Jump to content

Եսայի Նչեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եսայի Նչեցի
Եսայի Նչեցի,
մանրանկար 1318 թ․ Ավետարանից
Ծնվել էմոտ 1255[1] կամ ոչ վաղ քան 1260
Սասունի Նիչ գավառ
Մահացել էմոտ 1338[2]
Գլաձորի համալսարան, Հայաստան[2]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ՄասնագիտությունԱստվածաբանություն, մանկավարժություն, քերականություն, փիլիսոփայություն
Հաստատություն(ներ)Գլաձորի համալսարան
Գործունեության ոլորտաստվածաբանություն
Տիրապետում է լեզուներինհայերեն
Գիտական ղեկավարՆերսես Մշեցի,
Վարդան Արևելցի
Եղել է գիտական ղեկավարՀովհաննես Քռնեցի, Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Արճիշեցի և Հովհաննես Երզնկացի Ծործորեցի
Հայտնի աշակերտներԳրիգոր Երզնկացի, Հովհան Որոտնեցի, Թորոս Տարոնացի, Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Արճիշեցի Ոսպնակեր
Ինչով է հայտնիԳլաձորի համալսարանի ուսուցչապետ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Esayi Nshetsi Վիքիպահեստում

Եսայի Նչեցի (մոտ 1255[1] կամ ոչ վաղ քան 1260, Սանասունք, Աղձնիք[2] - մոտ 1338[2], Գլաձորի համալսարան, Հայաստան[2]), րաբունապետ, մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգևոր գործիչ։ Գլաձորի համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եսայի Նչեցին ծնվել է Մեծ Հայքի Սանասունքի (Սասուն) Նիչ գավառում: Սովորել է Մուշի Առաքելոց դպրեվանքում, ապա՝ Քաջբերունյաց գավառում և Վայոց ձորի Աղբերց վանքում՝ Ներսես Մշեցու մոտ։ Ստացել է բարձրագույն կրթություն և վարդապետի (դոկտորի) աստիճան։ 1284 թվականին գլխավորել է Աղբերց վանքի դպրության աշխատանքները։

Եսայի Նչեցին եղել է Գլաձորի համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը[3]։

Որպես ուսուցչապետ մեծ համբավ է վայելել բնաշխարհում և Կիլիկիայի հայկական պետության սահմաններում։ Դասավանդել է «յոթ ազատ արվեստներ»` քերականություն, տրամաբանություն, ճարտասանություն, թվաբանություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, երաժշտություն։ Դաստիարակել և կրթել է մոտ 360 աշակերտ։ Նրա մոտ են ուսանել Հովհան Արճիշեցին, Մխիթար Երզնկացին, Գրիգորիս Երզնկացին և ուրիշներ:

Նչեցին պայքարել է պապական նկրտումների, ինչպես նաև ունիթորական (միարարական) շարժման դեմ` հանուն հայ եկեղեցու ինքնուրույնության և հայերենի պահպանման[4]:

Նչեցու գրական ժառանգությունը (մեկնություններ, ճառեր, նամակներ) հիմնականում ունի կրոնաբարոյական բովանդակություն։ Նրա «Վերլուծության քերականություն»[5] համալսարանական դասագիրքն իր բնույթով բանաքաղական երկ է, ընդգրկում է Դավիթ Քերականի, Համամ Արևելցու, Արիստակես Գրչի, Գևորգ Սկևռացու և այլոց քերականական մեկնությունների հիմնական դրույթներն ու հարցադրումները։

Նրա գրած «Աստվածաշունչը» 1318 թվականին Գլաձորում և Թորոս Տարոնացու մանրանկարներով նկարված Աստվածաշունչը համարվում է Գլաձորի գրչության դպրոցի գլուխգործոցը[6]։ 1321 թվականին Եսային նամակ է գրել Կիլիկյան իշխան Օշին պայլին և նրա որդի Հեթումին, որտեղ քննադատում է Կիլիկիայի որոշ հայ իշխանների կաթոլիկամետ գործունեությունը[7][8]։

Ժամանակակիցները նրան բնութագրել են որպես «անպարտելի հռետորաբան», «բարդ ճառերի և գրքերի մեկնաբան» և այլն։ Նչեցին քերականությունը համարել է «դուռն ամենայն իմսատութեան և կրթութևան», առաջարկել համեմատության միջոցով վերացնել հայոց հին ու նոր լեզուների միջև առաջացած խզումը՝ վերականգնելով լեզվի հին ձևերը։ Նչեցին անդրադարձել է «հունաբան դպրոց»-ի թարգմանություններին (քննադատելով նրանց արհեստական նորակազմությունները), խոսքի մասերին և նրանց բաժանմանը, հոլովմանը, խոնարհմանը, լեզուների ծագմանը և այլ հարցերի։

Նչեցին մահացել է 1338 թվականին Գլաձորում։ Նրա աշակերտն էր փիլիսոփա Հովհաննես Որոտնեցին, ով Նչեցու մահից հետո դարձել է Գլաձորի համալսարանի ղեկավարը։

Եսայի Նչեցու հուշարձանը Եղեգնաձորում
  • «Մեկնութիւն Եզեկիէլի»
  • «Վերլուծութիւն քերականութեան»[9]
  • «Դաւանութիւն և խոստովանութիւն ի Սուրբ Երրորդութիւն»
  • «Սուղ ինչ պատճառ ձեռնադրութեան քահանայի»
  • «Յաղագս կարգաց եկեղեցւոյ»
  • «Յաղագս եկեղեցւոյ խորհրդեան»
  • «Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ և ժամուց»
  • «Թուղթ Եսայեայ վարդապետին պատասխանի ընդդէմ պարոն Հեթմոյ»
  • «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն»
  • «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • X-XIV դդ. մշակույթը, դպրոցը, գիտությունը և գրականությունը։
  • Ալիշան Ղ, Սիսական, Վենետիկ, 1893։
  • Ջահուկյան Գ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Երևան, 1954։
  • Խաչերյան Լ., Գլաձորի համալսարանը հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ (XIII-XIV դդ.), Երևան, 1973։
  • Պետրոսյան Ս., Եսայի Նչեցու թղթերը, «Էջմիածին», 1985։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #124209033 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Zarbhanalean, Garegin (1865). Պատմութիւն հայերէն դպրութեանց: ի պէծ ուսման ազգային վարժարանաց. Ի. Տպարանի Մխիթարեանց.
  4. Օզանեան, Գագիկ (1913). Պատմութիւն հայ լեզուի եւ բանահիւսութեան. Տպագրութիւն Ներսօ եւ Սրապեան.
  5. «ARMENIAN LANGUAGE RESOURCES - Timeline / 1269». web.archive.org. 2019-01-20. Արխիվացված օրիգինալից 2019-01-20. Վերցված է 2024-11-07-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  6. web.archive.org. 2013-06-17 https://web.archive.org/web/20130617070715/http://vsprogress.ru/page/?p=28. Արխիվացված օրիգինալից 2013-06-17. Վերցված է 2024-11-07-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  7. «Եսայի Նչեցի | armenianreligion.am». www.armenianreligion-am.armin.am. Վերցված է 2024-11-07-ին.
  8. Սերովբե քահանա Պետրոսյան. «Եսայի Նչեցու թղթերը» (PDF).
  9. Khachʻeryan, Levon Gevorgi (1966). Եսայի Նչեցի Վերլուծութիւն Քերականութեան. Armenian Academy of Sciences.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եսայի Նչեցի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եսայի Նչեցի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 524