Սալվարդ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալվարդ (այլ կիրառումներ)
Գյուղ
Սալվարդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՎարդան Մեսրոբյան
Հիմնադրված է1828 թ.
Այլ անվանումներԱլիլու կամ Ալելու, Այբալու
Մակերես31,44 կմ²
ԲԾՄ1940 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն396 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսալվարդցի
Ժամային գոտիUTC+4
Սալվարդ (գյուղ) (Հայաստան)##
Սալվարդ (գյուղ) (Հայաստան)

Սալվարդ (նախկին անվանում՝ Ալելու), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 396 մարդ, ինչը նվազել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (418)։

Սալվարդ անվանումը սերտ կապ ունի խուռիական Սալա կամ Շալա աստծո անվան հետ։

Պատմություն

Սալվարդ գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ արևմտյան մասում՝ Սյունիքի մարզում։ Գյուղի մասին հիշատակվում է սկսած 1828 թվականից, երբ մի քանի ընտանիքներ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից տեղափոխվել, ներգաղթել են և հիմնադրել գյուղը Ալիլու, Այբալու, այնուհետև Սալվարդ անվանումներով։ Նախկին Խորհրդային տնտեսության ժամանակաշրջանում գյուղը ունեցել է բավականին լավ ավանդույթներ դաշտավարության և հատկապես անասնապահության բնագավառներում։ Տարածաշրջանի առաջին կոլտնտեսություններից մեկը հիմնվել է Սալվարդում 1930 թվականին։ 1970-80թթ-ին գյուղում առկա էին մոտ 700 գլուխ կթու կովեր, 400 մանր եղջերավոր անասուններ, 150 գլուխ խոզեր։ 1992թ-ին կոլտնտեսությունը լուծարվել է և դարձել կոլեկտիվ տնտեսություն։ Վերջինս գոյատևել է մինչև 1999 թվականը։ Գյուղը էլեկտրաֆիկացվել է 1948 թվականին։ Իսկ առաջին հեռախոսը մուտք է գործել գյուղ 1960 թվականին։ 1956թ-ին համայնքի ուժերով կառուցվել է առաջին ջրագիծը, որից օգտվում էր ամբողջ համայնքը, իսկ երկրորդ ջրագիծը մուտք գործեց համայնք 1966թ-ին։ Համայնքում գործում է մշակույթի օջախը, որը կառուցվել է 1975թ-ին։

Աշխարհագրություն

Սալվարդ համայնքը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում։ Համայնքը հարակից է Հացավան, Բռնակոթ, Թանահատ, Թասիկ և Արևիս բնակավայրերին։ Գյուղի արևմտյան կողմից վեր է խոյանում շրջանի բարձրությամբ երկրորդ Սալվարդ սարը, որի բարձրությունը 3169 մետր է։ Համայնքի հեռավորությունը Սիսիանից կազմում է 14 կմ, մարզկենտրոնից՝ 132 կմ, մայրաքաղաքից՝ 239կմ։ Համայնքի վարչական տարածքը կազմում է 4072 հա։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1960 մետր բարձրության վրա։ Տարածքին բնորոշ է չափավոր ցամաքային կլիման՝ տաք ամառ և ցուրտ ձմեռ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 6.6C է, ձմռանը միջինը՝ -12C (առավելագույնը՝ - 25C) ամռանը միջին ջերմաստիճանը կազմում է 6C, իսկ առավելագույնը՝ 32C0: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 370մմ։

Սալվարդ համայնքն անտառազուրկ է։ Գյուղի տարածքի մի զգալի մասը տափաստանային գոտում է։ Տափաստանները երկու տիպի են ՝սիզախոտային և փետրախոտ-շյուղախոտային։ Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում մարգագետինները, որոնք գյուղի անասնապահության հիմնական կերային բազաներից մեկն է։ Վերին գոտին հարուստ է ալպյան մարգագետիններով Ենթալպյան մարգագետինները պահվում են նաև որպես խոտհարքներ։ Այստեղ աճում է խառը բուսականություն (երեքնուկ, եղջերառվույտ, ցորնուկ, շյուղախոտ և այլն)։ Կենդանական աշխարհը չի տարբերվում ողջ Սիսիանի կենդանական աշխարհից։ Լեռնաշխարհի բնորոշ կենդանիները մնում են գայլը, աղվեսը, նապաստակը, փորսուղը։ Թռչունների ընտանիքը համալրում են կաքավը, կաչաղակը, ագռավը, սոխակը, աղավնին, արծիվը և ալն։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ