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը։
Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ։ Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Մեծ Հայքի մեծ մասի կառավարիչ», իսկ մի այլ պատմիչ՝ հույն աշխարհագետ Ստրաբոնը, գրում է, որ «Մեծ Հայքը... աճել է Արտաշեսի ջանքերով... և այստեղ բոլորը միալեզու են», այսինքն՝ հայալեզու են։ Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության։ Իսկ մ.թ.ա. 185 թվականին Արտաշես Ա-ն հիմնադրեց Արտաշատ մայրաքաղաքը։ մ.թ.ա. 183-մ.թ.ա. 179 թվականներին Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից՝ Պոնտոսի ու Փոքր Հայքի և մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև։ Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։ Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես Ա-ն։ Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին՝ հետագայում վերջինս իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով։ Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես Ա-ն Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան։ Արտաշես Ա-ն իր հաջորդներին թողեց տնտեսապես հարուստ ու բարգավաճ և ռազմապես հզոր երկիր։
Արտաշես Ա-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ Ա-ն, որը թագավորեց խաղաղությամբ։ Միայն կառավարման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական մի կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտություն կրեց։ Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ Արտավազդ Ա-ն ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել պարթևներին։
Արտավազդ Ա-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիրանը (Տիգրան Ա-ն, մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 95)։ Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնացել է շուրջ 20 տարի և հայրենիք է վերադարձել հոր՝ Տիգրան Ա-ի մահից հետո։ Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ Պարթևաստանի Միհրդատ Բ թագավորին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող Յոթանասուն հովիտներ կոչված տարածքը։
Հայրենիք վերադառնալիս Տիգրան Բ-ն թագադրվեց Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, ուր հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։
Տիգրան Բ-ն (մ.թ.ա. 95 - մ.թ.ա. 55 թվականներ) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում։ Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր։ Արտաշես Ա-ն հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների։ Այժմ Տիգրան Բ-ն եռանդուն գործունեություն ծավալեց շարունակելու իր պապի միավորիչ քաղաքականությունը։ Մ.թ.ա. 94 թվականին Տիգրանի բանակները մտան Ծոփք և միացրեցին այն Մեծ Հայքի թագավորությանը։ Ծոփքի թագավորը սպանվեց. Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափերը։ Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան Բ-ի ուշադրության կենտրոնում։
Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը։ Սակայն այն մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը։ Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր, ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ։ Պոնտոսի թագավորն էր եռանդուն զորավար Միհրդատ VI Եվպատորը։ Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոմի դեմ հետևողական պայքար է մղել Փոքր Ասիայում մի մեծ հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով։ Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել հայերի հետ։ Այդ շրջանում թեև Տիգրան Բ-ն Հռոմի հետ որևէ վիճելի խնդիր չուներ, սակայն, աշխարհակալական ծրագրեր հետապնդելով, կողմնակից էր երկու երկրների մերձեցմանը։ Ահա թե ինչու Տիգրան Բ-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ։
Մ.թ.ա. 94 թվականին Արտաշատ ժամանեցին պոնտական բանագնացները։ Կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝
- Մեծ Հայքը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝ արևմուտքում։
- Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Մեծ Հայքը։
- Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության տվեց Տիգրան Բ-ին։
Հավատարիմ հայ-պոնտական դաշինքին՝ մ.թ.ա. 93 թվականին հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա և ռազմակալեցին այն։ Ճիշտ է, Հռոմի զինված միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն վերջինս մեծապես թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և մեծ թվով գերիներ։ Մեծ Հայքի թագավորության և Պոնտոսի մերձեցումը, հայերի ռազմատենչ գործողությունները Կապադովկիայում ստիպեցին Հռոմին մերձենալու Պարթևաստանին։ Նրանց միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Մեծ Հայքի ու Պոնտոսի դեմ։ Տիգրան Բ-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևաստանը, որի թագավոր Միհրդատ Բ-ն կամենում էր գերիշխանություն հաստատել Հայկական թագավորության նկատմամբ։ Սակայն Միհրդատ Բ-ի կյանքի վերջին տարիներին սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը Պարթևստանում զգալիորեն թուլացավ։ Իսկ երբ մահացավ Միհրդատ Բ-ն, Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին հետ վերադարձրեց հայկական «Յոթանասուն հովիտներ»-ը։ Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և առանց մեծ դժվարության գրավեցին այն։ Շարժվելով հարավ-արևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը։ Պարթևական թագավոր Գոդերձ Բ-ն ստիպված հաշտություն խնդրեց։ Հաշտության պայմանագրի համաձայն, պարթևները հօգուտ Մեծ Հայքի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն էկբատան մայրաքաղաքը։ Շատ կարևոր է, որ պարթևաց արքան հրաժարվում էր նաև «արքայից արքա» տիտղոսից, որն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները։ Դրանով պարթևները փաստորեն ճանաչում էին Հայոց թագավորության գերիշխանությունը։
Այնուհետև, հայկական բանակը մեկը մյուսի հետևից գրավեց Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն։ Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը։ Նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը։ Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ։ Միմյանց հաջորդող ու անընդհատ կրկնվող ներքին պատերազմները ծայր աստիճան թուլացրել էին երկիրը, որտեղ հանդես էին եկել 3-4 գահակալներ։ Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունը ընդունելու մեջ։ Ի վերջո ընտրությունը կանգ առավ Հայոց թագավոր Տիգրան Բ-ի թեկնածության վրա, որի առավելությունը, պատմիչի խոսքերով՝ «ռազմական հզոր ուժ ունենալն էր»։
Մ.թ.ա. 84 թվականին հայկական բանակները առանց մի նետ արձակելու մտան Ասորիք։ Տիգրանը Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի։
Ասորիքի (Սիրիայի) միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմմագենեն և Կիլիկիան, և ապա՝ նաև Փյունիկիան։ Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ։ Տիգրանին համառ դիմադրություն ցույց տվեցին միայն Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն մ.թ.ա. 71 թվականին։ Այստեղ գերի վերցվեց Սելևկյան Սելենե թագուհին, որը հետագայում մահապատժի ենթարկվեց Տիգրանի կարգադրությամբ։
Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց տերության հետաքրքրությունների շրջանակում, իսկ Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ հայոց թագավորի օգնությամբ։ Դժվար չէ տեսնել, որ Տիգրանն այդ երկրի նկատմամբ ուներ որոշակի ծրագրեր, որոնք սակայն չիրականացան քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության պատճառով։
Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն։ Այն տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։ Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը։ Այդ տերության մեջ էին մտնում Աղվանքը, Վիրքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ։ Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին մի շարք այլ թագավորություններ՝ Պարթևաստանը, Հրեաստանը, Անդրկասպյան սկյութներն ու Պարսից ծոցի արաբական ցեղերը։ Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան Բ-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։
Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր՝ հիշեցնելով Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերությունները։ Հայկական տերությունը բազմազգ և զարգացման ամենատարբեր աստիճանների վրա գտնվող երկրների մի ամբողջություն էր։ Բնականաբար, տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները[2]։
Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով։ Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն քաղաքները։ Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները։ Ասորիքի կառավարչապետ նշանակվեց Տիգրան Բ-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր։ Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան Բ-ի կրտսեր եղբայր Գուրասը (իմացի՛ր Գոռ)։ Վերջինիս նստավայրն էր Մծբինը։ Թվարկված երկրները Հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ։ Տիգրան Մեծը գրավված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների։ Սիրիայի թագավորությունը ևս չվերացվեց։ Տիգրանը միաժամանակ իրեն հռչակեց Սիրիայի թագավոր։ Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի կողմից նշանակված փոխարքաները կամ կուսակալները[3]։
Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել։ Զորք էին տրամադրում նաև Մեծ Հայքի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող վասալ թագավորները և հպատակ ցեղերը։
Այսպիսով, Տիգրան Բ-ն դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը։ Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող և նրա քաղաքական ազդեցության ու գերիշխանության ներքո գտնվող տարածքը կազմում էր շուրջ 3 միլիոն քառ. կմ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը (300,000 քառ.կմ) տասն անգամ[2][4]։,: Իսկ Տիգրանի գերտերության միջուկը կազմում էր 1,000,000 քառ. կմ տարածքով տերությունը, որի մեջ մտնում էին Մեծ Հայքի թագավորությունն ու նրա հարևան կովկասյան, միջագետքյան և միջերկրածովյան երկրները[3]։
Առաջին փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 1-ին դարի սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց։ Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ։ Տիգրան Բ-Ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները։ Լրջորեն անհանգստացած դրանից՝ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ Հայոց տերության։ Ռազմաքաղաքական իրադրությունը նպաստավոր էր։ Մ.թ.ա. 71 թ. հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան Բ-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին։ Վերջինս մազապուրծ փախել էր Մեծ Հայք և քաղաքական ապաստան ստացել։ Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն։ Հայոց արքան, բնականաբար, մերժեց հռոմեացիների պահանջը, ասելով՝ «Ես Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա ... հակահարված կտա նրանց»։ Մ.թ.ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Մեծ Հայք։ Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։ Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ մ.թ.ա. 69 - մ.թ.ա. 67 թթ. և մ.թ.ա. 66 թ.: Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով։
Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը։ Սակայն այն իրագործվեց միայն մասամբ։ Հռոմեական բանակի ներխուժումը մ.թ.ա. 69 թ. Մեծ Հայք իրոք որ անսպասելի էր։ Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը։ Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագիրը կազմված էր հայկական բանակի հնարավորությունները թերագնահատելու, իսկ հռոմեականինը՝ գերագնահատելու սխալ հաշվարկով։ Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց։ Կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի (Մանուկ) հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ։ Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն։ Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։ Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց։
Հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը։ Տիգրանը թագավորական գնդով շտապ վերադարձավ Մեծ Հայք, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային։ Մինչև Մեծ Հայք հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը։ Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց։
Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին։ Այստեղ էին գտնվում նրա ընտանիքը և գանձարանը։ Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը։ Այս իրադարձությունն, անշուշտ, բարձրացրեց պաշարվածների ոգին և հավատ ներշնչեց հաղթանակի նկատմամբ։ ժամանեցին հայկական բանակի նորանոր զորամասեր։ Ըստ Ապիանոսի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ Ատրպատականը (Մարաստանը), Աղվանքը, Վիրքը, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ Պարսից ծոցի արաբները։ Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300 հազար զինվոր էր։ Անշուշտ, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է։ Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին։
Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը։ Լուկուլլոսը հիանալի օգտագործեց հայկական հրամանատարության թույլ տված ռազմավարական սխալներն ու տեղանքի առանձնահատկությունները։ Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը։ Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ, հայկական բանակն ստիպված էր նահանջել երկրի խորքը։
Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը։ Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև։ Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց։ Միայն Լուկուլլոսը ձեռք գցեց ութ հազար տաղանդ արժողությամբ գանձեր։ Տիգրանակերտի ճակատամարտն ու մայրաքաղաքի անկումը չկոտրեցին հայոց թագավորի կորովը։ Տիգրան Բ-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու։ Նա չէր պատրաստվում ընկրկել հռոմեական բիրտ ուժի դիմաց։ Լուկուլլոսը՝ ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ։ Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին։ Ձմեռվա ամիսներին նա վերակառուցեց բանակը, որի հարվածային գլխավոր ուժը դարձավ հեծելազորը։ Մեծ Հայքի տնտեսական կարողություններն ու մարդկային ռեսուրսները հնարավոր դարձրեցին ընդամենը կես տարվա ընթացքում միանգամայն նոր բանակի ստեղծումը, որն իր մարտարվեստով չէր զիջում հռոմեացիներին։
Այլևս հույսը կորցնելով, թե Տիգրանը հաշտություն կխնդրի իրենից, մ.թ.ա. 68 թ. գարնան վերջերին Լուկուլլոսը դուրս եկավ Կորդուքից և բռնեց Արտաշատ տանող ճանապարհը։ Նա համոզված էր, որ Տիգրանին պարտադրելով նոր ճակատամարտ, ինքը գլխովին կոչնչացնի հայկական բանակը և հեշտությամբ կգրավի Արտաշատը։ Հայկական բանակը, սակայն, խուսափում էր գլխավոր ճակատամարտից և դանդաղորեն նահանջում էր երկրի խորքերը։ Միաժամանակ անսպասելի, այդ թվում գիշերային հանդուգն հարձակումներով հայերը ջլատում էին հռոմեացիների ուժերը՝ նրանց նշանակալից կորուստներ պատճառելով։ Տիգրանի ընտրած այս մարտավարությունը լիովին արդարացրեց իրեն։ Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն սեպտեմբերի 22-ին հասավ Արածանիի գետանցին։ Առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր, իսկ նրանից քիչ այն կողմ՝ Արտաշատն իր անբավ հարստություններով։ Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի «Հայկական Կարթագեն»։ Շուտով հռոմեական բանակը ենթարկվեց հայկական զինված ուժերի շեշտակի գրոհին, որը գլխավորում էր հայոց աննկուն ու եռանդով լի արքայից արքան։ Հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց։ Հույն պատմիչ Դիոն Կասսիոսը վկայում է, որ «հայերը նետահարելով հռոմեացիներին՝շատերին սպանեցին, իսկ շատերին էլ վիրավորեցին, իսկ վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը գործածում էին երկծայր նետեր»։ Արածանիի ճակատամարտը ցույց տվեց Տիգրանի՝ որպես հիանալի ռազմագետի, կարողությունները։ Անպարտելի համարվող հռոմեական բանակը ծանր պարտություն կրեց, դրան հետևեց նրա խայտառակ փախուստը։ Լուկուլլոսն ստիպված էր թողնել Մեծ Հայքի սահմանները։ Շուտով հռոմեացիները դուրս քշվեցին նաև Հյուսիսային Միջագետքից և Կորդուքից։ Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը։ Հռոմեացիների առաջին գրոհը դեպի Արևելք լիովին ձախողվեց։
Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը։ Մ.թ.ա. 67 թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին։ Լրջորեն խախտվեց Հռոմի հեղինակությունն Արևելքում։ Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ։ Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն հրամանատար նշանակվեց հմուտ զորավար և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսը։
Խելացի և հեռատես Պոմպեոսը, ժամանելով Արևելք, նախապես պարթևների հետ դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի։ Պարթևները սիրով համաձայնեցին, քանզի ցանկանում էին վրեժխնդիր լինել Տիգրանից իրենց ստորացման համար։ Հռոմեա-պարթևական դաշինքը ուղղված էր Մեծ Հայքի դեմ։
Նույն տարվա վերջերին Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը, որով Մեծ Հայքը զրկվեց իր միակ դաշնակցից։ Հռոմեական բանակը պատրաստվում էր ներխուժել Մեծ Հայք։ Ստեղծված բարդ իրադրությունը Տիգրան Բ-ից պահանջում էր գործել չափազանց զգույշ և ճշգրիտ։
Տիգրան Կրտսերի խռովություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ։ Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր։ Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ։ Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր հայոց թագավոր։ Խռովությանն անմասն չէին նրա մայրը՝ Կլեոպատրան, և պապը՝ Միհրդատ Եվպատորը։ Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Մեծ Հայքը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին։ Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Մեծ Հայք։ Հորից պարտված Տիգրան Կրտսերը փախավ Պարթևաստան։ Պարթևական թագավոր Հրահատ Գ-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը։ Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Մեծ Հայք և պաշարեց Արտաշատը։ Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիրը, իսկ Տիգրան Կրտսերը փախավ Պոնտոս։ Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել Պոմպեոսի օգնությանը։ Պոմպեոսն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազդել Տիգրան Մեծի քաղաքականության վրա։
Երկրորդ փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 66 թ. ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Մեծ Հայք։ Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման պատճառով։ Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Մեծ Հայքին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ։ Մեծ Հայքը կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում, գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար։
Պոմպեոսը մ.թ.ա. 66 թ. սեպտեմբերին մոտեցավ Արտաշատին և ճամբար դրեց քաղաքից ոչ հեռու։ Անմիջապես սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները։ Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի։ Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցությունները, արդյունք չտվեցին։ Ընդհակառակը, նա հայտնվեց «խաղից դուրս» վիճակում։
Մ.թ.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված։ Ըստ պայմանագրի՝
- Մեծ Հայքը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից։ Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը։
- Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն։ Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո։
- Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին։ Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից։
- Մեծ Հայքը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։
Վերջին կետը կարող է թողնել այն տպավորությունը, թե Մեծ Հայքը կախյալ վիճակի մեջ էր դրվում Հռոմից։ Սակայն հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէր։ Մեծ Հայքը պահպանեց իր լիակատար անկախությունը։ Ընդհակառակը, Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները։ Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևաստանի ուժեղացմանը։ Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին։
Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը։ Տենչալով Մեծ Հայքի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով։ Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը։ Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ։
Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ մ.թ.ա. 64 թ. Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը։ Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը, որից խիստ դժգոհ մնաց պարթևական արքունիքը։
Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր։ Նա կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությունը՝ հայոց հայրենիքը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ։ Պահպանվեց Մեծ Հայքի պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը։ Ահա սա էր Արտաշատի պայմանագրի պատմական մեծ նշանակությունը։
Տիգրան Բ-ի կյանքի վերջին տասը տարիները Մեծ Հայքի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին։
Արտավազդ Բ-ի գահակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Բ-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 55 - մ.թ.ա. 34 թթ.), որը բազմակողմանի զարգացած, օտար լեզուների գիտակ, մտավորական անձնավորություն էր։ Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»։ Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ։
Արտավազդ Բ-ն գահ է բարձրացել Մեծ Հայքի համար բարդ քաղաքական իրավիճակում։ Արտաշատի պայմանագիրն արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունն Առաջավոր Ասիայում։ Հայոց թագավորությունը, որ երկար տարիներ հաջողությամբ պայքար էր մղում Հռոմի նվաճողական քաղաքականության դեմ, այժմ իր դիրքերը զիջեց Պարթևստանին։ Մեծ Հայքը հայտնվեց երկու հզոր տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը։
Մեծ Հայքի դիրքորոշումը դառնում էր չափազանց կարևոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում էր տիրապետող դիրք ստանալ տարածաշրջանում և իշխել Արևելքում։ Նման պայմաններում ի՞նչ դիրք էր գրավելու Մեծ Հայքի թագավորությունը։ Հարցադրում, որ դրվեց Արտավազդի և նրա հաջորդների առջև մի քանի դար շարունակ։
Արտավազդ Բ-ն կողմնակից էր չեզոքության քաղաքականությանը։ Նա փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և թույլ չտալ, որ Մեծ Հայքը ներքաշվի պատերազմների մեջ։ Հակառակ դեպքում Արտավազդը հակված էր ընտրելու Մեծ Հայքի համար առավել անվտանգ դաշնակցությունը։ Դա երբեմն լինում էր Հռոմը, երբեմն՝ Պարթևաստանը։ Սակայն Հռոմը որպես առավել հզոր ուժ պակաս ցանկալի էր որպես դաշնակից, քանի որ բացահայտորեն սպառնում էր Մեծ Հայքի անկախությանը։ Ուստի Արտավազդ Բ-ն ավելի հաճախ հակվում էր դեպի Պարթևաստանը։
Դիվանագիտական ճշգրիտ քայլերով Արտավազդը ձգտում էր պահպանել Մեծ Հայքի՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։
Կրասոսի արևելյան արշավանք և Մեծ Հայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով։ Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների։ Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը։ Մ.թ.ա. 54 թվականին նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին։ Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան։
Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն։ Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն։ Հավատարիմ մնալով մ.թ.ա. 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր (16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևազոր)։ Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Մեծ Հայքի տարածքով։ Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Մեծ Հայքի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից։ Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Մեծ Հայքը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից։ Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով։
Տուն վերադառնալու ճանապարհին Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Մեծ Հայք և ասպատակում է երկրի հարավային տարածքները։ Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին. նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը։ Իմանալով այդ մասին՝ Կրասոսը կոպիտ ու անքաղաքավարի խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ և սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել հայոց արքային։
Արտավազդը՝ ցուցաբերելով ճկուն քաղաքական միտք և հեռատեսություն, փոխեց իր դիրքորոշումը և Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ։ Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և մ.թ.ա. 54 թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր, որն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևների թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ։
Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, մ.թ.ա. 53 թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաքը։ Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին։ Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և մ.թ.ա. 53 թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը։ Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից։ Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին։ Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Մեծ Հայք։ Այդ ժամանակ հայ և պարթև արքաները, նրանց մերձավորները Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը։ Հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս», ինչը մեծ ցնծությամբ ընդունվեց հանդիսականների կողմից։ Նույն պատմիչի խոսքերով՝ «այսպես ավարտվեց Կրասոսի արևելյան արշավանքը, որը վերջացավ ողբերգության նման»։
Անտոնիոսի պարթևական և հայկական արշավանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասոսի պարտությունը ծանր տպավորություն թողեց Հռոմում, սակայն ներքաղաքական բարդ իրադարձությունները խանգարեցին նոր արշավանք կազմակերպել և վրեժխնդիր լինել պարթևներից։ Ավելին, Հուլիոս Կեսարի սպանությունը (մ.թա. 44 թ.) երկիրը ներքաշեց քաղաքացիական պատերազմների հորձանուտը։ Օգտագործելով հարմար պահը՝ պարթևա-հայկական միացյալ բանակը մ.թ.ա. 40 թ., պարթև թագաժառանգ Բակուրի և հայ զորավար Վասակի գլխավորությամբ՝ անցնելով Եփրատը, ներխուժեց Ասորիք։ Փյունիկիայի, Ասորիքի, Պաղեստինի և Միջերկրական ծովի ափին գտնվող քաղաքները, որոնք դժգոհ էին հռոմեական ծանր տիրապետությունից, հայերին և պարթևներին դիմավորում են ցնծությամբ՝ իրար հետևից իրենց դարպասները բացելով նրանց առջև։
Պարթևների և հայերի հայտնվելը Միջերկրական ծովի ափերին սթափեցրեց Հռոմին և ստիպեց դիմել կտրուկ միջոցների։ Արևելք ուղարկվեց Բասոս զորավարը, որը վճռական ճակատամարտում պարտության մատնեց դաշնակիցներին։ Կռիվների ժամանակ սպանվեց նաև թագաժառանգ Բակուրը։ Անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը՝ Պարթևաստանում սկսված գահակալական պայքարի պատճառով։ Հռոմեացիներն անմիջապես օգտագործեցին այս հարմար պահը։ Հռոմում իշխանության գլուխ եկած Երկրորդ եռապետության (Մարկոս Անտոնիոս, Մարկոս Լեպիդոս և Օկտավիանոս Օգոստոս) որոշմամբ Արևելք ուղարկվեց Մարկոս Անտոնիոսը։ Մ.թ.ա. 38 - մ.թ.ա. 37 թթ. Անտոնիոսը դեպի Պարթևաստան մեծ արշավանքի նախապատրաստություններ սկսեց։ Այս անգամ արշավանքի երթուղին անցնելու էր Մեծ Հայքով։ Ուստի հռոմեացիներին անհրաժեշտ էր ձեռք բերել Մեծ Հայքի դաշնակցությունը։ Արտավազդը կանգնած էր երկընտրանքի առջև։ Ստեղծված ծանր պայմաններում Արտավազդն ստիպված եղավ կրկին դաշնակցել հռոմեացիներին։ Հայոց թագավորն Անտոնիոսին խոստացավ 11 -հազարանոց օգնական զորք տրամադրել և թույլատրել պարթևների դեմ ռազմարշավը Մեծ Հայքի տարածքով։
Մ.թ.ա. 36 թ. ամռանը Անտոնիոսը 100-հազարանոց բանակով և երեք հարյուր սայլերի վրա բարձած պաշարողական տեխնիկայով սկսեց իր արշավանքը։ Հռոմեական բանակն անցավ Մեծ Հայքի տարածքով, մտավ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքին ենթակա, իսկ այժմ պարթևներին դաշնակից Ատրպատական։ Անտոնիոսը շտապում էր օր առաջ գրավել Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպան, ուստի, պաշարողական մեքենաների համար առանձնացնելով երկու լեգեոն, ինքը հիմնական ուժերով շարժվեց երկրի խորքերը։ Պարթևներն անմիջապես օգտագործեցին այդ պահը և, հարձակվելով, ոչնչացրին պաշարողական մեքենաները։ Պարզ դարձավ, որ առանց այդ մեքենաների անհնարին էր գրավել պարթևական քաղաքները։ Իր հերթին լավ հասկանալով արշավանքի հնարավոր ձախողումը՝ Արտավազդը որոշեց վերադառնալ Մեծ Հայք և հրաժարվել ռազմական հետագա գործողություններին մասնակցելուց։ Հետագայում իրեն արդարացնելու համար Անտոնիոսն օգտագործեց այդ հանգամանքը՝ Արտավազդին հռչակելով դասալիք և իր պարտության հիմնական մեղավոր։ Այս մեղադրանքը կեղծ է, քանզի Անտոնիոսի պարտվելուց հետո էր, որ Արտավազդը հետ էր քաշել իր զորամասերը։
Մ.թ.ա. 36 թ. աշնանը Անտոնիոսի բանակը ստիպված էր նահանջել։ 27 օր տևած նահանջի ընթացքում հակառակորդն անընդհատ հարձակումներով ուժասպառ էր անում հռոմեացիներին։ Նրանք կորցրին 32 հազար, իսկ դաշնակիցները՝ 12 հազար զինվոր։ Հայկական կողմը թագավորի հեռատեսության շնորհիվ կորուստներ չունեցավ։ Միայն Մեծ Հայք հասնելուց հետո Անտոնիոսը կարողացավ հանգիստ շունչ առնել, բուժել զինվորների վերքերն ու կարգի բերել բարոյալքված բանակը։ Այդուհանդերձ, Մեծ Հայքում էլ նա զգալի կորուստներ ունեցավ հայկական սառնամանիքների պատճառով։ Մեծ Հայքից նա մեկնեց Ալեքսանդրիա։
Հռոմեական սենատին ուղարկված զեկուցագրում Անտոնիոսը, իր ապաշնորհությունն ու մեղքը քողարկելու նպատակով, ռազմական վիթխարի ծախսերն ու մարդկային ահռելի կորուստները բացատրում է իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ։ Իր վարկաբեկված հեղինակությունն ինչ-որ չափով վերականգնելու համար նա ծրագրում է գրավել ու կողոպտել Մեծ Հայքը։ Սկզբում նա փորձում է Արտավազդին ծուղակը գցել։ Դիմելով խորամանկության՝ նրան հրավիրում է Ալեքսանդրիա՝ իբրև պարթևների դեմ նոր արշավանքի ծրագիրը քննարկելու։ Կանխազգալով վտանգը՝ Արտավազդը հրավերը մերժեց։ Ապա Անտոնիոսը խնամախոս ուղարկեց Արտաշատ՝ Արտավազդին հրավիրելու Ալեքսանդրիա՝ հայոց արքայադստեր և իր ու Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու։ Մերժում ստանալով՝ Անտոնիոսը մ.թ.ա. 34 թ. ամռանը անակնկալ արշավեց դեպի Հայոց թագավորություն։ Հարձակումն այնքան անսպասելի էր, որ հռոմեական բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մոտեցավ Արտաշատին։ Անըմբռնելի է, սակայն փաստ, որ Արտավազդն իր առնվազն 70 հազարանոց բանակը մարտի չհանեց հռոմեական 60 հազարանոց բանակի դեմ։ Նա, թերևս, համոզված էր, որ վեճը կարելի է լուծել խաղաղությամբ։ Նման դեպքում, թերևս, երկիրը կարող էր զերծ մնալ ավերածություններից, բայց անմիջականորեն վտանգվում էր թագավորի անձը։ Բանակցություններ վարելու փոխարեն Անտոնիոսը ձերբակալեց հայոց թագավորին, նրա ընտանիքը և կողոպտեց արքունի գանձերը։ Անտոնիոսի այս քայլը դատապարտել են անգամ իրենք՝ հռոմեացիները։ Այսպես, Դիոն Կասսիոսը գրում է, թե Անտոնիոսը Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»։
Այսուհանդերձ հռոմեացիներն իրենց նպատակին չհասան։ Հռոմեական գերությունից խուսափած թագաժառանգ Արտաշեսը փորձեց հակահարված տալ հակառակորդին և ազատել կալանված արքային, սակայն հապշտապ և լավ չկազմակերպված գործողություններով որևէ արդյունքի չհասավ։ Նա պարտություն կրեց և փախավ Պարթևաստան։ Մեծ Հայքի քաղաքներում թողնելով հռոմեական կայազորներ, Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով Արտավազդ Բ-ին և նրա ընտանիքը։ Նա Ալեքսանդրիայում հաղթահանդես կազմակերպեց, որի ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում ոսկե շղթաներով շղթայված հայոց թագավորն ու նրա ընտանիքն էր։ Գերիներին հորդորել էին խոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլել։ Սակայն հայոց արքան և նրա հարազատներն անցան հպարտորեն ու արժանապատիվ։ Ինչպես գրում է ժամանակակից հույն պատմիչը, «նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»։ Հայերի նման կեցվածքը մեծ տպավորություն թողեց։ Վիրավորված Կլեոպատրան չներեց Արտավազդին և կարգադրեց զնդան նետել նրան։
Անտոնիոսի ինքնագլուխ գործողությունները խիստ սրեցին նրա հարաբերությունները պաշտոնական Հռոմի հետ։ Քաղաքացիական պատերազմը դարձավ անխուսափելի, որը և շուտով բռնկվեց։
Մ.թ.ա. 31 թ. սեպտեմբերի 2-ին Ակտիումի ճակատամարտում Անտոնիոսը լիակատար պարտություն կրեց եռապետ Գայոս Օկտավիանոս Օգոստոսի բանակից և փախավ Ալեքսանդրիա։ Նույն թվի հոկտեմբերին՝ Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ Բ-ն մահապատժի ենթարկվեց Ալեքսանդրիայում։ Շատ չանցած, Օկտավիանոսի կողմից գերի վերցվելու վտանգն ստիպեց Անտոնիոսին և Կլեոպատրային ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կյանքին։
Արտավազդ Բ-ի գերեվարությունից հետո հռոմեական բանակը ռազմակալեց Մեծ Հայքը։ Թալանվեցին քաղաքներն ու մեհյաններում կուտակված մեծ հարստությունները։ Հռոմեական սկզբնաղբյուրներում մանրամասն նկարագրվում է Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու հռչակավոր մեհյանի կողոպուտը, և թե ինչպես են ընչաքաղց հռոմեացի զինվորներն առանձին կտորների վերածել աստվածուհու ոսկեձույլ արձանը։
Սակայն հռոմեացիների կողմից ռազմակալված Մեծ Հայքը փոթորկվում էր։ Գերեվարությունից խույս տված թագաժառանգ Արտաշեսը, հաջողության չհասնելով, իր զորքերով քաշվեց Պարթևաստան։ Քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունն ստիպեց Պարթևաստանի Հրահատ Դ թագավորին ևս փոխել վերաբերմունքը Մեծ Հայքի նկատմամբ։ Նա ոչ միայն ապաստան տվեց փախստական թագաժառանգին և իր դստերը կնության տվեց նրան, այլև ռազմական մեծ օգնություն տրամադրեց հռոմեական նվաճողների դեմ պայքարը կազմակերպելու համար։ Արտաշեսի գործողություններն ավելի նպատակասլաց դարձան հատկապես Ակտիումի ճակատամարտից հետո։ Հայ-պարթևական զորքերի գլուխ անցած նա մտավ Մեծ Հայք և, մի քանի վճռական ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին, նրանց դուրս շպրտեց երկրից։
Մ.թ.ա. 30 թ. Արտաշեսը հանդիսավորությամբ հռչակվեց հայոց թագավոր։ Արտաշես Բ-ն (մ.թ.ա. 30 - մ.թ.ա. 20) ուժեղ անհատականություն էր, վճռական և անհաշտ թշնամու նկատմամբ։ Նա Հռոմից պահանջեց հետ վերադարձնել իր կրտսեր եղբայրներին՝ Տիգրանին և Արտավազդին, սակայն մերժում ստացավ։ Ի պատասխան հոր՝ Արտավազդ Բ-ի մահապատժի, նա կարգադրեց սրի քաշել Մեծ Հայքում գտնվող հռոմեացիներին։ Այնուհետև արշավեց Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ, գրավեց այն և միացրեց իր թագավորությանը։ Մեծ Հայքի թագավորությունը նրա օրոք նշանակալից չափով ուժեղացավ։ Ուստի պատահական չէ որ նրա հատած դրամները կրում էին «արքայից արքա» մակագրությունը։ Երիտասարդ և եռանդուն թագավորը լի էր վճռականությամբ՝ վերականգնելու Հայոց թագավորության երբեմնի հզորությունը։ Արտաշես Բ-ի շեշտված հակահռոմեական դիրքորոշումը և հատկապես դաշինքը Պարթևաստանի հետ մեծապես հարվածում էին Հռոմի արևելյան քաղաքականությանը՝ խոչընդոտելով նրա զավթողական ծրագրերին։ Ուստի Օգոստոս կայսրը, որ ուշի-ուշով հետևում էր Մեծ Հայքում տեղի ունեցող իրադարձություններին, վճռում է տապալել անցանկալի Արտաշես Բ-ին և փոխարենը գահ բարձրացնել նրա կրտսեր եղբորը՝ արքայազն Տիգրանին։ Վերջինս տասը տարուց ի վեր գտնվելով Հռոմում, ստացել էր հռոմեական դաստիարակություն։ Մ.թ.ա. 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Հայոց թագավորի սպանությունը։ Արտաշիսյան Մեծ Հայքը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը։
Վերջին Արտաշեսյաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշես Բ-ի սպանությունից անմիջապես հետո Օկտավիանոս Օգոստոսի կարգադրությամբ թագաժառանգ, ապագա կայսր Տիբերիոսը Արտաշատում հանդիսավորությամբ գահ բարձրացրեց Տիգրան Գ-ին (մ.թ.ա. 20- մ.թ.ա. 8 թթ.)։ Այս իրադարձությունը Հռոմում դիտվել է որպես կարևոր հաղթանակ և նշվել շուքով։ Հատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Մեծ Հայքը նվաճված» մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսն ու Հորացիոսն անգամ ձոնել են դրան հատուկ ներբողներ։
Հակառակ հռոմեացիների ակնկալիքների, Տիգրան Գ-ն չդարձավ Հռոմի հլու կամակատարը։ Կյանքի վերջին տարիներին նա հրաժարվեց հռոմեական կողմնորոշումից և վարեց միանգամայն անկախ քաղաքականություն։ Նրա քաղաքականությունը շարունակեց նաև նրա հաջորդն ու որդին՝ Տիգրան Դ-ն (մ.թ.ա. 8 - մ.թ.ա. 5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1)։ Դեպքերի նման զարգացումից անհանգստացած Օգոստոսը մեծ բանակով Մեծ Հայք է ուղարկում իր որդեգիր Գայոս Կեսարին, որը գահընկեց է անում Տիգրան Դ-ին և թագավոր հռչակում նրա հորեղբայր Արտավազդ Գ-ին (մ.թ.ա. 5 - մ.թ.ա. 2)։ 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից խորթացած այս թագավորը Մեծ Հայքը կառավարում է հռոմեական օրենքներով և անզուսպ թալանում պետական գանձարանը։ Չհանդուրժելով այս իրավիճակը՝ հայերն ապստամբում են նրա դեմ և սպանում։ Վերստին գահ է բարձրանում Տիգրան Դ-ն, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ միասին (մ.թ.ա. 2 - մ.թ. 1)։ Հայոց թագավորը բանակցություններ վարեց Օգոստոսի հետ, որպեսզի վերջինս ճանաչի իր թագավորությունը։ Այդ ուղղությամբ ձեռք բերվեց որոշակի պայմանավորվածություն։ Բայց 1 թ. կովկասյան լեռնականների դեմ մղված պատերազմներից մեկի ժամանակ Տիգրան Դ-ն սպանվեց, իսկ Էրատոն էլ հրաժարվեց գահից։
Դրածո արքաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշեսյան արքայատոհմի արական ներկայացուցիչների սպառումով՝ հռոմեացիները հնարավորություն ստացան հայկական գահին դնելու իրենց բրածոներին։ Մ.թ. 1 թ. մինչև 52 թ. հռոմեացիների օգնությամբ գահ բարձրացան Ատրպատականի և Վիրքի արքայատոհմի ներկայացուցիչները։ Սակայն մյուս կողմից իր դրածոներին էր նշանակում նաև հարևան Պարթևաստանը։ Հայ ժողովուրդը համառ պայքար էր մղում օտարազգի դրածո թագավորների դեմ, իսկ հայոց ավագանին ձգտում էր հիմք դնել հայկական նոր արքայատոհմի։ Այդ պայմաններում բոլորովին պատահական չէր, որ օտարազգի դրածո թագավորները, բացի Զենոնից (18-34), դարձան հայ ավագանու վրիժառության զոհը։ Բավական երկար և խաղաղ իշխեց միայն Զենոնը։ Զենոնը Պոնտոսի արքայական տան ներկայացուցիչ էր, սակայն մեծացել էր Մեծ Հայքում, ծանոթ էր հայկական սովորույթներին և վայելում էր ժողովրդի համակրանքը։ Նա նաև ընդունեց Արտաշես տոհմական անունը և սկսեց կոչվել Զենոն-Արտաշես։ Զենոն-Արտաշեսից հետո հայոց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի հակահռոմեական ապստամբության շնորհիվ Հայոց թագավորությունը կարճ ժամանակով (37-43 թթ.) կարողացավ վերականգնել իր լիակատար անկախությունը։ Սակայն դրանից հետո էլ հռոմեացիների օգնությամբ հայոց գահին էին բազմում Վիրքի արքայազները։ Հռոմեական նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության մեջ՝ «կամուրջներ չհանդուրժող Արաքս»-ում ակնարկվում է հայ ժողովրդի համառ պայքարը նվաճողների դեմ։ Քաղաքական անիշխանության հետևանքով մ.թ. 37 թ-ին Մեծ Հայքից անջատվեցին հարավում՝ Հայկական Միջագետքը (27.000 քառ. կմ) Մծբին քաղաքով, որն անցավ Պարթևաստանին և Գոդերձական երկիրը (4100 քառ. կմ)՝ հյուսիսում, որն էլ անցավ Վիրքին։ Հայոց ավագանին սկսեց հայացքն ուղղել դեպի Պարթևաստան, որն էլ իր հերթին փորձում էր հայոց գահին հաստատել Պարթև Արշակունիներին[5]։
Հռոմեապարսկական 54-64 թթ. պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80 թթ.) ծրագրել էր Մեծ Հայքում թագավոր հռչակել իր եղբորը՝ Տրդատին, ինչը համընկնում էր հռոմեական ծավալապաշտ քաղաքականությանը դիմակայող հայ ավագանու նկրտումներին։ 52 թ-ին Վաղարշն ու Տրդատը պարթևական զորքով մտնելով Մեծ Հայք, օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք՝ հոր մոտ։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր, սակայն Հռոմեական կայսրությունը չհապաղեց ճանաչել նրան որպես թագավոր և սկսեց պատերազմական գործողություններ Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի՝ 54-64 թթ.: Հռոմեական Ներոն կայսրը Արևելք է ուղարկում Կորբուլոն զորավարին։ Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Այդ պատճառով, երբ հռոմեացիները 58 թ. ներխուժեցին Մեծ Հայք, նրանց լուրջ դիմադրություն ցույց չտրվեց և նրանք անարգել հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թ-ին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ։ Ուժերն անհավասար էին, և հռոմեացիները գրավում են Տիգրանակերտը։ Ներոնը 60 թ. հայոց գահին է բազմեցնում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ին, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով, համոզված լինելով, որ պատերազմը հաղթած է, Կորբուլոնը թողնելով Մեծ Հայքում 5.000-անոց զորք հեռանում է Սիրիա։ Սակայն շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից։
61 թ-ին Կորբուլոնն անկարող լինելով կոտրել հայ-պարթևական միացյալ բանակի դիմադրությունը խնդրում է կայսրին փոխարինել իրեն։ Մինչ այդ Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ Սակայն կայսրը հրաժարվում է հաշտություն կնքել և Կորբուլոնին փոխարինում է Պետոս զորավարով։ 61 թ-ի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թ-ի գարնանը տեղի է ունենում ճակատամարտ, որ հայտնի է որպես Հռանդեայի ճակատամարտ, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստված «լծի» տակով, որ մեծագույն խայտառակություն էր։ Ներոն կայսրը, Հռոմի հեղինակությունը փրկելու համար թագ է առաջարկում Տրդատին, սակայն եթե նա ժամանի Հռոմ և անձամբ ստանա այն։ Տրդատը համաձայնվում է և Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բաի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թ-ին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։
66-117 թթ.
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրդատ Ա-ի գահակալման ընթացքում՝ 60-88 թթ., միջազգային ասպարեզում Մեծ Հայքի վիճակը կայունանում է։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, կառուցվում են Գառնիի հեթանոսական տաճարն ու ամրոցը։ Տրդատին հաջորդում է Սանատրուկ Բ Արշակունին՝ 88-110 թթ.: Սանատրուկն աթոռանիստ է դարձնում Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին, Մշո դաշտում։ Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։ Սանատրուկի գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում։ Սակայն Պարթև Արշակունիները պետք է ստանային Հռոմի համաձայնությունը Հայոց գահին Արշակունու բազմեցնելու համար։ Երբ առանց Հռոմի համաձայնության պարթևները Մեծ Հայքում արքա հռչակեցին պարթև արքայազն Պարթամասիրին, հռոմեացի Տրայանոս կայրսը դա ընդունեց որպես պայմանագրի խախտում և մեծ զորքով շարժվեց Մեծ Հայք։ Հռոմեացիները ճամբար խփեցին Եկեղյաց գավառում, որտեղ նրան ներկայացավ Պարթամասիրը։ Բանակցություններից հետո տեղի ունեցավ բախում, որի ընթացքում Պարթամասիրը սպանվեց։ Տրայանոսը հռչակեց Մեծ Հայքը հռոմեական նահանգ, որ սակայն կարճ կյանք ունեցավ։ Տրայանոս կայսեր մահից հետո՝ 117 թ-ին, նրա հաջրոդ Հադրիանոս կայսրը գիտակցելով, որ չի կարող պահել իր նախորդի նվաճումները դուրս է բերում զորքերը մի շարք գրավված տարածքներից՝ այդ թվում Մեծ Հայքից։
Վաղարշ Ա-ից մինչև Պարթև Արշակունիների տապալում
[խմբագրել | խմբագրել կոդը]117 թ-ին վերականգնվում է Մեծ Հայքի անկախությունը։ Թագավոր է հռչակվում Վաղարշ Ա-ն՝ 117-140 թթ.: Նա առաջին հերթին Արարատյան դաշտում, Վարգեսավան գյուղաքաղաքի վայրում հիմնադրում Վաղարշապատ քաղաքը, որ ժամանակի ընթացքում դառնում է Մեծ Հայքի երկրորդ մայրաքաղաքը։ Վաղարշի գահակալում անցնում է խաղաղ պայմաններում։ Նրա մահից հետո հռոմեացիները, խախտելով Հռանդեայի պայմանագիրը Հայոց գահին են բազմեցնում Հռոմի ծերակույտի անդամ Սոհեմոսին, ում Մովսես Խորենացին անվանում է Տիգրան։ Սակայն 161 թ-ին պարթևական զորքը հայերի աջակցությամբ դուրս է վռնդում նրան և հռոմեական լեգեոնները և թագավոր է հռչակվում Բակուր Ա Արշակունին։ 163 թ-ին հռոմեացիները դարձյալ գրավում և ավերում են Արտաշատն ու Բակուրին որպես գերի տանում Հռոմ, որտեղ էլ նա վախճանվում է։ Հռոմում պահպանված հունարեն մի արձանագրությունում հիշատակվում է Բակուրը. «Ավրելիոս Պակորոս (Բակուր)՝ Մեծ Հայքի թագավոր»։ Հռոմեացիները դարձյալ գահին են բազմեցնում Սոհեմոս-Տիգրանին, ով կառավարել է 164-186 թթ.: 176 թ-ի լատիներեն մի արձանագրությունից հետևում է, որ Մեծ Հայքում տեղակայված են երկու հռոմեական ջոկատ, որոնք պատկանում են XII Ֆուլմինատա և XV Ապոլլինարիս լեգեոններին։ 185 թ-ի մեկ այլ արձանագրությունից հետևում է, որ նրանք շաուրնակում են Վաղարշապատի պաշտպանական ամրությունների շինումը։ Հայերը՝ Տրդատ իշխանի գլխավորությամբ ապստամբում են, սակայն հռոմեացիները ճնշում են ապստամբությունը, իսկ Տրդատին աքսորում Բրիտանիա։ Սակայն Հռոմում տիրող գահակալական կռիվների պատճառով Հռոմեական կայսրությունը թուլանում է և Հայոց գահին է բազմում Վաղարշ Բ-ն՝ 185-198 թթ., որի օրոք Մեծ Հայքն այնքան է հզորանում, որ Հայ Արշակունիների իշխանությունը դառնում է ժառանգական։ Հռոմի կայսր Սեպտիմիոս Սևերոսի հետ կնքած պայմանագրով հռոմեական լեգեոնները դուրս էին բերվում Մեծ Հայքից և հռոմեացիները պետք է գումար վճարեին Հայոց Այրուձիին, որը հյուսիսում իրականացնում էր կովկասյան լեռնանցքների պաշտպանությունը լեռնական ցեղերից, որոնց դեմ պատերազմնելիս էլ զոհվում է Վաղարշ Բ-ն։ Նրան հաջորդում է որդին՝ Խոսրով Ա-ն՝ 198-215 թթ.:
3-րդ դարի սկզբներին Պարթևաստանում հակամարտություն է սկսվում պարթև Արշակունի և պարսիկ Սասանյան տոհմերի միջև։ Հայ Արշակունիները հավատարիմ էին մնացել իրենց դաշնակից պարթև Արշակունիներին Արտաշիր Սասանյանի՝ վերջիններիս դեմ մղված կռիվների ժամանակ։ Ի պաշտպանության պարթև Արշակունիների Խոսրով Ա-ն երեք հաջող արշավանք է ձեռնարկում Սասանյանների դեմ և վերադառնում հաղթանակով։ Հռոմեական կայսրությունը նախանձով էր հետևում Հայոց թագավորի հաջողություններին՝ դրանցում տեսնելով իր ախոյանին Առաջավոր Ասիայում։ Կարակալա կայսրը մեծ զորքով գալով Ասորիք, խաբեությամբ գերի է վերցնում Խոսրովին և ուղարկում Հռոմ։ Այս նենգ արարքը զայրույթ է առաջացնում Մեծ Հայքում, ուր թագավոր է հռչակվում Խոսրովի տղան՝ Տրդատ Բ-ն՝ 215-253 թթ.:
Շուտով Տրդատ Բ-ն թագ է ստանում Մակրինիոս կայսրից։ Նա շաուրնակելով հոր քաղաքականությունը, Երախնավու Անձևացի զորավարի հետ մի քանի հաջող արշավանք է ձեռնարկում ընդդեմ Սասանյանների, սակայն դա չփրկեց Պարթև Արշակունիներին։ Սասանյանների հակահարվածը երկար սպասեցնել չտվեց. չնայած նրանց առաջին հարձակումը Արտաշիր Սասանյանի գլխավորությամբ մատնվել էր անհաջողության, նրա որդին՝ Շապուհ Ա-ն կարողացավ հաջող արշավանքներ ձեռնարկել դեպի Մեծ Հայք։ Տրդատ Բ-ն, Հռոմեական կայսրության թուլացման և Սասանյանների հզորացման պատճառով չէր կարողանում դիմադրություն ցույց տալ վերջիններիս, 253 թ-ին հեռացավ Հռոմեական կայսրություն, և շաուրնակեց թագավորել երկրի արևմտյան հատվածում։ Արևելյան հատվածում, Շապուհ Ա-ի օգնությամբ առժամանակ գահակալեց Արտավազդ Ե-ն (253-262 թթ.)։ Նա զորքով օժանդակեց Շապուհին հռոմեացիների դեմ մղված պատերազմում որտեղ հռոմեացինեը կրեցին ծանր պարտություն իսկ կայսր Վալերիանոսն ընկավ գերի։ Ըստ հռոմեացի պատմիչ Տրեբելլիոս Պոլիոնի Արտավազդ Ե-ն նամակ է ուղարկում Շապուհին, որտեղ խնդրում է ազատել Վալերիանոսին։ Ահա նամակի բովանդակությունը.
Համակիր եմ քո փառքին, բայց երկյուղ եմ կրում, որ դու ոչ այնքան հաղթել ես, որքան հրահրել ես մոլեգին կռիվը։ Վալերիանոսին այժմ պահանջում եմ ազատ արձակել և նրա որդին, և նրա թոռը, և հռոմեական զորավարները, և ամբողջ Գալլիան, և ամբողջ Աֆրիկան, և ամբողջ Իսպանիան, ամբողջ Իտալիան, ու նաև բոլոր ժողովուրդները, որոնք ապրում են Իլլիրիկումում (Իլլիրիկ պրովինցիա), նաև Արևելքում ու Պոնտոսում, և որոնք կողմնակից են հռոմեացիներին կամ նրանց հպատակ են։ Դու վերցրիր գերի միայն մի ծերունու, իսկ քեզ հետ խիստ թշնամացրիր աշխարհի բոլոր ժողովուրդներին. գուցե նաև մեզ հետ, որ ուղարկել էին քեզ օգնական զորքեր. մենք, որ քո հարևաններն ենք՝ միշտ ծանր դրության մեջ եքն ընկնում, երբ դուք իրար հետ կռվում եք։ |
Արտավազդի մահից հետո խառնաշփոթ է սկսվում, որ Մովսես Խորենացին անվանել է «Ժամանակ անիշխանության»։
«Ժամանակ անիշխանության»
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ խառնակ ժամանակ Մեծ Հայքի արևելյան հատվածում բազմեցին Սասանյան արքայազն Որմիզդ-Արտաշիր Սասանյանը (262-272 թթ.) և Ներսեհ Սասանյանը (272-279 թթ.)։ Նրանք ցանկանում էին պարտադրել հայերին զրադաշտականությունը։ Նրանց կառավարման օրոք կործանվեցին հայոց հեթանոսական պատամունքային մի արք սրբություններ։ Որմիզդ-Արտաշիրը հրամայեց հայոց թագավորների արձանները քանդել, իսկ Արտաշես Ա-ի սահմանաքարերի գրությունները փոխել և իր անունով անվանել «Արտաշիրական»։ Սակայն շուտով հռոմեական բանակի օժանդակությամբ Մեծ Հայք է ժամանում Տրդատ Բ-ի ավագ որդին՝ Խոսրով Բ-ն (253-279 թթ. արևմտյան հատվածում, 279-287 թթ. Մեծ Հայքում)։ Նա վերջ է դնում խառնշփոթին և հռչակվում հայոց արքա։
Խոսրով Բ-ն շուրջ տասը տարի դիմադրում էր Սասանյաններին և նույնիսկ մի քանի հաջող արշավանք ձեռնարկեց նրանց դեմ։ Չկարողանալով հաղթել նրան, պարսիկներն ուղարկում են Անակ Պարթև իշխանին, ով պետք է սպաներ Խոսրովին։ Խոսրովն ընդունում է նրան որպես բարեկամի։ Սակայն որսի ընթացքում Անակը դավադրաբար սպանում է Խոսրովին։ Պահակախումբը հետապնդում է Անակին և Երասխ գետի Տափերական կամրջի մոտ ոչնչացնում նրա ողջ ընտանիքը, բացի նրա որդուց, ում դայակները փախցնում են Կապադովկիա՝ Մաժաք-Կեսարիա քաղաքը։
287 թ., երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Մեծ Հայք է գալիս հոր գահը վերադարձնելու՝ նրան է միանում նաև երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը, ով Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել, հրաժարվում է կուռքին զոհ մատուցել, ինչի համար արքան հրամայում է ենթարկել նրան 12 տեսակի տանջանքի։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապը), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Գրիգորին բանտարկելուց հետո Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։ Դեպքերից մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ. Ագաթանգեղոսը գրում է.
Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով՝ վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու։ |
Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի և հատկապես նրանցից ամենագեղեցիկի՝ Հռիփսիմեի սպանությունն էր։ Վերջինս քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Շուտով Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտ, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են Վաղարշապատ։ Արքունիքը մեծ պատվով է դիմավորում Գրիգորին։ Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում (Առաջավորաց պահք) և աղոթքով ապաքինում արքային։ Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը։ Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Հետագայում Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ Տրդատ Գ Մեծի հրովարտակով 301 թ-ին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն։ Տրդատ Մեծի իշխանության վերջին տարիների վերաբերյալ պահպանվել են կցկտուր տեղեկություններ։ Հաստատված է, որ 311 թ-ին նա ջախջախում է Մաքսիմիանոս Դայա կայսեր Մեծ Հայք ներխուժած բանակները, որոնք փորձում էին ետ բերել Մեծ Հայքում հեթանոսությունը։ 313 թ-ին Հռոմեական կայսրությունում թույլատրվեց քարոզել քրիստոնեություն։ Այդ իրադարձությունից հետո Մեծ Հայքի և Հռոմեական կայսրության միջև հաստատվեցին բարիդրացիական հարաբերություններ։ 321 թ-ին Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը մեկնեցին Հռոմ և դաշինք կնքեցին կայսրության հետ։ Ըստ այդ պայմանագրի Հռոմն անհրաժեշտության դեպքում օգնելու էր Մեծ Հայքին։ Տրդատ Գ Մեծի օրոք թագավորական իշխանությունն ամրապնդվեց։ Քրիստոնեության ընդունումով թագավորական իշխանությունը համարվում էր Աստծուց տրված և ոչ թե կայսրից ստացված։ Տրդատ Գ Մեծը կարողացավ իր գերիշխանությունը հաստատել նաև հարևան Վիրքում և Աղվանքում։ Շուտով Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը ձեռնադրվեց Հայոց Արևելից կողմերի և Վրաց ու Աղվանից կողմերի եպիսկոպոս։ Գրիգորիսի քարոզչության շնորհիվ Մեծ Հայքի ազդեցությունը տարածվեց մինչև Մեծ Կովկասյան լեռները։ Տրդատ Գ Մեծը մահացավ 330 թ.: Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը[7]։
Տրդատ Գ Մեծի մահից հետո գահ բարձրացավ որդին՝ Խոսրով Գ Կոտակը (330-338 թթ.), որն իր կարճահասակության պատճառով կոչվել է «Կոտակ»։ Տրդատ Գ Մեծի մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը; բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։ Մեծ Հայքից Հռոմեական կայսրության ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ Այրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խոսրով Կոտակը կաթողիկոսի հետ փակվել էր Կոգովիտ գավառի Դարույնք ամուր բերդում։ Վաչե Մամիկոնյանը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացիեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի առապարում տեղի ունեցած ճակատամարտում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Խոսրովը Օշականը պարգևեց այդ ճակատամարտում վճռական դեր խաղացած Վահան Ամատունուն։ Նա կալվածներով ու մեծամեծ այլ պարգևներով վարձատրեց նաև սպարապետին և մյուս հավատարիմ նախարարներին։ Հազարապետության գործակալությունը հանձնեց Արշավիր Կամսարականին, վախճանված Մանաճիհրին փոխարինեց որդին՝ Զորա Ռշտունին, Գուգարաց Միհրան բդեշխին՝ Խորխոռունյաց նահապետ Գարջույլ մաղխազը։ Երկիրն առժամանակ խաղաղվեց, և Խոսրովը զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց Դվին քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Տնկեց Տաճար մայրի և Խոսրովակերտ արգելանոց–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական դասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմական ուսուցման վայրեր։ 337 թ–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց Մծբինը, իսկ մի այլ զորամաս Հեր–Զարևանդով խորացավ Մեծ Հայք։ Խոսրովը Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացրեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ Հռոմեական կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Մեծ Հայք։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրով Կոտակը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիների տոհմական գերեզմանոցում։
Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդի Տիրանը (338-350)։ 338–ի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Մեծ Հայք, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339–ի գարնանը՝ Հռոմի Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ Տիրանի գահակալության վերջին տարիներին Մեծ Հայքի քաղաքական կացությունը բարդացել է՝ կապված նոր պարսկա–հռոմեական հակամարտությունների հետ։ 345–ի պարսկա–հռոմեական պատերազմի ժամանակ Տիրանը դաշնակցել է հռոմեացիներին։ 350–ին, օգտվելով Հռոմեական կայսրության արևմուտքում ծագած պատերազմից, Շապուհ II ներխուժել է Մեծ Հայք, խարդախությամբ ձերբակալել և կուրացրել է Տիրանին, ապա տարել և բանտարկել է Տիզբոնում։ Շուտով հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսկական բանակին և Շապուհ II–ին հարկադրել գերությունից ազատել Տիրանին։ Սակայն վերջինս կուրության պատճառով անկարող էր զբաղվել պետական գործունեությամբ, ուստի թագավոր է հռչակվել նրա որդին՝ Արշակ Բ–ն։
Տիրան արքային հաջորդեց որդին՝ Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ։ Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չսրել հարաբերությունները Սասանյանների հետ։ Սակայն շուտով Արշակ Բ-ն ամրապնդելեց իր դիրքերը և արքունիք վերադարձնրեց Մամիկոնյաններին։ Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր թուլացած դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ։ Դա առաջ էր բերում Հռոմեական կայսրության դժգոհությունը։ Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր շահերին՝ Արշակ Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգեց Հուսիկ Ա Պարթևի թոռ Ներսես Մեծին։ Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը։ Արշակի գահակալության առաջին հատվածում Ներսեսը թագավորի խորհրդատուն էր։
353 թ. Ներսես Մեծը Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը։ Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ։ Հատկապես խստացվեցին հեթանոսությունն արգելող օրենքները։ Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ սովորույթներ։ Ժողովը նաև որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին։ Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել։ Հռոմեական կայսրության հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց։ Կայսրը Արշակ Բ-ի դիրքերը թուլացնելու համար Մեծ Հայք ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել։ Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանել է տալիս Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն կնության է առնում Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն։ Շուտով ծնվում է թագաժառանգ Պապը։ Շուտով սակայն Մամիկոնյանների տոհմում տեղի ունեցավ պառակտում՝ Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսիկների կողմը։ Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով (այս դեպքերը նկարագրել է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում)։ Կամենալով ամրապնդելկենտրոնական իշխանությունը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը՝ թույլատրելով այնտեղ հաստատվել յուրաքանչյուրի։ Նոր քաղաքի հիմնադրումն ուժեղացնում էր թագավորին, քանի որ իրենց տերերին լքած բնակիչները դառնում էին թագավորի հենարանը։ Բանն այն է, որ Արշակի՝ երկրով մեկ արած կոչին՝ գալ և բնակվել Արշակավանում ու վայելել թագավորի հովանավորությունը, արձագանքում էին մեծ մասամբ կախյալ գյուղացիները։ Նրանք փախչում էին նախարարների շահագործումից և հավաքվում Արշակավանում։ Սակայն քաղաքում սկսեցին ապաստանել նաև հանցագործ տարրեր, որոնք աշխատում էին ազատվել հետապնդումներից և պատասխանատվությունից։ Դա նախարարներին և նրանց պաշտպանող եկեղեցուն հնարավորություն տվեց թագավորին մեղադրել կնաթողներին, ամուսնաթողներին, հանցագործներին, գողերին ու ավազակներին Արշակավանում ապաստան տալու մեջ։ Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ միասին հարձակվեցին Արշակավանի վրա և հիմնահատակ ավերեցին այն։ Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին։ Արշակ Բ-ն, համախմբելով իրեն հավատարիմ իշխաններին և զորամիավորումներին, ճակատամարտ տվեց դավաճան նախարարներին։ Սակայն կողմերից ոչ մեկը չհասավա հաղթանակի, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց։ Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքները, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարմորեն ծառայել։ Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար։ Նա ուժերը համախմբելուց հետո հարձակվեց Արշակավանը կործանած դավաճան նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց։ Արշակ Բ-ի թագավորության վերջին շրջանը նշանավորվեց հռոմեապարսկական պատերազմներով։ Եվ' Հռոմը և և՛ Սասանյան Պարսկաստանը, հաշվի առնելով Մեծ Հայքի աշխարհաքաղաքական դիրքը և ռազմական հզորությունը, փորձում էին իրենց կողմը գրավել Արշակ Բ-ին։ Նա սակայն պահում էր չեզոքություն՝ շեշտը դնելով Մեծ Հայքի հզորությունն ամրապնդելու վրա։ Այսուհանդերձ, Մեծ Հայքը չխուսափեց պարսկական ներխուժումներից, որոնցից մեկի ժամանակ ավերվեց Տիգրանակերտը, իսկ բնակչությունը բռնագաղթեցվեց։
Ի վերջո Արշակ Բ-ն որոշեց դաշնակցել հռոմեացիների հետ։ 363 թ. Հուլիանոս կայսրը մեծ բանակով արշավեց Պարսկաստան և հասավ մինչև մայրաքաղաք Տիզբոն։ Արշակ Բ-ն հայկական զորքերով և նրանց միացած հռոմեական զորաբանակներով հարձակվեց Մարաստանի վրա։ Սակայն Հուլիանոսը կայսրը ճակատամարտում ստացված վնասվածքներից վախճանվեց, իսկ նոր կայսր Հովիանոսը Շապուհ Բ-ի հետ հաշտություն կնքեց նվաստացուցիչ պայմաններով։ Հռոմեական կայսրույթունը ստիպված էր միայնակ թողնել և օգնություն չցուցաբերել Մեծ Հայքին Սասանյան Պարսկաստանի դեմ պայքարում։ Հաշտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ իրենք՝ հռոմեացիները (պատմիչ Ամիանոս Մարկեղինոս) այն անվանել են «ամոթալի»։
364 թ. Հովիանոսը մահացավ, և Շապուհ Բ-ն, իրեն ազատ զգալով, հարձակվեց Մեծ Հայքի վրա։ Պարսից բանակը ներխուժում է Մեծ Հայքի Դարանաղի գավառ, որտեղ Անիում ավերում է Հայոց Արշակունիների դամբարանը։ Քանդել չի հաջողվում միայն Սանատրուկ արքայի գերեզմանը։ Հայոց թագավորների ոսկորները գերելով՝ թշնամին շարժվեց Արարատյան դաշտ, որտեղ ջախջախիչ պարտություն կրեց հայկական բանակի կողմից։ Թագավորների ոսկորներն ազատվեցին և այնուհետև թաղվեցին Աղձք գյուղի արքունական դամբարանում։ Հայ-պարսկական պատերազմը տևեց 4 տարի։ Հայերն սկզբում հաջողությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր։ Սակայն ուժերն անհավասար էին և թշնամուն զիջող Մեծ Հայքի ուժերը սկսեցին սպառվել։ Մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները կամ չեզոք մնացին, կամ էլ անցան պարսիկների կողմը։ Չնայած այդ բոլորին, հայոց բանակը ետ էր մղում թշնամու բոլոր հարձակումները։ Քաջ գիտակցելով, որ Մեծ Հայքի ռազմական ուժերը հյուծվել էին, Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու։ Պատերազմից հոգնած նախարարները համոզեցին Արշակին ընդունել առաջարկը։ Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ։ Սակայն Տիզբոնում Շապուհը դրժեց խոստումը և ձերբակալելով Արշակին նրան բանտարկեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց։ Այդպիսով Սասանյան Պարսկաստանը նենգությամբ զրկեց Մեծ Հայքը հզոր և հայրենասեր միապետից[7]։
Արշակ Բ-ի ձերբակալությունից և սպանությունից հետո պարսիկները 367 թ. կրկին ներխուժեցին Մեծ Հայք։ Թագուհի Փառանձեմն արքայաժառանգ Պապի հետ պատսպարվեցին 11.000 կայազոր ունեցող Արտագերս ամրոցում։ Երկու դավաճան հայ իշխաններ, մուտք գործելով ամրոց և տեսնելով թագուհու ծանր կացությունը, որոշում են օգնել նրան։ Բերդի կայազորն անսպասելի հարձակմամբ գլխովին ջախջախում է ամրոցը պաշարած պարսկական զորքերին, որից հետո Պապն օգնության խնդրանք է ուղարկում հռոմեացիներին։
Շապուհը նոր բանակ ուղարկեց Մեծ Հայք։ Երբ թվում էր, թե այն նույնպես կկրի պարտություն, Արտագերս ամրոցում համաճարակ սկսվեց։ Երբ Արտագերսը զրկվեց իր պաշտպաններից, պարսիկներին հաջողվեց գրավել ամրոցը և գերել Փառանձեմին։ Այնուհետև պարսիկները պարսկամետ որոշ նախարարների, այդ թվում՝ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի աջակցությամբ գրավեցին ու ավերեցին Մեծ Հայքի խոշոր քաղաքներ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Վանը, Զարիշատը և այլն։ Վերջիններիս բնակչությունը բռնագաղթեցվեց Պարսկաստան։ Ըստ Փավստոս Բուզանդի միայն վերը նշված հինգ քաղաքներից 83.000 հրեա բռնգաղթեցվեց Պարսկաստան։
Պապը հայտնվեց ծանր կացության մեջ։ Քոչվոր ցեղերի ասպատակությունների պատճառով հռոմեացիների չէին կարողանում օգնական ուժեր ուղարկել Մեծ Հայք, իսկ պարսիկներն ավերում էին երկիրը։ Պապը փորձեց լեզու գտնել Շապուհ Բ-ի հետ, սակայն Վաղես կայսրը 370 թ. հնարավորություն ունեցավ զորք ուղարկելու Մեծ Հայք, որտեղ նրան միացան հայկական զորքերը Պապ թագավորի և Վասակ Մամիկոնյանի որդի՝ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Մի քանի ճակատամարտերում հաջողության հասնելով՝ հայոց 90.000 բանակը Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ 371 թ. Նպատ լեռան մոտ՝ Ձիրավի դաշտում գլխովին ջախջախեց և դուրս շպրտեց երկրից պարսիկներին։
Պապը, լինելով երիտասարդ, այնուհանդերձ ցուցաբերեց պետական մեծ գործչի հատկություններ։ Նա առաջին հերթին որոշեց վերամիավորվել երկրից անջատված կամ գրաված ծայրամասային գավառները։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել Մեծ Հայքի մինչպատերազմյան սահմանները, պատժել անհնազանդ նախարարներին և դուրս քշել երկրից Վիրքի ու Աղվանքի թագավորությունների զորքերը։ Ինչպես նշել է Փավստոս Բուզանդը Մուշեղ Մամիկոնյանը հյուսիսում վերականգնում է.
զհին սահմանսն, որ յառաջուն էր լեալ յերկիրն Հայոց և ընդ յերկիրն Վրաց, որ է ինքն մեծ գետն Կուր։ |
Պատերազմի պատճառով երկիրը տնտեսապես տուժել էր և թուլացել։ Պապ թագավորը որոշեց վերականգնել թուլացած տնտեսությունը։ Իր նախորդի փորձից ելնելով, Պապ թագավորը որոշեց ոչ թե նախարարների հաշվին, այլ իր նախորդ թագավորների կատարած նվիրատվություններից ու շնորհած արտոնություններից չափազանց հարստացած ու հղփացած եկեղեցու։ Թագավորական հրովարտակով երկրի բնակչությունն ազատվեց եկեղեցուն վճարվող տասանորդ և պտղի հարկերից։ Դեռևս Տրդատ Գ Մեծի օրոք հոգևորականությանը տրված 7 բաժին հողից 5-ը բռնագրավվեց և բաժանվեց գործող բանակի զինվորներին։ Խիստ կրճատվեց հոգևորականների թիվը։ Նախկին հոգևորականները և հոգևորականների ազգականները, որոնք ազատված էին զինապարտությունից, այժմ զորակոչվեցին բանակ։ Որպես հետևանք գործող բանակի զինվորների թիվը հասավ 100 հազարի[9][10][11]։
Պատերազմի հետևանքով երկրի բնակչությունը խիստ կրճատվել էր, իսկ ծնելիությունը նվազել։ Ստեղծված իրադրությունը բարելավելու նպատակով թագավորի հրամանով փակվեցին դեռևս Ներսես Մեծ կաթողիկոսի օրոք բացված կուսանոցներն ու մենաստանները։ Կույսերին ամուսնանալու իրավունք տրվեց։ Պետական եկամուտները մեծացնելու նպատակով Պապ թագավորը լուծարեց բարեգործական շատ հաստատություններ, որոնք բացվել էին եկեղեցու նախաձեռնությամբ և պահվում էին ավելի շատ պետության, քան եկեղեցու միջոցներով[9][10][11]։
Ի վերջո, շարունակելով իր հայր Արշակ Բ–ի սկսած գործը, Պապին հաջողվեց անգամ ազգայնացնել հայոց եկեղեցին։ Այսինքն՝ թագավորի հրամանով հայոց կաթողիկոսները դադարեցին գնալ Բյաւզանդիա՝ տեղի գավառական–նահանգական հոգևոր առաջնորդների, մասնավորապես՝ Կեսարիայի կամ Տիանայի մետրոպոլիտների կողմից ձեռնադրվելու։ Դրանով իսկ Պապ Արշակունին կտրեց հայ եկեղեցու բացահայտ կախվածությունը բյուզանդական եկեղեցուց և Բյուզանդական կայսրությունից և հայոց եկեղեցու առաջնորդի ընտրությունը գոնե պաշտոնապես դարձրեց Հայոց թագավորության ներքին գործը[9][10][11]։
Պապ Արշակունի արքայի վարած հայոց ազգային պետականության, ամրապնդման, կենտրոնացման ու հզորացման քաղաքականությունը, որի միակ նպատակը Մեծ Հայքի ռազմաքաղաքական նախկին հզորության ու տարածքային ամբողջականության վերականգնումն էր, առաջ բերեց թե՛ Բյուզանդիայի, թե՛ նրա գործակալների՝ բյուզանդասեր նախարարների մի մասի և գրեթե ամբողջ հոգևորականության թշնամանքն ու ատելությունը։ Բյուզանդասերների կուսակցությունը՝ եկեղեցու ղեկավարների գլխավորությամբ, Պապին անգամ մեղադրում էին Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու մեջ, մինչդեռ նա մահացել էր թոքերի հիվանդությունից։ Չնայած այդ ամենին երիտասարդ արքայի հեղինակությունը մեծ էր երկրում, հատկապես ժողովրդի շրջանում։ Ուստի պատահական չէ, որ հռոմեական պատմիչ Ամիանոսը նրան բնութագրում է որպես եռանդուն, խիզախ և խելոք թագավորի[9][10][11]։
Մեծ Հայքի ուժեղացմանն ուղղված Պապի քայլերը և անկախ քաղաքականությունն առաջ բերեցին Հռոմեական կայսրության դժգոհությունը։ Նպատակ ունենալով Պապին գահընկեց անել՝ կայսրը նրան բանակցությունների պատրվակով հրավիրեց Կիլիկիա՝ Տարսոն։ Սակայն Պապը, պարզելով կայսեր նպատակը, իր 300 թիկնապահներով փախուստի դիմեց ու վերադարձավ Մեծ Հայք՝ ուրախությամբ ընդունվելով ժողովրդի կողմից։ Կայսրը ստիպված եղավ ներողություն խնդրել տեղի ունեցած «թյուրիմացության» համար, իսկ Պապն էլ ձևացրեց, թե ոչինչ չի պատահել[9][10][11]։
Հայ–բյուզանդական, այսինքն՝ Հայ-արևելահռոմեական հարաբերությունների հետագա սրման համար պատճառ դարձան Ներսես կաթողիկոսի մահից հետո նոր կաթողիկոսի ձեռնադրությունը և Պապի կողմից հայ-իրանական հարաբերությունները կարգավորելու փորձերը։ Սկզբում Պապը փորձեց կաթողիկոս ձեռնադրվելու համար Կեսարիա ուղարկել իր առաջադրած թեկնածուին, որին սակայն Կեսարիայում հրաժարվեցին ձեռնադրել։ Համոզվելով, որ կաթողիկոսի ընտրությանը հռոմեական արքունիքն ու եկեղեցին միշտ միջամտելու են, Պապը դիմեց արմատական քայլի։ Հուսիկ Աղբիանոսյան եպիսկոպոսին նա այլևս չուղարկեց Կեսարիա։ Նրան կաթողիկոս ձեռնադրեցին Մեծ Հայքում՝ հայոց եպիսկոպոսները։ Պապի այդ արմատական քայլի շնորհիվ Հայ Առաքելական Եկեղեցին անկախացավ մնացած եկեղեցիներից և բռնեց իր ուրույն ճանապարհը։ Բացի դրանից Պապ թագավորը պահանջեց ետ վերադարձնել Եդեսիա քաղաքը և Կապադովկիայի այլ 12 քաղաքներ, որոնք կառուցվել էին հայերի՝ Պապի նախնիների կողմից և պատկանում էին Հայոց պետությանը։ Փաստորեն, Պապ Արշակունին փորձ էր անում Մեծ Հայքին վերամիավորել Փոքր Հայքի, Կապադովկիայի և Եփրատացիք–Կոմագենի նախկին հայապատկան տարածքները, որոնք խլվել էին Հռոմեական տերության կողմից և այժմ պատկանում էին այսպես կոչված Արևելահռոմեական կամ Բյուզանդական կայսրությանը[9][10][11]։
Հռոմեական արքունիքը դժկամորեն ընդունեց Հայոց կաթողիկոսի Մեծ Հայքում ձեռնադրվելու փաստը։ Բացի այդ, հայ-իրանական հարաբերությունների բարելավումը կայսեր մոտ հիմնավորված վախ առաջացրեց։ Կայսրը հրամայեց իր գործակալներին ու լրտեսներին՝ սպանել Պապ թագավորին։ Մեծ Հայքում հռոմեական զորքերի հրամանատարը 374 թ. Պապ թագավորին հրավիրում է խնջույքի, որտեղ Պապը դավադրաբար սպանվում է հռոմեացի զինվորականների կողմից։ Ցավոք, Պապի սպանությամբ Մեծ Հայքի թագավորությունը զրկվեց իր երիտասարդ, եռանդուն և տաղանդավոր թագավորից, իսկ նրա հաջորդներն ի վիճակի չեղան շարունակելու նրա սկսած հայրենանվեր գործը։ Հայոց պետության կենտրոնացման ու թագավորական կենտրոնաձիգ իշխանության ամրապնդման, երկիրը ռազմականապես հզորացնելու՝ Արշակ Բ-ի ու Պապի և նրանց նախորդների փորձերը ձախողվեցին։ Պատճառը ոչ միայն նախարարության պառակտիչ գործունեությունն էր, այլև Հռոմի ու Պարսկաստանի՝ երկրի ներքին գործերին մշտապես միջամտելու և Մեծ Հայքին իրենց ենթարկելու քաղաքականությունը[9][10][11]։
Մեծ Հայքի թուլացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքում Պապ թագավորի սպանությունը ծանր տպավորություն թողեց։ Նախարարների մի մասն անգամ պատրաստ էր դաշնակցել Պարսկաստանի հետ և թագավորի սպանության համար Հռոմից վրեժ լուծել։ Շուտով կայսրը Մեծ Հայք թագավորելու ուղարկեց Վարազդատ Արշակունուն (374-378 թթ.)։ Նա մարմնով հզոր էր և դարձել էր օլիմպիական խաղերի հաղթող։
Վարազդատի կարճատև կառավարման շրջանում սպարապետի պաշտոնը շարունակում էր զբաղեցնել Մուշեղ Մամրկոնյանը, որը Փավստոս Բուզանդի խոսքերով «առաջնորդում էր հայերին և զգուշությամբ պահպանում էր Մեծ Հայքի սահմանները»։ Սակայն նրա վարքագիծը շուտով առաջ բերեց Վարազդատի դժգոհությունը։ Մուշեղ Մամիկոնյանն առանց թագավորին տեղյակ պահելու, խորհրդակցում էր Մեծ Հայքում գտնվող հռոմեական զորավարների և նրանց միջոցով՝ կայսեր հետ։ Սպարապետը կայսրին առաջարկում էր Մեծ Հայքի յուրաքանչյուր գավառում քաղաք-ամրոցներ կառուցել և դրանք վերածել ամուր ռազմական կենտրոնների։ Դրանցում պետք է կայսրության ծախսով հայկական կայազորներ պահվեին։ Փավստոս Բուզանդի խոսքերով, կայսրը դրան ուրախությամբ համաձայնեց, որ Մեծ Հայքը հաստատորեն կապվի Հռոմի հետ։
Սակայն ծրագրի թերություններից էր այն, որ Մեծ Հայքը վերջիվերջո կկորցներ անկախությունը և կդառնար Հռոմեական կայսրության նահանգներից մեկը։ Շուտով ծրագիրը բացահայտվում է, և սպարապետի հռոմեամետ գործունեությունն առաջ է բերում հայրենասեր նախարարների դժգոհությունը։ Թագավորը վախենալով սպարապետի դավաճանությունից, սպանել տվեց նրան։ Սպարապետության պաշտոնը հանձնվեց Բատ Սահառունուն։
Օգտվելով կայսրության զբաղվածությունը, Պարսկաստանը Մեծ Հայք ուղարկեց Մանվել Մամիկոնյանին։ Նա առանց թագավորի համաձայնության հաստատվեց Մամիկոնյան տոհմի նահապետի պաշտոնում, ապա փախուստի մատնեց Վարազդատին։ Վերջինս, որի գործունեությունից հռոմեացիները խիստ դժգոհ էին, փախավ կայսրություն, սակայն ձերբակալվեց և աքսորվեց։
Մանվել Մամիկոնյանը, ով Մեծ Հայք էր եկել որպես պարսկամետ իշխան, շուտով, երկրի գործերին պարսկական միջամտությունից զայրացած, վռնդեց պարսիկների կողմից նրան օգնություն ուղարկված գունդը։ Նա գահ բարձրացրեց Պապի մանկահասակ որդիներ Արշակ Գ-ին և Վաղարշակին, իսկ ինքը դարձավ նրանց խնամակալը՝ զբաղեցնելով սպարապետի պաշտոնը։ Մանվելը Մեծ Հայքը հզորացնելու նպատակով բարելավում է հարաբերությունները Հռոմեական կայսրության հետ։ Մանվելի խնամակալության տարիները եղան երկրի տնտեսական բարգավաճման և խաղաղ զարգացման շրջան։
Մանվելի մահից հետո, Արշակ Գ-ն իր խիստ հռոմեամետ պահվածքի պատճառով առաջ բերեց նախարարների մեծ մասի դժգոհությունը։ Վերջիններս դիմեցին պարսից Շապուհ Գ թագավորին՝ իրենց տալու ուրիշ թագավոր։ Սասանյանները 384 թ. Մեծ Հայք ուղարկեցին Խոսրով Դ Արշակունուն, իսկ Արշակ Գ-ն ստիպված էր բավարարվել թագավորության արևմտյան մի փոքր հատվածով։ Մեծ Հայքի թագավորությունը բաժանվեց երկու առանձին թագավորությունների[7]։
Մեծ Հայքի բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար պատերազմներից հետո Հռոմեական կայսրության կայսր Թեոդոսիոս I Մեծը և պարսից շահ Շապուհ Գ համոզվելով, որ իրենցից ոչ մեկին չի հաջողվի ամբողջությամբ գրավել Մեծ Հայքը, կայսրը և պարսից շահը որոշեցին այն բաժանել միմյանց միջև։ 387 թ. կողմերը պայմանագիր կնքեցին, որով Մեծ Հայքի թագավորության Արշակ Գ-ի իշխանության տակ գտնվող արևմտյան տարածքները որպես ենթակա թագավորություն անցան Հռոմին, իսկ Խոսրով Դ-ի իշխանության տակ գտնվող արևելյան հողերը իբրև հպատակ թագավորություն անցավ Պարսկաստանին։ Դրանով Մեծ Հայքի տարածքում ձևավորվեցին երկու կիսանկախ թագավորություններ։
Շուտով Արշակ Գ-ն մահացավ։ Հռոմեացիներն անմիջապես օգտվեցին դրանից և վերացրեցին իրենց իշխանության ներքո գտնվող հայկական թագավորությունը։ Սասանյաններն իրենց հերթին դեռևս 387 թ. Արևելահայկական թագավորությունից անջատել էին հայկական բդեշխությունները[7]։
Մեծ Հայքի ժամանակավոր միավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտահայկական թագավորության որոշ նախարարներ, լինելով դժգոհ Արշակի կառավարումից անցան Արևելահայկական թագավորություն։ Նրանք նույնիսկ Արշակ Գ-ի գանձերը փախցրին և հանձնեցին Խոսրով Դ-ին։ Խոսրովն իր հերթին, նախարներին վերցրեց իր հովանու տակ։ Նա նրանց վերադարձրեց իրենց նախկին կալվածքները, իսկ որոշներիլն էլ փոխհատուցեց արքունի տիրույթների հաշվին։ Խոսրովը միաժամանակ քայլեր ձեռնարկեց կիսված թագավորության երկու մասերը վերամիավորելու ուղղությամբ։ Նա նամակով դիմեց հռոմեական կայսրին՝ խնդրելով հարկ մուծելու պայմանով իրեն հանձնել Արևմտահյակական կայսրության հողերը։ Հռոմեական արքունիքն իր շահերից ելնելով համաձայնեց Խոսրով Դ-ի խնդրանքին։ Խոսրով Դ-ն հաստատեց նոր «Գահնամակ»-ը, որում տեղ գտան թագավորության և՛ արևելյան և՛ արևմտյան մասերի նախարարությունները։ Պարսից արքունիքն ուշադիր հետևում էր Խոսրովի գործունեությանը։ Հայոց թագավորության վերամիավորումը նրա սրտով չէր, բայց ստիպված եղավ համակերպվել, որովհետև արտաքնապես հնարավոր չէր մեղադրել Հայոց թագավորին։ Սակայն երբ Խոսրովն առանց պարսից թագավորի համաձայնության կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Սահակ Պարթևին, նրանից բացատրություն պահանջեցին։ Հայոց թագավորը, որ հասցրել էր բավականաչափ ուժեղացնել իր դիրքերը, փորձեց հռոմեական օգնությամբ ազատվել պարսկական գերիշխանությունից։ Սակայն կայսրը ոչ միայն նրան չօգնեց, այլև պարսից արքային տեղյակ պահեց Հայոց թագավորի ծրագրերի մասին։ Անմիջապես պարսկական մի բանակ ներխուժեց Հայաստան և ձերբակալեց նրան։ Մի խումբ հայ նախարարներ Գազավոն Կամսարականի ղեկավարությամբ փորձեցին ընդամենը 700 զինվորով ազատել նրան։ Եվ մինչ այդ զորամասը ծանր կռիվ մղելով դիմադրում էր պարսկական զորքերին, հերոսների մի խումբ աշխատեց ազատել շղթայակապ թագավորին։ Խոսրովին ազատել չհաջողվեց, իսկ հայկական զորամասը գրեթե ամբողջությամբ ոչնչացավ, քանի որ և ոչ մի զինվոր մարտադաշտը չլքեց՝ առաջ բերելով պարսիկների զարմանքը։ Խոսրովը գահընկեց արվեց և բանտարկվեց Անհուշ բերդում։
Խոսրովին ազատելու թեկուզև անհաջող փորձը սթափեցրեց պարսից արքունիքին։ Հասկանալով, որ ամեն մի խստություն Հայաստանում լոկ կբորբոքի հակապարսկական տրամադրությունները, Շապուհ Գ-ն ամեն ինչ թողեց նախկինի պես։ Նա հայ նախարարների խնդրանքով գահ բարձրացրեց Խոսրովի եղբայր Վռամշապուհին (388-414 թթ.)։
Վռամշապուհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վռամշապուհի գահակալության երկար ժամանակաշրջանը եղավ արտաքին խաղաղության և ներքին հանգստության շրջան։ Նրա օրոք հայ մշակույթը մեծ վերելք ապրեց, սակայն քաղաքական ասպարեզում՝ հակառակ Խոսրովի, նա իր առջև երբեք մեծ խնդիրներ չդրեց։ Վռամշապուհի օրոք հանճարեղ Մեսրոպ Մաշտոցը, կաթողիկոս Սահակ Պարթևի և նրա օժանդակությամբ, ստեղծեց հայոց գրերը։ Հասկանալով, որ Վռամշապուհը գտնվում է պարսկական գերիշխանության ներքո, Բյուզանդական կայսրությունը (այդպես էր կոչվում Արևելահռոմեական կայսրությունը 395 թ. հետո) գրերի գյուտից շատ չանցած հետ վերցրեց Մեծ Հայքի թագավորության արևմտյան երկրամասերը։ Չնայած Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների խնդրանքով կրկին Հայոց գահ բարձրացավ պարսկական գերությունից ազատված Խոսրով Գ-ն, սակայն նա գահակալեց ընդամենը մի քանի ամիս։ Կամենալով հայերին վարժեցնել օտար տիրապետությանը, պարսից արքան Հայոց թագավոր կարգեց իր որդի Շապուհին (415-419 թթ.)։ Սակայն նրան չհաջողվեց ձեռք բերել հայ նախարարների համակրանքը, և Մովսես Խորենացու խոսքերով «բոլորը նրան ատեցին և թագավորաբար չէին մեծարում որսի կամ խաղերի ժամանակ»։ Շատ չանցած՝ Տիզբոն վերադառնալիս նա սպանվեց։ 422 թ. Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև հաշտություն կնքվեց, որից հետո պարսից թագավորի համաձայնությամբ Արևելյան Հայաստանում գահ բարձրացավ Վռամշապուհի որդի Արտաշես (Արտաշիր) Արշակունին։
Հայոց թագավորության վերջնական անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշեսն էլ իր վեցամյա թագավորության ընթացքում չկարողացավ կարգավորել հարաբերությունները նախարարների հետ, որոնք հակադրվում էին նրան։ Սահակ Պարթևը հանդես էր գալիս թագավորի հետ ձեռք ձեռքի տված՝ փորձելով ամեն գնով փրկել թագավորական իշխանությունը։ Նա ամեն ինչ արեց՝ թագավորին հաշտեցնելու անհնազանդ նախարարների հետ։ Սակայն կաթողիկոսը հաջողության չհասավ, քանի որ պարսից արքունիքն իր կողմը գրավեց ոչ ժառանգատեր նախարարներին՝ նրանց հրապուրելով ժառանգատեր դարձնելու խոստումով։ Պարսից արքունիքը փորձ արեց իր կողմը գրավել նաև Սահակ Պարթևին՝ խոստանալով նոր տիրույթներ ու առանձնաշնորհումներ։ Սակայն հայրենասեր կաթողիկոսը գործարքի չգնաց։ Այսուհանդերձ, 428 թ. Արտաշեսը պարսից արքունիքի կողմից գահընկեց արվեց, իսկ Սահակ Պարթևը զրկվեց կաթողիկոսական իշխանությունից։ Արևելահայկական թագավորությունն ընկավ։ Երկիրն անդամահատվեց։ Նրանից անջատվեցին և հարևան վարչական միավորներին կցվեցին մի շարք երկրամասեր։ Երկրի հիմնական տարածքը վերածվեց մեծ ինքնավարություն ունեցող պարսկական մարզի, որը կառավարվելու էր պարսիկ մարզպանի կողմից։
Հայ ժողովուրդն ստիպված էր համառ ու երկարատև պայքար մղել իր պետական անկախության վերականգնման համար, հասկանալով, որ այդ նպատակին կարող է հասնել միայն ազգային միասնությամբ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց պատմահայր Մովսես Խորենացին բացի իր հիմնարար ՛՛Պատմութիւն Հայոց՛՛ աշխատությունից, 5-րդ դարում գրել է նաև ՛՛Աշխարհացոյց՛՛ աշխատությունը, որն իրենից ներկայացնում է իր ժամանակակից աշխարհի և Հայոց երկրի մանրամասն աշխարհագրական նկարագրությունը՝ համապատասխան քարտեզների կցումով։ 7-րդ դարի հայ խոշորագույն գիտնական Անանիա Շիրակացու (610-685) կողմից «Աշխարհացույց»-ը ենթարկվել է որոշակի խմբագրման։ Այս աշխատությունում մանրամասն նկարագրված են Մեծ Հայքը, Վիրքը և Աղվանքը՝ իրենց վարչատարածքային բաժանումներով։ Հեղինակը, ձեռքի տակ ունենալով տարբեր ժամանակաշրջանների «աշխարհագիրների» տվյալները՝ հատկապես հայ Արշակունիների թագավորության և մարզպանական ժամանակաշրջաններից, հնարավորություն է ունեցել տալ Մեծ Հայքի այդ ժամանակաշրջանի վարչատերիտորիալ բաժանման սպառիչ պատկերը, երբ այն քաղաքականապես ներկայացնում էր մի ամբողջություն (Մեծ Հայքի թագավորության սահմանները 363-385 թվերին)։ Տրվում են նաև սահմանների հետագա փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանի բաժանումով Սասանյան Իրանի և Բյուզանդական կայսրության միջև։ Հիմք ընդունելով Մեծ Հայքի տարածքային բաժանումը 15 աշխարհների (նահանգների) և դրանց ստորաբաժանումների (գավառների)՝ հնարավոր է դառնում կազմել Մեծ Հայքի վարչատարածքային բաժանման քարտեզն ըստ «Աշխարհացույց»-ի։ Այժմյան քարտեզագրական հիմքի վրա հնարավորություն կա վերակազմելու Անանիա Շիրակացու կազմած՝ Մեծ Հայքի, Վիրքի և Աղվանքի քարտեզը, որը մեզ չի հասել։
Տարածքներ, որոնք ժամանակ առ ժամանակ ներառվել են Մեծ Հայքի մեջ | Գավառ | Տարածք |
---|---|---|
Փոքր Հայք | Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Գամիրք (4 գավառ) | 70, 000-130, 000 քառ. կմ |
Հայկական Միջագետք | 27, 000 քառ. կմ | |
Փոքր Հայք, Հայկական Միջագետք | 4 գավառ | 97, 000-157, 000 քառ. կմ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայոց պատմության ժամանակագրություն
- Փոքր Հայք
- Արտաշեսյաններ
- Արշակունիներ
- Պարթև Արշակունիներ
- Հայկական Միջագետք
- Երվանդունիներ
- Հռոմեական կայսրություն
- Պարթևաստան
- Սասանյաններ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 .
- Հայ ժողովրդի պատմություն, Հ. 2. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1984 .
- Հայոց պատմություն, հ. II. Միջին դարեր (IV դ. - XVII դ. առաջին կես), գիրք երկրորդ (IX դարի կես-XVII դարի առաջին կես), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչություն, 2014, 800 էջ + 24 ներդիր։
- Լեո, Հայոց պատմություն, Առաջին հատոր, Հին պատմություն, «Երկերի ժողովածու տասը հատորով, Առաջին հատոր», «Հայաստան», Եր․ 1966։
- Լեո, Հայոց պատմություն, Երկրորդ հատոր, Լեո ” Հատոր 2։ «Հայոց պատմություն» երկրորդ հատորը պետք է ընդգրկեր 5-15-րդ դարերը, կամ հեղինակի խոսքերով ասած՝ միջին դարերը, հայկական միջնադարը։ Սակայն Լեոն չկարողացավ ամբողջովին իրականացնել իր ծրագիրը. այս հատորում նա շարադրեց միայն 5-11-րդ դարերի պատմությունը։
- Մանանդյան Հ․, Հայաստանի առևտրի և քաղաքների մասին (ռուսէրէն, Երևան, 1930, 1954, 1985)։
- Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը հին Հայաստանում։ Երևան, 1934,
- Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը հին Հայաստանում։ Երևան, 1981։
- Մանանդյան Հ․, Հին Հայաստանի գլխաւոր ճանապարհները։ Երևան, 1936։
- Մանանդյան Հ․, Հին Հայաստանի գլխաւոր ճանապարհները։ Երևան, 1985։
- Մանանդյան Հ․, Տիգրան Բ և Հռոմը։ Երևամ, 1940, 1972, 1977, ռուսէրէն՝ 1943, ֆրանսէրէն՝ 1963։
- Մանանդյան Հ․, Քննական տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, Հայաստանի մ թ.ա. VI - XVI դարերի ամբողջական պատմութիւնը, հ. I, Երևան, 1945, նաև՝ 1977։
- Մանանդյան Հ․, Քննական տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, Հայաստանի մ թ.ա. VI - XVI դարերի ամբողջական պատմութիւնը, հ. II, Երևան, 1952, 1977։
- Մանանդյան Հ․, Քննական տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, Հայաստանի մ թ.ա. VI - XVI դարերի ամբողջական պատմութիւնը, հ. III, Երևան, 1957, նաև՝ 1978։
- Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 518 էջ։
- Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն (ուրվագծեր), 2-րդ հրատ., Երևան, ԵՊՀ հրատ., 1968, 509 էջ։
- Հարությունյան Բ.Հ․, «Աշխարհացոյցը» և չորս Հայքերի խնդիրը, Երևան, 1997։
- Հարությունյան Բ.Հ․, Հայաստանի, հայ–իրանական հարաբերությունների և Առաջավոր Ասիայի հնագույն պատմության մի քանի խնդիրների շուրջ (մ.թ.ա. VII–VI դդ.)։ Երևան, 1998
- Հարությունյան Բ.Հ․, Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգը ըստ «Աշխարհացոյց»-ի», մաս Ա, Երևան, 2001։
- Հարությունյան Բ.Հ․, Հայոց պատմության ուսումնական ատլաս, Ա հատոր, Երևան, 2003։
- Հարությունյան Բ.Հ․, Հայոց պատմության ուսումնական ատլաս, Բ հատոր, Երևան, 2008։
- Հարությունյան Բ.Հ․, Ազգային ատլաս, Բ հատոր, Երևան, 2008։
- Адонц Н. Г. Армения в эпоху Юстиниана. СПб, 1908 (2 изд. Ереван։ Изд-во Ереванского Университета, 1971, 526 с.) (անգլ., 1969, հայ., 1987)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Curtis 2016, էջ. 185; Boyce 1984, էջ. 84; de Jong 2015, էջեր. 119–120, 123–125; Russell 1987, էջեր. 170–171, 268
- ↑ 2,0 2,1 Տիգրան Մեծ, Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 2011 թ., էջ 30-31 և այլն
- ↑ 3,0 3,1 Տիգրան Մեծ, Տիգրան Մեծի գահակալության 2 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 2011 թ.
- ↑ Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, Երևան, 2008 թ.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7, էջ 435
- ↑ Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա, հատոր 1, էջ 488
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «findarmenia.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Է. Դանիելյան, Հայոց Պատմություն, Երևան, «Զանգակ-97», 2008, էջ 85։
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր երկրորդ, Երևան, 1984 թ., էջ 102-106։
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Հրանդ Ք. Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թ.:
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Քննական պատմութիւն Արշակ Երկրորդի և անոր Պապ որդւոյն։ Եղիազար Մուրադեան։ Աղեքսանդրիա, Հայոց տպարան ՙԱրաքս՚, 1900: [1]
- ↑ 12,0 12,1 12,2 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Հատոր 1, Էջք 180-181։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986։
- ↑ 13,0 13,1 13,2 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Հատոր 1, Էջք 239-240։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986։
- ↑ 14,0 14,1 14,2 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Հատոր 1, Էջ 506։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boyce, Mary (1984). Zoroastrians: Their Religious Beliefs and Practices. Psychology Press. էջեր 1–252. ISBN 9780415239028.
- Curtis, Vesta Sarkhosh (2016). «Ancient Iranian Motifs and Zoroastrian Iconography». In Williams, Markus; Stewart, Sarah; Hintze, Almut (eds.). The Zoroastrian Flame Exploring Religion, History and Tradition. I.B. Tauris. էջեր 179–203. ISBN 9780857728159.
- de Jong, Albert (2015). «Armenian and Georgian Zoroastrianism». In Stausberg, Michael; Vevaina, Yuhan Sohrab-Dinshaw; Tessmann, Anna (eds.). The Wiley Blackwell Companion to Zoroastrianism. John Wiley & Sons, Ltd.
- Russell, James R. (1987). Zoroastrianism in Armenia. Harvard University Press. ISBN 978-0674968509.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 434)։ |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |