Քաղաքի պաշտոնական անունը Քաջարան է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Գեջանան անունով[3]։ Մինչև 1951 թվականի հուլիսի 4-ը կոչվել է Քաջարանց[4]։
Գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջին՝ Ողջի գետի վերնագավառում[5], մարզկենտրոնից 26 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Քաղաքում Ողջի գետին է միախառնվում Ծակքար վտակը։
Տնտեսության հիմնական և առաջատար ճյուղը հանքարդյունաբերությունն է։ Զարգացած են նաև սննդամթերքի և պատրաստի մետաղե պատրաստուկների արտադրությունները։ Քաջարանում է Հայաստանի խոշորագույն հանքարդյունահանող ընկերությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն[7]։