Հայերն Աբխազիայում
Աբխազահայեր | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Աբխազիայի դրոշը | |||||||||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||
| |||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||
Հայերեն, աբխազերեն, ռուսերեն | |||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||
Հայ Առաքելական եկեղեցի |
Հայերը Աբխազիայում կամ աբխազահայեր, աբխազներից հետո Աբխազիայում երկրորդ ազգային խումբը[1]։
Սև ծովի կովկասյան ափերին, մասնավորապես Աբխազիայում հայերը հաստատվել են վաղ միջնադարից։ Հետագա դարերում էլ պատմական հանգամանքների բերումով հայերի հոսքը Աբխազիա շարունակվել է։ Աբխազիայի հայերի հիմնական զանգվածը համշենցիներ են, որոնք 1879-ից ընտանիքներով, հաճախ կահ-կարասիով և նույնիսկ անասուններով գաղթել են Սև ծովի հարավ֊արևելյան ափերից՝ Տրապիզոնի, Օրդուի և Սամսոնի շրջաններից։ Հայերի գաղթը Արևմտյան Հայաստանից Աբխազիա հատկապես ուժեղացավ 1895–1896-ին և 1915-ի հայկական կոտորածների ժամանակ։ Դեռևս XIX դ. վերջերին Աբխազիայում հիմնադրվել են հայկական կենտրոններ և գյուղեր՝ Լաբրա, Արագիչ, Աթարա (հայկական), Դրանդի, Գուլրիպշ, Բոգապոստա, Մերխեուլի, Ծեբելդա, Գումիստա, Յաշարա, Պսիրցխա, Լեչկոպ, Անուխվա, Մծարա, Կոլդախվար, Ալախաձե, Պիլենկովո, Խաշուպսե և այլն։ Հայեր են բնակվում նաև Աբժակվա, Ագուձերա, Ախալշենի և այլ գյուղերում։ 1969 թ. բնակվում էր շուրջ 100000 հայ, որոնք ծովափնյա դաշտային մասերում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մշակում մերձարևադարձային պտուղներ և ծխախոտ, որ բերել և տարածել են Սև ծովի կովկասյան ափերին։ Հայերի մի մասն ապրում է քաղաքներում՝ Սուխումում, Օչամչիրայում, Գուդաութայում, Գազրայում, զբաղվում գլխավորապես արհեստներով։
Աբխազիա գաղթած համշենցի հայերը կառուցեցին եկեղեցիներ, բացեցին դպրոցներ։ Դպրոցները պահվում էին հայ համայնքների ու գյուղերի նյութական միջոցներով։ Երբ XIX դ. վերջին Աբխազիայում հայերը շատացան, Հայաստանից, ինչպես նաև հայաբնակ այլ վայրերից կամովին Աբխազիա եկան հայ ուսուցիչներ (Աննա և Գրիգոր Հովսեփյաններ և ուրիշներ), որոնք մեծ գործ կատարեցին տեղի հայ դպրոցը բարելավելու համար։ Ուսուցիչ Մուրադ Մուրադյանը մանկավարժական աշխատանքին զուգընթաց ուսումնասիրեց համշենցիների կյանքն ու կենցաղը և գրեց մի շարք հոդվածներ։ Աբխազիայի հայ դպրոցական խորհուրդը (1911) ուսուցիչ Խաչատուր Ավդալբեգյանի ղեկավարությամբ կենտրոնացրեց և գլխավորեց դպրոցական գործը, Սուխումում բացեց գրախանութ, ստեղծեց հայկական տպարան, հրատարակեց հայերեն թերթեր։ 1912–13-ին հրատարակվում էր «Լույս» գրական շաբաթաթերթը։
Խորհրդային իշխանության հաստատման համար մղված պայքարում աչքի են ընկել շատ հայեր (Գ. Աթարբեկյան, Ա. Շահգելդյան, Վ. Երեմյան, Տ. Զեյթունյան, Վ. Նիկողոսյան, Մ. Պետրոսյան և ուրիշներ)։ Կարմիր բանակի զորամասերին էական օգնություն ցույց տվեց Անուխվա, Ցեբելդա, Մցարա հայկական գյուղերի բնակչությունը։ Այդ տարիներին հրատարակվել են մենշևիկյան «Նոր կյանք» (1918), «Փարոս» (1919) թերթերը։ 1920-ին լույս է տեսել բոլշևիկյան «Կարմիր Աստղ» լրագիրը։
Աբխազիայի հայերի վիճակն արմատապես փոխվեց սովետական կարգերի շնորհիվ։ Մեծացավ նրանց դերը Աբխազիայի տնտեսության մեջ։ 1934-ին Գագրայի շրջանի Ալախաձե գյուղի ծխախոտագործ Գ. Հ. Բոստանջյանը մշակեց ծխախոտ հավաքելու նոր եղանակ, որի շնորհիվ 4–7 անգամ բարձրանում էր աշխատանքի արտադրողականությունը։ Նոր եղանակը, որը ստացավ «Բոստանջյանի մեթոդ» անունը, արագորեն տարածվեց Խորհրդային Միության ծխախոտագործների շրջանում։ 1935-ի դեկտեմբերին Կրասնոդարում տեղի ունեցավ ստախանովական-բոստանջյանականների համամիութենական առաջին հավաքը։ Սուխումում ստեղծվեց հայկական թատրոն, որը հետագայում դերասաններ Շահեն և Էլզա Շահինյանների ջանքերով վերածվեց հայկական պետական թատրոնի (1928–30)։ Սուխումի հայկական ծխական դպրոցը դարձավ յոթնամյա, ապա՝ միջնակարգ։ Սուխումում գործում էր հայկական մանկավարժական ուսումնարան։ 1969-ին Աբխազիայում կար 105 հայկական դպրոց, որից 20-ը՝ միջնակարգ, 38-ը՝ ութամյա (13.500 աշակերտ)։ Ուսուցիչների մեծամասնությունը տեղացիներ են։ Ճնշող մասը բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանի բուհերում։ 1954-ին հիմնադրվեց Աբխազիայի հայ գրողների միավորումը, ստեղծվեց հայկական տպարան, կազմակերպվեցին Աբխազիայի հայկական ժողովրդական թատրոնը և հայկական երգի֊պարի անսամբլը։
1970-ին Աբխազիայում աշխատում էին սոցիալիստական աշխատանքի 27 հայ հերոսներ։ Գագրայի շրջանի «Իլյիչ» կոլտնտեսության կոլտնտեսուհի 0. Ա. Հալաջյանը ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի, Գուլրիպշի շրջանի «Ռուսթավելի» կոլտնտեսությունից Ա. Գ. Մարկոսյանը Վրացական ԽՍՀ Գերագույն Խորհրդի, իսկ 6 հոգի Աբխազական ԻԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր էին։
Համաձայն 2003 թվականի տվյալների Աբխազիայում բնակվում է ավելի քան 45 հազար մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության 20% (215 հազար մարդից)։ Հայերը բացարձակ մեծամասնություն են կազում Սուխումի շրջանում և Գագրայի ու Գուլրիփշի շրջանում թվով խոշորագույն էթնիկ խումբն են[2]։ Սակայն այդ մարդահամարի տվյալները վիճարկվում են և համաձայն հայկական ոչ կառավարական կազմակերպությունների տվլյաներին, Աբխազիայի իշխանությունները վիճակագրություններում նվազեցնում են հայերի թիվը և իրականում այն կազմում է 67 հազար մարդ[3]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդահամարի թիվ | Վրացիներ | Աբխազներ | Ռուսներ | Հայեր | Հույներ | Ընդամենը |
---|---|---|---|---|---|---|
1926 | 36,3% (67 494) |
30,1% (55 918) |
6,7% (12 553) |
13,8% (25 677) |
7,6% (14 045) |
186 004 |
1939 | 29,5% (91 967) |
18,0% (56 197) |
19,3% (60 201) |
15,9% (49 705) |
11,1% (34 621) |
311 885 |
1959 | 39,1% (158 221) |
15,1% (61 193) |
21,4% (86 715) |
15,9% (64 425) |
2,2% (9 101) |
404 738 |
1970 | 41,0% (199 596) |
15,9% (77 276) |
19,1% (92 889) |
15,4% (74 850) |
2,7% (13 114) |
486 959 |
1979 | 43,9% (213 322) |
17,1% (83 087) |
16,4% (79 730) |
15,1% (73 350) |
2,8% (13 642) |
486 082 |
1989 | 45,7% (239 872) |
17,8% (93 267) |
14,3% (74 913) |
14,6% (76 541) |
2,8% (14 664) |
525 061 |
2003 | 21,3% (45 953) |
43,8% (94 606) |
10,8% (23 420) |
20,8% (44 870) |
0,7% (1 486) |
215 972 |
Ըստ շրջանների[4][5]
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջան (կամ քաղաք) | Հայեր | % | Ընդհանուր բնակչություն |
---|---|---|---|
Գագրայի | 16,322 | 44.1 | 34,869 |
Գուլրիփշի (բացի Կոդորյան կիրճը) | 9,375 | 47.5 | 19,918 |
Սուխումի շրջան | 7,209 | 61.4 | 11,747 |
Սուխում | 5,565 | 12.7 | 43,716 |
Գուդաութի | 4,141 | 11.9 | 34,869 |
Օչամչիրայի | 2,177 | 8.8 | 24,629 |
Թքվարչելի | 67 | 0.5 | 14,777 |
Գալի | 14 | 0.1 | 29,287 |
Աբխազիայի Հանրապետություն | 44,870 | 20.8 | 215,972 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբխազիայի հայերի միություն
- Բաղրամյանի անվան գումարտակ
- Սուրբ Հռիփսիմե մատուռ (Գագրա)
- Գագրայի հայկական եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աբխազիան սփյուռքի ներկայացուցիչներին քաղաքացիություն է առաջարկում
- ↑ Աբխազիայի բնակչություն
- ↑ «The authorities in Abkhazia intentionally decrease the number of Armenians». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ ETHNO-CAUCASUS - Աբխազիայի բնակչություն
- ↑ Աբխազիայի Հանրապետության Պետական Վիճակագրության Վարչություն, «Աբխազիան թվերով», Սուխում, 2005 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 30)։ |
|