Սամվել (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել
Պատկեր:Սամվել վեպ.jpg
ՀեղինակՐաֆֆի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Սամվել Մամիկոնյան, Մուշեղ Դ Մամիկոնյան, Վահան Մամիկոնյան, Մերուժան Արծրունի, Փառանձեմ Սյունի, Շապուհ III, Սահակ Ա Պարթև և Մեսրոպ Մաշտոց
Ստեղծման տարեթիվ1880
Երկիր Հայաստան
Հրատարակման տարեթիվ1886

«Սամվելը» հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվելը» գրել է 1880-ական թթ., ավարտել 1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Մշակ» ամսագրում։ «Սամվելը» համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։

Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ «Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից»-գրել է Րաֆֆին։

Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, ովքեր (Աշխենը, Համազասպուհին, թագուհի` Փառանձեմը) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։

Վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունները»։ Վեպը բաղկացած է Հառաջաբանից, երեք գլուխներից և փակագծերի մեջ հավելվածից։

Սյուժե

Գործողությունը տեղի է ունենում IV դարում Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին, և Հայաստանը մնում է անպաշտպան։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է եղբոր՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։

Առաջին գիրք

Վեպն սկսվում է «Երկու սուրհանդակներ» գլխով: Երկու սուրհանդակներ` մեկը սևագույն, մյուսը կապուտակ, շտապում են Մամիկոնյանների ամրոցը՝ Ողական: Երկուսն էլ բերում են նույն լուրը. Սամվելի հոր՝ Վահան Մամիկոնյանի և քեռու` Մերուժան Արծրունու կրոնափոխ լինելը: Այդ լուրը ուրախություն է պատճառում Տաճատուհուն՝ Սամվելի մորը, բայց և այնպես խոցում է Սամվելի սիրտը: «Երեք երիտասարդ ուժեր»-ը՝ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և Սամվելը, Աշտիշատի վանքում հավաքվում են և քննարկում են եղելությունը: Նրանք հասկանում են, որ Վահան Մամիկոնյանին և Մերուժան Արծրունուն մոլորության մեջ է գցել Շապուհը: Գալիս են Հայաստան մոգերի և մոգպետների միջոցով` ցանկանալով քանդել բոլոր եկեղեցիները և դրանց տեղը պարսակական ատրուշաններ կառուցել, կրոնափոխ անել հայերին, ամբողջ Հայաստանում տարածել պարսկական լեզուն և ընդհանրապես «պարսկացնել հայերին»:

Խնջույքի ժամանակ Տաճատուհին՝ Սամվելի մայրը, ցանկանում է թունավորել Մուշեղին, սակայն ծառա Նվարդը, լսելով դրա մասին, ասում է Հուսիկին, իսկ սա՝ Մուշեղին: Վահանի երկրորդ կինը՝ Որմիզդուխտը, գաղտնի ներթափանցելով Սամվելի սենյակ, զգուշացնում է նրան, որ պարսից զորքը մոտենում է Հայաստանին ոչ թե Տարոնի, այլ Ռշտունիքի կողմից, որտեղ գտնվում է տղայի սիրելին՝ Աշխենը:

Երկրորդ գիրք

Երկրորդ գիրքն սկսվում է «Մեկը արևմուտքում, մյուսը արևելքում» և «Ճանապարհները բաժանվում են» ենթագլուխներից: Բյուզանդացի Վաղես կայսրը Ներսես Մեծին իր երկու սարկավագների հետ (Տիրեի և Ռոստոմի) աքսորում է Պատմոս կղզին: Նույն ժամանակահատվածում Արշակ Բ-ն աքսորված է Անհուշ բերդ: Նրա հավատարիմ ծառաներից մեկը՝ Դրաստամատը, պարսիկների և քուշանների դեմ մղվող պատերազմի ընթացքում փրկելով Շապուհին, արժանացել էր նրա գովեստներին: Շապուհը նրան առաջարկում է մի ցանկություն ասել, որն էլ լինում է տեսնել Հայոց թագավորին: Մեկնելով Անհուշ (Անուշ) բերդ` Դրաստամատը ամեն եղելությունը պատմում է Արշակ Բ-ին:

Որմիզդուխտից ստացած տեղեկությունների համաձայն` պարսից զորքը մոտենում է Հայաստանին ոչ թե Տարոնի, այլ Ռշտունիքի կողմից, որտեղ գտնվում էր Սամվելի սիրեցյալը՝ Աշխենը: Սամվելը շտապով իր սուրհանդակի՝ Մալխասի միջոցում լուր է ուղարկում Ռշտունյաց Գագիկ թագավորին, և ինքը ևս մեկնում է այդտեղ: Ռշտունու մութ անտառներում տեղացիների հետ ընդհարման արդյունքում Սամվելը հիմա ունի 48 մարդ: Շտապում է զգուշացնել Ռշտունի իշխանին պարսիկների հարձակման մասին, սակայն հասնելով տեղ՝ տեսնում է, որ ամրոցն արդեն պաշարված է և այրվում է: Պարսիկները գերեվարել էին Աշխենի մորը՝ Համազասպուհուն: «Արտասուքի աղբյուր»-ի մոտ Աշխենը և Սամվելը հանդիպում են իրար: Սամվելը հայտնվում է երկբայական դրության մեջ. ո՞ր կողմը գնալ, դեպի հայրենի՞ք, թե՞ դեպի սիրած աղջիկը: Աշխենը Սամվելին պատասխանում է` ասելով, որ Սամվելը նրան արժանի չի լինի, եթե նա «իր արյունը չխառնի հայրենիքի փրկության համար մարտնչող զինվորների արյան հետ»:

Վահան Մամիկոնյանը Համազասպուհու եղբայրն էր: Գերի վերցնելով քրոջը` նա նրան առաջարկում է զրադաշտականություն ընդունել: Ստանում է մերժում: Երբ Ռշտունու զինվորները մտնում են Վան, Վահանը հրամայում է սպանել Համազասպուհուն: Նրա մերկ մարմինը կախում են ոտքերով վեր: Վան մտած Սամվելը համեմատում է հորը եղբայրասպան Կայենի հետ: Սրանից հետո Սամվելը որոշ ժամանակ չի երևում գործողությունների թատերաբեմում. հիվանդանում է: Դրանից հետո Մերուժանը վերադառնում է տուն՝ հարազատներին տեսնելու: Մայրը համոզում է հարսին չընդունել տուն դավաճան ամուսնուն, ով ուրացավ իր կրոնը միայն Շապուհի քրոջը՝ Որմիզդուխտին կնության առնելու համար: Նրան չեն ընդունում, և դավաճանը հեռանում է:

Շապուհը նոր զորքերով ժամանում է Հայաստան: Ավերում է քաղաքներ, այդ թվում Զարեհավանը: Այդ ժամանակ Շապուհը մերկացնում է Հայոց գերեվարված կանանոցը և տարբեր չարչարանքների ենթարկում` ոմանց նաև սպանելով: Սրանից հետո հետ է դառնում Տիզբոն: Ճանապարհին նրա վրա հարձակվում է Մուշեղի` 20.000 զինվորից բաղկացած գունդը: Մուշեղը գերի է վերցնում արքայի քրոջը՝ Որմիզդուխտին, սակայն պարսկական կանանոցը ողջ և առողջ հետ է ուղարկում Պարսկաստան` սա համարելով ամենամեծ վրեժխնդրություն Շապուհի կատարած չարագործության դիմաց: Գերուհուն բերում է Արտագերս՝ թագուհու մոտ: Շապուհը հրամայում է Մուշեղի պատկերը փորագրել իր ոսկեձույլ գավաթի վրա, և ամեն անգամ, երբ խմում է այդ բաժակից, ասում է. «ի փառս ճերմակաձիույն»: Փառանձեմ թագուհին սպարապետ է կարգում Մուշեղին և ուղարկում Բյուզանդիա` իր որդուն՝ գահաժառանգ Պապին բերելու: Մերուժանը պաշարում է Արտագերսը, որը տևում է ամիսներ: Պարսիկները չեն կարողանում գրավել ամրոցը, սակայն համաճարակ է սկսվում, որը խլում է հազարավոր մարդկանց կյանքեր: Բերդում միայն թագուհու, Որմիզդուխտի և երկու նաժիշտների (Շուշանի և Հասմիկի) մասին տեղեկություններ է տանում Մերուժանին Հայր մարդպետը, ով, գաղտագողի մտնելով ամրոց, տեսնում է դիակներից առաջացած բլուրներ: Վերջիվերջո, Մերուժանը մտնում է Արտագերես ամրոց, տեսնում է իր սիրած կնոջը՝ Որմիզդուխտին: Վերջինս մերժում է Մերուժանին` խոցելով նրա սիրտը: Այնուամենայնիվ, պարսիկները Փառանձեմ թագուհուն և Որմիզդուխտին տանում են իրենց հետ Պարսկաստան:

Երրորդ գիրք

Սամվելը առողջանում է, դուրս գալիս Անձևացյաց գավառի Հոգվոց վանքից և ուղևորվում դեպի քեռու ճամբարը: Սամվելը և իր մարդիկ հասնում են Մերուժան Արծրունու զորքի ճամբարին: Սամվելը հանդիպում է հորը՝ Վահանին: Ոչինչ չկասկածելով՝ Վահանն ուրախությամբ է ընդունում որդուն: Խոսակացություններից մեկի ժամանակ Վահան Մամիկոնյանը Սամվելից պահանջում է իր կնոջ՝ Տաճատուհու նամակը` ուղղված իրեն: Սամվելը տալիս է: Նամակ վերջանում է Տաճատուհու այս խոսքով. «Շատ պետք չէ հավատալ Սամվելին»:

Խնջույքի ժամանակ Սամվելն ականատես է լինում հայոց սուրբ գրքերի այրման գործընթացի և գերիների սպանդին, ինչը ամրապնդում է իր ծրագրի կատարման միտքը: Որսի ժամանակ հայր և որդի առանձնազրույց են ունենում: Սամվելը վերջին ճիգն է գործադրում, որ հետ պահի հորը այդ սխալ որոշումից, սակայն դա նրան չի հաջողվում: Նա դավաճան է կոչում հորը, և երբ Վահանը մերկացնում է սուրը, Սամվելն առաջինն է հարվածում նրան և սպանում: Նրա զինվորները ճակատամարտում են պարսիկների հետ, ովքեր ևս եկել էին որսի: Պատանի Արտավազդը իր նետով խոցում է Մերուժանին: Նա ստիպված է լինում փախչել իր հանրահայտ ճերմակ ձիով: Պարսից Կարեն անունով զորավարը, խաբելով Արբակին (Սամվելի դայակին), նրա ձին է նստում և փախուստի դիմում: Երբ բժիշկները մշակում են Մերուժանի վերքերը, Կարենը պարծենում է, թե սպանել է Արբակին: Այդուհանդերձ, պատերազմի ժամանակ Մերուժանը տեսնում է Արբակին և հրամայում է ձերբակալել ստախոս զորավարին: Բայց և այնպես Մերուժանը վիրավոր գերի է ընկնում պարսիկներին շրջապատած նոր հայկական զորքին: Ամիսներ անց Սամվելը Ողականում է: Մայրը ուներ պարսիկ ծառաներ, զարդարել էր դղյակը պարսից զարդարանքով և ստիպում էր բոլորին պարսից հագուստ կրել: Կազմակերպել էր զրադաշտական զոհաբերություն: Սամվելը հրամայում է մարել կրակները: Մայրը հրաժարվում է: Սամվելը սպառնում է, որ կհեղի բագինները մոր արյամբ: Մայրը որդուն կոչում է անիրավ: Սամվելը, ասելով հետևյալ խոսքերը՝ «Թող մարդիկ ինձ անիրավ կոչեն, թող մարդիկ ինձ եղեռնագործ կոչեն, ահա՜, այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացած մորը», սրտախողխող է անում մորը:

Վեպի գլուխները

Առաջին գիրք

  1. Երկու սուրհանդակներ
  2. Տարոնի առավոտը
  3. Մի աղոտ միտք ծագում է նրա մեջ
  4. Մայր և որդի
  5. Երկու եղբոր որդիներ
  6. Պատրվակ
  7. Որսորդություն
  8. Աշտիշատի վանքը
  9. Երեք երիտասարդ ուժեր
  10. Խորթ մայր
  11. Անհաջող դավադրություն
  12. Հանգամանքները բարդվում են
  13. Նոր տեղեկություններ
  14. Լեռնային իշխանուհին
  15. Ինքնակոչները
  16. Կնոջ խորհուրդը
  17. Պատանի Արտավազդը

Փակագծերի մեջ հավելված

  1. Բնություն, Նախարարություն, Թագավոր
  2. Պետություն, Եկեղեցի, Հոգևոր և մարմնական իշխանություն
  3. Եկեղեցականների զանազան տարերքը

Երկրորդ գիրք

Մեկը արևմուտքում, մյուսը- արևելքում

  1. Պատմոս
  2. Անհուշ բերդ

Ճանապարհները բաժանվում են

  1. Ռշտունի
  2. Արտոն
  3. Արտասուքի աղբյուր
  4. Համզասպուհի
  5. Սարսափելի գիշերվա առավոտը
  6. Ուրացողը յուր տան շենքի վրա
  7. Խայտ
  8. Շապուհը Զարեհավանի ավերակների մոտ
  9. Արտագերս
  10. Մուշեղ՝ «Խոտորնակին՝ խոտորնակ»
  11. Երկու չայրաց փոքրագույնը
  12. Հայր մարդպետ

Երրորդ գիրք

  1. Արարատյան դաշտի առավոտը
  2. Մի տարօրինակ ողջակեզ
  3. Զվիթա
  4. Արաքսի որոգայթները
  5. Մայրը
  6. Ողական ամրոցը

Արտաքին հղումներ

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սամվել (վեպ)