Շամլուղ
Քաղաք | |||
---|---|---|---|
Շամլուղ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու | ||
Համայնք | Ալավերդի (համայնք) | Ալավերդի համայնք | ||
Քաղաքապետ | Լենդրուշ Բեժանյան | ||
Հիմնադրված է | 1770 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1996 թվականից | ||
Մակերես | 3,6 կմ² | ||
ԲԾՄ | 1175 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 700[1] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | շամլուղցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Փոստային ինդեքս | 1726 | ||
| |||
Շամլուղ, քաղաք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Բնակավայրը գտնվում է մարզկենտրոնից 69 կմ հյուսիս-արևելք, Կուրի ավազանի Ախթալա գետակի վերին հոսանքի ձախ սարալանջին։ 18-19-րդ դարերի գրավոր աղբյուրներում հիշատակվում է նաև Շամբլուղ, Շամբլուտ, Շամբուլուտ, Դամբլուդ և այլն։
Հիմնադրվել է 1770 թվականին վրաց Հերակլ II թագավորի կողմից Լոռի հրավիրված և Ախթալայում բնակություն հաստատած հույն կապարագործ-հանքագործների կողմից։ Վերջիններս համոզվելով, որ ցածր է Ախթալայի հանքերում պղնձի և արծաթի պարունակությունը գտնում են նոր հանքավայրեր և տեղափոխվելով 1770 թվականին հիմնում են Մադան(ներկայումս Ալավերդու վարչական կազմում) և Շամլուղ գյուղերը։
19-րդ դարի վերջերին տարածաշրջանի պղնձարտադրությունը հանձնվեց Ֆրանսիացի արդյունահանողներին, որոնք հսկայական միջոցներ ներդրեցին Ալավերդու և Շամլուղի հանքերի վերակառուցման ու ընդլայնման ուղղությամբ։ Ձեռքի աշխատանքը փոխարինվեց մեքենաների աշխատանքով։ Տեղի ունեցավ եվրոպացիների ներհոսք, ինչը դրական ազդեցություն ունեցավ բնակավայրի սոցալ կրթական ու մշակութային զարգացման գործում։ Խորհրդային տարիներին Շամլուղը բանվորական ավան էր, իսկ 1996 թվականի վարչատարածքային փոփոխության արդյունքում դասվեց քաղաքների շարքը։
Շամլուղը երկար տարիներ ունեցել է բազմազգ բնակչություն` հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, հույներ, ռուսներ, օսեր, իտալացիներ, ուկրաինացիներ, բելառուսներ և այլն։ Ուներ զարգացած կրթամշակութային համակարգ։ Գործում էին միջնակարգ դպրոց և մանկապարտեզներ հայերեն-ռուսերեն հոսքերով, կինոթատրոն, մշակույթի պալատ, դիսկոտեկ, գրադարան, ավտոմատ հեռախոսակայան, կապի բաժանմունք, հիվանդանոց։
Շամլուղի և Ախթալայի հանքերը տարբեր ժամանակներում եղել են որպես ինքնուրույն ձեռնարկություններ, սակայն 1970-ական թվականներից միավորվել էին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մեջ։ 1989 թվականին բնապահպանական շարժման հետևանքով փակվեց կոմբինատը, փակվեցին նաև հանքերը։ Սկսվեց բնակչության արտագաղթը, որին ավելացավ նաև 90-ականներին հույները գաղթը դեպի Հունաստան։
Շամլուղ քաղաքի վարչական կազմի մեջ են մտնում Բենդիկ և Վերին Ախթալա գյուղերը։ Վերջինս 1989 թվականին լքվել է ադրբեջանցիների կողմից և ներկայումս գրեթե անմարդաբնակ է։ Շամլուղի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին վերագործարկվեցին հանքերը։ Այսօր Շամլուղի բնակչության մի մասը աշխատում է հանքավայրում, մյուս մասը զբաղվում է անասնապահությամբ, փայտահատությամբ, մասամբ հողագործությամբ։ Գյուղը շրջապատված է գեղեցիկ բնությամբ, բարձր լեռնային մարգագետիններով և անտառներով, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել զբոսաշրջությունը։ Սակայն տարիներ առաջ ստեղծված արհեստական որսահանդակը հաջողություն չունեցավ և փակվեց։
Մշակույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շամլուղից 3 կմ դեպի հարավ, պահպանվել է 10-13-րդ դարերի գերեզմանատունը, ինչպես նաև 13-րդ դարի խաչքարերի համալիրը։ Ըստ պատմաբան Եղիշե Սահակյանի՝ Շամլուղից 5 կմ հարավ-արևմուտք գտնվող հնավայրը, ամենայն հավանականությամբ, կապված է միջնադարյան հայկական «Մանից Գոմ» բնակավայրի հետ, որը թվագրվում է 10-13-րդ դարերով։ Այստեղ են գտնվում են երեք եկեղեցիների մնացորդներ։ Գյուղում է գտնվում հունական մատուռը՝ նվիրված Սուրբ Գևորգին, որը բացվել է 1909 թվականին և վերանորոգվել 1970-ականներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շամլուղի վարչական կազմում է գտնվում Ուչքիլիսա կոչվող հնավայրը, որը ըստ պատմաբան Եղիշե Սահակյանի համապատասխանում է միջնադարյան հայ պատմիչների և վրաց աղբյուրներում հանդիպող Մանիցգոմ քաղաքին։ Պահպանվել են երեք եկեղեցիների մնացորդներ, որոնցից մեկը բավականին մեծ, ինչը ենթադրել է տալիս, որ բնակավայրը իրոք քաղաք է եղել։ Շամլուղում է գտնվում հունական Սուրբ Գեորգի մատուռը։ Մինչև 1990 ական թվականները դեռևս պահպանվում էին նաև ֆրանսիացի կապալառուների կողմից կառուցված բնակելի և այլ նշանակության շենքեր, որոնք կրում էին եվրոպական ճարտարապետության կնիքը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Լոռու մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի էջը Լոռու մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 25» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 11-ին.
|