1906-1913 թվականներին եղել է «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1914-1915 թվականներին՝ Տրապիզոնի Մխիթարյան վարժարանի տեսուչը։ Գրել է գրականագիտական ուսումնասիրություններ, բանաստեղծություններ, դրամաներ։ Ղևոնդ Ալիշանի մահից հետո հրատարակել է նրա «Հայաստան, յառաջ քան զլինելն Հայաստան» (1904) աշխատությունը, որին կցել է արժեքավոր մեկնաբանություններ ու լրացումներ։ Տեր-Սահակյանի պատմագիտական գործերից առավել արժեքավոր է «Հայ կայսերք Բյուզանդիոնի» (1905) մենագրությունը, որտեղ բյուզանդական, հայկական և այլ աղբյուրների հիման վրա ներկայացրել է VI-XII դարերիԲյուզանդիայի կայսրության հայազգի 12 կայսրեր։ Նրանց մեծ մասի ազգության պատկանելության հետ կապված տեղեկությունները Տեր-Սահակյանը քաղել է հունական աղբյուրներից։ Գրքում ներկայացված են նաև բյուզանդական թագի 6 հայ հավակնորդներ (VII-IX դարեր), ութ հայ կայսրուհիներ (VIII-XIII դարեր), հիշատակված են հայ զորավարներ։ Այս աշխատությամբ Տեր-Սահակյանը ուրվագծել է հայ բյուզանդագիտության ծրագիրը՝ ընդգծելով հատկապես բյուզանդական մատենագրության մեջ հայերին վերաբերող տեղեկությունների հավաքման ու բացահայտման կարևորությունը[1]։
1915 թվականի հունիսի 18-ին թուրքական 60 ժանդարմներ և զինվորականներ Տրապիզոնի վիլայեթի Թոց գյուղում ապաստան գտած բոլոր քաղաքացի ընտանիքներին հավաքում և փակում են Պողոս Մարիմյանի տան մեջ։ Այդ ընտանիքների հետ էր նաև Կարապետ Տեր-Սահակյանը։ Թուրքերը սվիններով շրջապատած նրանց տանում են կես ժամ հեռավորության վրա գտնվող Անիֆա գյուղի ձորերի մեջ և սպանում բոլորին։ Սպանված Կարապետ Տեր-Սահակյանը ուներ բազմաթիվ ձեռագիր աշխատություններ, որոնք թուրքական կառավարությունը այրում և փչացնում է[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 685)։