Գիրք թղթոց
Գիրք թղթոց | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | կրոնական գրականություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
«Գիրք թղթոց», հայ վաղ միջնադարյան մատենագրական կոթողային հուշարձաններից, կրոնադավանական բնույթի ժողովածու, Հայ առաքելական եկեղեցու ուղղափառ դավանությունը հավաստող հիմնական փաստաթղթերից։ Կազմվել է դավանաբանկական վեճերում Հայ եկեղեցու ուղղափառությունը հիմնավորելու, նրա անկախությունն ու միասնությունը պահպանելու անհրաժեշտությամբ։ Ենթադրվում է, որ «Գիրք թղթոց»-ի նյութերը հավաքվել են VII դարում՝ Կոմիտաս Ա Աղցեցու օրոք, ժողովածուն ամփոփվել VIII դարում՝ Հովհաննես Գ Օձնեցու կաթողիկոսության շրջանում։ Այն հետագայում լրացվել է V–XIII դդ. ընդգրկող նմանատիպ նոր նյութերով (թղթեր, նամակներ ևն)։
«Գիրք թղթոցի» բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բովանդակում է Հայ եկեղեցու հայրերի նամականին, Հայոց կաթողիկոսների պաշտոնական թղթակցությունները հարևան ժողովուրդների եկեղեցիների առաջնորդների հետ, շրջաբերականներ, ժողովների արձանագրություններ, Հայ և Վրաց եկեղեցիների բաժանմանը վերաբերող վավերագրեր, դավանաբանական, ինքնուրույն և թարգմանչական գրություններ, հայ-բյուզանդական, հայ-լատինական եկեղեցական միությանը վերաբերող նյութեր և այլն։
Կարևոր են հատկապես Ընդհանրական եկեղեցու մի շարք հայտնի գրությունների՝ «Հենոտիկոնի», Կ. Պոլսի Ակակիոս (471–489), Ալեքսանդրիայի Պետրոս Մոնգոս (483–490) պատրիարքների թղթակցությունների հայերեն թարգմանությունները ևն։ Թղթերում, որոնք հիմնականում հակաճառական բնույթի են, արծարծվել են աստվածաբանական, ծիսադավանաբանական բազմապիսի խնդիրներ, հերքվել արիոսականությունը, նեստորականությունը, երևութականությունը և աղանդավորական այլ վարդապետություններ, մերժվել Քաղկեդոնի ժողովը, Լևոնի տոմարը։
Ժողովածուի առաջին թուղթը Կ. Պոլսի պատրիարք Պրոկղի նամակն է՝ ուղղված Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին։ Դատապարտելով Նեստորին ու նրա համախոհներին՝ նա Հայ եկեղեցու հայրերին կոչ է արել զգուշանալ Հայաստանում նեստորականության տարածումից։ Երկրորդ թուղթը Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի պատասխանն է Պրոկղ պատրիարքին («Պատասխանի թղթոյն Պրոկղի երանելոյ, ի Սահակայ և ի Մաշդոցէ, սուրբ վարդապետացն Հայոց»), որը որպես ուղղափառության փաստարկ ընթերցվել է 553-ի Կ. Պոլսի ժողովում՝ Կյուրեղ Ալեքսանդրացու թղթից հետո։
«Գիրք Թղթոց»–ը կարևոր աղբյուր է նաև Հայ եկեղեցու պատմության, ծեսերի և դավանանքի, ինչպես և հայ-ասորական, հայ-հունական, հայ-վրացական եկեղեցական հարաբերությունների ուսումնասիրման համար։ Ժողովածուն օգտագործվել է Հայ եկեղեցու և երկաբնակ (քաղկեդոնիկ) հայերի միջև ծիսադավանաբանական վիճաբանությունների ժամանակ։ «Գիրք թղթոց»-ի ուսումնասիրությամբ զբաղվել են Հ. Գյուլխանդարյանը, Նիկողայոս Ադոնցը, Կ. եպս. Տեր-Մկրտչյանը, Ն. Ակինյանը, Ե. Տեր-Մինասյանը, Պ. Անանյանը, Հ. Ջավախիշվիլին, Մ. Տալոնը, Ա. Շմիդտը և ուրիշներ։
«Թղթոց» ցանկը (Ըստ Նորայր Պողարեանի հրատարակության)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Երանելւոյ Մակարի՝ սրբոյ քաղաքին Երուսաղէմի հայրապետի Կանոնական Թուղթ ի Հայս
- Բ. Թուղթ Կիւրղի առ Նեստոր
- Գ. Երանելոյն Կելեստիանոսի եպիսկոպոսի Հռոմայ, Թուղթ Առաջին առ Նեստոր
- Դ. Ի Թղթոյն Եզնկայ Կողբացւոյ Թարգմանչի առ երանելին Մաշտոց Վարդապետ
- Ե. Թուղթ Պրոկղեայ եպիսկոպոսի առ սուրբն Սահակ Հայրապետ Հայոց եւ առ սուրբն Մաժդոց
- Զ. Պատասխանի Թղթոյն Պրոկղի երանելոյ ի Սահակայ եւ ի Մաշդոցէ, սուրբ Վարդապետացն Հայոց
- Է. Թուղթ յԱկակայ եպիսկոպոսէ Մելիտիացւոյ առ սուրբն Սահակ Հայոց Հայրապետ
- Ը. Պատասխանի տեառն Սահակայ, թղթոյն Ակակայ
- Թ. Թուղթ յԱկակայ եպիսկոպոսէ ի Հայս
- Ժ. Հաւատարմագունի եղբաւր՝ ողորմելիս Պետրոս
- ԺԱ. Առաջին Թուղթ Պետրոսի առ Ակակ
- ԺԲ. Երկրորդ Թուղթ Պետրոսի առ Ակակ
- ԺԳ. Թուղթ Առաջին Ակակայ առ Պետրոս Պատրարգ
- ԺԴ. Երրորդ Թուղթ Պետրոսի առ Ակակ Հայրապետ
- ԺԵ. Թուղթ Երկրորդ Ակակայ առ Պետրոս
- ԺԶ. Թուղթ Չորրորդ Պետրոսի Հայրապետի առ Ակակ
- ԺԷ. Թուղթ Երրորդ Ակակայ առ Պետրոս
- ԺԸ. Թուղթ Հինգերորդ Պետրոսի առ Ակակ
- ԺԹ. Թուղթ Չորրորդ Ակակայ առ Պետրոս
- Ի. Թուղթ Վեցերորդ Պետրոսի առ Ակակ
- ԻԱ. Ձեռնարկ զոր արար ի Թղթին Ակակիոս Հայրապետ
- ԻԲ. Թուղթ Հինգերորդ Ակակայ առ Պետրոս
- ԻԳ. Թուղթ Եւթներորդ Պետրոսի առ Ակակ
- ԻԴ. Թուղթ Վեցերորդ Ակակայ առ Պետրոս
- ԻԵ. Միաւորութեան գիր ի Զենոնէ
- ԻԶ. Թուղթ Ութերորդ Պետրոսի առ Ակակ
- ԻԷ. Եօթներորդ Թուղթ Ակակայ առ Պետրոս
- ԻԸ. Թուղթ Իններորդ Պետրոսի առ Ակակ
- ԻԹ. Յովհաննու Մադակունւոյ Հայոց Կաթուղիկոսի
- Լ. Յովհաննու Եպիսկոպոսապետի՝ Ապացոյց
- ԼԱ. Թուղթ Անաստաս Թագաւորի
- ԼԲ. Թուղթ Հայոց ի Պարսս, առ Ուղղափառս
- ԼԳ. Թուղթ Հայոց ի Պարսս, առ Ուղղափառս
- ԼԴ. Մեծի Քերդողահաւրն Մովսէսի
- ԼԵ. Թուղթ Ասորեաց Ուղղափառաց ի Հայս
- ԼԶ. Պատասխանի Թղթոյն Ասորեաց
- ԼԷ. ՅԱբդիսոյէ Եպիսկոպոսէ Ասորեաց առ Տէր Ներսէս Հայոց Կաթուղիկոս Թուղթ Ողջունի
- ԼԸ. Աբդիսոյի Եպիսկոպոսի Ասորեաց Ուղղափառաց, առ Տէր Ներսէս Կաթուղիկոս Հայոց, աւ առ աթոռակիցս նորին, Յաղագս անիծեալ Նեստորականաց
- ԼԹ. Նորին Աբդիսոյի Եպիսկոպոսի Յաղագս անիծեալ Նեստորականաց եւ ամենայն հերձուածողաց
- Խ. Նորին Աբդիսոյի Եպիսկոպոսի Յաղագս նզովելոյ զամենայն հերձուածողս, որք էին հակառակ Ուղղափառաց
- ԽԱ. Տեառն Ներսէսի Հայոց Կաթուղիկոսի. Թուղթ մեղադրութեան առ Եպիսկոպոսունսն
- ԽԲ. Ուխտ միաբանութեան Հայոց աշխարհիս ի ձեռն Ներսէսի Հայոց Կաթուղիկոսի, եւ Մերշապհոյ Մամիկոնէից Եպիսկոպոսի եւ Պետրոսի Սիւնեաց Եպիսկոպոսի, եւ այղոց Աթոռակցաց, եւ Տանուտէրանց, եւ Ազատաց, եւ համաւրէն ժողովրդականաց
- ԽԳ. Որոշումն Նեստորականացն ի սրբոց եկեղեցւոյ
- ԽԴ. Թուղթ, զոր Տէր Յովհաննէս Հայոց Կաթուղիկոս եւ այլ Եպիսկոպոսք, առ Սիւնեաց Եպիսկոպոսն եւ առ Տէրն արարին
- ԽԵ. Թուղթ, զոր Տէր Յովհաննէս Հայոց Կաթուղիկոս եւ այլ Եպիսկոպոսունք, առ Աղուանից Եպիսկոպոսունս արարին
- ԽԶ. Յովհաննու Հայոց Կաթուղիկոսի ի Յայտնութիւնն Քրիստոսի
- ԽԷ. Թուղթ Տեառն Մովսիսի Հայոց Կաթուղիկոսի առ Կիւրոն Վրաց Կաթուղիկոս
- ԽԸ. Պատասխանի Թղթոյն տեառն Մովսիսի Հայոց Կաթուղիկոսի ի Կիւրոնէ Վրաց Կաթուղիկոսէ
- ԽԹ. Պատճառք Թղթոյն Հայոց Կաթուղիկոսի եւ Պատասխանւոյն Կիւրոնի՝ եթէ ո՞ւր գտաւ եւ ո՞րպէս
- Ծ. Փառաւորելոյ տերանց, Վրթանիսի տերանց նուիրանկի եւ վարդապետի Քչկան որդւոյ. ի Սորմենայ ստրատելատէ եւ Հայոց զաւրավարէ
- ԾԱ. Պատասխանի Թղթոյն Սորմենայ որ առ Վրթանէս եւ վարդապետ գրեաց
- ԾԲ. Սրբասէր Եպիսկոպոսաց Մանասէի, Յովհաննէսի եւ տեառն Գիգայ Դաշտկարանի եւ տեառն Սարգսի եւ տեառն Վարդապետի ի Սահակայ կորուսեալ ծառայէ խոնարհ երկրպագութիւն
- ԾԳ. Այս Առաջին Թուղթ գրեցաւ ի Մովսիսէ Եպիսկոպոսէ առ Վրթանէս Քերդող սրբոյն Գրիգորի Տեղապահ
- ԾԴ. Պատասխանի Թղթոյն Մովսէսի ի Վրթանէս
- ԾԵ. Թուղթ շրջագայական Մովսէսի Եպիսկոպոսէ
- ԾԶ. Պատասխանի Թղթոյն Մովսէսի Եպիսկոպոսին Ցուրտաւայ ի վիճակելոցն իւրոյ
- ԾԷ. Թուղթ շրջագայական տեառն Վրթանին Քերդողի
- ԾԸ. Պատասխանի Թղթոյն տեառն Վրթանիսի հայալեզու աշխարհին Ցուրտաւայ
- ԾԹ. Թուղթ երկրորդ ի Մովսիսէ Եպիսկոպոսէ առ Վրթանէս Քերդող
- Կ. Պատասխանի Թղթոյն Մովսէսի ի Վրթանիսէ Վարդապետէ
- ԿԱ. Տեառն Պետրոսի վրացի եպիսկոպոսի, ի Վրթանիսէ
- ԿԲ. Տեառն Կիրովնի ի Վրթանիսէ
- ԿԳ. Թուղթ երրորդ Մովսէսի Եպիսկոպոսի առ Վրթանէս Քերդող
- ԿԴ. Պատասխանի երրորդ Թղթոյն Մովսէսի Եպիսկոպոսի ի Վրթանիսէ
- ԿԵ. Կանոնք որ եդան ի Դունի, մինչդեռ մտածութիւն էր ժողովելոյ եպիսկոպոսացն կարգել կաթուղիկոս Հայոց յետ մահուանն Մովսէսի Կաթուղիկոսի եւ խափանեցան այնմ անգամ
- ԿԶ. Ձեռնարկ՝ զոր խնդրեաց Սմբատ Վրկան Մարզպան, ցայն եպիսկոպոսունս, որք դարձեալ ժողովեցան նորին հրամանաւ ի Դուինն, կարգել կաթուղիկոս Հայոց, յետ մահուանն Մովսէսի. եւ զայս ձեռնարկ ետ նոցա
- ԿԷ. Ձեռնարկ՝ զոր ետուն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի ի միաբանութեանն աշխարհիս Հայոց, այնոքիկ որք էին ընդ իշխանութեամբ Հոռոմոց ի թագաւորութեանն Մաւրկան
- ԿԸ. Սրբասիրի տեառն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի ի Գրիգորէ նուաստ Քերդողէ
- ԿԹ. Առ սրբասէր Տէր Աբրահամ ի Մովսիսէ
- Հ. Պատասխանի Թղթոյն Մովսիսի
- ՀԱ. Թուղթ առաջին տեառն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի առ Կիւրիոն Վրաց Կաթուղիկոս
- ՀԲ. Պատասխանի ի Կիւրովնէ
- ՀԳ. Թուղթ տեառն Սմբատայ՝ Վրկան մարզպանի, առ Կիւրիոն՝ Վրաց Կաթուղիկոս
- ՀԴ. Պատասխանի ի Կիւրովնէ առ Տէր Սմբատ
- ՀԵ. Առ Տէր Սմբատ ի Մովսէսէ
- ՀԶ. Պատասխանի Սմբատայ առ Մովսէս
- ՀԷ. Թուղթ երկրորդ տեառն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի, առ Կիւրիոն Վրաց կաթուղիկոս
- ՀԸ. Պատասխանի ի Կիւրովնէ
- ՀԹ. Թուղթ երրորդ տեառն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի, առ Կիւրիոն Վրաց Կաթուղիկոս
- Ձ. Պատասխանի ի Կիւրիոնէ
- ՁԱ. Թուղթ շրջագայական տեառն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի
- ՁԲ. Պատասխանի ի Հայոց՝ Թղթոյն Աղուանից (Վրթանիսի Քերթողի)
- ՁԳ. Տեառն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի Խոստովանութիւն
- ՁԴ. Թուղթ Կոմիտասայ Հայոց Կաթուղիկոսի ի Պարսս
- ՁԵ. Թուղթ Հոռոմոց ի Հայս, ձայնակից եւ համախոհ ժողովոյն Քաղկեդոնի եւ տոմարի հայհոյութեանն Լեւոնի, զոր եբեր աստուածապատիւ Տէր Ստեփաննոս Սիւնեաց եպիսկոպոս, յառաջ քան զեպիսկոպոսութիւնն իւր, որ վասն թարգմանութեան հասեալ ի թագաւորական քաղաքն ի Կոստանդնուպաւլիս. Իսկ նոցին յաղագս միաբանութեան հաւատոյ՝ ընդ ձեռն նորա գրեալ եւ առաքեալ Հայրապետին կապարեայ կնքով, զոր ոչ ընկալեալ զնոցայն հայհոյութիւն, մերոյ աշխարհիս, այլ արձանացեալ ի հաւատս սուրբ Առաքելոցն, եւ ի խոստովանութիւն երիցս երանելոյ սրբոյն Գրիգորի, ամենեւին անշարժ մնացեալք ոչ ետուն տեղի դրդուելով ի շաւղաց ուղղափառութեան
- ՁԶ. Պատասխանի Թղթոյն զոր գրեաց Տէր Ստեփաննոս Սիւնեաց եպիսկոպոս առ Տէր Գերմանոս Կոստանդնուպաւլսի Հայրապետի, որք երկու բնութիւնս եւ երկուս կամս խոստովանին տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ որք ի կենդանարար խորհուրդն ջուր խառնեն, հետեւեալք ժողովոյն Քաղկեդոնի
- ՁԷ. Նորին տեառն Յովհաննու Հայոց Կաթուղիկոսի ընդդէմ այնոցիկ որ ապականեն զսուրբ խորհուրդն ի ձեռն խմորոյ եւ ջրոյ
- ՁԸ. Յովհաննու Իմաստասիրի Հայոց Կաթուղիկոսի Սակս ժողովոց որ եղեն ի Հայք[1]
- ՁԹ. Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսի, մեծի Իմաստասիրի, Պատասխանի թղթոյն Անտիոքու եպիսկոպոսի, զոր վասն հաւատոյ գրեալ էր
- Ղ. Պատճէն Թղթոյն Մեծի Հայրապետին Կոստանդինուպօլսի Փոտայ առ Աշոտ իշխանաց իշխան
- ՂԱ. Պատասխանի Թղթոյն Փոտայ. գրեալ Սահակայ Հայոց Վարդապետի, հրամանաւ Աշոտայ Հայոց իշխանաց իշխանի
- ՂԲ. Թուղթ Գագկայ, Վասպուրականի Հայոց թագաւորի, առ կայսրն Յունաց Ռոմանոս, Վասն հաւատոյ
- ՂԳ. Տեառն Խաչկայ Հայոց Կաթուղիկոսի, Բան խոստովանութեան, պատասխանի Յունաց գրոյն՝ զոր արձակեալ էր առ նա Մետրոպոլիտն Մելիտինոյ։ Լուսանցքում՝ Թուղթ Սամուէլի Կամրջաձորեցոյ Հայոց փիլիսոփայի, պատասխանի թղթոյն Թէոդորոսի Մետրապոլտի Մելիտինոյ, գրեալ հրամանաւ Խաչկայ Հայոց Կաթուղիկոսի
- ՂԴ. Պատասխանի Թղթոյն Մետրոպոլտին Սեբաստիոյ, գրեալ հրամանաւ տեառն Խաչկայ Հայոց Կաթուղիկոսի
- ՂԵ. Թուղթ ամենաշնորհ Վարդապետին Գիգորի Նարեկացւոյ, զոր գրեաց ի հոյակապ եւ յականաւոր Ուխտն Կճաւայ, վասն կարծեաց անիծելոյ Թոնրակեանց Յանեսի եւ Յամրեսի, որ եկն զգեստիւ ոչխարաց, եւ ի ներքոյ գայլ յափշտակող, որ եւ ի պտղոյ ծանուցաւ ամենից, զոր լուեալ սուրբ վարդապետին՝ գրեաց սակս ազատութեան ի չար կարծեացն
- ՂԶ. Տեառն Գէորգեայ Հայոց վերադիտողի եւ հոգեշնորհ փիլիսոփայի, պատասխանի Թղթոյն Յովհաննիսի Ասորւոց պատրիարգի
- ՂԷ. Թուղթ տեառն Կոստանդեայ Կաթուղիկոսին Հայոց, զոր գրեաց առ Հեթում թագաւորն ի յաստուածապահ դղեկէն Հռոմկլայէ ի մայրաքաղաքն Սիս։ Պատասխանի Թղթոյն որ ի Պապէն Հռովմայ բերաւ առ թագաւորն Հեթում ի ձեռն լիկատին, որ կոչի Տիմանջ, ի թուին Հայոց ՈՂԷ։ Գրեցաւ ի ձեռն արդիւնական վարդապետին Վարդանայ յարմար իրս այս։
Ձեռագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գիրք թղթոց»-ի հայտնի ձեռագիր օրինակից, նախկինում պատկանած Անտոնյան միաբանությանը, ընդօրինակված 1298-1299 թթ. Թովմա Հռոմկլայեցու կողմից, եւ որ ներկայումս պահվում է Զմմառի վանքի մատենադարանում, 431 համարի տակ[2], բարեխղճորեն իրականացվել է 1901 թ. թիֆլիսյան հրատարակությունը։ Ներկայումս հայագիտության մէջ բնագրագիտական հետազոտություններում լայնորեն շրջանառվում նաեւ «Էջմիածնական Թղթոց գրքի» եւս երկու ձեռագրեր, որ պահվում են Երեւանի մատենադարանում (ձեռ. 3062 եւ 2966), ինչպես նաեւ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց մատենադարանի 858, 960, 1009 ձեռագրերը։
Հրատարակություններ եւ թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիրք թղթոց. Մատենագրութիւն նախնեաց, Թիֆլիս, 1901։
- Գիրք Թղթոց, Երկրորդ հրատարակութիւն, (աշխատասիրութեամբ Նորայր արքեպս. Պողարեանի), Երուսաղէմ, տպարան Սրբոց Յակոբեանց, 1994 (Հայկական մատենաշար Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան)։
- Maurice Tallon, Livre des lettres, Girk t'lt'oc, documents arméniens du Ve s. 1er groupe,- Mélanges de l'Université Saint Joseph, Beirut, XXXII, fasc. 1, 1955, pp. 78-138. Reprinted separately, Beirut: Impr. Catholique, 1955, 146 p.
- ეპისტოლეთა წიგნი, სომხური ტექსტი ქართული თარგმანით, გამოკვლევითა და კომენტარებით გამოსცა ზაზა ალექსიძემ, თბ., 1968. (Zaza Alek'sije, Epist'olet'a Cigni, Tbilisi, 1968 (Text and Georgian translation).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիւլխանդանեան Յ. «Գիրք Թղթոց»-ի պակասները եւ նրանից դուրս մնացած թղթերը Մայր Աթոռի ձեռագիրների մէջ,- Արարատ, 1902, էջ 560-569, 748-753։
- Հ. Ներսէս Ակինեան, «Թղթոց Գրքին» հեղինակը եւ յօրինման ժամանակը,- «Հանդէս ամսօրեայ», 1907, էջ 371-374։
- Հ. Ն. Ակինեան, Կիւրիոն կաթողիկոս Վրաց, Վիեննա, 1910 (Ազգային մատենադարան, Կ)։
- Լ. Մելիքսէթ-Բէկ, Մի փորձ «Գիրք Թղթոց»-ի թերի մասերի վերականգնման ուղղութեամբ,- «Սիոն», 1961, էջ 23-23, 46-50։
- Լ. Մելիքսէթ-Բէկ, Թուղթ Կեղեստիանոսի առ Նեստոր,- «Սիոն», 1964, էջ 256-257։
- Մուրադյան Պ. Մ., Աբրահամ կաթողիկոսի III թղթի քննության առթիվ։ - «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1968, № 10, էջեր 41-64.
- Հ. Պօղոս Անանեան, «Գիրք Թղթոց»ի քանի մը խնդրական հարցեր,- «Բազմավէպ», 1985, էջ 238-266։
- Հ. Պօղոս Անանեան, Քննութիւն հայ եկեղեցւոյ պատմութեան Ե եւ Զ դարերու շրջանին, Վենետիկ-Ս. Ղազար, 1991 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» 34)։
- Հ. Պօղոս Անանեան, Զաքարիա Հայոց Կաթողիկոսի եւ Աշոտ իշխանաց իշխանի թղթակցութիւնը Փոտ Պատրարքի եւ Նիկողայոս Ա. Պապի հետ, Վենետիկ-Ս. Ղազար, 1992 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» 36)։
- Ն. Ծովական, «Առաջին Թուղթ Պետրոսի առ Ակակ»,- «Սիոն», 1962, էջ 309-311։
- L. Frivold, The Incarnation. A Study of the Doctrine of the Incarnation in the Armenia Church in the 5th and 6th Centuries according to the Book of Letters, Oslo, Bergen, Tromsø, 1981.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բնագրի վերջին գիտական հրատարակութիւնը տե՛ս Յովհաննէս Օձնեցի, Սակս ժողովոցն, որ եղեն ի Հայս (գիտաքննական բնագիրը Ալեքսան Յակոբեանի),- «Հանդէս ամսօրեայ», 2009, էջ 85-136։
- ↑ Զմմառի վանքի Մատենադարան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 89)։ |