Ավարտել է Մադրասի համալսարանը (1930)։ 1933 թ. փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Քեմբրիջի համալսարանում, որտեղ և աշխատել է մինչև 1936 թ.։ 1936 թ. տեղափոխվել է ԱՄՆ (1953 թ. ընդունել է ամերիկյան հպատակություն) և 1937 թվականից աշխատել Ցերքի աստղադիտարանում ու դասավանդել Չիկագոյի համալսարանում (1942 թվականից՝ պրոֆեսոր)։ Լոնդոնի թագավորական ընկերության (1944), Գիտությունների և արվեստների ամերիկյան ակադեմիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։
Աշխատանքները վերաբերում են աստղերի կառուցվածքին, մթնոլորտին ու դրանց դինամիկային, մաթեմատիկական ֆիզիկային։ Զարգացրել է սպիտակ թզուկների տեսությունը, որը կանխատեսում է դրանց զանգվածների սահմանի գոյությունը և տալիս աստղի զանգվածի ու շառավղի ունիվերսալ առնչությունը, վերջինս որոշում է աստղերի էվոլյուցիայի վերջնական փուլերը։ Հետազոտել է աստղային համակարգերի դինամիկան, ճառագայթային էներգիայի փոխանցումը աստղերի հարթ-զուգահեռ մթնոլորտներում։ Դիտարկել է հիդրոդինամիկական և հիդրոմագնիսական կայունության խնդիրները հարաբերականության ընդհանուր տեսության շրջանակներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 668)։