Գաբրիելլա Ուլուհոջյան
Գաբրիելլա Ուլուհոջյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1934[1] |
Ծննդավայր | Իտալիա |
Մահացել է | նոյեմբերի 28, 2016[1][2] (82 տարեկան) |
Մահվան վայր | Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | պատմաբան և բանասեր |
Գաբրիելլա Ուլուհոջյան (հուլիսի 22, 1934[1], Իտալիա - նոյեմբերի 28, 2016[1][2], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[3]), հայազգի պատմաբան, բանասեր։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (28.11.2008)[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրիելլա Ուլուհոջյանը ծնվել է Արևմտյան Հայաստանից մազապուրծ հայ գաղթականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Իտալիայի պետական գիմնազիայում, այնուհետև ընդունվել է Միլանի Կաթողիկե համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետ և խորացել հունա-լատինական մասնագիտության մեջ։ Գաբրիելլա Ուլուհոջյանը այդ տարիների մեծ հայագետ Ջիանկառլո Բոլոնյեզիի ղեկավարությամբ ուսումնասիրել է հունական դպրոցի երկերը, մասնավորապես բյուզանդացի բանաստեղծ Գեորգ Պիսիդեսի «Վեցօրյա» հայերեն թարգմանությունը՝ համեմատելով այն հունարեն բնագրի հետ, որն էլ դարձաել է Գաբրիելլա Ուլուհոջյանի ատենախոսության թեման։ 1958 թվականին պաշտպանել է ատենախոսությունը և ստացել դոկտորի գիտական աստիճան[5]։ Գաբրիելլա Ուլուհոջյանը մասնակցել և հաղթել է պետական մրցույթում, որից հետո միայն ստացել իր պաշտոնը իտալական պետական լիկեոներում, որտեղ 13 տարի դասավանդել է հին հունարեն և լատիներեն։ Բազմիցս եղել է Հայաստանում՝ փորձի փոխանակման նպատակով։ Առաջին անգամ Հայաստան է այցելել 1972-1973 թվականներին տասն ամսով, երկրորդ անգամ՝ 1979-1980 թվականներին Սփյուռքի կոմիտեի աջակցությամբ։ Հայաստանում աշխատել է որպես ստաժոր։ Այս ընթացքում Գաբրիելլա Ուլուհոջյանը հաճախել է Երևանի պետական համալսարան, ուսանել գրաբար, արևելահայերեն, հայ հին և ժամանակակից գրականություն։ Միևնույն ժամանակ առանձին հետազոտություններ է կատարել Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում՝ ուսումնասիրելով Բարսեղ Կեսարացու «Գիրք Հարցողաց» հայերեն թարգմանության ձեռագրերը, հետագայում նա այդ երկը պատրաստեց գիտահամեմատական հրատարակության համար[6]։
Մահացել է 2016 թվականի նոյեմբերի 28-ին՝ 82 տարեկանում[7]։
Ձեռքբերումները
[խմբագրել | խմբագրել կոդը]1979-1989 թվականներին Ուլուհոջյանը համագործակցել է Միլանի Հայ ուսումնասիրության և վավերագրումի կենտրոնի հետ, որի ընթացքում երկու անգամ մասնակցել է կենտրոնի կազմակերպած գիտարշավներին, մեկնել Իրան և կատարել հետազոտական աշխատանքներ։ Գիտարշավի ժամանակ ուսումնասիրել է հայերեն վիմագիր արձանագրությունները, որի արդյունքում հրատարակել է մի մենագրություն, որը նվիրված էր Ս. Ստեփանոս Նախավկա վանքի արձանագրությունների հավաքածուին։ Գաբրիելլա Ուլուհոջյանը 1973 թվականից մինչև 1982 թվականը Բոլոնիայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ Իսկ 1982 թվական, հաղթելով պետական մրցույթում, դարձել է հայագիտության ամբիոնի վարիչ. նախ ղեկավարել է լեզավագիտության, ապա միջնադարյան պատմության բաժինները։ Այդ տարիների ընթացքում Գաբրիելլա Ուլուհոջյանին հաջողվեց ամրապնդել Բոլոնիայի համալսարանում հայոց լեզվի ուսումնասիրության մակարդակը, նրա ջանքերով հիմնվեց համապատասխան գրադարան։ Որպես իսկական մանկավարժ՝ նա կարողացել է պատրաստել արժանի հետևորդներ։ Նրա ուսանողներից հինգը պաշտպանեցին դոկտորական ատենախոսությունները, իսկ նրանցից երկուսը իրենց կայուն տեղը զբաղեցրին նույն համալսարանում։ Մեկը՝ Վալենտինա Կալզոլարին է, մյուսը՝ Աննա Սիրիյանը։ Գաբրիելլա Ուլուհոջյանը դարձավ Հայ ճարտարապետական վավերագիրների շարքի խմբագրության, միջազգային և իտալական բազմաթիվ ընկերակցությունների, Հայկական հետազոտությունների միջազգային ընկերակցության անդամ և մասնակցեց Պո-Արաքս ընկերության հիմնադրմանը։ 1991 թվականից Revue des Etudes Armռniennes գիտական խորհրդի անդամ է։ Բարձր գնահատելով Գաբրիելլա Ուլուհոջյանի ներդրումը հայագիտության զարգացման մեջ 1996 թվական ՀՀ ԳԱԱ-ն նրան շնորհեց պատվավոր դոկտորի կոչում[8]։ Հատկանշական է, որ Գաբրիելլա Ուլուհոջյանը մանկավարժական և գիտական գործունեությանը զուգընթաց մեծ ավանդ ունի Բոլոնիայի և Երևանի պետական համալսարանների միջև դասախոսների փոխանակման և ծրագրերի համակարգման ոլորտում։ Իսկ 1988 թվական նրա ջանքերով երկու համալսարանների միջև ստորագրվեց պայմանագիր, որը վերաստորագրվեց 1997 թվական՝ Բոլոնիայի համալսարանի ռեկտորի Հայաստան կատարած այցի ժամանակ։ Այդ պայմանագրի շնորհիվ մինչ այսօր մոտ երկու տասնյակ գիտնականներ և դասախոսներ (յուրաքանչյուր կողմից) փոխայցելություններ կատարեցին Երևան և Բոլոնիա, իրականացրին փորձի փոխանակում և ավելի խորը ճանաչեցին միմյանց։ Գաբրիելլա Ուլուհոջյանի շնորհիվ ՀՀ ԳԱԱ-ն համագործակցության եզրեր է գտել Թորինոյի և Վենետիկի համալսարանների հետ, նրա ջանքերով կազմակերպվել է հայագիտական ցուցահանդեսներ, գիտաժողովներ։ Դրա լավագույն օրինակ են՝ 1979 թվական Միլանի Կաթողիկե համալսարանում կայացած հայատիպ գրքերի ցուցահանդեսը, 1981 թվականին և 1988 թվականին Միլան-Վիչենցա-Վենետիկում հայ արվեստին նվիրված միջազգային սիմպոզիումը, 1998 թվականին Armin Wegner-ին նվիրված ցուցահանդեսը՝ կազմակերպված Ռավեննայի և Բոլոնիայի համալսարաններում։ Գաբրիելլա Ուլուհոջյանը հայագիտական թեմաներով զեկուցումներ է կարդացել Իտալիայում, Հայաստանում և միջազգային տասնյակ գիտաժողովներում, հեղինակ է ութ մենագրությունների, 70-ից ավելի գիտական հոդվածների։ Հաշվի առնելով Գաբրիելլա Ուլուհոջյանի գիտական և մանկավարժական մեծ ավանդը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5397
- ↑ 2,0 2,1 2,2 https://magazine.unibo.it/archivio/2016/11/30/lutto-in-ateneo-e-scomparsa-gabriella-uluhogian
- ↑ «Zarkfoundation - Գաբրիելլա Ուլուհոջյան». zarkfoundation.com.
- ↑ Ուլուհոջյան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
- ↑ «Ուլուհոջյանը Գաբրիելլա (1934-2016)». greenstone.flib.sci.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Սիմոնյան, Հասմիկ (1995) I. Basilio di Cesarea. Il Libro delle Domande (Le Regole). Edito da Gabriella Uluhogian, Lovanii, 1993; Basilio Di Cesarea.Il Libro delle Domande (Le Regole), Tradotto do Gabriella Uluhogian,Lovanil, 1993 (Corpus Scriptorum Christianorum. Orientalium editum consillo Universitatis Catholicae Americae et Unlversitatis Catholicae Loveniensis, Vol. 536, 537. Scriptores Armeniaci tomus 19, 20). Բարսեղ Կեսարացի. Գիրք հարցողաց, աշխատասիրությամբ Գաբրիելլա Ուլուհոջյանի. հ. 1 և 2-րդ, Լուվեյն, 1993։. Պատմա-բանասիրական հանդես, 2 . pp. 242-244. ISSN 0135-0536» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Մահախոսական, Խաչիկ Հարությունյան, Գաբրիելլա Ուլուհոջյանի հիշատակին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ http://greenstone.flib.sci.am/ Գիտությունների ազգային ակադեմիա