Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Գորիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Գորիս, Սյունիքի մարզ, ՀՀ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՍյունյաց թեմ
Օծման թվական1903
Հիմնական ամսաթվերը1903
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1903
Քարտեզ
Քարտեզ
 St. Grigor Lusavorich Church, Goris Վիքիպահեստում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի կենտրոնական հրապարակից 200 կմ հարավ-արևելք։ Կառուցվել է 1897-1904 թվականներին։ Ընդգրկված է Գորիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին Գորիսի Մելիք-Հյուսեինյան իշխանական տոհմի ներկայացուցիչները նախաձեռնում են Գորիս քաղաքում հայկական եկեղեցու կառուցումը՝ Վարարակն գետի ձախ ափին տարածվող Հին Գորիս գյուղի եկեղեցուց օգտվելու անհարմարության, ինչպես նաև քաղաքում գործող ռուսական եկեղեցու առկայության պատճառով։ Դրամական միջոցների հանգանակությանը մասնակցել է ողջ քաղաքը։ Ըստ բանավոր վկայությունների՝ եկեղեցու կառուցումը ղեկավարել է իտալահայ ճարտարապետ։ Եկեղեցին 1903 թվականին օծվել է Խրիմյան Հայրիկի կողմից, բացվել է 1904 թվականին, սակայն գմբեթ և խորան չի ունեցել։ 1920 թվականին եկեղեցում կատարվել է Գարեգին Նժդեհի և Արուսյակ Մինասյանի պսակադրությունը։ 1921 թ. փետրվարին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել նաև Գարեգին Նժդեհի սպարապետ օծվելու հանդիսավոր արարողությունը։

Եկեղեցին գործել է մինչև 1926 թվականը։ Փակվելուց հետո, օգտագործվել է որպես հացամթերման պահեստ, մինչև 1988 թվականը եղել է երկրագիտական թանգարան։ Վերաբացվել է 1989 թվականի դեկտեմբերին։

Եկեղեցու կառուցման հաջորդ փուլն իրականացվել է 1984-1997 թվականներին, երբ կառուցվել են նաև գմբեթն ու սուրբ խորանը՝ ճարտարապետ Սևադա Զաքարյանի նախագծով։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Եկեղեցին ուղանկյուն հատակագծով կենտրոնագմբեթ կառույց է, շարված է 25 x 25 չափի սրբատաշ, միանման ելուստներով իրար ագուցված որձաքարից, կարանները լցված են կրաշաղախով։ Եկեղեցին աչքի է ընկել իր եզակի շարվածքով։ Ունեցել է երեք մուտք՝ հյուսիսային, հարավային և արևմտյան։ Վերջին շինարարական աշխատանքների ժամանակ հյուսիսային և հարավային մուտքերը փակվել են։ Պատերից յուրաքանչյուրի վրա կան երեքական լուսամուտներ։ Մուտքերի բացվածքներն ու լուսամուտները եզերված են գորշավուն սրբատաշ բազալտով։

Եկեղեցու հյուսիսային պատի վրա ագուցված արձանագրության մեջ թվարկված են հին ու նոր կառուցող վարպետների և երկրորդ փուլի աշխատանքների բարերարների անունները։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց գմբեթի եկեղեցին ունեցել է 12 մետր բարձրություն, գմբեթը կառուցելուց հետո՝ 25 մ 70 սմ, խաչի հետ՝ 28 մետր։ Խաչը արևելահայաց բրոնզապատ մետաղ է, Սևադա Զաքարյանի գծագրով պատրաստել է գորիսեցի մետաղագործ Ռազմիկ Դոլունցը։ Վարպետներ Վլադիմիր Սարգսյանը, Արամայիս Ճատունցը, Միհրան Թևոսյանը, Արշակ Առաքելյանը, Սուրիկ Թելունցը, Ալբերտ Սահակյանը, Գարուն Իսախանյանը և Գարուն Քաթանյանը կառուցել են սուրբ սեղանը, թմբուկը և վեղարը[2]։

Սյունյաց թեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ է գտնվում Հայ Առաքելայան եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդարանը։ Առաջնորդարանի շենքը կառուցվել է XIX դարավերջին. եկեղեցու շինարարության ավարտական փուլում այն նույնպես վերանորոգվել է։ Եկեղեցու բակում կան X-XVIII դդ. թվագրվող խաչքարեր ու տապանաքարեր, հյուսիսային կողմում, ճարտարապետ Սևադա Զաքարյանի նախագծով, 2005 թվականին տեղադրվել է հուշարձան՝ նվիրված հայրենիքի համար զոհված հայորդիներին[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հախվերդյան Սերգեյ, Գորիսի ամփոփ պատմություն, Երևան, 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գորիսի հայոց եկեղեցի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
  2. Գորիսի սրբավայրերը
  3. «Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ՀՀ մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Գորիս)» հոդվածին։