Մատթեոս Ջուղայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատթեոս Ջուղայեցի
Դիմանկար
Մատթեոս Ջուղայեցի (մանրանկար, 1715 թ)
Ծնվել էմոտ 1350
ԾննդավայրՀին Ջուղա
Մահացել էմոտ 1411
Ազգությունհայ
ԿրթությունԳլաձորի համալսարան[1]
Ազդվել էԳրիգոր Տաթևացի
Մասնագիտությունմեկնիչ, ուսուցիչ և գրիչ
Աշխատանքմատենագիր, գրիչ, մանկավարժ
ԱշխատավայրՏաթևի համալսարան

Մատթեոս Ջուղայեցի (մոտ 1350, Ջուղա[1] - մոտ 1411), 14-րդ դարի վերջի և 15-րդ դարի սկզբի հայ մեկնիչ, մանկավարժ և գրիչ, ում աշխատությունները մեծապես ընդօրինակվել ու տարածվել են Հայաստանում և հայաշատ գաղթավայրերում։

Կենսագրություն

Ծնվել է հին Ջուղայում[2][3]: Հայտնի չէ նախնական կրթություն ստանալու վայրը։ Բարձրագույն կրթություն է ստացել Տաթևի համալսարանում՝ աշակերտելով Հովհան Որոտնեցուն ու Գրիգոր Տաթևացուն։ Շրջագայել է Հայաստանում և Փոքր Ասիայում, եղել Կոստանդնուպոլսում։ 1393 թվականից մի քանի տարի առաջ Մատթեոսը եղել է Խաչենի շրջաններում, Աղթամարում[4]: Տիրապետել է մի քանի լեզուների։ Երիտասարդ տարիներին ոչ միայն ուսումնասիրել է հայ մատենագրությունը, այլև տիրապետել է արաբերեն գրավոր լեզվին, ուսումնասիրել է իսլամի կրոնական գրքերը, քաղվածքներ արել ու մեկնաբանել։

1391 թվականին Երնջակի Ապրակունյաց վանքում գրում է իր առաջին աշխատությունը՝ «Մեկնութիւն Ղուկասու Աւետարանին»։ Գրիգոր Տաթևացուն աշակերտելուց 4-5 տարի անց Ջուղայեցին սկսեց ինքնուրույն մեկնաբանել աշխատություններ։ 1392 թվականին լինելով Աղթամարում՝ Մատթեոսը վիճում է մի մուսուլմանի հետ, ինչի մասին պատմում է իր «Վասն հարցման անօրինաց․ զանազան պատասխանիք» խորագրում։ 14-րդ դարի 90-ական թվականներից Ջուղայեցին արդեն ճանաչված վարդապետ էր Սյունիքում և Վասպուրականում։ Այդ տարիներին Լենկ Թեմուրի զորքերն ասպատակում էին Հայաստանի նահանգներն ու շրջանները, գերեվարում բնակիչներին, ավերում ուղերն ու քաղաքները։ Այս իրադարձությունների մասին Ջուղայեցին գրել է 1395 թվականին Տաթևի վանքում[5]: Լենկ Թեմուրի զորքերը 13 տարի պաշարման մեջ են պահում Երնջակի բերդը, որտեղ գտնվում էր նաև Մատթեոս Ջուղայեցին։ Այնտեղ նա գրում է Հակոբ Մծբնա հայրապետին նվիրված մի տաղ։ Հայտնի չէ, թե երբ է Ջուղայեցին դուրս եկել պաշարումից, սակայն հայտնի է, որ 1393 թվականին գտնվում էր Տանձափարախ անապատում, որտեղ գրել է «Վասն քարոզութեան բանի» աշխատությունը։

1395 թվականին նա մշտապես հաստատվում է Տաթևում։ Շուտով ձեռք է բերում մեծ փորձ դասախոսական ոլորտում և մի քանի տարի անց դառնում է Տաթևի համալսարանի գլխավոր վարդապետերից մեկը։ Սրա մասին 1402 թվականին վկայում է Թումա Սյունեցի գրիչն իր հիշատակարանում Ծար գավառի Քարավաճառ գյուղում[6]: Ըստ 1407 թվականի իր ինքնագիր հիշատակարաններից մեկի՝ Ջուղայեցին միաժամանակ վարում էր նաև Տաթևի վանքի վանահոր պաշտոնը։ 1407 թվականին նա ոմն Մըմբարաքշահի պատվերով նկարագրում է ժամանակի քաղաքական իրավիճակը մի ընդօրինակած ավետարանի վերջում։

Մատթեոսը հայ ժողովրդի հետ միասին որոշ հույսեր էր կապում Լենկ Թեմուրի պարտության հետ։ Կարծում էին, թե նրա պարտությամբ ժողովրդի և երկրի վիճակը կբարելավվեր, սակայն այդ սպասելիքները չարդարացան, ինչին նա անդրադառնում է Գրիգոր Տաթևացու թաղման ժամանակ արտասանած դամբանականի, ինչպես նաև «Քննութիւն գործոց առաքելոց» հիշատակարանի մեջ։ Երկրում տիրող ծանր իրավիճակը Մատթեոսը 1411 թվականին նկարագրում է իր վերջին աշխատության մեջ։

1411 թվականից հետո Ջուղայեցու մասին որևէ հիշատակություն չկա։

Ստեղծագործական կյանք

Ստեղծագործելով շուրջ 3-4 տասնամյակ (1380-1410-ական թվականներ)՝ Մատթեոս Ջուղայեցին թողել է գրական հարուստ ժառանգություն՝ գանձեր ու տաղեր (Գրիգոր Ծերենցի պատվերով), բազմաթիվ մեկնություններ, մոտ 50 քարոզ, Գրիգոր Տաթևացու թաղմանը (հունվար, 1410) արտասանած դամբանականը։ Որոշ երկեր պահպանվել են իր իսկ ինքնագրով։ Գաղափարական պայքար է մղել ունիթորական շարժման դեմ՝ հայ եկեղեցու ազգային-դավանական անկախության համար։ Նրա ստեղծագործություններն ունեն պատմաճանաչողական արժեք, հարուստ տեղեկություններ են պարունակում Լենկթեմուրի և կարա-կոյունլուների շրջանի Հայաստանի ներքին կյանքի, քաղաքական վիճակի, սոցիալտնտեսական հարաբերությունների, դասային կառուցվածքի, քաղաքային ու գյուղական համայնքների, կենցաղի, զբաղմունքների, հարկատեսակների, արհեստավորական և գյուղատնտեսական աշխատանքների, միջնադարյան թատրոնի, ժամանակի բնական գիտությունների վերաբերյալ։ Պահպանվել են Մաթեոս Ջուղայեցու օրինակած մի քանի արժեքավոր գրչագրեր։

14-րդ դարում հին Ջուղան մի փոքր գյուղաքաղաք էր, որը գտնվում էր Արաքսի հայտնի կամրջի մոտ։ Այստեղով էր անցնում միջազգային նշանակություն ունեցող քարավանային ճանապարհներից մեկը[7]։ Ջուղան այդ ժամանակ վեր էր ածվել առևտրական հանգրվանի, իսկ ջուղայեցիները որպես առևտրականներ ու միջնորդներ մասնակցում էին այդ առևտրին։ Այդ իսկ պատճառով Ջուղայեցու աշխատություններում կան առևտրի և արհեստի մասին բազմաթիվ տվյալներ։

17-րդ դարի հեղինակ Վարդան Բաղիշեցին իր «Ով ոք են արարեալ զլուծմունքս և զքաղուածոյս գրոց» ցուցակում Գրիգոր Տաթևացու և Առաքել Սյունեցու կողքին հիշատակում է նաև Մատթեոս Ջուղայեցուն։

1750 թվականին Կոստանդնուպոլսում լույս է տեսնում նրա «Վասն քարոզութեան բանի, առեալ ի վարդապետութենէ սուրբ հօրն Եւագրեայ․․․» աշխատությունը։

Մխիթարյան հայագետները արհամարհում էին միջնադարյան հայ մատենագրության բոլոր այն գործիչներին, ովքեր բացահայտ դեմ էին հանդես եկել կաթոլիկ եկեղեցու գաղափարախոսության և Վատիկանի կողմից Արևելք ուղարկած քարոզիչներին։ 14-րդ դարի երկրորդ կեսին Տաթևի դպրոցի հիմնադիրներ ու ղեկավարներ Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և նրանց աշակերտներն ուժեղ պայքար ծավալեցին Հայաստանում կաթոլիցիզմի և հայ ունիթորների դեմ։ Այդ աշակերտներից մեկն էլ Մատթեոս Ջուղայեցին էր։

Աշխատություններ

  • «Քարոզ սուրբ խաչի․․․» անունը կրող քարոզներից մեկում Ջուղայեցին պատմում է իր՝ Կոստանդնուպոլիս այցի մասին և թե ինչպես է այն արաբական արշավանքների ժամանակ փրկվել կործանումից[8]:
  • «Բան յաւետարանէն Յովհաննու» աշխատության մեջ Մատթեոսն փորձում է բացատրել «օն» ձայնարկությունը[9]:
  • «Քննութիւն գործոց առաքելոց» աշխատության մեջ նա պատմում է բորոտության մասին։ Այդ ժամանակներում Մոկաց երկրում շատ բորոտներ կային և Ջուղայեցին, ցանկանալով գտնել հիվանդության հարուցիչները, ուշադրություն է դարձնել մոկացիների սննդի վրա և պարզել, որ նրանց սննդի մեջ մեծ տեղ է զբաղեցնում ծանրամարս կորեկի հացը, մեղրն ու ընկույզը, և որ դա է հիվանդության բուն պատճառը[10]:
  • «Ի գլխոյն Ղուկասու հաւաքումն բանից և հոլով քարոզք ի մեկնութենէ Իգնատիոսի հայոց վարդապետի, ժողովեալ աշխատութեամբ Մատթէոսի աշակերտի Գրիգորի», որը գրել է Երնջակի Ապրակունյաց վանքում 1391 թվականին։
  • «Յովհաննու Որոտնեցոյ տիեզերալոյս բաբունապետի արարեալ բան յաւետարանէն Յովհաննու, որ ասէ՝ Ի սկզբանէ էր բանն և բանն էր առ աստուած», չնայած վերնագրում նշված է Հովհան Որոտնեցու անունը՝ աշխատության հիմնական մասը գրել է Ջուղայեցին։ Ուղղակի նա սիրում է իր աշխատությունների վերնագրերում նշել այն հեղինակներին, ումից օգտվել է։
  • «Մատթէոսի վարդապետի, վասն հարցմանց անօրինաց զանազան պատասխանիք, զոր խնդրեալ բարեպաշտն Աբիսողոմ մեծ տանուտէրն Շիրինայ», որը գրել է 1393 թվականից առաջ։
  • Գանձեր ու տաղեր[Ն 1]
    • «Տաղ ազնիւ (Յակոբայ Մծբնայ հայրապետին) ի Մաթէոս վարդապետէ», գրել է Երնջակում 1386-1399 թվականներին։ Տաղը ձայնագրված է բազմաթիվ բարդ խաղերով[11]:
    • «Կանոն երևման խաչին», որ ունի տաղ ու հորդորակ, որոնք նույնպես ձայնագրված են բազմաթիվ խաղերով[12]:
    • «Կանոն մեծահրաշ կիրակէի», ակրոստիքոս՝ «Մաթէոսի է, խնդրեաց Գրիգոր»[13]:
    • «Գանձ մեծի երկուշաբաթին», ակրոստիքոս՝ «Ի Մաթէոսէ, խնդրեաց Գրիգոր»[14]:
    • «Մեղեդի անոյշ (սրբոյ հայրապետաց գ․ ժողովոցն) ի Մաթէոս վարդապետէ», ակրոստիքոս՝ «Մաթէոսի է երգս այս, նոր է գրեալ»[15]:
  • «Մատթէոսի վարդապետի աշխատասիրեալ վասն քարոզութեան բանի, ի վարդապետութենէն սուրբ հօրն Եւագրեայ, որ միտք անապատի կոչի և ի նորին վարուցն հետևողէ սրբոյն Նեղոսէ, որ ցան և ցիր գոյր ի բանս նոցա՝ հաւաքեալ ի մի ի պէտս բանասէր անձանց», որը գրել է 1393 թվականին Տանձափարախ անապատում։
  • «Նուաստ Մաթէոս վարդապետի՝ աշակերտի եռամեծին Գրիգորի աշխատասիրեալ առ ի հաւաքումն բանից, որ հայի առ Զ (6) աւուր գործս աստուծոյ, ի խնդրոյ Սարգիս կրօնաւորի, ի բանն Սողոմոնի, որ ասէ՝ Ամենեցուն ճարտարապետն ուսոյց ինձ իմաստութիւն», որը գրել է 1395 թվականին Տաթևի վանքում։
  • «Վասն ժամանակաց գիտելոյ զորքանն», որը գրել է 1402 թվականին հավանաբար Տաթևում։ Ներկայացնում է փոքր աղյուսակ, որը պարունակում է եկեղեցական և քաղաքական կարևոր իրադարձությունների թվականներ։
  • «Նորին Մատթէոսի վարդապետի ներբողեան ողբերգաբար, ոգեալ ի թաղումն երջանիկ րաբունապետին Գրիգորի։ Ընդ նմին յիշատակեալ զողբս լալեաց կոտորածին, որ ի Վրացտուն՝ ի Փայտակարան քաղաքի, քանզի պատկեր աւուրց ի մի դիպեցաւ, մանաւանդ ի հրաշագեղ Կարապետ՝ եղբայր իւր», որը գրել է 1410 թվականի սկզբներին Տաթևում։
  • «Մատթէոսի նուաստ և յետին աշակերտի եռամեծացն Յովհաննու և Գրիգորի, աշխատասիրեալ ի քննութիւն գործոց առաքելոց, ի մեկնութենէ սուրբ հարցն Յովհաննու Ոսկեբերանի և Եփրեմի, ի խնդրոյ հարազատ եղբօր մերոյ Յակոբ վարդապետի՝ մականուն Ովսանանց կոչեցեալ», որը Մատթեոսի ամենաընդարձակ ու կարևոր աշխատությունն է։ Գրել է 1411 թվականին հավանաբար Տաթևում։

Քարոզներ և ձեռագրեր

Ջուղայեցին գրել է մոտ 50 քարոզ[16]: Դրանք գրված են Աստվածաշնչից վերցված բնաբաններով, որոնք, որպես կանոն, 7 պատվիրաններն էին։ Քարոզների գրման թվականը հայտնի չէ։ 1391 թվականին գրված «Ի գլխոյն Ղուկասու հաւաքումն բանից» աշխատությունը ևս պարունակում է քարոզներ։

Ջուղայեցին զբաղվել է նաև ձեռագրերի ընդօրինակմամբ։ Նրա բազմացրած ձեռագրերից հայտնի են՝

  • Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» աշխատությունը, որն ընդօրինակվել է 1397 թվականին Ատոմ աբեղայի խնդրանքով։
  • Ավետարան, որն ընդօրինակվել է 1407 թվականին Տաթևում Յովել քահանայի խնդրանքով։
  • Ավետարան, որն ընդօրինակվել է 1407 թվականին ոմն Մըմբարաքշահի պատվերով։

Հիշատակումներ

  • Գ․ Զարբհանալյան «Պատմութիւն հայերէն դպրութեան» երկահատորանոց աշխատություն
  • Հ․ Աճառյան «Հայոց անձնանունների բառարան», 3-րդ հատոր

Գրականություն

  • Խաչիկյան Լ., Մատթեոս Ջուղայեցու կյանքն ու մատենագրությունը, ԲՄ, 1956, համար 3:
  • Զաքարյան Ս., Հայ իմաստասերներ (Մատթեոս Ջուղայեցի, Առաքել Սյունեցի), Երևան, 1997:

Նշումներ

  1. Քանի որ գանձերի և տաղերի մեծ մասը պարունակում են մեծաքանակ երաժշտական խաղեր, ապա կարելի է կարծել, որ Մատթեոս Ջուղայեցին եղել է ոչ միայն բանաստեղծ, այլև երաժիշտ-երգահան։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 289.
  2. Թովմա Մեծոփեցի, էջ 50-51
  3. Վ․ Բաղիշեցի, ձեռագիր № 8444, էջ 182 ա - 182 բ
  4. Ձեռագիր, № 969, էջ 107 բ
  5. Լ․ Խաչիկյան «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Երևան, 1950 թ, էջ 613
  6. Լ․ Խաչիկյան «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», I մաս (1401-1450 թթ), Երևան, 1955 թ, էջ 25
  7. Շարաֆ-բեկ, ՀԱ, 1899, էջ 66
  8. Ձեռագիր № 2229, էջ 230 բ
  9. Ձեռագիր № 5871, էջ 34 ա
  10. Ձեռագիր № 1402, էջ 131 ա
  11. Ձեռագիր № 425, էջ 46բ - 47բ
  12. Ձեռագիր № 425, էջ 255ա - 258բ
  13. Ձեռագիր № 425, էջ 261ա - 262բ
  14. Ձեռագիր № 474, էջ 152ա - 157ա
  15. Ձեռագիր № 471, էջ 106բ - 108բ
  16. Ձեռագիր № 2229

Աղբյուրներ

Արտաքին հղումներ