Մատթեոս Ջուղայեցի
Մատթեոս Ջուղայեցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1350 |
Ծննդավայր | Ջուղա[1] |
Մահացել է | մոտ 1411 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գլաձորի համալսարան[1] |
Ազդվել է | Գրիգոր Տաթևացի |
Մասնագիտություն | մեկնիչ, ուսուցիչ և գրիչ |
Աշխատավայր | Տաթևի համալսարան[1] |
Մատթեոս Ջուղայեցի (մոտ 1350, Ջուղա[1] - մոտ 1411), XIV դարի վերջի և XV դարի սկզբի հայ մեկնիչ, մանկավարժ և գրիչ, ում աշխատությունները մեծապես ընդօրինակվել ու տարածվել են Հայաստանում և հայաշատ գաղթավայրերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հին Ջուղայում[2][3]։ Հայտնի չէ նախնական կրթություն ստանալու վայրը։ Բարձրագույն կրթություն է ստացել Տաթևի համալսարանում՝ աշակերտելով Հովհան Որոտնեցուն ու Գրիգոր Տաթևացուն։ Շրջագայել է Հայաստանում և Փոքր Ասիայում, եղել Կոստանդնուպոլսում։ 1393 թվականից մի քանի տարի առաջ Մատթեոսը եղել է Խաչենի շրջաններում, Աղթամարում[4]։ Տիրապետել է մի քանի լեզուների։ Երիտասարդ տարիներին ոչ միայն ուսումնասիրել է հայ մատենագրությունը, այլև տիրապետել է արաբերեն գրավոր լեզվին, ուսումնասիրել է իսլամի կրոնական գրքերը, քաղվածքներ արել ու մեկնաբանել։
1391 թվականին Երնջակի Ապրակունյաց վանքում գրում է իր առաջին աշխատությունը՝ «Մեկնութիւն Ղուկասու Աւետարանին»։ Գրիգոր Տաթևացուն աշակերտելուց 4-5 տարի անց Ջուղայեցին սկսեց ինքնուրույն մեկնաբանել աշխատություններ։ 1392 թվականին լինելով Աղթամարում՝ Մատթեոսը վիճում է մի մուսուլմանի հետ, ինչի մասին պատմում է իր «Վասն հարցման անօրինաց․ զանազան պատասխանիք» խորագրում։ 14-րդ դարի 90-ական թվականներից Ջուղայեցին արդեն ճանաչված վարդապետ էր Սյունիքում և Վասպուրականում։ Այդ տարիներին Լենկ Թեմուրի զորքերն ասպատակում էին Հայաստանի նահանգներն ու շրջանները, գերեվարում բնակիչներին, ավերում ուղերն ու քաղաքները։ Այս իրադարձությունների մասին Ջուղայեցին գրել է 1395 թվականին Տաթևի վանքում[5]։ Լենկ Թեմուրի զորքերը 13 տարի պաշարման մեջ են պահում Երնջակի բերդը, որտեղ գտնվում էր նաև Մատթեոս Ջուղայեցին։ Այնտեղ նա գրում է Հակոբ Մծբնա հայրապետին նվիրված մի տաղ։ Հայտնի չէ, թե երբ է Ջուղայեցին դուրս եկել պաշարումից, սակայն հայտնի է, որ 1393 թվականին գտնվում էր Տանձափարախ անապատում, որտեղ գրել է «Վասն քարոզութեան բանի» աշխատությունը։
1395 թվականին նա մշտապես հաստատվում է Տաթևում։ Շուտով ձեռք է բերում մեծ փորձ դասախոսական ոլորտում և մի քանի տարի անց դառնում է Տաթևի համալսարանի գլխավոր վարդապետերից մեկը։ Սրա մասին 1402 թվականին վկայում է Թումա Սյունեցի գրիչն իր հիշատակարանում Ծար գավառի Քարավաճառ գյուղում[6]։ Ըստ 1407 թվականի իր ինքնագիր հիշատակարաններից մեկի՝ Ջուղայեցին միաժամանակ վարում էր նաև Տաթևի վանքի վանահոր պաշտոնը։ 1407 թվականին նա ոմն Մըմբարաքշահի պատվերով նկարագրում է ժամանակի քաղաքական իրավիճակը մի ընդօրինակած ավետարանի վերջում։
Մատթեոսը հայ ժողովրդի հետ միասին որոշ հույսեր էր կապում Լենկ Թեմուրի պարտության հետ։ Կարծում էին, թե նրա պարտությամբ ժողովրդի և երկրի վիճակը կբարելավվեր, սակայն այդ սպասելիքները չարդարացան, ինչին նա անդրադառնում է Գրիգոր Տաթևացու թաղման ժամանակ արտասանած դամբանականի, ինչպես նաև «Քննութիւն գործոց առաքելոց» հիշատակարանի մեջ։ Երկրում տիրող ծանր իրավիճակը Մատթեոսը 1411 թվականին նկարագրում է իր վերջին աշխատության մեջ։
1411 թվականից հետո Ջուղայեցու մասին որևէ հիշատակություն չկա։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործելով շուրջ 3-4 տասնամյակ (1380-1410-ական թվականներ)՝ Մատթեոս Ջուղայեցին թողել է գրական հարուստ ժառանգություն՝ գանձեր ու տաղեր (Գրիգոր Ծերենցի պատվերով), բազմաթիվ մեկնություններ, մոտ 50 քարոզ, Գրիգոր Տաթևացու թաղմանը (հունվար, 1410) արտասանած դամբանականը։ Որոշ երկեր պահպանվել են իր իսկ ինքնագրով։ Գաղափարական պայքար է մղել ունիթորական շարժման դեմ՝ հայ եկեղեցու ազգային-դավանական անկախության համար։ Նրա ստեղծագործություններն ունեն պատմաճանաչողական արժեք, հարուստ տեղեկություններ են պարունակում Լենկթեմուրի և կարա-կոյունլուների շրջանի Հայաստանի ներքին կյանքի, քաղաքական վիճակի, սոցիալտնտեսական հարաբերությունների, դասային կառուցվածքի, քաղաքային ու գյուղական համայնքների, կենցաղի, զբաղմունքների, հարկատեսակների, արհեստավորական և գյուղատնտեսական աշխատանքների, միջնադարյան թատրոնի, ժամանակի բնական գիտությունների վերաբերյալ։ Պահպանվել են Մաթեոս Ջուղայեցու օրինակած մի քանի արժեքավոր գրչագրեր։
XIV դարում հին Ջուղան մի փոքր գյուղաքաղաք էր, որը գտնվում էր Արաքսի հայտնի կամրջի մոտ։ Այստեղով էր անցնում միջազգային նշանակություն ունեցող քարավանային ճանապարհներից մեկը[7]։ Ջուղան այդ ժամանակ վեր էր ածվել առևտրական հանգրվանի, իսկ ջուղայեցիները որպես առևտրականներ ու միջնորդներ մասնակցում էին այդ առևտրին։ Այդ իսկ պատճառով Ջուղայեցու աշխատություններում կան առևտրի և արհեստի մասին բազմաթիվ տվյալներ։
XVII դարի հեղինակ Վարդան Բաղիշեցին իր «Ով ոք են արարեալ զլուծմունքս և զքաղուածոյս գրոց» ցուցակում Գրիգոր Տաթևացու և Առաքել Սյունեցու կողքին հիշատակում է նաև Մատթեոս Ջուղայեցուն։
1750 թվականին Կոստանդնուպոլսում լույս է տեսնում նրա «Վասն քարոզութեան բանի, առեալ ի վարդապետութենէ սուրբ հօրն Եւագրեայ․․․» աշխատությունը։
Մխիթարյան հայագետները արհամարհում էին միջնադարյան հայ մատենագրության բոլոր այն գործիչներին, ովքեր բացահայտ դեմ էին հանդես եկել կաթոլիկ եկեղեցու գաղափարախոսության և Վատիկանի կողմից Արևելք ուղարկած քարոզիչներին։ XIV դարի երկրորդ կեսին Տաթևի դպրոցի հիմնադիրներ ու ղեկավարներ Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և նրանց աշակերտներն ուժեղ պայքար ծավալեցին Հայաստանում կաթոլիցիզմի և հայ ունիթորների դեմ։ Այդ աշակերտներից մեկն էլ Մատթեոս Ջուղայեցին էր։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քարոզ սուրբ խաչի․․․» անունը կրող քարոզներից մեկում Ջուղայեցին պատմում է իր՝ Կոստանդնուպոլիս այցի մասին և թե ինչպես է այն արաբական արշավանքների ժամանակ փրկվել կործանումից[8]։
- «Բան յաւետարանէն Յովհաննու» աշխատության մեջ Մատթեոսն փորձում է բացատրել «օն» ձայնարկությունը[9]։
- «Քննութիւն գործոց առաքելոց» աշխատության մեջ նա պատմում է բորոտության մասին։ Այդ ժամանակներում Մոկաց երկրում շատ բորոտներ կային և Ջուղայեցին, ցանկանալով գտնել հիվանդության հարուցիչները, ուշադրություն է դարձնել մոկացիների սննդի վրա և պարզել, որ նրանց սննդի մեջ մեծ տեղ է զբաղեցնում ծանրամարս կորեկի հացը, մեղրն ու ընկույզը, և որ դա է հիվանդության բուն պատճառը[10]։
- «Ի գլխոյն Ղուկասու հաւաքումն բանից և հոլով քարոզք ի մեկնութենէ Իգնատիոսի հայոց վարդապետի, ժողովեալ աշխատութեամբ Մատթէոսի աշակերտի Գրիգորի», որը գրել է Երնջակի Ապրակունյաց վանքում 1391 թվականին։
- «Յովհաննու Որոտնեցոյ տիեզերալոյս բաբունապետի արարեալ բան յաւետարանէն Յովհաննու, որ ասէ՝ Ի սկզբանէ էր բանն և բանն էր առ աստուած», չնայած վերնագրում նշված է Հովհան Որոտնեցու անունը՝ աշխատության հիմնական մասը գրել է Ջուղայեցին։ Ուղղակի նա սիրում է իր աշխատությունների վերնագրերում նշել այն հեղինակներին, ումից օգտվել է։
- «Մատթէոսի վարդապետի, վասն հարցմանց անօրինաց զանազան պատասխանիք, զոր խնդրեալ բարեպաշտն Աբիսողոմ մեծ տանուտէրն Շիրինայ», որը գրել է 1393 թվականից առաջ։
- Գանձեր ու տաղեր[Ն 1]
- «Տաղ ազնիւ (Յակոբայ Մծբնայ հայրապետին) ի Մաթէոս վարդապետէ», գրել է Երնջակում 1386-1399 թվականներին։ Տաղը ձայնագրված է բազմաթիվ բարդ խաղերով[11]։
- «Կանոն երևման խաչին», որ ունի տաղ ու հորդորակ, որոնք նույնպես ձայնագրված են բազմաթիվ խաղերով[12]։
- «Կանոն մեծահրաշ կիրակէի», ակրոստիքոս՝ «Մաթէոսի է, խնդրեաց Գրիգոր»[13]։
- «Գանձ մեծի երկուշաբաթին», ակրոստիքոս՝ «Ի Մաթէոսէ, խնդրեաց Գրիգոր»[14]։
- «Մեղեդի անոյշ (սրբոյ հայրապետաց գ․ ժողովոցն) ի Մաթէոս վարդապետէ», ակրոստիքոս՝ «Մաթէոսի է երգս այս, նոր է գրեալ»[15]։
- «Մատթէոսի վարդապետի աշխատասիրեալ վասն քարոզութեան բանի, ի վարդապետութենէն սուրբ հօրն Եւագրեայ, որ միտք անապատի կոչի և ի նորին վարուցն հետևողէ սրբոյն Նեղոսէ, որ ցան և ցիր գոյր ի բանս նոցա՝ հաւաքեալ ի մի ի պէտս բանասէր անձանց», որը գրել է 1393 թվականին Տանձափարախ անապատում։
- «Նուաստ Մաթէոս վարդապետի՝ աշակերտի եռամեծին Գրիգորի աշխատասիրեալ առ ի հաւաքումն բանից, որ հայի առ Զ (6) աւուր գործս աստուծոյ, ի խնդրոյ Սարգիս կրօնաւորի, ի բանն Սողոմոնի, որ ասէ՝ Ամենեցուն ճարտարապետն ուսոյց ինձ իմաստութիւն», որը գրել է 1395 թվականին Տաթևի վանքում։
- «Վասն ժամանակաց գիտելոյ զորքանն», որը գրել է 1402 թվականին հավանաբար Տաթևում։ Ներկայացնում է փոքր աղյուսակ, որը պարունակում է եկեղեցական և քաղաքական կարևոր իրադարձությունների թվականներ։
- «Նորին Մատթէոսի վարդապետի ներբողեան ողբերգաբար, ոգեալ ի թաղումն երջանիկ րաբունապետին Գրիգորի։ Ընդ նմին յիշատակեալ զողբս լալեաց կոտորածին, որ ի Վրացտուն՝ ի Փայտակարան քաղաքի, քանզի պատկեր աւուրց ի մի դիպեցաւ, մանաւանդ ի հրաշագեղ Կարապետ՝ եղբայր իւր», որը գրել է 1410 թվականի սկզբներին Տաթևում։
- «Մատթէոսի նուաստ և յետին աշակերտի եռամեծացն Յովհաննու և Գրիգորի, աշխատասիրեալ ի քննութիւն գործոց առաքելոց, ի մեկնութենէ սուրբ հարցն Յովհաննու Ոսկեբերանի և Եփրեմի, ի խնդրոյ հարազատ եղբօր մերոյ Յակոբ վարդապետի՝ մականուն Ովսանանց կոչեցեալ», որը Մատթեոսի ամենաընդարձակ ու կարևոր աշխատությունն է։ Գրել է 1411 թվականին հավանաբար Տաթևում։
Քարոզներ և ձեռագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուղայեցին գրել է մոտ 50 քարոզ[16]։ Դրանք գրված են Աստվածաշնչից վերցված բնաբաններով, որոնք, որպես կանոն, 7 պատվիրաններն էին։ Քարոզների գրման թվականը հայտնի չէ։ 1391 թվականին գրված «Ի գլխոյն Ղուկասու հաւաքումն բանից» աշխատությունը ևս պարունակում է քարոզներ։
Ջուղայեցին զբաղվել է նաև ձեռագրերի ընդօրինակմամբ։ Նրա բազմացրած ձեռագրերից հայտնի են՝
- Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» աշխատությունը, որն ընդօրինակվել է 1397 թվականին Ատոմ աբեղայի խնդրանքով։
- Ավետարան, որն ընդօրինակվել է 1407 թվականին Տաթևում Յովել քահանայի խնդրանքով։
- Ավետարան, որն ընդօրինակվել է 1407 թվականին ոմն Մըմբարաքշահի պատվերով։
Մատթեոս Ջուղայեցու տնտեսագիտական գաղափարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատթեոս Ջուղայեցու տնտեսագիտական հայացքները որոշակիորեն համընկնում են Գրիգոր Տաթևացու հայացքներին, քանզի Ջուղայեցին աշակերտել է Տաթևացուն, այնուհետև գործել են համատեղ։ Ջուղայեցին իր ձեռագիր աշխատանքներում, հիմնականում քարոզներում, նախ և առաջ անդրադարձել է հարստության և աղքատության բևեռացման խնդրի մեկնաբանմանը։ Նա գտնում է, որ հավասարությունն անհրաժեշտ է, սակայն հարստությունը սահմանափակ է, այն արևի ու ջրի նման անսպառ չէ, հետևաբար, ըստ նրա անխուսափելի է դառնում մարդկանց ունեցվածքի անհավասարությունը[փա՞ստ]։
Մատթեոս Ջուղայեցին անդրադարձել է նաև ֆեոդալական սեփականության հարաբերություններին, որը նա համարում է ընդհանրապես տիրապետության կամ տնօրինության չորս ձևերից մեկը՝ անձի տիրապետության, ծառաներին տիրապետման, որդիներին տիրապետման հետ մեկտեղ։ Ջուղայեցին ավելի հիմնավորել այն գաղափարը, որ միջնադարում սեփականատիրության, նրա ձեռք բերման ամենատարածված ուղիներից մեկը եղել է բռնությունը[փա՞ստ]։
Ջուղայեցին անդրադարձել է վարձու աշխատանքի կիրառման և վարձատրության հարցերին։ Նա նշել է, որ մշակներն օրական մեկ դահեկան են վարձատրվում, որը հազիվ է բավարարում՝ ձեռք բերելու նրանց գոյության պահպանման նվազագույն կենսամիջոցները[փա՞ստ]։
Ջուղայեցին ընդգծում է նյութական բարիքների արտադրության կարևորությունը, նշելով, որ դրանք մեր կյանքի պայմանն են, իսկ հոգևոր բարիքները ապրուստի աղբյուր լինել չեն կարող։ Արտադրության կազմակերպման պայմանների մեջ նա որոշակիորեն ընդգծել է արտադրության նյութական և անձնական տարրերի կարևորությունը։ Նա հատկապես կարևորել է աշխատանքի գործիքները և դրանց շարքն է դասել նաև բանող անասուններին։ Աշխատանքին առանձնահատուկ դեր է հատկացրել արտադրության պրոցեսում՝ նշելով նրա ֆիզիկական և մտավոր կողմերը։ Նա մերժել է հարկադիր աշխատանքը, նշել, որ աշխատողը պետք է ազատ լինի և տնօրինի իր ստեղծած արդյունքները։ Ջուղայեցին դեմ է վարձու աշխատանքին, գտնելով, որ այն հարկադիր աշխատանք է և անձնական շահագրգռվածություն չի ապահովում[փա՞ստ]։
Հիշատակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ․ Զարբհանալյան «Պատմութիւն հայերէն դպրութեան» երկահատորանոց աշխատություն
- Հ․ Աճառյան «Հայոց անձնանունների բառարան», 3-րդ հատոր
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաչիկյան Լ., Մատթեոս Ջուղայեցու կյանքն ու մատենագրությունը, ԲՄ, 1956, համար 3։
- Զաքարյան Ս., Հայ իմաստասերներ (Մատթեոս Ջուղայեցի, Առաքել Սյունեցի), Երևան, 1997։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Քանի որ գանձերի և տաղերի մեծ մասը պարունակում են մեծաքանակ երաժշտական խաղեր, ապա կարելի է կարծել, որ Մատթեոս Ջուղայեցին եղել է ոչ միայն բանաստեղծ, այլև երաժիշտ-երգահան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 289.
- ↑ Թովմա Մեծոփեցի, էջ 50-51
- ↑ Վ․ Բաղիշեցի, ձեռագիր № 8444, էջ 182 ա - 182 բ
- ↑ Ձեռագիր, № 969, էջ 107 բ
- ↑ Լ․ Խաչիկյան «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Երևան, 1950 թ, էջ 613
- ↑ Լ․ Խաչիկյան «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», I մաս (1401-1450 թթ), Երևան, 1955 թ, էջ 25
- ↑ Շարաֆ-բեկ, ՀԱ, 1899, էջ 66
- ↑ Ձեռագիր № 2229, էջ 230 բ
- ↑ Ձեռագիր № 5871, էջ 34 ա
- ↑ Ձեռագիր № 1402, էջ 131 ա
- ↑ Ձեռագիր № 425, էջ 46բ - 47բ
- ↑ Ձեռագիր № 425, էջ 255ա - 258բ
- ↑ Ձեռագիր № 425, էջ 261ա - 262բ
- ↑ Ձեռագիր № 474, էջ 152ա - 157ա
- ↑ Ձեռագիր № 471, էջ 106բ - 108բ
- ↑ Ձեռագիր № 2229
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լ․ Խաչիկյան «Մատթեոս Ջուղայեցու կյանքն ու մատենագրությունը», Բանբեր Մատենադարանի № 3, Երևան, 1956 թ Արխիվացված 2023-04-28 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 289)։ |