Սրբուհի Տյուսաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբուհի Տյուսաբ
Ծննդյան անունՍրբուհի Վահանեան
Ծնվել է1840[1]
ԾննդավայրՕրթաքյոյ, Բեշիքթաշ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1901[2][1]
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս
Մասնագիտությունվիպասան, հրապարակախոս և գրող
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԶավակներEdgar Dussap?
Սրբուհի Տյուսաբ Վիքիքաղվածքում
Սրբուհի Տյուսաբ Վիքիդարանում
 Srpouhi Dussap Վիքիպահեստում

Սրբուհի Տյուսաբ (Սրբուհի Վահանյան) (1840[1], Օրթաքյոյ, Բեշիքթաշ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1901[2][1], Կոստանդնուպոլիս), արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ։ Հայ առաջին վիպասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1841 թվականին Կոստանդնուպոլսի Միջագյուղ (Օրթագյուղ, Օրթաքյոյ) թաղամասում։ Սկզբնական կրթությունը ստացել է Միջագյուղի ֆրանսիական դպրոցում։ Մեկ տարեկան հասակում կորցրել է հորը։ Ֆրանսերեն, բնական գիտություններ և պատմություն է ուսանել եղբոր՝ քիմիկոս ու պետական բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Վահանի մոտ։ 1869 թ. մեկնել է Փարիզ, կապեր հաստատել ֆրանսիացի հայտնի խմբագիր Ժյուլյետա Ադանի, կոմպոզիտոր Շառլ Գունոյի, Ամպրուազ Թոմայի և այլոց հետ։ 1891 թ. վերադարձել է Կ. Պոլիս։ Բանաստեղծուհու կյանքում բեկումնային է եղել ծանոթությունը բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ, ումից Տյուսաբը հայերենի դասեր էր վերցնում։ Հետագայում նրանց միջև մտերմական սերտ կապերը վերաճել են զգացմունքների։

Մի շարք ուսումնասիրողներ անդրադարձել են բանաստեղծի անպատասխան սիրուն իր աշակերտուհու հանդեպ, որը երևում է նրա որոշ բանաստեղծություններում։ Ա. Շարուրյանի համոզմամբ, որոշ հիմքեր կան կարծելու, որ Սրբուհին նույնպես խոր և քնքուշ զգացմունքներ է ունեցել իր ուսուցչի հանդեպ։ Պեշիկթաշլյանի վաղաժամ մահվան բոթը ծնունդ է տվել «Ի հիշատակ պ. Մ. Պեշիկթաշլյանի» ողբերգին։ 1864 թ., երբ բանաստեղծուհու մայրը՝ Նազլը Վահանը հիմնում է Աղքատախնամ տիկնանց ընկերությունը և դառնում նրա ատենապետուհին, Սրբուհին՝ որպես օգնական ատենադպիր, աջակցում է մորը, մասնակցում տարբեր միջոցառումների կազմակերպմանը։

1869 կամ 1870-ական թվականներին Սրբուհին ամուսնացել է իր երաժշտության ուսուցիչ, ֆրանսիացի դաշնակահար, «ամուսիններուն լավագույնը» Պոլ Տյուսաբի հետ, որը ժամանակագրի կողմից հիշվում է որպես բեյ, այնուհետև փաշա տիտղոսով և վարում էր արքունական երաժշտախմբի ղեկավարի պաշտոնը։

Տյուսաբը հասարակական ասպարեզ իջավ 1880-ական թվականներին։ 1880 թ. մայիսից նա Դպրոցասեր հայուհյաց ընկերության գործուն անդամներից էր՝ Ընդհանուր ժողովի ատենապետը։

1887 թ. հետո քրոնիկական գլխացավերի պատճառով դադարում է զբաղվել գրական գործունեությամբ։ Հանգանակություններ է կատարում Դպրոցասեր տիկնանց ընկերության և Երզնկայի դպրոցի օգտին, օժանդակում է Գալֆայան որբանոցին, այցելում մի շարք դպրոցներ։ Նրա շնորհիվ ձեռք է բերվում Հովհ. Այվազովսկու նկարներից մեկը և դրվում Միացյալ ընկերության վիճակահանության։ Տյուսաբը հովանավորում է նաև Ասիական ընկերության լսարանները՝ կազմակերպելով գրական-երաժշտական հանդեսներ, ղեկավարում Պետրոս Ադամյանի բեմական գործունեության 25-ամյա հոբելյանի տոնակատարության մասնախումբը։

1889 թ. նոյեմբերին Տյուսաբը դստեր հետ մեկնում է Փարիզ՝ բուժվելու։ Ճանապարհին կանգ է առնում Պլովդիվ քաղաքում, որտեղ նևրոպաթոլոգ Ժան Մարտեն Շարկոն նրա մոտ հայտնաբերում է նյարդային սուր բորբոքումներ և իր նշանակած բուժումով էապես թեթևացնում նրա վիճակը։ Տյուսաբը մոտ երկու տարի մնում է Փարիզում։ 1891 թ.՝ Պոլիս վերադառնալուց մի քանի ամիս անց, թոքախտից մահանում է նրա դուստը՝ 18-ամյա Դորին։

Տյուսաբը մահացել է 1901 թ. հունվարի 3 (16)-ին՝ 60 տարեկան հասակում՝ քաղցկեղից։ Նրա աճյունն ամփոփվում է Շիշլիի Լատինաց գերեզմանատանը՝ դստեր կողքին։ Հարազատների կողմից նրա շիրմին կանգնեցվում է համեստ մի հուշարձան ֆրանսերեն տապանագրով. «Հրաշալի կնոջն ու մորը, նրան, որ ուներ սրտի բոլոր առաքինությունները և մտքի բոլոր շնորհները։ Հավերժ հարգանք ու ափսոսանք»։

2016 թվականին «Հայփոստ»-ի կողմից թողարկված նամականիշ՝ նվիրված Սրբուհի Տյուսաբի ծննդյան 175-ամյակին[3]

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական գործունեության սկզբում Մ. Պեշիկթաշլյանի ազդեցությամբ գրել է գրաբար ու աշխարհաբար ոտանավորներ, որոնցից «Գարունը» 1864 թ. տպագրվել է «Բազմավեպում»։ «Աշխարհաբար հայ լեզուն» (1880) գրքույկում հանդես է եկել նոր լեզվի պաշտպանությամբ։ Տյուսաբի գեղարվեստական ստեղծագործության նախերգանքը 1880-1882 թթ. Կ. Պոլսի և Զմյուռնիայի մամուլում տպագրված հրապարակախոսական հոդվածներն են («Կանանց դաստիարակությունը», «Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատության սկիզբը», «Հայ ընկերությունք»), որոնցում նա բողոքել է կանանց անազատ վիճակի դեմ, առաջ քաշել կրթության և աշխատանքի իրավունքի պահանջները։ Այս գաղափարները ցայտուն արտահայտվել են նրա «Մայտա» (1883) վեպում։ Գրողը կնոջը համարել է «ողորմելի զոհ», ում առաջ փակ են «ամեն ազատ շավիղ», ծաղրել է Ֆրանսիական հեղափոխության հռչակած «ազատություն և հավասարություն» սկզբունքները, որոնք «պարզապես ահագին բառեր են»։ Տյուսաբի կարծիքով կինը կարող է ազատություն նվաճել լուսավորվելու, նախապաշարմունքների դեմ պայքարելու և աշխատելու միջոցով։ Տյուսաբի հայացքները հուզել են ժամանակի արևմտահայ հասարակական գործիչներին։ Մի շարք մտավորականներ (Ռ. Պերպերյան, Գ. Զոհրապ, Հ. Պարոնյան, Գ. Չիլինկիրյան, Մ. Մամուրյան, Ե. Տեմիրճիպաշյան և այլք) հանդես են եկել մամուլում, արտահայտել նպաստավոր կամ մերժողական կարծիքներ։ Տյուսաբը շարունակել է իր ծավալած պայքարը, քննադատությանը պատասխանել «Սիրանույշ» (1884) և «Արաքսիա կամ Վարժուհին» (1887) վեպերով։ Դրանցից առաջինում նա ցույց է տվել իր հռչակած գաղափարների անհարիրությունը իրականությանը, պաշտպանել ազատ սիրո իրավունքը, մերժել բռնի ամուսնությունը, իսկ երկրորդում փորձել է հիմնավորել այն գաղափարը, որ կնոջ ազատագրության կարևոր նախապայմանը աշխատանքն է, որ կարող է «անկախ վիճակ» ստեղծել նրա համար։ Նրա երկերով ոգևորված են եղել նաև Զապել Եսայանն ու Արշակուհի Ճեզվեճյանը, իսկ դրանցում տեղ գտած գաղափարները հետագայում արժանացել են Շիրվանզադեի և այլոց ուշադրությանը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մատյա, Կ. Պոլիս, 1883, 252 էջ։
  • Սիրանույշ, Կ. Պոլիս, 1884, 408 էջ։
  • Արաքսիա կամ վարժուհին, Կ. Պոլիս, 1887, 321 էջ։
  • Արաքսիա կամ վարժուհին, Կ. Պոլիս, 1925, 288 էջ։
  • Սիրանույշ, Կ. Պոլիս, 1925, 297 էջ։
  • Երկեր, Երևան, 1959, 654 էջ։
  • Երկեր, Երևան, 1981, 550 էջ։
  • Սիրանույշ, Երևան, 2011, 224 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ նոր գրականության պատմություն, հատ. 3, Երևան, 1964, էջ 534-554։
  • Ալբերտ Շարուրյան, Սրբուհի Տյուսաբ. Կյանքը և ստեղծագործությունը, Երևան 1963, 250 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 25