Բազմավեպ
Բազմավեպ Bazmavep[1] | |
---|---|
Տեսակ | գիտական հանդես |
Լեզու | գրաբար |
Գլխավոր խմբագիր | Գաբրիել Այվազյան |
Հիմնադրվել է | 1843 |
Հիմնադիր | Գաբրիել Այվազյան և Ղևոնդ Ալիշան |
Հրատարակիչ | Մխիթարյան միաբանություն |
Երկիր | Իտալիա |
Գրասենյակ | Վենետիկ, Իտալիա |
Հրատարակության պատմություն | 1843-ներկա[2][3] |
ISSN | 1722-4969 |
Bazmavep Վիքիպահեստում |
«Բազմավեպը» (դասական ուղղագրությամբ՝ «Բազմավէպ»), Մխիթարյան միաբանության կողմից հրատարակվող հայագիտական, բանասիրական, գրական հանդես։ Լույս է տեսնում 1843 թ-ից Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Համարվում է ցայսօր հրատարակված հայերեն պարբերականներից ամենաերկարակյացը։
Սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդեսի հիմնադիր-խմբագիրը Գաբրիել Այվազովսկին էր՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը, որ ուրիշ վարդապետների օժանդակությամբ 1843 թ. հիմնեց «Բազմավեպ» հանդեսը՝ աչքի առաջ ունենալով Հ. Ղուկաս Ինճիճյանի հրապարակագրական բուռն ճիգերով առաջին անգամ կյանք առած «Տարեգրութիւնք», «Եղանակ Բիւզանդեան» և «Դիտակ Բիւզանդեան» թերթերի փորձը։
«Տարեգրութիւնքը» լույս էր տեսել 1799-ից մինչև 1802-ը. այն աշխարհաբարով հաղորդում էր հետաքրքիր տեղեկություններ ժամանակի քաղաքական դեպքերի, պատերազմների, գյուտերի մասին՝ ավանդելով միանգամայն կյանքի համար ծանոթություններ։ Հրատարակվում էր ամեն տարվա վերջին՝ իբրև թե ամփոփելով տարվա քաղաքական, եկեղեցական և գիտական կյանքը։ Առաջին համարը լույս է տեսել 1800 թ-ին։ Այն մեծապես գնահատելի գործ էր ժամանակի համար, քանի որ առաջին անգամ աշխարհաբարով լույս տեսնող լրագրի հիմքը դրեց ազգի մեջ։ Սկզբնական շրջանում հրապարակել է բազմաբնույթ նյութեր՝ հայագիտական ուսումնասիրություններ, համաշխարհային դասականների երկերի թարգմանություններ, հետաքրքրաշարժ տեղեկություններ, օգտակար խորհուրդներ և այլն։
«Եղանակ Բիւզանդեան»ը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնուհետև «Եղանակ Բիւզանդեան»ը սկսեց հրատարակվել 1800 թ-ից և տևեց մինչև 1820 թ-ը։ Այս թերթը նախորդի շարունակությունն էր, միայն թե իբրև շահեկան նորություն ներառում էր օդերևութաբանական գուշակություններ։ «Դիտակ Բիւզանդեանը», որ Ղ. Ինճիճյանի գլխավորթույամբ սկսեց լույս տեսնել 1812 թ-ից և տևեց մինչև 1816 թ-ը, դարձյալ ուներ լրագրական բովանդակություն, սակայն ավելի ուշ ուսումնական և բանասիրական նյութեր էլ է պարունակում։
Հ. Ղուկաս Ինճիճյանի կատարած դերը հայ լրագրության պատմության մեջ անտեսել անկարելի է. մեծ էր նրա ազդեցությունը ոչ միայն Ս. Ղազարի, այլև Պոլսի և Զմյուռնիայի լրագրական կյանքում։ Ղ. Ինճիճյանի մահվանից տասը տարի հետո Հ. Գաբրիել Այվազովսկին ձեռնարկում է «Բազմավեպը»` աչքի առաջ ունենալով Ղ. Ինճիճյանի կատարած փորձի արդյունքը, ժողովրդի փափագն ու ցանկությունը, ճաշակն ու զգացումը։ Նյութերի ընտրության, դասավորության և ներկայացման ձևի մեջ «Բազմավեպը» շուտով մեծ ընդունելության արժանացավ ու սիրվեց ժողովրդի կողմից։ «Բազմավեպ» տիտղոսը փաստորեն «Եղանակ Բիւզանդեանի» երկրորդ անունը դարձավ, որը 23 տարվա դադարից հետո նորից լույս էր տեսնում։
«Բազմավեպ»ի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1843-1857 թվականներին «Բազմավեպը» եղել է բնական, տնտեսական և բանասիրական երկշաբաթաթերթ՝ նպատակ ունենալով դյուրըմբռնելի աշխարհաբարով ընթերցողների հասցնել լուսավորական գաղափարներ և օգտակար խորհուրդներ, ուղիներ նշել տնտեսական, քաղաքական և հոգևոր կյանքի վերածնման համար։ Առաջին շրջանում այս հանդեսում մեծ տեղ էին զբաղեցնում կրոնաբարոյախոսական հաղորդումները, գիտության և արդյունաբերության ոլորտներում նորագույն հայտնագործությունները, աշխարհագրական և հնագիտական գյուտերի, բնության և ընդերքի հարստության մասին տեղեկությունները։ Սկզբնական շրջանում «Բազմավեպը» կազմված էր 3 մեծ մասերից։ «Բնական գիտութեանց» բաժինն ընդգրկում էր բնաբանությունը, բնալուծությունը, երկրաբանությունը, բնական պատմությունը, այսինքն՝ բուսաբանական և կենդանաբանական ծանոթություններ։ «Տնտեսական գիտութեանց» բաժինը ներառում էր դաստիարակությունը, քաղաքական տնտեսությունը, երկրագործությունը, առողջապահությունը, արվեստները և նորահայտ գյուտերը։ «Բանասիրական տեղեկութեանց» բաժնում զետեղված են տեղեկություններ ժողովուրդների, նշանավոր անձանց մասին, հետևաբար պատմական, աշխարհագրական, բարոյական ծանոթություններ, որոնցից միշտ անբաժան էին նաև ազգային կյանքի և պատմության խնդիրները։
Սկզբնական շրջանում «Բազմավեպը» երկշաբաթաթերթ էր, ապա հաջորդաբար դարձել է ամսագիր, եռամսյա ու երկամսյա պարբերական։ Վերջին տարիներին լույս է տեսնում տարեկան 4 համար, որոնք հաճախ միավորվում են մեկ ծավալուն հատորում։ Հանդեսի էջերում մշտապես տեղ են գտել գիտական, աստվածաբանական, հայագիտական, պատմական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմության մասին արժեքավոր նյութեր։
20-րդ դար. պահպանված ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընկել է նեղ կացության մեջ և աստիճանաբար կրճատել իր պարբերականությունը։ Պատմաբանասիրական հարցերում «Բազմավեպը» պահպանողական էր և ջանում էր «անխախտ պահել» ավանդական տեսակետները։ «Բազմավեպին» աշխատակցել են հայ և օտար հռչակավոր գիտնականներ, գրողներ, արվեստագետներ։ Բացի հայագիտական հոդվածներից, ուսումնասիրություններից և գրական-արվեստագիտական նյութերից՝ «Բազմավեպը» հրատարակել է մեծարժեք բացառիկ համարներ՝ նվիրված Դանթեի, Բայրոնի, Նապոլեոնի, Մխիթար Աբբայի, Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500 – ամյակի, հայ և համաշխարհային գրական ու պատմական այլ անցուդարձերի և դեմքերի հոբելյաններին։ 1971 թվականից «Բազմավեպը» լույս է տեսնում 2 – 3 հատորով և տպագրում հայագիտական-բանասիրական և կրոնական նյութեր։
19-րդ դարի 60-ական թթ-ից դարձել է գիտական պարբերական, տպագրել հայ և օտար ուսումնասիրողների գործերը, նպաստել հայագիտության զարգացմանը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հրապարակել է զգալի թվով հոդվածներ հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ «Հայ հանճար» (1916 թ.), «Ջարդերու քաղաքականության վերջը և պատժելու ժամը» (1919 թ.), «Աճապարենք, պահանջը ստիպողական է» (1919 թ.), «Քաղաքակրթություն, զուգակից բարբարոսություն» (1920 թ.). «Դիվանագիտության դիմակները» (1920 թ.), «Խաբվեցանք... բայց պետք չէ վհատինք» (1922 թ.) և այլն հոդվածներում արտացոլված են հայ ժողովրդին հուզող, հայկական հարցի հետ կապված իրադարձությունները։
Այդ տարիներին «Բազմավեպը» տպագրել է նաև հայ բանաստեղծների (Արսեն Երկաթ, Միհրան Շեխիկյան, Սիմոն Երեմյան, Մենասեր, Դանիել Վարուժան և ուրիշներ) ստեղծագործությունները ցեղասպանության վերաբերյալ։
Հանդեսին աշխատակցել ու նրա գործունեությանը մեծապես նպաստել են հայ և այլազգի անվանի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ Ղևոնդ Ալիշանը, Էդուարդ Հյուրմուզյանը, Գարեգին Զարբհանալյանը, Վարդան Հացունին, Արսեն Ղազիկյանը, Էմիլ Տեզան, Բարսեղ Սարգիսյանը, Վահան Հովհաննիսյանը, Ֆրեդերիկ Ֆեյդին, Հարություն Քյուրդյանը, Մեսրոպ Ճանաշյանը, Մկրտիչ Անանյանը, Ներսես Տեր-Ներսեսյանը, Լևոն Զեքիյանը և ուրիշներ։
«Բազմավեպ» հանդեսի թվայնացված համարները հասանելի են Հայ մամուլ շտեմարանից՝ https://tert.nla.am/mamul/Bazmavep/Table.html հասցեով։
1973 թվականից «Բազմավեպին» կից հրատարակվում է նույնանուն մատենաշար։
Խմբագիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր Գաբրիէլ Այվազովսկի (հիմնադիր 1843-1848) ;
- Հայր Ղեւոնդ Ալիշան (1848-1851) ;
- Հայր Օքսենտիոս Գուրգէնեան (1852-1853) ;
- Հայր Գրիգոր Ճելալեան (1854-1856, 1858-1861, 1863-1866) ;
- Հայր Հմայեակ Պապիկեան (1856-1857, 1876-1878) ;
- Հայր Գրիգոր Ճելալեան (1854-1856, 1858-1861, 1863-1866) ;
- Հայր Անտոն Սիոնեան (1861-1862) ;
- Հայր Գրիգոր Ճելալեան (1854-1856, 1858-1861, 1863-1866) ;
- Հայր Աթանագինէս Գաբթանեան (1867-1870) ;
- Հայր Յակոբոս Իսավերտենց (1871-1872) ;
- Հայր Կոմիտաս Իսկէնտէրեան (1873-1875) ;
- Հայր Արսէն Սուքրեան (1875-1876) ;
- Հայր Հմայեակ Պապիկեան (1856-1857, 1876-1878) ;
- Հայր Արիստակէս Քասքանտիլեան (1879-1882) ;
- Հայր Աթանաս Տիրոյեան (1883-1888, 1906-Օգոստոս) ;
- Հայր Յովհաննէս Թորոսեան (1889, 1896-1898) ;
- Հայր Թովմաս Էֆտեան (1890-1892) ;
- Հայր Եսայի Տայեցի (1893-1896) ;
- Հայր Յովհաննէս Թորոսեան (1889, 1896-1898) ;
- Հայր Ստեփանոս Սարեան (1898-1899) ;
- Հայր Սիմոն Երեմեան (1899-1905) ;
- Հայր Դաւիթ Նազարէթեան (1905) ;
- Հայր Աթանաս Տիրոյեան (1906) ;
- Հայր Կարապետ Տէր-Սահակեան (1906-1907) ;
- Հայր Ներսէս Տիրացուեան (1908-1909) ;
- Հայր Մկրտիչ Պոտուրեան (1908) ;
- Հայր Վարդան Հացունի (1909) ;
- Հայր Ներսէս Անդրիկեան (1910-1912) ;
- Հայր Յովհան Աւգերեան (1912-1915) ;
- Հայր Ներսէս Տիրացուեան (1916-1919) ;
- Հայր Ղեւոնդ Տայեան (1918, 1921-1927) ;
- Հայր Գաբրիէլ Նահապետեան (1919-1920) ;
- Հայր Քերոբէ Չրաքեան (1920-1921) ;
- Հայր Ղեւոնդ Տայեան (1918, 1921-1927) ;
- Հայր Կիւրեղ Քիպարեան (1927-1929) ;
- Հայր Վահան Յովհաննէսեան (1929-1930) ;
- Հայր Եղիա Փէչիկեան (1930-1939, 1952-1953) ;
- Հայր Եսայի Գռուզեան (1939-1942) ;
- Հայր Մեսրոպ Ճանաշեան (1942-1952, 1954-1956, 1971-1973) ;
- Հայր Եղիա Փէչիկեան (1930-1939, 1952-1953) ;
- Հայր Մեսրոպ Ճանաշեան (1942-1952, 1954-1956, 1971-1973) ;
- Հայր Ներսէս Տէր-Ներսէսեան (1957-1964, 1974-1979) ;
- Հայր Եփրեմ Տէր-Ղազարեան (1965-1967) ;
- Հայր Գաբրիէլ Սահակեան (1968-1970) ;
- Հայր Մեսրոպ Ճանաշեան (1942-1952, 1954-1956, 1971-1973) ;
- Հայր Ներսէս Տէր-Ներսէսեան (1957-1964, 1974-1979) ;
- Հայր Լեւոն Զէքիեան (1980-1984) ;
- Հայր Սահակ Ճեմճեմեան (1985-1992) ;
- Հայր Տաճատ Եարտըմեան (1993-1995) ;
- Հայր Յարութիւն Պզտիկեան (1996-1999) ;
- Հայր Սերոբ Չամուրլեան (2017-)[4][5] ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1722-4969
- ↑ Zekiyan, Levon. ««Բազմավէպ». հայագիտական հանդեսներու նահապետը (150-ամյա հոբելյանին առթիվ) ["Bazmavep". The Forefather of the Armenological Journals (dedicated to the 150th anniversary)]». Պատմաբանասիրական հանդես (1): 103–110.
- ↑ Shtikian, S. A. (1993). ««Բազմավեպ» հանդեսը (հիմնադրման 150-ամյակի առթիվ) [Journal "Bazmavep" (to the 150th anniversary of the day of foundation)]». Լրաբեր հասարակական գիտությունների (4): 72–81. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Մինչև 1942 թվականի տվյալները վերցված են Ս. Շտիկյանի «Հայ նոր գրականության ժամանակագրություն» (Ե., 1973) գրքից։
- ↑ Գլխավոր խմբագիրների ցանկ. «Հ. ՏԱՃԱՏ ԵԱՐՏԸՄԵԱՆ ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐԵԱՆՆԵՐՈՒ "ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՃԱՌ"-Ը Բազմավէպ էջ 61-62».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բազմավեպ
- Բազմավեպի մասին հոդվածը Դպրոցական Մեծ Հանրագիտարանում Արխիվացված 2017-09-17 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |