Գորիս
Քաղաք | ||
---|---|---|
Գորիս | ||
քաղաքի համայնապատկեր | ||
Երկիր | Հայաստան | |
Համայնք | Գորիս (համայնք) | Գորիս համայնք[1] | |
Քաղաքապետ | Առուշ Առուշանյան | |
Հիմնադրված է | 1870 թ. | |
Առաջին հիշատակում | 995 | |
Այլ անվանումներ | Կյորես, Գորայք | |
Տվյալ կարգավիճակում | 1885 թվականից | |
Մակերես | 36 կմ² | |
ԲԾՄ | 1370 մետր | |
Կլիմայի տեսակ | բարեխառն | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 20300[2] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Գորիսեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | 0284 | |
Փոստային ինդեքս | 3201 | |
Փոստային դասիչ | 3201–3205 | |
Ավտոմոբիլային կոդ | 52 | |
Պաշտոնական կայք | goriscity.am | |
| ||
Գորիս, քաղաք Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գտնվում է մոտ 240 կմ հեռավորության վրա մայրաքաղաք Երևանից և 69 կմ հյուսիս-արևելք մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակն գետի (Որոտանի վտակ) ափին։ Քաղաքը գտնվում է Երևան – Ստեփանակերտ ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող ճանապարհի վրա։
Գորիսը հիմնադրվել է 1870 թվականին՝ որպես Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն[4]։ Սակայն կան նաև փաստեր այն մասին, որ Գորիսը որպես քաղաք հիմնադրվել է ավելի ուշ 1890–ական թվականների կեսերին։ Այդ փաստն առաջ է բերում պատմաբան Լեոն այն ժամանակ, երբ այցելել էր Գորիս[5]։ Նա Գորիս էր այցելել 1888 թվականին և գրում է, որ այդ թվականին դեռևս Գորիսում կային ընդամենը մի քանի տասնյակ տներ, և այդ պատճառով նա չէր ցանկանում Գորիսին անվանել քաղաք, սակայն նրան շատ էր գերել Գորիսի փողոցների դասավորությունը։ Քաղաքն ունի մոտ 20 հազար բնակչություն (2015) և գտնվում է 1370 մ բարձրության վրա։ Ունի 24 գյուղ։
Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը՝ քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք։ Ներկայիս բուն քաղաքի տեղում մինչև 1870-ական թվականները եղել է անբնակ տարածք։ Արևելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։
Նախկին անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում քաղաքն անվանվել է Գերյուսի, Գուրիայա, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կուրիս, Ձագեձոր, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս։
Գորիս անվան տարբեր բացատրություններ կան։ Ենթադրվում է, որ տեղանվան հիմքը կազմում են հնդեվրոպական նախալեզվի գուոռ-«ժայռ» և էս-«լինել» բառերը, այսինքն Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղ։ Քաղաքի տեղում բնակավայր եղել է հնագույն ժամանակներից, թերևս մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում։ Գորիս անվան հնագույն հիշատակումը գալիս է ուրարտական ժամանակաշրջանից։ Ռուսա Ա թագավորը մ.թ.ա. 8-րդ դարում թողել է սեպագիր արձանագրություն, ուր իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գուրիայա երկիրը։ Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է։ Գորիսում գտնվել է նաև Արտաշես Ա թագավորի (մ.թ.ա. 189-160) արամեերեն արձանագրության սահմանաքար։ Այն գտել է ՏաթևՀէկի աշխատակից Արշակ Հովհաննիսյանը 1964 թվականին՝ Եռաբլրի սարահարթում։ Բնակավայրը գոյություն է ունեցել նաև միջին դարերում և գտնվել է ներկայիս Գորիսի արևելյան մասում՝ համանուն գետի ձախ ափին, կոչվում էր հին Գորիս և համապատասխանում է Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակած (18-րդ դար) Գորու և Գորայք գյուղերից մեկին։ Քաղաքի անվան ներկայիս գրելաձևն առաջին անգամ հանդիպել է 1624 թվականին՝ Բարսեղ Երեցի կողմից գրված մի ձեռագրում, որտեղ նշվում է Յոլունցների մասին՝ թե ինչպես թուրքերին թույլ չէին տալիս բնակություն հաստատել։ Դա մեծ հոգեբանական նշանակություն ունեցավ գորիսեցիների կյանքում՝ նույնիսկ խորհրդային իշխանություների ժամանակ ոչ մի ադրբեջանցի Գորիսում և նրա հարակից գյուղերում բնակություն չհաստատեցին։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն լեռնային է՝ մեղմ ձյունապատ ձմեռներով, տաք ամառներով։ Արևափայլքի տարեկան տևողությունը ավելի քան 2100 ժամ է, անարև օրերի թիվը՝ 59։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ -7, 7 °C, հուլիսին՝ 22 °C։ Տարեկան տեղումների քանակը հասնում է 700 մմ։
Գորիսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին օրական °C (°F) | −7.7 (18.1) |
−5.5 (22.1) |
−2.5 (27.5) |
6.4 (43.5) |
11.7 (53.1) |
21.2 (70.2) |
23.2 (73.8) |
25.3 (77.5) |
18.0 (64.4) |
9.3 (48.7) |
3.7 (38.7) |
−2.3 (27.9) |
5.4 (41.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 31 (1.22) |
36 (1.42) |
30 (1.18) |
38 (1.5) |
76 (2.99) |
58 (2.28) |
46 (1.81) |
38 (1.5) |
47 (1.85) |
38 (1.5) |
27 (1.06) |
24 (0.94) |
524 (20.63) |
աղբյուր: plusninety.ru[6] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակագրական տեսակետից քաղաք կարելի է ասել Նոր Գորիս, որովհետև Հին Գորիսը, կամ ինչպես ասում են՝ Կյորեսը գտնվում է ավելի բարձր, չորս կիլոմետր հեռու։ Նախատեսվում է պահպանել այդ ժայռափոր բնակավայրը, որը ոչ միայն պատմական հնավայր է, այլ կարևոր է նաև զբոսաշրջիկներին սպասարկելու տեսակետից։ Գորիսի շրջակայքը լի է արտասովոր աշտարակներով, ամրոցներով, բուրգերով, քարանձավներով, անդրջրհեղեղյան քարակերտ հրաշալիքներով։
Գորիսը բնակավայր է եղել հնագույն ժամանակներից, թերևս մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում։ 1980-ական թվականների սկզբին այստեղ իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են բարձրարժեք բրոնզյա իրեր՝ կանացի զարդեղեն, դաշույն, տեգ, հմայիլներ, ամանեղեն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պատկանում են մ.թ.ա. 3-2-րդ դարերին, ունեն տեղական ծագում և խոսում են տեղաբնակների բարձր մշակույթի և կենցաղի մասին։ Հին ժայռապատկերներ են գտնվել Իշխանասարի փեշերին, որոնց թիվն անցնում է 1500-ից՝ հիմնականում մարդու և ընտանի կենդանիների պատկերներով և վերաբերում են մ.թ.ա. 5-2 հազարամյակներին։ 2000 տարի առաջ, Հայկական թագավորության մեջ՝ Սյունիք նահանգում, Գորիսը ունեցել է տվյալ ժամանակների կարևորագույն բնակավայր-քաղաքներին բնորոշ հասարակական զարգացած ենթակառույցներ։
Նոր շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս Միջին դարերում Գորիսը կարևոր հանգույց էր Նախիջևանից Զանգեզուրով դեպի Արցախ ու մերձկասպյան տափաստանները ձգվող բանուկ այն ճանապարհի վրա, որով տեղափոխվում էր Նախիջևանի աղը։ Ըստ 7-րդ դարի պատմիչ Աբրահամ Կրետացու՝ Գորիսից մեծ քանակի մետաքս են արտահանել Մեծ Մետաքսի Ճանապարհով դեպի Եվրոպա՝ քանի որ Մեծ մետաքսի ճանապարհի երթուղիներից մեկը անմիջականորեն անցել է Գորիսի մոտ գտնվող պատմական ճանապարհով։ Պահպանվել է քարերի մեջ եղած քարվանսարան։ 16-րդ դարում Գորիսը մտնում է շահական Պարսկաստանի տիրապետության տակ. սկզբում՝ որպես Ղարաբաղի կուսակալության, ապա՝ Ղարաբաղի խանության մաս։
Գորիսը 19-րդ դարի սկզբին՝ 1813 թվականի հոկտեմբերի 13-ի Գյուլիստանի պայմանագրով, անցնում է ցարական Ռուսաստանի տիրապետության տակ։ 1823 թվականին Գորիսն ուներ 119 ծուխ։
Բնակչությունը ստվարացել է Թուրքմենչայի պայմանագրով (1828 թվական) Պարսկաստանից Արևելյան Հայաստան վերադարձած հայերի հաշվին։ Մինչև 1841 թվականը Գորիսը մտնում էր Տաթևի մահալի մեջ, այնուհետև դարձավ նրա արևելյան հատվածի գյուղերից կազմված Գորիսի գավառամասի կենտրոն։
1868 թվականին վարչական բաժանմամբ Գորիսը դարձավ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի գավառի կենտրոնը և կրում էր Գերուսի անվանումը[7]։
Ձորի սահմանափակ տարածքը խոչընդոտում էր նրա զարգացմանը։ Դեռ 1867 թվականին Խաչատուր Յոլունցն իր որդու՝ Սահակի հետ, քարանձավներից դուրս գալով, առաջին տունը կառուցեց ներկայիս Գորիս քաղաքում, դառնալով նոր Գորիսի հիմնադիրը։ Յոլունցները, որոնք հետագայում դարձան Յոլյաններ Գորիսի առաջին բնակիչները։ 1870 թվականին գետի աջակողմյան հարթավայրում հիմնվեց Գորիս քաղաքը, որը և ստանձնեց Գորիսի վարչական դերը։ Այդպիսով՝ ցարական ժամանակաշրջանում Գորիսը ժամանակակից Հայաստանի տարածքում թվով չորս քաղաքներից մեկն էր (Երևան, Ալեքսանդրապոլ, Նոր Բայազետ, Գորիս)։
19-րդ դարում Գորիսն ուներ շախմատաձև հատակագծով ճարտարապետական յուրովի ոճ, կանոնավոր կառուցված երկհարկանի հասարակական կառույցներ, որտեղ տեղակայված էին բազմաթիվ առևտրային տաղավարներ։ Իսկ ավանդական կարպետագործները, մետաղագործները, գարեջրագործներն իրենց արհեստանոցներով զբաղեցնում էին քաղաքի հասարակական կենտրոնի կառույցների մնացող մասը։ 19-րդ դարում Գորիսն իր հասարակական կյանքի զարգացման բնույթով համարվում է Սյունիք-Արցախի տարածաշրջանի ամենածաղկուն ու զարգացած քաղաքը։
Գորիսի քարայրները, քարանձավներն ու բրգաձև ժայռերը մշտապես գրավել են զբոսաշրջիկների ուշադրությունը, և նրանցից շատերը Գորիսը համարում են գանձ, որն անպայման պետք է ճանաչելի դարձնել և ներկայացնել աշխարհին։
Խորհրդային շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորիսը խորհրդային իշխանության տարիներին ամբողջապես վերափոխվել է, դարձել գեղեցիկ, բարեկարգ քաղաք։ Կառուցվել են առանձնատներ, հասարականան շենքեր, առողջապահական հիմնարկներ, մշակութալուսավորական օջախներ։ Ուներ միջնակարգ դպրոցներ, գյուղատնտեսական տեխնիկում, պետական թատրոն, մշակույթի պալատ, հայրենագիտական թանգարան, գրադարաններ, համալսարան։ Գորիսը դարձել էր նաև ժամանակակից արդյունաբերական կենտրոն։
1930 թվականի սեպտեմբերի 9 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գորիսը դարձավ համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Քաղաքն անմիջականորեն արձագանքելով արցախյան շարժմանը՝ դարձավ նրա հենասյուներից մեկը։ Նշանակալից իրադարձություն էր 1989 թվականին Սյունյաց հոգևոր թեմի վերաբացումը, որի առաջնորդարանը հաստատվեց Գորիսում։ Գորիսում 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում Գորիսի շրջանից մասնակցեցին 9146 զինվորներ, որոնցից զոհվեցին 4144, 2500–ն արժանացան ԽՍՀՄ պետական տարբեր խրախուսանքների ու պարգևների։ Գորիսի շրջանը տվեց 4 ԽՍՀՄ հերոս՝ Ա․ Սարգսյանը, Գ․ Գալստյանը, Ս․ Առաքելյանը և Գ․ Արզումանյանը, և մեկ Փառքի առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի շքանշանների։ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին այստեղ կառուցվել է աղբյուր–հուշարձան։ Այստեղ են ծնվել Ռուբեն Յոլյանը՝ բժիշկ, Ակսել Բակունցը (1899-1937), Համլետ Յոլյանը, Սերո Խանզադյանը, Գուսան Աշոտը, ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ Սևադա Բակունցը։
Ներկայումս Գորիսը ընդգրկվում է Հայաստանի Սյունիքի մարզի կազմում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորիսի ազգաբնակչության փոփոխությունը.[8]
Տարի | 1870 | 1897 | 1976 | 1989 | 2001 | 2011 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1000 | 2400 | 17400 | 23795 | 23261 | 20591 | 20300 |
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորիսի բնակչության փոփոխությունը.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։
Գորիսը մարզի արդյունաբերական կենտրոններից է։ Խոշոր արդյունաբերական ձեռնարկություններից են «Գամմա», «Զանգեզուր», «Գորիսի միկրոշարժիչ» ԲԲԸ-ները, գործում են էներգետիկայի, սննդարդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի մի շարք ձեռնարկություններ։
Հողային և այլ բնական ռեսուրսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հողեր (ընդամենը)՝ 5039 հա, այդ թվում՝
- Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 4035 հա, որից վարելահող՝ 997 հա, խոտհարք՝ 271 հա, արոտ՝ 2119 հա, այլ հողատեսք՝648 հա
- բնակավայրերի հողեր՝ 587 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր՝ 49 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝5 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 58 հա,
- հատուկ նշանակության հողեր՝ 24 հա,
- անտառային հողեր՝ 255 հա, որից անտառածածկ՝ 255 հա
- ջրային հողեր՝ 28 հա
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակսել Բակունցի տուն-թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակսել Բակունցի տուն-թանգարանը բացվել է 1970 թվականին՝ գրողի 90-ամյակին ընդառաջ։ Գորիսի Մաշտոցի փողոցի վրա գտնվող տուն-թանգարանի բազմահազար այցելուներ ծանոթանում են արձակագիր՝ Ակսել Բակունցի բազմաբեղուն կյանքին, նրա գրական գործունեությանը։ Ա. Բակունցի հուշարձանը դրված է գրողի անունը կրող հրապարակում։
Գորիսի պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորիսի պատկերասրահը ստեղծվել է 2001 թվականին քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Այստեղ ներկայացված են ինչպես արտասահմանյան, այնպես էլ սփյուռքահայ հեղինակների գործեր։
Գորիսի երկրագիտական թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորիսի երկրագիտական թանգարանը բացվել է 1948 թվականին։ Թանգարանում ցուցադրված են 5000 ցուցանմուշներ։ Պեղումների ընթացքում գտած բրոնզե զենքերը, զարդերը, արձանիկներն ու մետաղյա ցուցանմուշները վկայում են տարածաշրջանի մշակութային հարուստ ժառանգության մասին։ Ուշագրավ է հատկապես մ․թ․ա․ 2-րդ հազ․ թվագրվող հնգադեմ կուռքն ու մ․թ․ա 7-րդ դարի բրոնզե առյուծի արձանիկը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հին Գորիսը
- Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
- «Յոթնաղբյուր» հուշարձանը
- Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
- Հուշարձան «Զանգեր»
- Ակսել Բակունցի տուն-թանգարանը
- Գորիսի պատկերասրահը
- Գորիսի երկրագիտական թանգարանը
- Մանկական գեղագիտական կենտրոնի Գորիսի մասնաճյուղը
- Կիսանդրի՝ Զորավար Անդրանիկի
- Մշակույթի կենտրոնը
- Կիսանդրի՝ Ակսել Բակունցի
- Կիսանդրի՝ Գուսան Աշոտի
- Գրիգոր Տաթևացու անվան հրապարակ
- Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1904 թվականին Գորիսում կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Քիչ արևելքում՝ Գորիս գետի ձախ ափին, գտնվում է 18-րդ դարի «Հին Գորիս» գյուղը։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակութային հաստատություններից են դրամատիկական թատրոնը, երկրագիտական թանգարանը, Ակսել Բակունցի տուն-թանգարանը, գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը։ Ունի 2 մարզադպրոց, մարզադաշտ, 2 կինոթատրոն։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորիսը Սյունիքի մարզի խոշոր կրթական ու մշակութային կենտրոններից է։ Գորիսում գործում են 7 հանրակրթական դպրոց, 4 բուհ, որից երկուսը պետական, 2 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, նախադպրոցական 7 հիմնարկ, 2 երաժշտական և մեկ արվեստի դպրոց։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորիսի առողջապահական հաստատություններն են՝ «Գորիսի Ռ. Յոլյանի անվան հիվանդանոց», «Գորիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա», «Գորիսի Ս.Ամիրյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ները, Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանը, «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ի մասնաճյուղը։ Գորիս քաղաքում գործում է 30-ից ավելի հասարակական-քաղաքական կազմակերպություն։
ԶԼՄ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորիսում հրատարակվում են «Զանգեզուր» և «Մշակ» թերթերը, «Համայնք» ամսագիրը, ունի հեռուստատեսության (Լաստ), Երիտասարդ լրագրողների Շառավիղ ակումբը, լրատվական կենտրոն, մամուլի ակումբ[9]։
Հայտնի գորիսեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակսել Բակունց — խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես
- Սերո Խանզադյան — գրող
- Յուրի Բախշյան — Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ
- Գուսան Աշոտ — հայ գուսան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
- Ռուբեն Յոլյան — վիրաբույժ, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
- Կոնստանտին Օրբելյան — խորհրդային դաշնակահար, դիրիժոր, երգահան
- Գրիգոր Տաթևացի — Հայ Առաքելական Եկեղեցու մեծահռչակ վարդապետ
- Ստեփանոս Օրբելյան — պատմագիր, աստվածաբան, բանաստեղծ, կրոնական և քաղաքական գործիչ, արքեպիսկոպոս
Քաղաքապետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամվել Հարությունյան (1992 - 1994)[10]
- Սուրեն Խաչատրյան (Լիսկա) (1996 - 1999)
- Նելսոն Ոսկանյան (1999 - 2014)
- Վաչագան Ադունց (2014 - 2017)
- Առուշ Առուշանան (2017 - )
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սյունյաց թեմի առաջնորդարան
-
1880-1895 թթ․
-
Գորիսի մերձակայքը 1960-ականներին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
- ↑ «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 թ․ օգոստոս-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ «Գորիս (Բնակչության թիվը՝ 29320)».
- ↑ Ավետիսյան, Կամսար (1979). Հայրենագիտական էտյուդներ. Երևան: «Սովետական գրող» հրատարակչություն. էջեր 143–146.
- ↑ «armeniaguide: Goris, Armenia». plusninety. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 855
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 80» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիս-ին.
- ↑ Գորիսի մամուլի ակումբ
- ↑ «Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի նախընտրական շտաբի քարոզխոսքը նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրության կապակցությամբ | Սյունյաց երկիր». syuniacyerkir.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորիս» հոդվածին։ |
|
|
|