Երեմիա Չելեպի Քյոմյուրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեմիա Չելեպի Քյոմյուրճյան
Ծնվել էմայիսի 13, 1637(1637-05-13)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհուլիսի 15, 1695(1695-07-15)[1] (58 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Մասնագիտությունպատմաբան և գրող

Երեմիա Չելեպի Քյոմուրճյան (մայիսի 13, 1637(1637-05-13)[1], Կոստանդնուպոլիս - հուլիսի 15, 1695(1695-07-15)[1], Կոստանդնուպոլիս), 17-րդ դարի արևմտահայ մշակույթի աչքի ընկնող դեմքերից է, նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, պատմագիտական նշանակություն ունեցող արձակ գրական երկերի ու նամակների հեղինակ, ժամանակի ամենահետաքրքիր բանաստեղծներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1637 թ. մայիսի 13/22-ին Կոստանդնուպոլսում։ Եղբայրն է Կոմիտաս Քյոմուրճյանի։ Եղել է դպիր ու սարկավագ, բայց, հետզհետե հոգևոր կոչումից ճնշվելով և հակառակվելով հորը, հրաժարվում է սքեմից և իր հետագա ողջ կյանքում մնում աշխարհական։ Քյոմուրճյանը տիրապետել է հունարեն, լատիներեն, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, եբրայերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին։ Վարել է պատասխանատու պաշտոններ թուրքական պետական հաստատություններում։ Ճանապարհորդել է Միջին Արևելքի և Արևելյան Եվրոպայի երկրներում, ծանոթացել հայկական գաղթավայրերին, եղել նաև Արևելյան Հայաստանում։ Մերթ Ղրիմեցու, մերթ Այնթափցու հետ մեկնել է Ադրիանապոլիս, Պրուսա և այլուր։ Եղել է Բեյրութում, Անտիոքում, Արմաշում։ Սերտ կապեր է ունեցել եվրոպական դեսպանների հետ և անգամ գրել է նրանց պատվերով։ 1677 թ. ծննդավայրում հիմնել է տպարան՝ տպագրելով երկու փոքրածաւալ գրքույկներ՝ «Տեղեաց տնօրինականաց»[2] և Ներսես Շնորհալու «Հիսուս որդին» ստեղծագործությունը։ Կատարել է թարգմանություններ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» թարգմանելով թուրքերենի, թուրքերեն է թարգմանել նաև Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը, հատվածներ Աստվածաշնչից և այլն։ Հասարակական գործունեությունը սկսվում է 1660-ական թթ.-ից և տևում է մինչև 1680-ական թվականները։ 1691 թ. Պոլսում դեսպան Լուդովիկո Ֆերնանդո Մարսիլիի (1658—1730) պատվերով պատրաստեց առաջինից տասնյոթերորդ դարերն ընդգրկող «Հայ սրբավայրեր, եկեղեցիներ ու վանքեր» մեծամեծաւալ քարտեզը (358 սմ х 120 սմ), որ հայտնաբերվեց հայագետ Գաբրիելլա Ուլուհոջյանի կողմից Բոլոնիայի համալսարանի դիվանում պահվող Մարսիլիի թողոնում[3] և հրատարակվեց 2000 թվականին[4]։

Գրական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեմիա Քյոմուրճյանի ժառանգությունը բազմաժանր է։ Նա գրել է կրոնական, աշխարհագրական-տոմարական, պատմագիտական երկեր, բազմաթիվ ու բազմապիսի բանաստեղծություններ՝ տաղեր[5], գանձեր և ողբեր[6], ձոներ, ուղերձներ[7], թղթեր եւ նամակներ[8], ինչպես նաև 1648-1662 թթ. ընդգրկող օրագրություն[9], որոնք Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի մատենադարանում պահվող հեղինակային ինքնագրից հրատարակվեցին 1939 թ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Նշանյանի կողմից։

Պատմութին համառօտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոմուրճյանի ստեղծագործության մեջ որոշակի արժեք ունեն պատմագիտական աշխատությունները, որոնցից ժամանակագրական առումով առաջինը «Պատմութիւն համառօտ…» երկն է[10]։ Սա Օսմանյան թագավորության 400 տարվա պատմությունն է՝ սկզբնավորման օրից մինչև Քյոմուրճյանի ապրած ժամանակը, այսինքն՝ Օսման I-ից (1299—1326) մինչև Մեհմեդ IV-ի գահակալությունը (1678)։ Աշխատության մեջ թվարկված են Օսմանյան թագավորները՝ թվով 19, ծավալով ամենաընդարձակը Մուհամեդ IV-ի հատվածն է, իսկ ամենասեղմը՝ Սելիմ II-ինը։ Նշված են նրանց ժամանակ տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, Թուրքիայի վարած պատերազմները Բյուզանդիայի, Պարսկաստանի, Եգիպտոսի, արաբների, Հունգարիայի, լեհերի, բուլղարների, Ալբանիայի, Գերմանիայի և այլ ժողովուրդների ու պետությունների դեմ։ Աշխատությունը արժեքավոր նյութ է պարունակում XVI—XVII դարերում Թուրքիայում գոյություն ունեցող պետական կարգի, տիրակալների վարած ներքին ու արտաքին քաղաքականության, Թուրքիայում ապրող ժողովուրդների, այդ թվում հատկապես հայ ժողովրդի արևմտյան հատվածի քաղաքական ու սոցիալ-տնտեսական վիճակի և այդ ժողովուրդների ազատագրական ընդվզումների մասին։

Ստամպօլոյ պատմութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բովանդակություն ունեցող երկերից է չափածո գրված «Ստամպօլոյ պատմութիւն»-ը, որի գիտական հրատարակությունն ու բնագրի փառահեղ ուսումնասիրությունը իրականացրեց Վահրամ Թորգոմյանը[11]։ Սա XVII դարի ԿՊոլսի գեղարվեստական նկարագրությունն է։ Քյոմուրճյանը նկարագրում է ԿՊոլսի «դարպասները», «դռները» ցամաքի և ծովի կողմից, այդ «դռների» մոտ եղած պալատները, շենքերը, շուկաները, պարտեզները, ինչպես նաև քաղաքի պարիսպներից դուրս տարածվող քաղաքամերձ շրջանները։ Տեղեկություններ է հայտնում արհեստավորների և առևտրականների մասին։ Իրենց արժեքով առանձնանում են արևմտահայերի մասին տրված տեղեկությունները։

Տարեգրական պատմութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տարեգրական պատմութիւն»ը պատմական երկ է՝ գրված է 1692—1693 թթ.՝ արձակ[12]։ Այն բաժանված է 3 մասի։ Առաջինը ԿՊոլսում և գավառներում պատահած հրդեհների մանրամասն պատմությունն է, ինչպես նաև երկրաշարժերի, հեղեղների և համաճարակների նկարագրությունները, երկրորդը՝ XVII դարում Հունգարիայի, Ավստրիայի, Վենետիկի և եվրոպական մյուս պետությունների դեմ Թուրքիայի մղած պատերազմների նկարագրությունները և ժամանակի սուլթանների ու վեզիրների նշանավոր գործերի, ինչպես նաև պալատական երկպառակությունների պատմությունը, երրորդը՝ հայոց կաթողիկոսների, ԿՊոլսի, Երուսաղեմի պատրարքների և Էջմիածնի նվիրականների ներքին պայքարի ու կռիվների մանրամասն շարադրանքն է։

Պատմութիւն հրկիզման Կոստանդնուպօլսոյ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատմութիւն հրկիզման Կոստանդնուպօլսոյ»ը կիսապատմական, կիսագրական բնույթի երկ է[13]։ Նյութը Կոստանդնուպոլսի 1660 թ. հուլիսի 14-ի հրդեհն է։ Երկում շոշափված են Թուրքիայի ներքին կյանքի ստվերոտ կողմերը։ Երկն արժեքավոր է Օսմանյան կայսրության պատմության ուսումնասիրության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://haf.vhmml.org/person/374022826015
  2. Երեմիա Քէօմիւրճեան, Տեղեաց Տնօրինականաց, Կ. Պոլիս, 1678
  3. Գաբրիելլա Ուլուհոճյան, Երեմիա Չելեպի Քեոմուրճյանի նորահայտ քարտեզը, - «Պատմա-բանասիրական հանդես», 1997, թիվ 2, էջ 185-188
  4. Uluhogian Gabriella, Un'antica mappa dell'Armenia. Monasteri e santuari dal I al XVII secolo, Ravenna, Longo editore, 2000. ISBN 88-8063-265-5
  5. Տե՛ս Օրագրութիւն Երեմիա չէլէպի Քէօմիւրճանի. Յաւելուած՝ Ա. Թուղթեր, Բ. Ուղերձներ, Գ. Գանձեր եւ Ողբեր, Հրատարակեց Մեսրոպ արքեպս. Նշանեան, Երուսաղէմ, 1939
  6. Տե՛ս Օրագրութիւն Երեմիա չէլէպի Քէօմիւրճանի. Յաւելուած՝ Ա. Թուղթեր, Բ. Ուղերձներ, Գ. Գանձեր եւ Ողբեր, Հրատարակեց Մեսրոպ արքեպս. Նշանեան, Երուսաղէմ, 1939, էջ 587-664
  7. Օրագրութիւն Երեմիա չէլէպի Քէօմիւրճանի. Յաւելուած՝ Ա. Թուղթեր, Բ. Ուղերձներ, Գ. Գանձեր եւ Ողբեր, Հրատարակեց Մեսրոպ արքեպս. Նշանեան, Երուսաղէմ, 1939, էջ 526-586
  8. Օրագրութիւն Երեմիա չէլէպի Քէօմիւրճանի. Յաւելուած՝ Ա. Թուղթեր, Բ. Ուղերձներ, Գ. Գանձեր եւ Ողբեր, Հրատարակեց Մեսրոպ արքեպս. Նշանեան, Երուսաղէմ, 1939, էջ 405-525
  9. Օրագրութիւն Երեմիա չէլէպի Քէօմիւրճանի. Յաւելուած՝ Ա. Թուղթեր, Բ. Ուղերձներ, Գ. Գանձեր եւ Ողբեր, Հրատարակեց Մեսրոպ արքեպս. Նշանեան, Երուսաղէմ, 1939, էջ 1-402
  10. Պատմութիւն համառօտ ԴՃ (400) տարւոյ Օսմանցոց թագաւորացն, աշխատասիրությամբ Ժ. Ավետիսյանի, Երևան, 1982:
  11. Ստամպօլոյ պատմութիւն, աշխատասիրութեամբ Վ. Թորգոմեանի, հտ. Ա-Գ, Վիեննա, 1913, 1932, 1938
  12. Երեմիա Չէլէպի, Տարեգրական պատմություն, հրատ. Հ. Ս. Երեմեանի, - «Բազմավէպ», 1902, էջ 367-369, 473-479։
  13. Պատմութիւն հրկիզման Կոստանդնուպօլսոյ, աշխատասիրութեամբ Գ. Բամպուքճեանի, Ստանպուլ, 1991:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ակինեան Ն., Երեմիա Չելեպի Քէօմիւրճեան։ Կեանքն եւ գրական գործունէութիւնը։ Մատենագրական ուսումնասիրութիւն, Վիեննա, 1933 (Ազգային մատենադարան, ՃԼԵ)։
  2. Առաքելյան Ա. Գ., Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմության, հատ. Գ., Երևան, 1975։
  3. Բաբայան Լ. Հ., Դրվագներ Հայաստանի XIV-XVIII դարերի պատմագրության, Երևան, 1984։
  4. Զուլալյան Մ. Կ., Արևմտյան Հայաստանը XVI-XVIII դդ., Երևան, 1980։
  5. ՔՅՈՄՈՒՐՃՅԱՆ Երեմիա Մարտիրոսի, ՀՍՀ, հատ. 12, Երևան, 1986, էջ 464։

    ՔՅՈՄՈՒՐՃՅԱՆ Երեմիա Մարտիրոսի, Երեմիա Չելեպի, Երեմիա Դպիր, Երեմիա Բյուզանդացի, Հաճի խալֆաքյաթիպ Չելեպի Արեմիա Դարանաղեցի, Երեմիա Կոստանդնուպոլսեցի (22․5․1637, Կ․ Պոլիս1695, Կ․ Պոլիս), հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ, երաժիշտ, ծաղկող, տպագրիչ, հասարակական-քաղ․ գործիչ։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ս․ Սարգիս եկեղեցու վարժարանում, այնուհետև Մարտիրոս Ղրիմեցու և Եղիազար Այնթափցու ղեկավարությամբ հմտացել մատենագիտության, գրչության արվեստի, երաժշտության բնագավառներում, տիրապետել հուն․, լատ․, պարսկ․, արաբ․, թուրք․, եբր․, ֆրանս․ և գերմ․ լեզուներին։ Եղել է Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանի ատենադպիր, 1659-ից՝ խորհրդական։ Ճանապարհորդել է Մերձավոր Արևելքի և Արլ․ Եվրոպայի երկրներում, ծանոթացել հայկ․ գաղթավայրերին, եղել նաեւ Արլ․ Հայաստանում (1685)։ 1676-ին Կ․ Պոլսում հիմնել է տպարան (տպագրել է 2 անուն գիրք)։ Պաշտպանել է Հակոբ Դ Ջուղայեցու Հայաստանի ազատագրման ծրագիրը։

  6. Չամչեանց Մ., Պատմութիւն հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786:
  7. Հ. Սահակյան, Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի մի անտիպ պոեմը, - «Բանբեր մատենադարանի», 6, 1962, էջ 409-427։
  8. Սահակյան Հ., Երեմիա Քյոմուրճյան, Երևան, 1964։
  9. Սիրունի Յ., Պոլիս և իր դերը, հատ. Ա, Բեյրութ, 1965։
  10. Տեր-Ղեւոնդյան Ա., Երեմիա Չելեպին որպես Մունաջիմ Բաշիի աղբյուրներից մեկը, - Արամ Տեր-Ղեւոնդյան, Հոդվածների Ժողովածու, Երեւան, 2003, էջ 41-49։
  11. Գաբրիելլա Ուլուհոճյան, Գանձասարի կաթողիկոսությունն ըստ Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի քարտեզի (1691 թ.).- «Պատմա-բանասիրական հանդես», 2003, № 1, էջ158-165։
  12. Մ. վրդ. Նշանեան, Օրագրութիւն Երեմիա Քեօմիւրճեանի, - «Շողակաթ», Ս. Էջմիածնի հայագիտական ժողովածու, գիրք առաջին, Վաղարշապատ, 1913, էջ 47-65։
  13. Pamukcian K., Komürciyan Eremya (Çelebi), - Pamukcian Kevork, Biografileryle Ermeniler, Istanbul, 2003, 278-279 (Ermeni Kaynaklarindan Tarihe Katkilar, IV)։
  14. K. B. Bardakjian. A Reference Guide to Modern Armenian Literature, 1500-1920. Detroit. 2000, pp 345-346.
  15. E. Schütz, Jeremia Çelebi türkische Werke.- "Studia Turcica", Budapest, 1971, pp. 401–430.
  16. Մ. Մաղաք-Թէոփիլեանց, Կենսագրութիւն երեւելի արանց, հատոր Ա, Վենետիկ, 1839, էջ 240-241։
  17. Գ. Այվազյան, Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի տպագրական գործունեությունը, «Էջմիածին», 2012, օգոստոս, էջ 48-54։
  18. Գ. Այվազյան, Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի ձեռագրական ժառանգությունը, «Բանբեր Մատենադարանի», 2014, թիվ 20, էջ 349-398։
  19. Г. Айвазян, Историографическое наследие Еремии Челеби Кемурчяна как первоисточник истории этнических меньшинств Оттоманской империи, “International science conference dedicated to 135th anniversary of returning Ajara to motherland South-West Georgia”, III, Batumi, 2013, стр. 75-84.
  20. Г. Айвазян,, Еремия Челеби Кемурчян: жизнь и творческая деятельность (краткий очерк), “Balkanistic forum”, N3, Blagoevgrad, 2013, стр. 209-219.
  21. G. Ayvazyan, Historiological heritage of Yeremia Qyomurchyan, "Homo Loquens”, N5, Tbilisi, 2013, p. 128-134.
  22. Գ. Այվազյան, Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի «Օրագրութիւն», «Տարեգրական պատմութիւն» երկերը և Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» աշխատությունը (բնագրագիտական քննություն), «Բանբեր հայագիտության» միջազգային հանդես, 2014, N 2-3, էջ 81-97։
  23. Գ. Այվազյան, Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի կյանքը, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդես, 2014, էջ 170-186։
  24. Գ. Այվազյան, Երեմիա Քյոմուրճյանի «Օրագրութիւն» երկը (աղբյուրագիտական դիտարկումներ), Հայոց պատմության հարցեր, 15, Երևան, 2014, էջ 89-108։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]