Ալեքսանդր Ֆրիդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ֆրիդման
ռուս.՝ Александр Александрович Фридман
Ծնվել էհունիսի 16, 1888(1888-06-16)[1]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էսեպտեմբերի 16, 1925(1925-09-16)[2][1][3][…] (37 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
բնական մահով
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, օդերևութաբան և գիտնական
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան, Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ, Պերմի պետական համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան[1], Ա. Ի. Վոեկովի անվան գլխավոր երկրաֆիզիկական աստղադիտարան[1] և Պետական օպտիկական ինստիտուտ
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա, Երկրաֆիզիկա[5], dynamic meteorology?, տիեզերագիտություն, մաթեմատիկա[5], Մաքուր մաթեմատիկա, աերոլոգիա, աերոդինամիկա և ֆիզիկա[5]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր, դեկան, պրոռեկտոր, գլխավոր խմբագիր և տնօրեն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի երկրորդ գիմնազիա և Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1910)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[5] և գերմաներեն
Գիտական ղեկավարՎլադիմիր Ստեկլով[6], Պաուլ Էրենֆեստ և Անդրեյ Մարկով[6]
Եղել է գիտական ղեկավարԳեորգի Գամով, Նիկոլայ Կոչին[6] և Georgii Abramovich Grinberg?[6]
Հայտնի աշակերտներՎլադիմիր Ֆոկ, Նիկոլայ Կոչին, Իլյա Կիբել և Գեորգի Գամով
Պարգևներ
Սուրբ Գեորգիի շքանշան Order of Saint Vladimir 4th class with swords and bow Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան 4-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ և Ոսկե զենք «Քաջության համար»
ՀայրԱլեքսանդր Ֆրիդման
ՄայրLudmila Ignatievna Friedmann?
Ստորագրություն
Изображение автографа
 Alexander Friedmann Վիքիպահեստում

Ալեքսանդր Ֆրիդման (ռուս.՝ Алекса́ндр Алекса́ндрович Фри́дман, հունիսի 16, 1888(1888-06-16)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 16, 1925(1925-09-16)[2][1][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][7]), ռուս մաթեմատիկոս, ֆիզիկոս, երկրաֆիզիկոս, տիեզերքի ընդարձակման տեսության հիմնադիրը՝ առավելապես հայտնի այդ ընդարձակումը նկարագրող Ֆրիդմանի հավասարումներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1888 թվականի հունիսի 16-ին Սանկտ-Պետերբուրգում, Սանկտ-Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, կոմպոզիտոր Ալեքսանդր Ֆրիդմանի (1866-1909) և դաշնամուրի ուսուցիչ Լյուդմիլա Ֆրիդմանի (ծնյալ Վոյաչեկ, 1869-1953) ընտանիքում։ Մայրական գծով պապը՝ Իգնատիոս Վոյաչեկը (1825-1916), Մարինյան թատրոնի երգեհոնահար ու դիրիժոր էր[8]։ 1897 թվականին, երբ ապագա գիտնականը 9 տարեկան էր, ծնողները բաժանվում են և հետագա դաստիարակությունը Ֆրիդմանը ստանում է հոր նոր ընտանիքում, ինչպես նաև պապի՝ նահանգային քարտուղար Ալեքսանդր Իվանովիչ Ֆրիդմանի (1839-1910) ու հորաքրոջ՝ դաշնակահար Մարիա Ալեքսանդրովնա Ֆրիդմանի մոտ (մոր հետ հարաբերությունները Ֆրիդմանը վերականգնում է մահից ոչ շատ առաջ)[9]։

Սովորել է Սանկտ-Պետերբուրգի երկրորդ գիմնազիայում[10]։ Այդ և ուսանողական տարիներին հրապուրվել է աստղագիտությամբ։ 1905 թվականի հեղափոխության ժամանակ մասնակցել է քաղաքական գործունեությանը, եղել է Պետերբուրգի միջին դպրոցների սոցիալ-դեմոկրատական կազմակերպության կենտրոնական կոմիտեի անդամ, թռուցիկներ է տպագրել հեկտոգրաֆով[7]։ Ֆրիդմանի համադասարանցին (գիմնազիայում, հետագայում՝ համալսարանում և ասպիրանտուրայում) և ընկերը Յակով Դավիդովիչ Տամարկինն էր՝ ապագայում հայտնի մաթեմատիկոս, Ամերիկյան մաթեմատիկական ընկերության փոխնախագահը[7]։ 1905 թվականի հոկտեմբերին Ֆրիդմանը Յակով Տամարկինի հետ իր առաջին մաթեմատիկական աշխատանքը[11] ուղարկել է Գերմանիայի առաջատար գիտական ամսագրերից մեկին՝ Mathematische Annalen-ին։ Բեռնուլիի թվերին նվիրված այդ հոդվածը հրապարակվել է 1906 թվականին։ Նրանցից մի դասարան բարձր սովորում էր Վլադիմիր Իվանովիչ Սմիռնովը՝ ապագայում նույնպես մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի անդամ, «Բարձրագույն մաթեմատիկայի դասընթաց» հայտնի հնգհատորյակի հեղինակը[7]։

Ոսկե մեդալով ավարտելով գիմնազիան՝ Ֆրիդմանը 1906 թվականին ընդունվում է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկական բաժին, որն ավարտում է 1910 թվականին։ Պրոֆեսորական կոչումին պատրաստվելու համար մնում է պրոֆեսոր Վլադիմիր Անդրեևիչ Ստեկալովի մոտ՝ զուտ և կիրառական մաթեմատիկայի ամբիոնում[7]։ Մինչև 1913 թվականի գարունը Ֆրիդմանը զբաղվում է մաթեմատիկայով, ինչպես նաև գործնական պարապմունքներ է ղեկավարում Ինժեներական ճանապարհների և հաղորդակցության ինստիտուտում, դասախոսություններ է կարդում Սանկտ-Պետերբուրգի լեռնային ինստիտուտում։ Դեռ ուսանողությունից Ֆրիդմանը և Տամարկինը կանոնավոր հաճախում էին նոր տեսական ֆիզիկայի խմբակի պարապմունքներին, որոնք 1908 թվականին կազմակերպեց Գերմանիայից ոչ վաղ անցյալում եկած Պավել Էռենֆեստը, որին Ֆրիդմանը համարում էր իր ուսուցիչներից մեկը[7]։

1913 թվականին աշխատանքի է ընդունվում Պավլովսկի (Սանկտ-Պետերբուրգի մոտ) օդաբանական ինստիտուտում ֆիզիկոսի պաշտոնում, որտեղ սկսում է զբաղվել աերոլոգիայով։ Գլխավոր ֆիզիկական դիտարանի տնօրեն Բորիս Բորիսովիչ Գոլիցինը ուշադրություն դարձրեց Ֆրիդմանի բացառիկ ընդունակություններին և նրան առաջարկեց անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերել դինամիկ օդերևութաբանության բնագավառում (այժմ այդ գիտության այդ ճյուղը կոչվում է գեոֆիզիկական հիդրոդինամիկա)։ Այս նպատակով 1914 թվականի գարնանը Ֆրիդմանը գործուղման մեկնեց Լայպցիգ, որտեղ այդ ժամանակ ապրում և աշխատում էր նորվեգացի հայտնի օդերևութաբան Վիլհելմ Ֆրիման Կորեն Բյորկնեսը (1862-1951)՝ մթնոլորտում ճակատների տեսության հիմնադիրը։ Նույն թվականի ամռանը Ֆրիդմանը թռնում է դիրիժաբլներով՝ մասնակցելով 1914 թվականի օգոստոսի Արեգակի խավարման դիտարկումների նախապատրաստմանը[12]։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Ֆրիդմանը որպես կամավոր ընդունվեց ավիացիոն ջոկատում։ 1914-1917 թվականներին մասնակցել է աերոնավիգացիոն և աերոլոգիական ծառայություններում Հյուսիսային և այլ ճակատներում, եղել է օդաչու-փորձարկու, մասնակցել է ռազմական թռիչքներին, ռմբակոծել է Պշեմիսլը, ավիահետախուզություն է արել։ Գեորգիևյան խաչի ասպետ է, պարգևատրվել է ոսկե զենքով և սուրբ Վլադիմիրի շքանշանով։ Թիրախային ռմբանետումների աղյուսակ է պատրաստել և ստուգել է այն մարտում[7]։

Պրապորշչիկ Ֆրիդմանի՝ Կիևի զինվորական դպրոցի օդաչու-դիտորդների ուսուցչի դիմանկարը, օգոստոս, 1916

1916-1917 թվականներին պրապորշչիկ Ֆրիդմանը գտնվել է Կիևում, դասավանդել է օդաչու-դիտորդների զինվորական դպրոցում՝ աերոնավիգացիայի և աերոնավիգացիոն սարքերի դասընթաց է անցկացրել, ինչպես նաև տնօրինել է Կենտրոնական աերոնավիգացիոն կայանը։ Օդերևութաբանական ծառայություն է կազմակերպել ճակատում և ավիանավիգացիոն սարքերի վերանորոգում գործող բանակի զորամասերում։ Լվովի և Կիևի ավիացիոն ճակատում Ֆրիդմանի հրամանատարության տակ ծառայել է ապագայում հայտնի աստղագետ Էմանուել Պալենը[7]։

Կիևում Ֆրիդմանը մի քանի փորձնական դասախոսություններ է կարդացել Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանում, որն անհրաժեշտ էր պրիվատ-դոցենտի աստիճան ստանալու համար, ինչպես նաև մասնակցել է Կիևի ֆիզիկա-մաթեմատիկական ընկերության գործունեությանը՝ դառնալով նրա իսկական անդամ[7]։

Ֆրիդմանն առաջինն է Ռուսաստանում հասկացել հայրենական ավիասարքավորումների ստեղծման անհրաժեշտությունը։ Պատերազմի ու քայքայման տարիներին կյանքի է կոչել այդ գաղափարը՝ դառնալով Մոսկվայում «Ավիասարք» (ռուս.՝ «Авиаприбор») գործարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը (1917 թվականի հունիս)[7][13]։

1918 թվականի ապրիլից 1920 թվականը ոչ վաղ կազմավորված Պերմի պետական համալսարանի մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր է եղել[7]։

1919 թվականի օգոստոսի 15-ից սեպտեմբերի 30-ը Պերմի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկանն էր[14]։ 1920 թվականին ֆակուլտետում երեք բաժանմունք ու երկու հաստատություն է ստեղծել (երկրաֆիզիկական և մեխանիկական)[7]։

1919 թվականի հուլիսից 1920 թվականի մայիսը դեկանի պարտականությունների հետ միաժամանակ Պերմի համալսարանի պրոռեկտորն էր գյուղտնտեսության գծով[15][16]։

1918 թվականի հունիսին Ֆրիդմանը դառնում է Պերմի ֆիզիկա-մաթեմատիկական ընկերության (որի կազմում 60 հոգի կար) առաջին կազմակերպիչներից մեկը, դառնում է դրա քարտուղարն ու կարգավորում է ընկերության աշխատանքների հրատարակումը։ 1919 թվականի գարնանից օգոստոսի կեսերը գործուղվում է Եկատերինբուրգի մագնիսական և օդերևութաբանական դիտարան[7]։

1920 թվականի մայիսին վերադարձել է Պետրոգրադ։ 1920 թվականի հունիսի 12-ին դարձել է համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ամբիոնի դասախոս, աշխատել է Վոեյկովի անվան գլխավոր երկրաֆիզիկական դիտարանում՝ իր նախաձեռնությամբ ստեղծված մաթեմատիկական բյուրոյում, միաժամանակ որպես կիրառական աերոդինամիկայի ամբիոնի պրոֆեսոր դասավանդել է Հաղորդակցության ինժեներական ճանապարհների ինստիտուտի օդային հաղորդակցության նորաբաց ֆակուլտետում։ 1920 թվականի օգոստոսի 2-ին ընտրվել է Պետրոգրադի պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկա-մեխանիկական ֆակուլտետի տեսական մեխանիկայի պրոֆեսոր։ Բացի այդ, Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայի պետ Ալեքսեյ Կռիլովը Ֆրիդմանին ներգրավում է ակադեմիայի մեխանիկայի ֆակուլտետում՝ որպես ադյուտանտ դասավանդելու համար։ Ֆրիդմանը նաև աշխատում է Պետական օպտիկական ինստիտուտի ատոմային հանձնաժողովում, որտեղ հաշվարկում է բազմաէլեկտրոնային ատոմների մոդելները և հետազոտություններ է անցկացնում ադիաբատ ինվարիանտների վերաբերյալ[7]։

1923 թվականից «Երկրաֆիզիկայի և օդերևութաբանության ամսագրի» (ռուս.՝ Журнала геофизики и метеорологии ) գլխավոր խմբագիրն էր։ 1923 թվականի հուլիսից օգոստոսը Ֆրիդմանն արտասահմանյան գործուղման մեջ է եղել Գերմանիայում ու Նորվեգիայում։ 1924 թվականի ապրիլ-մայիսին ևս մի ուղևորություն է կատարում Հոլանդիա և Գերմանիա[7]։

1925 թվականի փետրվարի 5-ին՝ մահից ոչ շատ առաջ, նշանակվում է Գլխավոր երկրաֆիզիկական դիտարանի տնօրեն։

1925 թվականի հուլիս-օգոստոսին երիտասարդ կնոջ հետ հարսանեկան ճամփորդության ժամանակ Ֆրիդմանը վարակվում է տիֆով։ Մահանում է Լենինգրադում 1925 թվականի սեպտեմբերի 16-ին, սխալ անցկացված բուժումների արդյունքում, չախտորոշված որովայնային տիֆից[17]։ Իր՝ Ֆրիդմանի ենթադրությամբ հավանորեն վարակվել էր տիֆով Ղրիմից Լենինգրադ ճանապարհին երկաթուղային կայաններից մեկում գնած անլվա տանձ ուտելու հետևանքով[7]։ Թաղված է Սմոլենսկի ուղղափառ գերեզմանոցում։ Ըստ որոշ պատմաբանների՝ 1931 թվականին Ֆրիդմանին հետմահու Լենինյան մրցանակ է տրվել[18][19], սակայն դրա հավաստիությունը վիճարկելի է[20]։

Գիտական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդմանի հիմնական աշխատանքները նվիրված են դինամիկ օդերևութաբանության խնդիրներին (մթնոլորտային մրրիկների և քամու սրընթացության տեսությանը, մթնոլորտում անընդհատության խզումների տեսությանը, մթնոլորտային տուրբուլենտությանը), սեղմվող հեղուկների հիդրոդինամիկային, մթնոլորտի ֆիզիկային ու ռելյատիվիստական կոսմոլոգիային։ 1925 թվականի հուլիսին գիտական նպատակներով թռիչք է իրականացրել աերոստատով օդաչու Պավել Ֆեդոսեենկոյի հետ՝ այդ ժամանակներում ԽՍՀՄ-ի համար ռեկորդային 7400 մ բարձրության հասնելով։ Ֆրիդմանը առաջիններից մեկն է յուրացրել Ալբերտ Այնշտայնի գրավիտացիայի տեսության մաթեմատիկական ապարատը և համալսարանում սկսել է թենզորական հաշվի դասընթաց կարդալ որպես հարաբերականության ընդհանուր տեսության դասընթացի ներածություն։ 1923 թվականին լույս է տեսել նրա «Աշխարհը որպես ժամանակ և տարածություն» գիրքը (վերահրատարակվել է 1965 թվականին)՝ լայն հասարակությանը ծանոթացնելով նոր ֆիզիկայի հետ։

Ֆրիդմանը համաշխարհային ճանաչում է ստացել՝ ստեղծելով ոչ ստացիոնար տիեզերքի մոդելը, որտեղ նա կանխատեսում է, մասնավորապես, տիեզերքի ընդարձակումը։ Տիեզերքի ռելյատիվիստական մոդելների հետազոտության ընթացքում 1922-1924 թվականներին նրա ստացած Այնշտայնի հավասարումների ոչ ստացիոնար լուծումը սկիզբ դրեց ոչ ստացիոնար տիեզերքի տեսության զարգացմանը։ Ֆրիդմանը հետազոտել է ոչ ստացիոնար համասեռ իզոտրոպ մոդելները փոշու նյութով լցված (զրո ճնշումով) տարածության սկզբում դրական, այնուհետև բացասական կորություններով։ Դիտարկվող մոդելների ոչ ստացիոնարությունը նկարագրվում է ժամանակից կորության շառավղի և խտության կախվածությամբ, ընդ որում խտությունը չափվում է կորության շառավղի խորանարդին հակադարձ համեմատական։ Ֆրիդմանը պարզել է այդպիսի մոդելների վարքի տիպերը, որոնք թույլատրվում են ձգողության հավասարումներով, ընդ որում Այնշտայնի ստացիոնար տիեզերքի մոդելը դրանց մասնավոր դեպքն է դուրս գալիս։ Այսպիսով Ֆրիդմանը հերքում է կարծիքը, որ հարաբերականության ընդհանուր տեսությունը պահանջում է տարածության վերջավորություն։ Ֆրիդմանի արդյունքները ցույց տվեցին, որ Այնշտայնի հավասարումները չեն հանգում տիեզերքի միակ մոդելին, ինչպիսին էլ որ լինի կոսմոլոգիական հաստատունը։ Համասեռ իզոտրոպ տիեզերքի մոդելից հետևում է, որ նրա ընդարձակման ժամանակ պետք է դիտվի հեռավորությանն ուղիղ համեմատական կարմիր շեղում։ Դա հաստատեց 1929 թվականին Էդվին Հաբլը աստղագիտական դիտումների հիման վրա․ գալակտիկաների սպեկտրալ գծերը շեղված էին դեպի սպեկտրի կարմիր ծայրը։ Այնշտայնը սկզբում կտրուկ չէր ընդունում Ֆրիդմանի տեսությունը, սակայն ավելի ուշ ընդունեց տիեզերքի իր մոդելի սխալականությունը՝ կոսմոլոգիական հաստատունը (այսպես կոչված Λ-անդամը, որը հավասարումներում ներմուծել էր տիեզերքի ստացիոնարությունը պահպանելու համար) անվանելով իր «ամենամեծ գիտական սխալը»։ Հնարավոր է, սակայն, որ Այնշտայնը սխալվում էր հենց իր մոդելի սխալականության մեջ․ ներկայումս համընդհանուր ընդունված ΛCDM կոսմոլոգիական մոդելը ներառում է Այնշտայնի կոսմոլոգիական հաստատունը, չնայած առանց ստացիոնարություն ենթադրելու։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդմանի առաջին կինը (1911 թվականից) Եկատերինա Պետրովնա Ֆրիդմանն էր (ծնյալ Դորոֆեևա)։

Ֆրիդմանի երկրորդ կինը (1923 թվականից) Նատալյա Եվգենևնա Ֆրիդմանն էր (ծնյալ Մալինինա), հետագայում ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Երկրի մագնիսականության, իոնոլորտի և ռադիոալիքների տարածման ինստիտուտի Լենինգրադյան մասնաճյուղի տնօրեն։ Նրանց որդին՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ֆրիդմանը (1925-1983), ծնվել է հոր մահից հետո։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фридман А. А. О кривизне пространства. Z. Phys. 10 (1922), pp. 377–386.
  • Фридман А. А. Опыт гидромеханики сжимаемой жидкости / Под ред., с прим. Н. Е. Кочина, с доп. ст. Б. И. Извекова, И. А. Кибеля, Н. Е. Кочина. — Л.; М.։ ОНТИ Гос. техн.-теорет. изд-во, 1934. — 370 с.
  • Фридман А. А. Мир как пространство и время. Издание второе. — М.։ Наука, 1965.
  • Фридман А. А. Избранные труды(չաշխատող հղում) / Под ред. Л. С. Полака. — М.։ Наука, 1966. Серия։ Классики науки. Разделы сборника։ гидромеханика сжимаемой жидкости; динамическая метеорология и физика атмосферы; релятивистская космология; письма; заметки; биография; библиография.

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Фридман Александр Александрович (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 6,3 Mathematics Genealogy Project — 1997.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 Френкель В. Я. Александр Александрович Фридман: биографический очерк // УФН, 155, 481—516 (1988)
  8. Իգնատիոս Վոյաչեկի ընտանիքը Մորավիայից եկող չեխական ծագում ուներ, որդին (Ֆրիդմանի քեռին), սովետական ակնառու օտոլարինգոլոգ էր, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ, Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի պրոֆեսոր
  9. Френкель В. Я. Александр Александрович Фридман (биографический очерк) Արխիվացված 2013-12-25 Wayback Machine: Мария Александровна Фридман была воспреемницей при рождении своего племянника.
  10. Фридман Александр Александрович (1888—1925) Արխիվացված 2013-04-21 Wayback Machine: Проживал в это время с отцом в доме по набережной Мойки, 35.
  11. Tamarkine [Y. D.], Friedmann [A. A.] Sur les congruences du second degré et les nombres de Bernoulli(ֆր.) // Mathematische Annalen. — Berlin: Teubner, 1906. — Т. 62. — С. 409—412. Архивировано из первоисточника 20 Հոկտեմբերի 2016.
  12. Полубаринова-Кочина П. Я. Памяти А. А. Фридмана // Успехи физических наук, 80 (1963) 345—352.
  13. ««Фазотрон НИИРС. Список руководителей»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  14. Государственный архив Пермского края
  15. Фридман Александр Александрович // Профессора Пермского государственного университета: (1916—2001) / гл. ред.: В. В. Маланин. Пермь: Изд-во Перм. ун-та, 2001. 279 с. С. 124.
  16. Яковлев В. И. К нам приехал А. А. Фридман Արխիվացված 2014-11-11 Wayback Machine // Вестник Пермского университета. Математика. Механика. Информатика. 2013. Вып. 2 (21). 126.
  17. Лойцянский Л. Г. Из моих воспоминаний. Записки профессора-политехника (1998) ISBN 5-88925-044-2
  18. Левшин Б. В. Документы о первых Ленинских премиях // Исторический архив, 1957, № 2, стр. 178—179.
  19. Фридман Александр Александрович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  20. Лауреаты Ленинской премии // Журнал «Физика в школе», 1970, № 1.
  21. Alexander Friedmann Laboratory for Theoretical Physics