Ստեփանավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփանավան (այլ կիրառումներ)
Քաղաք
Ստեփանավան
Զինանշան

Ստեփանավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Հիմնադրված է1810 թ.
Առաջին հիշատակում978
Այլ անվանումներմինչև 1923Ջալալօղլի
Տվյալ կարգավիճակում1938 թվականից
Մակերես14 կմ²
ԲԾՄ1 400 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն12 800[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Տեղաբնականունստեփանավանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (256)
Փոստային դասիչ1901-1905
Ավտոմոբիլային կոդ37
Ստեփանավանը
Պաշտոնական կայքstepanavan.am
Ստեփանավան (Հայաստան)##
Ստեփանավան (Հայաստան)

Ստեփանավան (նախկինում՝ Ջալալ-օղլի), քաղաք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Անվանվել է Ստեփան Շահումյանի անունով։

Աշխարհագրություն

Քաղաքը գտնվում է Ձորագետի հովտում, գետին հարակից հարթավայրի վրա, Բազումի լեռնաշղթայից հյուսիս։ Հեռավորությունը Երևանից 144 կմ է, Վանաձորից՝ 30 կմ։ Ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։

Կլիմա

Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա։ Միջին ջերմաստիճանը հունվարին -4,2 °C է, հունիսին՝ +16,7 °C, տեղումների տարեկան միջին քանակը՝ 683 մմ։ Ձմեռները ձյունառատ են։ Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ։ Քաղաքն իր բնակլիմայական պայմանների շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը։

Ստ. Շահումյանը Ստեփանավան քաղաքի կլիման և բնությունը համեմատել է Շվեյցարիայի բնության և կլիմայի հետ[2]։

Պատմություն

Ստեփանավան քաղաքը դարերի պատմություն ունի։ Դեռևս մ. թ.ա. 2-րդից 1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ. 1-ից 4-րդ դարերում եղել է Արշակունյաց թագավորության կազմում։ 385 թ.-ին Մեծ Հայքի բաժանումից հետո Տաշիր գավառի մեջ մնացել է հայկական մարզպանության կազմում։ 10-րդ դարում եղել է պատմական Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյանների) թագավորության մայրաքաղաքը՝ Լոռե բերդաքաղաքով։ Դավիթ Անհողինի (989-1048 թթ.) օրոք Կյուրիկյանների թագավորությունը հզորացավ և ընդլայնեց թագավորության տարածքները, իսկ Ստեփանավանի տարածքը “Լոռե” անվանումով կազմեց թագավորության կալվածքի մի մասը։ 1185 թ.-ից սկսած Ստեփանավանն իր շրջակա տարածքներով Լոռու կազմում տրվեց Զաքարյաններին։

Ստեփանավանի նոր հուշարձաններից մեկը

1118-1122 թթ. վրաց թագավոր Դավիթ Շինարարը մաքրեց Լոռին թուրք սելջուկներից և այն միացրեց Վրաստանին։

17-րդ դարի սկզբին Ստեփանավանի տարածք են գաղթում Շահ Աբասի հալածանքներից փախած հայեր և հիմնում են Չեչմանիս բնակատեղին։

1801 թվին Տաշիր գավառի կազմում Ստեփանավանի տարածքը նույնպես կցվել է Ռուսաստանին։ Այդ տարիներին Ցարական Ռուսաստանի Եկատերինա կայսրուհու գահակալության ժամանականերից այս տարածքներ են աքսորվում մեծ թվով սպաներ, նաև կուսանոցների կույսեր, ովքեր ընտանիք կազմելով հիմնում են Սլաբոդկա անունով նոր թաղամասը։ Ներկայումս դրանք Կոմիտաս, Մայակովսկի, Անդրանիկ փողոցներն են, ուր մինչև հիմա էլ կան ռուսական տիպի տներ։ Մայակովսկի փողոցի տներից մեկում էլ բնակվել են ռուս մեծ բանաստեղծ Մայակովսկու ծնողները։

1810 թ. տարածքը հանդես է եկել որպես քաղաք և կրել է Ջալալօղլի (“ջալալի որդի” թուրք.) անվանումը՝ ի պատիվ Արցախի իշխանական Հասան-Ջալալյաններ տոհմի։ Այս մասին է վկայում Ստեփանավանում գտնվող գերեզմանատան հուշաքարը՝ “Ավանս հիմնեց որդին իշխան Դավիթ Հասան-Ջալալյանց՝ 1810”։

Ջալալօղլի քաղաքի հիմնադիրներից և քաղաքը շենացնողներից են նաև Գրիգորյանների, Առաքելյանների, Ջիլավյանների, Մելիքսեթյանների, Սարգսյանների, Դադիվանյանների և այլ առևտրական ընտանիքները։

18-րդ դարում Ջալալօղլին եղել է Լոռու միակ քաղաքը։ Այստեղ գործել է չորսամյա երկսեռ դպրոց, որտեղ 1879-1883 թթ. կրթությունն է ստացել մեծ գրող Հովհաննես Թումանյանը։ 19-րդ դարի վերջին այս դպրոցում է դասավանդել ազգային- ազատագրական շարժման հայտնի գործիչ, դաշնակցական Հովսեփ Արղությանը։

1918 թվի գարնանը Ջալալօղլիում է գտնվում հայկական բանակային կորպուսի դիվիզիան՝ ՀՀ ազգային հերոս, գեներալ-հրամանատար Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ։ Նույն թվականին, երբ Հայաստանի և Վրաստանի միջև տեղի է ունենում զինված բախում, ստեղծվում է Լոռու “Չեզոք գոտին”, որտեղ ընդգրկվում է նաև Ստեփանավանի տարածաշրջանը։ Այս ժամանակաշրջանի հայ ազգային-ազատագրական պայքարն է նկարագրել գրող Խաչիկ Դաշտենցն իր “Ռանչպարների կանչը”գրքի “Բերդ” գլխում։

1921 թ. փետրվարի 11-ին Լոռու "Չեզոք գոտին" վերացվեց, և Ստեփանավանը՝ շրջակա գյուղերով միացվեց Լոռի-Փամբակի գավառին, որը Խորհրդային Հայաստանի 9 գավառներից մեկն էր։

1923 թ. ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի Ջալալօղլին վերանվանվեց Ստեփանավան։

Ստեփանավան քաղաքը զգալի տուժել է 1988Սպիտակի երկրաշարժից։ Հետագա տարիներին քաղաքն սկսեց վերակառուցվել, և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին։

2010 թ. Ստեփանավան քաղաքը նշեց իր 200-ամյակը։

Տեսարժան վայրեր

  • «Լոռի» բերդ-ամրոց։ Գտնվում է քաղաքից 5 կմ հեռավորության վրա, Լոռի բերդ գյուղի մոտակայքում, Միսխանա և Ձորագետ կիրճերի հատման մասում։
  • Սուրբ Սարգիս եկեղեցի, 19-րդ դար, գտնվում է քաղաքի մեջ։
  • Ստեփան Շահումյանի տուն-թանգարան, գտնվում է կենտրոնական հրապարակում։
  • Մայորի ձոր-քարանձավ, 20-րդ դարասկզբի հեղափոխական իրադարձությունների մասին վկայող խորհրդավոր մի վայր, որտեղ Ստեփան Շահումյանը 1899 թ. իր համախոհների հետ անց է կացրել անլեգալ հանդիպումներ։
  • Դենդրոպարկ, հիմնադրել է Էդմոն Լեոնովիչը 1931 թվին։ Գտնվում է Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա։ Սա Հայաստանի բնության ամենաուշագրավ հատվածներից մեկն է։
  • Սբ Գևորգ եկեղեցի, կառուցվել է 5-6-րդ դարերում, 19-րդ դարում վերանորոգվել է։ Գտնվում է Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա՝ Սվերդլով գյուղում։
  • Հնեվանք վանական համալիր, 10-14-րդ դդ., գտնվում է Ձորագետի աջ ափին, Կուրթան գյուղից արևելք։
  • Սբ. Նշան մատուռ, կառուցված 1871 թվին, գտնվում է քաղաքից 2 կմ հեռավորության վրա, Արմանիս տանող ճանապարհին։
  • Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի, կառուցված 1910-1914 թթ, ռուսական եկեղեցի, գտնվում է Ամրակից գյուղում, Ստեփանավանից 3 կմ հեռավորության վրա։

Ստեփանավանի տեսարժան վայրերի ցանկն այսքանով չի ավարտվում։ Սկզբնավորվելով դեռևս մ.թ.ա. 3-րդ դարերից։

Քաղաքում և շրջակա գյուղերում բոլոր ժամանակներում կառուցվել են տարբեր շինություններ, հուշարձաններ, եկեղեցիներ, մատուռներ և այլն, որոնք ավերակ կամ կիսակառույց վիճակում պահպանվել են մինչև մեր օրերը։

Հայտնի ստեփանավանցիներ

  • Ավետիք Սահակյան ( ՀՀԴ անդամ, հասարակական քաղաքական գործիչ, 1918 թ առաջին խորհրդարանի նախագահ)։
  • Սոս Սարգսյան ( ՀՀ թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ)։
  • Յակով Խաչիկյան (հայ փիլիսոփա, ակադեմիկոս, “Ստեփանավանցիներ” հանրագիտարանի հեղինակ)։
  • Գագիկ Շիրմազան (բանաստեղծ, թարգմանիչ, կինոդերասան, «Ստեփանավան», «Սպիտակ» և այլ երգերի հեղինակ)

Քույր-քաղաքներ

Պատկերասրահ

Դենդրոպարկ

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. «Տեղական տնտեսական զարգացում: Ստեփանավան» (PDF). www.smednc.am. Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն. Մայիս, 2013. Վերցված է 16.07.2018-ին.

Տե՛ս նաև

Արտաքին հղումներ