Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի | |
---|---|
![]() Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արագածոտնի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Ներկա վիճակ | Կանգուն,գեղեցիկ եկեղեցի է,որը այժմ Արագածոտնի թեմի առաջնորդանիստն է |
Կազմված է | Զանգակատուն, Մեսրոպ Մաշտոցի դամբարան, Դպրոցի շենք և Կոթող Վահան Ամատունուն |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Առաջնորդ | Մկրտիչ արքպ. Պռոշյան |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական տիպ | Հայկական |
Ճարտարապետական ոճ | Գմբեթավոր դահլիճ |
Կառուցման սկիզբ | 1875 |
Կառուցման ավարտ | 1879 |
Հիմնադրված | 5-րդ դար |
Առաջին հիշատակում | 5-րդ դար |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | տուֆ |
![]() | |
![]() | |
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, կրոնական կառույց Հայաստանի Արագածոտնի մարզի Օշական գյուղում: Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին (1996 թվականից): 443 թվականին կառուցել է իշխան Վահան Ամատունին՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր: Առաքել Դավրիժեցին գրել է.
![]() |
… հոյակապ, լայնանիստ, բարձրաբերձ... այս տաճար-հանգստարանի ողջ տանիքը վաղ ժամանակներից փլվել, նստել էր, միայն Ավագ խորանն էր մնացել ծածուկ: | ![]() |
1639–1645 թվականներին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը հիմնովին նորոգել է եկեղեցին: 19-րդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին վերստին եղել է խարխուլ և վթարային վիճակում, ուստի 1850 թվականին Ներսես Ե Աշտարակեցին կոնդակով դիմել է Սինոդին՝ եկեղեցին նորոգելու առաջարկով: 1860 թվականին Միքայել Նալբանդյանը, Հնդկաստան մեկնելուց առաջ, ուխտի է եկել Օշական, և եկեղեցու անմխիթար վիճակը տեսնելով, բանաստեղծությամբ իր վիշտն ու դառնությունն արտահայտել:
1668–1672 թվականներին եկեղեցու վերակառուցման համար Գրիգոր վարդապետի ղեկավարությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել: 1872 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին կոնդակով հայ ժողովրդին կոչ է արել՝ նյութապես սատարել եկեղեցու վերակառուցմանը: 1873–1879 թվականներին օշականցիների մասնակցությամբ Սուրբ Մոսրոպ Մաշտոց եկեղեցին հիմնովին վերակառուցվել է և 1879 թվականի հոկտեմբերի 21-ին օծվել: Փաստորեն նոր եկեղեցի է կառուցվել, նոր հորինվածքով (մինչև 20-րդ դարը դեռևս պահպանված են եղել նախկին շենքի պատերի հետքերը, արևելքում՝ արտաքուստ բազմանիստ Ավագ խորանով): Նոր եկեղեցին թաղածածկ դահլիճ է՝ երեք թաղակիր կամարներով, ձվաձև հատակագծով Ավագ խորանի երկու կողմերում՝ ուղղանկյուն ավանդատներով: Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով: Ավագ խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443). ուղղանկյուն թաղածածկ խուց է, արևելքում՝ խորշով, հյուսիսից և հարավից՝ մուտքերով (հյուսիսը փակվել է, իսկ հարավը բացվել է դեպի ավանդատուն):
1880 թվականին, եկեղեցու հարավային կողմում, Վահան Ամատունու գերեզմանի վրա, կանգնեցվել է հուշակոթող, 1884 թվականին եկեղեցուն արևելքից կցել են երկհարկ, 8-սյունանի ռոտոնդայով պսակված զանգակատուն, որը բացառիկ է հայկական ճարտարապետության մեջ իր տեղադրությամբ, գլանաձև ծավալով և Ավագ խորանից բացվող մուտքով:
1913 թվականին եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք: 1960–1964 թվականներին Վազգեն Ա Պալճյանի հոգածությամբ, միլանահայ Հ. և Թ. Ղազարոսյան եղբայրների բարերարությամբ, բարեկարգվել է եկեղեցու շրջապատը, նորոգվել են Մեսրոպ Մաշտոցի դամբարանը և եկեղեցին, դեպի դամբարան տանող մուտքի դիմաց կանգնեցվել է կոթող՝ մեսրոպյան այբուբենի երկաթագիր տառերով, և դրվել դամբարանի արևելյան խորշում (ճարտարապետ՝ Բ. Արզումանյան), աղոթասրահում կախվել է երկաթակուռ ջահ (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան): 1962 թվականին Մեսրոպ Մաշտոցի բազալտե գերեզմանաքարը փոխարինվել է օնիքս քարից պատրաստված նոր տապանաքարով: 1964 թվականին եկեղեցու հյուսիսարևմտյան անկյան մոտ կառուցվել է աղբյուր (ճարտարապետ՝ Ա. Իսրայելյան): 1966 թվականին Ավագ խորանում մարմարե նոր սեղան է պատրաստվել՝ վրան «Աստվածածինը Մանկան հետ» սրբապատկերով (նկարիչ՝ Հ. Մինասյան):
1964–1966 թվականներին, հնդկահայ Պ. Ալեքսանյանի բարերարությամբ, եկեղեցու ներսը նկարազարդարվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարով (նկարիչներ՝ Հ. Մինասյան, Հ. Մամյան): Որմնանկարն իրականացվել է եռապատկեր հորինվածքով՝ ճարտարապետությանը ներդաշնակ: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի՝ ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցն է՝ շրջապատված աշակերտներով, աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած Սահակ Ա Պարթևը, կողքին կանգնած են Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները, նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը: Կենտրոնում հնարամտորեն օգտագործված է լուսամուտի բացվածքը, որի ապակու վրա, դրսից պայծառ լույսով ողողված, գրված է հայոց այբուբենը:
Հարավային պատին կանգուն և ծնրադիր նետաձիգ զինվորներն են՝ Հայոց աշխարհի պահապանները, նրանց գլխավերևում՝ ուժի, հայրենիքի կենսունակության խորհրդանիշ թևատարած արծիվը: Հյուսիսային պատին պատկերված է Հայաստանի գարունը՝ ծաղկած ծառերով, զվարթ աղջիկներով: Որմնանկարը զուգակցում է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդները և 20-րդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից է:
1995 թվականին եկեղեցու արևմտյան կողմում կանգնեցվել է հուշակոթող: 1996 թվականին Գարեգին Ա Սարգիսյանի հովանավորությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ջանքերով, ամերիկահայ Ջ. Կոբոյանի բարերարությամբ, եկեղեցամերձ դպրոցի շենքը հիմնովին վերակառուցվել է, և 1997 թվականին այնտեղ բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատունը (ճարտարապետ՝ Բ. Արզումանյան): Երկհարկանի, սյունազարդ և գմբեթավոր դահլիճներով, ցուցասրահներով, հարուստ գրադարանով, շքեղ կահավորված շենք է, որի սրահներում ներկայացված են հայ անվանի արվեստագետների ստեղծագործություններ: 1999 թվականին Դպրատանը կազմակերպվել է «Աստվածաշնչական Հայաստան» միջազգային գիտաժողովը, իսկ նույն թվականից, Թարգմանչաց տոնին, ամենամյա «Մաշտոցյան ընթերցումներ» գիտաժողովները:
1997 թվականին եկեղեցու արևմտյան կողմում, Ժ. և Հ. Գաբրիելյանների բարերարությամբ կառուցվել է առաջնորդարանի շենքը (ճարտարապետ՝ Հ. Բաբախանյան), 2000 թվականին Ջ. Կոբոյանի միջոցներով բարեկարգվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքը[2]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=am&srlang=hy&srid=2.113/22 — 2017.
- ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 1067 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի կատեգորիայում։ |