Jump to content

Հովհան Որոտնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովհաննես Որոտնեցիից)
Հովհան Որոտնեցի
Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի (ձախից աջ)
Ծնվել է1315[1]
Վաղատին, Հայաստան[1]
Մահացել է1386[1]
Բերդիկ[1]
ԳերեզմանԵրնջակ[1]
Ազգությունհայ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա, աստվածաբան, ուսուցիչ, քահանա և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Տաթևի համալսարան[1]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԳլաձորի համալսարան[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն
Եղել է գիտական ղեկավարԱռաքել Սյունեցի, Գրիգոր Խլաթեցի և Գևորգ Երզնկացի
Հայտնի աշակերտներԳրիգոր Տաթևացի
Ինչով է հայտնիՏաթևի համալսարանի ուսուցչապետ
ՀայրԻվանե Որոտնեցի
 Hovhan Vorotneci Վիքիպահեստում

Հովհան Որոտնեցի կամ Հովհաննես Որոտնեցի (մականունը՝ Կախիկ, 1315[1], Վաղատին, Հայաստան[1] - 1386[1], Բերդիկ[1]), աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհան Որոտնեցին հայոց մեծ իշխան Իվանեի որդին էր[2]։ Սովորել է Գլաձորի համալսարանում՝ Եսայի Նչեցու և Տիրատուր Կիլիկեցու մոտ։ Նչեցու մահից հետո (1338), համալսարանը տեղափոխվել է Հերմոնի վանքը, ապա՝ 1340-ական թվականների վերջում փոխադրվել է Որոտան գավառը (որից և ծագում է Հովհանի հիմնական մականունը՝ Որոտնեցի)։ Այստեղ ձեռնարկել է մանկավարժական աշխատանքի, այնուհետև գիտական և դասախոսական գործունեություն ծավալել Որոտնավանքում։ 1373 թվականին հիմնադրել է Տաթևի համալսարանը։ Հայ միարարների գաղափարախոսական ոտնձգությունների դեմ պայքարելու նպատակով 1379 թվականին համալսարանի հետ տեղափոխվել է Երնջակ գավառ։

Քույրը՝ Թուղթան-ը ամուսնացած է եղել Վայոց ձորի տարածքի ներկայիս Հերհեր գյուղի ու գյուղամերձ շրջանների կալվածատեր Վահրամ Շահուռնեցու որդու՝ Ամատի հետ։ Վերջինիս ընտանիքի մասին ծավալուն տեղեկություններ են պահպանված 1349 թվականին ընդօրինակված ավետարաններից մեկի ընդարձակ հիշատակարանում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհան Որոտնեցին խորացրել է Հովհաննես Սարկավագից եկող գիտափիլիսոփայական գիտելիքի և աստվածաբանության ոլորտների սահմանազատման էմպիրիկ-սենսուալիստական և մատերիալիստական ուղղվածությունը։ Փիլիսոփա-բնագիտական մտածողությամբ են ներթափանցված ոչ միայն նրա փիլիսոփա-մեկնողական երկերը, այլև աստվածաբանական մեկնությունները, քարոզները, ճառերը։ Առանձնահատուկ նշանակություն ունեն Արիստոտելի, Պորփյուրի, Փիլոն Ալեքսանդրացու երկերի մեկնությունները։ Հովհան Որոտնեցու ուսմունքի հիմքը Արիստոտելի իմացաբանությունն ու տրամաբանությունն են։

Ըստ Հովհան Որոտնեցու, թեև շրջապատող նյութական աշխարհն Աստծու արարչագործության արդյունք է, սակայն օժտված է ինքնուրույն իրական գոյությամբ։ Բնության, այդ թվում՝ մարդու գոյության նյութ․ հիմքը կազմում են չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը և կրակը։ Մարդը մարմնի և հոգու միասնություն է։ Հոգին կենդանություն է տալիս մարմնին և մշտնջենական է։ Արարված աշխարհը գոյություն ունի մարդու մտածողությունից դուրս ու անկախ, և այն ճանաչելի է։ Իմացությունն ունի երկու աստիճան՝ զգայական և բանական։ Զգայական տվյալների մշակման միջոցով բանականությունը բացահայտում է իրերի և երևույթների էությունը։ Ճշմարտության չափանիշը մարդու գիտելիքի և ճանաչելիի համապատասխանության մեջ է։ Հովհան Որոտնեցին մերժում է բնածին գաղափարների ուսմունքը։ Այս միտումը դրսևորվում է նաև տրամաբանական հարցերը քննելիս։ Միտքը միայն զգայարանների միջոցով կարող է ճանաչել արտաքին աշխարհը և «որպես մաքուր հայելի»ընկալել իրերի նմանահանությունները։

Զգայարաններից եկող ցուցմունքների շնորհիվ բանականությունը ճանաչում է իրերի էությունը։ Մատերիալիստական այս միտումը շարունակվում է նաև Հովհան Որոտնեցու տրամաբանական հայացքներում։Հետևելով Արիստոտելին՝ նա առաջին գոյացության (եզակի իրերի) կատեգորիան համարում է ամենահիմնականը։ Ունիվերսալիաների (ընդհանուր հասկացությունների) բնույթի հարցը քննում է երեք մոտեցմամբ՝ առաջնայնության, հավասարության և առավելության, ի վերջո այն լուծելով նոմինալիզմի ոգով։ Եզակին անկախ է ընդհանուրից, նրա գոյությամբ է պայմանավորված սեռի և տեսակի (հասկացությունների) առաջացումն ու գոյատևումը։ Հասկացությունները ճանաչողության արդյունք են և ստեղծվելուց հետո կարևոր դեր են խաղում իմացության հետագա պրոցեսում։ Հովհան Որոտնեցու նոմինալիստական դիրքորոշումն ազգային եկեղեցու և հայ ժողովրդի ինքնուրույն պայքարի տեսական հիմնավորումներից է։ Նրա փիլիսոփայությունը միջնադարյան փիլիսոփայական մտքի կարևորագույն նվաճումներից է և մեծապես նպաստել է հայ փիլիսոփայական կրթության վերելքին և փիլիսոփայական ինքնուրույնացմանը։

«...Զգայութիւնն»,—ասում է նա,— ընդ մարմնոյն է եղեալ և է մարմնի, որպէս աչքդ, իսկ զգալին նախ է քան զքո մարմինդ։ ...Արդ, ի բառնալ ամենայն զգալեաց բառնի և քո մարմինդ և ընդ մարմնոյն բառնի և զգայութիւնդ. ապա թէպէտ բառնաս զգայութիւնդ՝ դեռևս մարմինդ Է, և թէ զմարմինդ բառնաս՝ զգալիքն ամենայն գոն» («Վերլուծութիւն «Ստորոգութեանց» Արիստոտէլի», 1956 թվական, էջ 136)

Հովհան Որոտնեցու հայացքները վճռական դեր խաղացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր գիտական տեսությունների զարգացման գործում։ Ի դեմս նրա, արիստոտելականությունը միջնադարյան Հայաստանում հասավ զարգացման իր գագաթնակետին և նպաստեց փիլիսոփայական մտքի վերելքին և ինքնուրույնացմանը։

Որոտնեցու հայացքները, ձևավորվել են հիմնականում հայ մշակույթի արժեքների հիման վրա։ Նա քաջ ծանոթ է եղել հայ անցյալի մտավոր ժառանգությանը, նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթի մտահարուստ աշխատություններին, անտիկ շրջանի հեղինակների գործերից միջնադարյան Հայաստանում թարգմանաբար պահպանված երկերին։ Կարդացել է վաղ քրիստոնեական շրջանի բյուզանդական մի շարք աստվածաբան-մտավորականների՝ Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Աստվածաբանի, Գրիգոր Նյուսացու և այլոց երկերը։
- Գ. Հ. Գրիգորյան[3]

Իր գիտական և մանկավարժական գործունեությամբ Հովհան Որոտնեցին խորը հետք թողեց հայ միջնադարյան մշակույթի մեջ։ Նրա դպրոցի ավանդույթները շարունակեցին Գրիգոր Տաթևացին, Մատթեոս Ջուղայեցին, Առաքել Սյունեցին և մշակույթի ու գիտության այլ նշանավոր ներկայացուցիչներ։

Թաղված է այժմ Նախիջևանի ինքանավար հանրապետության Ջուղայի շրջանում գտնված, լքված Բերդիկ գյուղից ոչ այդքան հեռու ավերված Սուրբ Գէորգ եկեղեցու հարևանությամբ։

Տաթևի վանական համալիրը

Հայ Առաքելական Եկեղեցին Հովհան Որոտնեցու հիշատակը նշում է Մեծ Պահքի Ի (20-րդ) օրը [4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 553—554.
  2. Michael E. Stone. Adam and Eve in the Armenian Traditions, Fifth through Seventeenth Centuries. — Society of Biblical Lit, 2013. — P. 696. — (Early Judaism and its literature, 38).
  3. Գ. Հ. Գրիգորյան, (1980). Հովհան Որոտնեցու փիլիսոփայական ուսմունքը. Երևան. էջեր 35–36.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «www.lusamut.net Lusamut.net». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհան Որոտնեցի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 553
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։