Բնակավայրի պաշտոնական անունը Վաղատին է[1]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջանում կոչվել է Վաղուդի։ 1991 թվականին վերանվանվել է Վաղատին։
Բնակավայրը գտնվում է Որոտան գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1540-1620 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 81 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 7 կմ դեպի արևելք։
Գյուղի մասին առաջին հիշատակումները տրվում են 12-ից 13-րդ դարերում՝ Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Հիշատակվել է նաև Ղևոնդ Ալիշանի կողմից, ով օգտագործել է «Վաղադին» տարբերակը։ Միջնադարում գյուղը եղել է գրչության կենտրոն, որտեղ ապրել և լայնամասշտաբ գործունեություն է ծավալել Հովհան Որոտնեցին։ Գրիգոր Տաթևացին գյուղի շրջակայքում գտնվող Որոտնավանքում լատիներենից թարգմանել է Պետրոս Արագոնացու «Գիրք առաքինությանց» աշխատությունը։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Վաղատինի մշտական բնակչությունը կազմել է 593, առկա բնակչությունը՝ 463 մարդ[2]։ Ռուսական կայսրության վերջին և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցվածն է եղել ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1989 թվականներին[3][4]։ Գյուղում վերաբնակվել են հայեր, ովքեր բռնագաղթել են Խորհրդային Ադրբեջանից[4]։ Ստորև ներկայացված է Վաղատին գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].