Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցի (Երևան)
Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցի | |
---|---|
![]() Սուրբ Աստվածածին եկեղեցին (Կաթողիկե) | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան, Կենտրոն համայնք, Աբովյան Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
7,5 մետր | |
Երկարություն | 5,4 մետր |
Լայնություն | 7,5 մետր |
Կոորդինատներ: 40°11′3.728400099988″ հս․ լ. 44°31′8.3208000999894″ ավ. ե. / 40.18436900002777179° հս․. լ. 44.518978000027772168° ավ. ե. |
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կաթողիկե), Երևանի հին մատուռ-եկեղեցիներից է։ Գտնվում է Երևանի կենտրոնում՝ ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում։
Բովանդակություն
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթողիկե եկեղեցին եռանավ բազիլիկ էր, կենտրոնական առանցքով, չորս պիլոններով, որոնց վրա երբևէ բարձրացել էր մեծ գմբեթ։ Կառուցված էր տուֆաքարով, կրաշաղախով։ Աղոթասրահի (14,0x19,3 մ) և արտաքին պարագծի (16,4x28,4 մ) չափերով այն թերևս հին Երևանի ամենատարողունակ եկեղեցիներից էր։ Մուտքեր ուներ հարավային և արևմտյան ճակատներից։ Եկեղեցուն կցակառուցվել էր ժամատուն, որի տեղում նույն դարի վերջին բարձրացել է Կաթողիկե եկեղեցին։ Այդ ժամանակ էլ քանդվել հեռացվել է Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան պատի կենտրոնական հատվածը և հին եկեղեցին վեր է ածվել կցակառուցվածի ավագ սեղանի։ Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է բազիլիկի աբսիդի տեղում՝ դա պլանով, դրսից (առանց խորանների), որի բարդ պիլաստրները կապվում են իրար թեթև սլաքանման, բայց աղեղնավոր կամարներով եկեղեցի է։
Կաթողիկե - Սբ Աստվածածինը իրենից ներկայացրել է արտաքուստ ուղղանկյուն հատակագծով շինություն, որը ուներ չորս հաստ սյուներով եռանավ սրահ և արտաքին պատերին նստած երկթեք տանիքով թաղակապ ծածկ, հարավային դռան առջև` գավիթ, որը, ըստ արձանագրության, նորոգվել է 1860 թվականին: Կաթողիկեի հին շինությունն ունեցել է նաև ժամատուն, որը կառուցել է երևանցի բարերար Արզումբեկի որդի Խոջա Գրիգորը: Վերջինս եկեղեցուն նվիրել է ձեռագրեր, թանկարժեք եկեղեցական իրեր: 1652 թվականին գրված ձեռագիր ՙՅասմաւուրի՚-ի հիշատակարանում գրված է.
Եւ շինեաց (Խոջա Գրիգորը) զկաթուղիկէ եկեղեցւոյ ժամատունն ի հիմանց բազում ծախիւք և ետ ընծայս եկեղեցւոյ մեկ յասմաւուր, մեկ ճաշոց, մեկ ոսկետուփ մագաղաթ աւետարան, մեկ ատենի սաղմոս, մեկ զառբաբ շուրջառ իր զգեստովն, մեկ արծաթե բուրվառ, մեկ ջահ, չորս թուջի կանթեղ,…[2]
Կաթողիկեն ներքուստ իրենից ներկայացնում էր չորս սյուներով երեք թաղի բաժանված մեծ սրահ, որոնցից միջինի արևելյան մասում գտնվում էր մեծ խորանը կամ սեղանը: Վերջինս իր ներքին հատակագծով առավել նման էր փոքր գմբեթարդ զանգակատան, որն իր պատերով և գմբեթի մի մասով մխրճված էր եկեղեցու սրահի մեջ, միևնույն ժամանակ տարբերվում էր պատերի շարվածքով: Սեղանի ներքին տեսքը նունպես առանձին կառուցված եկեղեցի էր հիշեցնում` նման 13-14րդ դարի կառույցներին: Պատահական չէ, որ արևելյան խորանը առանձին անունով կոչել են Սբ Աստվածածին: Երվանդ Շահազիզը մեջ բերելով Շարդենի հիշատակությունը Սբ Աստվածածին եկեղեցու մասին գրում է, որ օտարերկրյա ճանապարհորդն այն անվանել է «Կաթովիկ»: Եկեղեցին կործանվել է 1679 թվականին մեծ երկրաշարժից, վերակառուցվել է 1693 թվականին, ինչի մասին վկայում է արևմտյան պատին ագուցված խաչքարի արձանագրությունը`
«Յիշատակ է խաչս Օհանիսի որդի Աղամալին թվ. ՌՃԽԲ /1963/»:[3]
Կաթողիկեի կառուցման տարօրինակ առանձնահատկությունների պարզաբանումը իրականացավ 1936 թվականին, երբ Երևանի նոր հատակագծի և փողոցների բարեկարգման նախագծով որոշվել էր քանդել եկեղեցին: Քանդման աշխատանքներն իրականացվել են հնագետների հսկողության ներքո` Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ: Քանդումների արդյունքում բացվել է 13-րդ դարով թվագրվող կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին, որի հարավային պատի արձանագրությունը վկայում է, որ 1264 թվականին Երևանը հողով ու ջրով գնվել է ոմն Սահմադինի կողմից: Հաշվի առնելով, որ կառույցը Երևանի միջնադարյան պատմության եզակի կանգուն հուշարձաններից է, որոշվում է պահպանել, վերանորոգել եկեղեցին, մաքրել և բարեկարգել շրջապատը /վերականգնող` Հ. Գասպարյան/: Երկար տարիներ մատուռը ծվարել էր ԳԱ Լեզվի ինստիտուտի բակում: 2008 թվականին սկսվել են շինարարական նոր աշխատանքներ, որոնց արդյունքում Լեզվի ինստիտուտի շենքը քանդվել է և գողտրիկ եկեղեցին տեսանելի է բոլոր կողմերից:[4]։
Թվագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու հին կառույցի պատերին եղած արձանագրություններից վաղագույնը թվագրված է 1264 թվականով։ Նույն եկեղեցու արևմտյան ճակատին կան 1284, 1229 և 16-րդ դարով, իսկ հյուսիսային պատին՝ 1609 թվականով թվագրված արձանագրություններ։ Ըստ Աշխարհբեկ Քալանթարի եկեղեցու բազիլիկն ըստ կառույցի տեսակի դասական բազիլիկայի խիստ բնորոշ և կայուն տիպ է և ամենաուշը 7-րդ դարի կառույց էր, իսկ ներկայումս պահպանված Սուրբ Աստվածածին մատուռը, որ շարունակում է կրել Կաթողիկե անունը կառուցվել է 10-րդ դարում[5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
11-15-րդ դարերի ընթացքում Կաթողիկեն և Սուրբ Աստվածածինը կառուցվածքով իրար կապված, բայց իրարից անկախ եկեղեցիներ են եղել։ Մի հանգամանք, որը վկայված է հենց իրեն՝ Կաթողիկեի արձանագրություններում, սրանցից 14-րդ դարի սկզբի 1301-1318 թվականների արձանագրություններում եկեղեցու նվիրատուները ժամատեղացս հոգնակի ձևն են օգտագործում։ 15-րդ դարում բազիլիկան վեր է ածվում մատուռի համար ժամատան, իսկ մատուռը դառնում է նրա համար սեղան՝ բեմ[5] Եկեղեցին կարող էր շատ ավելին պատմել, եթե կարողանար խոսել։[6]։
Կաթողիկե եկեղեցին ունեցել է քահանաների օթևան, որտեղ ապրել են Մովսես Սյունեցին, Մելիքսեթ և Սահակ կաթողիկոսները: Այստեղ է գրվել Առաքել Դավրիժեցու պատմության ընդօրինակումը` երևանցի ձեռագրեր ընդօրինակող գրիչ Ավետիք երեցի կողմից[7]։
21-րդ դարում եկեղեցին գտնվում է Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի անկյունում։ 2009 թվականի հուլիսի 4-ին Կաթողիկե - Սբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կատարվեց Սբ Աննա եկեղեցու և Վեհափառ հայրապետի երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը` Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ: Նրա շուրջ խոյանում է եկեղեցական կառույց։
Կառուցապատման ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կաթողիկե եկեղեցի, 13-րդ դար, գմբեթարդ կառույց` ուղղանկյուն հատակագծով:
- 1642 թվականին կցակառուցվել է եռանավ բազիլիկ տիպի նոր եկեղեցին:
- 1936 թվականին քանդվել է կցակառույց եկեղեցին:
- 1950 թվականին կատարվել են վերականգնման աշխատանքներ:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Monuments database — 2017.
- ↑ Կարո Ղաֆադարյան, Երևան. Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Երևան 1975
- ↑ Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը 1500-1800, Երևան 1971
- ↑ Հայաստանի Ազգային Արխիվ, ֆ. 1063, ֆ. 409, ց. 1
- ↑ 5,0 5,1 Աշխարհբեկ Քալանթար, հայաստան Քարե դարից միջնադար, Երևանի կաթողիկեն, Երևան 2007 (ձեռագիրը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում)
- ↑ https://mediamax.am/am/news/society/9844/
- ↑ Քրիստոնյա Հայաստան,Հանրագիտարան, Երևան 2002
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցի (Երևան) կատեգորիայում։ |