Jump to content

Շուռնուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Շուռնուխ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՀամայնքԳորիս (համայնք) | Գորիս համայնք[1]
Այլ անվանումներՇոռնոխո, Շոռնուխա, Շորնուխո
Մակերես8.83 կմ²
ԲԾՄ1550 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն224 մարդ (2010)
Խտություն25 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՇուռնուխեցի
Ժամային գոտիUTC+4
Շուռնուխ (Հայաստան)##
Շուռնուխ (Հայաստան)

Շուռնուխ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի վրա[2]։

Բնակավայրը հայտնի է Շուռնուխ անունով, որը նաև հայկական պաշտոնական անունն է։

Շուռնուխա անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրորեն տեղակայված է Որոտան գետի վտակ Շուռնուխ գետի ափին։ Գտնվում է Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա։

Ժամանակակից Շուռնուխ գյուղը հիմնադրվել է 1930 թվականին պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք (Քաշունիք) գավառի Շոռնոխո ավերակ գյուղիպատմական Շոռնոխո ավերակ գյուղի տեղում[4]։ Տասնիներորդ դարի վերջին այդտեղ ավերակներ են եղել, այդ թվում՝ եկեղեցու ավերակներ, ավերման ժամանակը հայտնի չէ։

Հայ-ադրբեջանական պատերազմ, 1918-1920

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920թ. Զանգեզուրի ու Ղարաբաղի համար մղվող մարտերում Շուռնուխը եղել է հայկական և կովկասյան թաթարական ուժերի միջև բախումների թատերաբեմ։ Շուռնուխի շրջանը, հայկական սահմաններից ներս գտնվելով, սեպի նման խրված էր Կապանի ու բուն Զանգեզուրի միջև և ամեն անգամ այստեղ բույն դրած թաթարական խմբերր կռիվ ու թալան էին կազմակերպում հարևան հայ գյուղերի դեմ։ Շուռնուխի ուղղությամբ իրենց ձեռքին պահելով Ալի-Ղուլի-Ուշաղի, Էյվազլար, Շամսազ, Ղուրթղալա, Մազըթնի, Ային գյուղերը և Քեափազ, Ային-Տաղ և Խանակա բարձունքները, թաթարները փակել էին Կապան-Գորիս խճուղին։ Դրոն և գեներալ-կոմիսար Սերգեյ Մելիք-Յոլչյանը հարձակում ծրագրեցին Շուռնուխի ուղղությամբ։ Նախքան հարձակումը հայերը թաթարներին առաջարկեցին բացել Շուռնուխի խճուղին և ապահովել Կապանի ճանապարհի անվտանգությունը, սակայն բանակցելու ուղարկված հինգ պատվիրակներին թաթարները սպանեցին, օգնության ուղարկված պահակին՝ գնդացրային և հրացանային համազարկի ենթարկեցին[5]։ 1920թ. հունվարի 17-ին Նժդեհը, որը սկզբում հակված էր հարձակվել ոչ թե Շուռնուխի այլ Օրդուբադի ուղղությամբ, իր վաշտերին հրամայեց մաքրել Կապան-Գորիս ճանապարհն և ապահովել այն թշնամու հարձակումներից։ Հունվարի 19-ին Նժդեհի մարտիկները Կապանի կողմից գրոհի անցան և թշնամուն ստիպեցին նահանջել՝ վերցնելով Շուռնուխ, Տանձավեր, Մաճ, Նավլու, Քոմիրլու, Մազրա (ներկայիս Մուծք) գյուղերը և Մարքազ լեռը[6]։

Խորհրդային ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության տարիներին Շուռնուխում հիմնականում բնակվել են ադրբեջանցիներ։

Արցախյան շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1988 թվականն այստեղ բնակվող ադրբեջանցիները Արցախյան շարժման ժամանակ լքել են գյուղը և 1989 թվականից գյուղը վերաբնակեցվել է հայերով[7]։

ԼԳԲՏ անձանց առնչվող միջադեպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 3-ին Շուռնուխ գյուղի տարածքում գյուղի բնակիչների մի խմբի և մեկ այլ բնակչի մոտ հյուրընկալած 9-ը անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որը ժամանակին մեծ հնչեղություն է ստացել և ներկայացվել մամուլում։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հայտարարության՝ միջադեպից հետո 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, մի քանիսը ձերբակալվել են։ Դեպքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն իրականացրել են դատաիրավական գործողություններ և գործը տեղափոխվել է դատարան[8]։

ԼԳԲՏ անձանց հարցերով զբաղվող «Փինկ Արմենիա» կազմակերպությունը հայտարարել է, որ «ավելի քան 30 մարդ հարձակվել է ինը ԼԳԲՏ ակտիվիստների վրա, ծեծել վերջիններիս, որի արդյունքում երկու հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մնացած յոթ հոգու մարմնական վնասվածքները թեթև են»[8]։

Շուռնուխի գյուղպետը, պատասխանելով լրատվամիջոցի հարցին, հայտնել է, որ «ինը հոգանոց խումբն ամեն կերպ փորձել է ուշադրություն գրավել ու աղմկել»։ Ըստ նրա` «նրանց աղմուկից դժգոհ հարևանները դուրս են եկել փողոց, ու այնտեղ լեզվակռիվ ու քաշքշոց է սկսվել, նրանք փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց»[8]։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Թվիթթեր սոցիալական ցանցի իր էջում միջադեպի վերաբերյալ գրառում է կատարել՝ նշելով, որ «դատապարտում է ատելության հողի վրա կատարվող բոլոր հանցագործությունները, ներառյալ օգոստոսի 3-ին տեղի ունեցած բռնի հարձակումը ինը երիտասարդ ԼԳԲՏ հայերի դեմ։ Պետությունը պատասխանատու է բոլոր հայերի անվտանգության ապահովման համար»[9]։

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի դեկտեմբերին, երբ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքում Կովսականն անցավ Ադրբեջանին, Շուռնուխի 12 տների նկատմամբ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտ ներկայացրին՝ պնդելով, որ դրանք ընկնում են սահմանի արևելյան կողմում։ Խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով սահմանների դեմարկացիան սյունեցիների շրջանում դժգոհություններ հարուցեց, որոնք կուլմինացվեցին Գորիս տանող ճանապարհը փակելով և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը չթույլատրելով[10]։

2021 թվականի հունվարի 5-ին, երբ լրացավ Շուռնուխի 12 տներն Ադրբեջանին փոխանցելու համար սահմանված վերջնաժամկետը, հայկական ուժերը դուրս եկան ադրբեջանական վերահսկողությանն անցնող ստորին թաղից, որի 12 տների շուրջ 40 բնակիչները, գյուղաապետ Արշակյանի խոսքով, արդեն հեռացել էին տներից՝ չսպասելով վերջնաժամկետին։ Ներկայումս հայկական և ադրբեջանական կողմերին բաժանում է ընդամենը 10 մ հեռավորություն. այս սահմանով է անցնում Մ-2 միջպետական մայրուղին[11]։ 2021 թվականի փետրվարի սկզբից Շուռնուխում մարզային կառավարությունը պլանավորում է տուն կորցրած քաղաքացիներն միանվագ 300 հազար դրամ և ևս 6 ամիս 68 հազարական դրամ փոխհատուցում և նոր բնակելի թաղամասի շինարարություն՝ բնակարանային ֆոնդի հարցը մեկընդմիշտ լուծելով[12]։ 2024 թվականին իշխանությունները ավարտել են Շուռնուխի նոր թաղամասի տների շինարարությունը[13]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Զավեն Կորկոտյանի աշխատության, 1831-1886 թվականներին գյուղն անմարդաբնակ է եղել։ Հետագայում այնտեղ սկսել են բնակվել կովկասյան թաթարներ - 84 անձ 1897թ․, 117 անձ 1904 թ․, 104 անձ 1914թ․, 101 անձ 1926թ, 132 անձ (123 կովկասյան թաթար, 7 հայ և 2 ռուս) 1931թ.[14] Ըստ Սյունյաց Երկիր թերթի, գյուղը շարունակել է առավելապես ադրբեջանցիներով բնակեցված մնալ մինչև 1989թ․, ապա 1990 թվականից այն բնակեցվել է հայերով[15]։ Ըստ Հայաստանի բնակավայրերի բառարանի, Շուռնուխի բնակչությունը կազմել է 351 անձ 1939թ, 363 անձ 1959թ․ և 1970թ․, 324 անձ 1979թ․, 148 անձ 2001թ․ և 197 անձ 2004թ․.[16] Բնակչությունն աճել է մինչև 224 ըստ 2010թ մարդահամարի[17], այնուհետև նվազել միչև 207 անձ 2011 թ․ ըստ մարդահամարի.[17]

Շուռնուխի ազգաբնակչության փոփոխությունը.[18]

Տարի Բնակչություն
1897 84 մարդ
1926 101 մարդ
1939 351 մարդ
1959 363 մարդ
1970 363 մարդ
1979 324 մարդ
2001 148 մարդ
2011 207 մարդ [19]


Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ականների վերջերին գյուղի կենտրոնի փոքր բլրակի վրա կանգնեցվել է երկաթե խաչ, որը գիշերային խավարի մեջ լուսավորված վիճակում տարբեր կողմերից երևում է[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 166
  4. Հակոբյան, Թ․Խ․; Մելիք-Բախշյան, Ստ.Տ.; Բարսեղյան, Հ.Խ. (1998). Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան. Vol. 4. Երեւան: Երեւանի Համալսարանի Հրատարակչություն. էջ 164. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  5. «Ժողովուրդ», 14 հունվարի, 1920թ., թիվ 4
  6. «Դրոյի ու Նժդեհի հարձակումը Շուռնուխի ուղղությամբ». Հանրապետություն. ՄեդիաՄաքս. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  7. «Այցելություն Սյունյաց աշխարհի Բղեն գավառի սրբավայրեր, որոնց պսակը Նորավանքն է». Սյունյաց Երկիր (Armenian). 2019 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին. «Ադրբեջանցիներով բնակեցվել է 1930-ին՝ պատմական Շոռնոխո ավերակ գյուղի տեղում։»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 8,2 «Շուռնուխ․ ինչպես է տեղի ունեցել բռնությունը» հոդված civilnet.am կայքում, (արխիվացված 14․11․2021թ․
  9. Jardine, Bradley (2018 թ․ օգոստոսի 6). «Nine Armenian teenagers wounded in anti-LGBT attack». Eurasianet. eurasianet.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  10. «Armenia says that Azerbaijan laying claims to half of Armenian village». JAMnews. Yerevan. 2020 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  11. Զարգարյան, Ռոբերտ (2021--1-5). «Լրացավ Շուռնուխի 12 տներն Ադրբեջանին փոխանցելու համար սահմանված վերջնաժամկետը, հայտնում է գյուղապետը». Ազատություն ռադիոկայան. Երևան: Ազատություն ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին. «Գորիս-Կապան ճանապարհի վրա գտնվող Շուռնուխ գյուղի հատվածում այսուհետ հայկական և ադրբեջանական կողմերին կբաժանի շուրջ 10 մ հեռավորություն»
  12. Բադալյան, Սուսան (2021 թ․ փետրվարի 2). «Այս շաբաթ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում կսկսվի բնակելի նոր թաղամասի շինարարությունը» [A new residential block construction will begin this week in Shurnukh village of Syunik province]. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան (Armenian). «Շուռնուխը պետք է ավելի լավ գյուղ լինի։ Խոսքը նվազագույնը 12 տների մասին է, որոնց շինարարությունը այս տարի կավարտեն։ Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյան։» {{cite news}}: |archive-url= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Շուռնուխի տները պատրաստ են, միայն բացման արարողության օրերի հստակեցման հարցն է․ Սյունիքի մարզպետ». NEWS.am — նորություններ. Վերցված է 2024 թ․ հունիսի 6-ին.
  14. Zaven Korkotyan (1932). Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931). Հրատարակություն Մելքոնյան Ֆոնդի. էջ 28, 113.
  15. 15,0 15,1 «Այցելություն Սյունյաց աշխարհի Բղեն գավառի սրբավայրեր, որոնց պսակը Նորավանքն է». Սյունյաց Երկիր. 2019 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  16. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե “Գեոդեզիայի և Քարտեզագրության կենտրոն” ՊՈԱԿ (Armenian). 2008. էջ 160. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին. «Շ. հիմնադրվել է 1930թ. պատմական Շոռնոխո ավերակ գյուղի տեղում։»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. 17,0 17,1 «Report of the Results of the 2011 Armenian Census» (PDF). National Statistical Service of Armenia.
  18. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 160» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 25-ին.
  19. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուռնուխ» հոդվածին։