Ներսես Տեր-Ներսիսյան
Ներսես Տեր-Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1920 |
Ծննդավայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն |
Մահացել է | դեկտեմբերի 24, 2006 (86 տարեկան) |
Մահվան վայր | Գյումրի, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկե Եկեղեցի |
Մասնագիտություն | արքեպիսկոպոս, հայագետ, մանկավարժ և կաթոլիկ քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | կաթոլիկ արքեպիսկոպոս և տիտղոսակիր արքեպիսկոպոս |
Ներսես Բաբկենի Տեր-Ներսիսյան (Արտաշես-Ստեփան Տեր-Ներսիսյան, նոյեմբերի 16, 1920, Բեռլին, Վայմարյան Հանրապետություն - դեկտեմբերի 24, 2006, Գյումրի, Հայաստան[2]), հայագետ, հրապարակագիր, մանկավարժ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1940 թվականից), ծայրագույն վարդապետ և գավազանակիր 1960 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաշես-Ստեփան Տեր-Ներսիսյանը ծնվել է Բեռլինում։ Սովորել է Բուխարեստի և Սոֆիայի հայկական դպրոցներում, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում (1933—1939 թթ.), ավարտել Հռոմի Գրիգորյան համալսարանը (1947 թ.)։ Եղել է «Մխիթարյան ընտանիք» ամսագրի խմբագիր (1948-1952 թթ.), «Բազմավեպ»-ի խմբագրապետ (1957-1979 թթ., ընդհատումներով), միաբանության ընդհանուր քարտուղար (1964-1976 թթ., 1982 թվականից առ այսօր), ձեռագրատան տնօրեն (1976-1982 թթ.)։ Երկար տարիներ դասավանդել է Սուրբ Ղազարի ժառանգավորաց դպրեվանքում և Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ Հրատարակել է Առաքել Սյունեցու «Դրախտագիրք»-ը (1956, առաջաբանը, ուսումնասիրությունը և բառարանը՝ Տեր-Ներսիսյանի), Մխիթար Սեբաստացու «Մտածությունք ի վերա բանից փրկչին» (1969, առաջաբանը Տեր-Ներսիսյանի) ժողովածուն և այլն։ Առանձին հոդվածաշարերով անդրադարձել է Դանթեի «Աստվածային կատակերգության» հայերեն թարգմանությանը, Ոսկան Երևանցու քերականական ըմբռնումներին, Մխիթարյան միաբանության պատմությանը, հայոց լեզվի ուղղագրության հարցերին և այլն։ 1991-2005 թթ եղել է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդը և այդ ժամանակ Գյումրիում Հայ Կաթողիկե Աթոռանիստ եկեղեցի կառուցելու գաղափարը և առաջին քայլերն է իրականացրել։
Մահացել է 2006 թվականին Գյումրիում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Ներսես Տեր-Ներսեսյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-11-16
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 683)։ ![]() |