Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i fysik), Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից տրվող ամենամյա մրցանակ։ Ըստ 1885 թվականին հաստատված Ալֆրեդ Նոբելի կտակի՝ տրվող հինգ մրցանակներից մեկը (քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի, գրականության և խաղաղության մրցանակների հետ միասին), որը առաջին անգամ շնորհվել է 1901 թվականին՝ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենին «Ի նշան ուշագրավ ճառագայթների, որոնք հետագայում կոչվեցին իր անունով, հայտնաբերման գործում իր ունեցած բացառիկ ծառայության»։ Այս մրցանակը կառավարվում է Նոբելյան հիմնադրամի կողմից և տրվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին Ստոքհոլմում կազմակերպվող ամենամյա հանդիսավոր արարողության ժամանակ։
Ըստ Ալֆրեդ Նոբելի վերջին կտակի՝ իր կարողությունը պետք օգտագործվեր մրցանակների շարք ստեղծելու համար, որոնք պետք է տրվեն ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, ֆիզիոլոգիայի և խաղաղարարության բնագավառներում «մարդկությանը ամենամեծ օգուտ» տվածներին[2]։ Նոբելը իր կյանքի ընթացքում գրել է մի քանի կտակ, սակայն վերջինը նա գրել է իր մահից գրեթե մեկ տարի առաջ և ստորագրել 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում գտնվող Շվեդ-Նորվեգական ակումբում[3][4]։ Նոբելը իր ակտիվների 95%-ը, շուրջ 31 միլիոն Շվեդական կրոնա, հատկացրել է հինգ Նոբելյան մրցանակների ստեղծման համար[5]։