Jump to content

Վահե Ղալումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Ղալումյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 հունվարի 10 - 2021 օգոստոսի 2
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
 2021 օգոստոսի 2-ից
ՀՀ Տավուշի մարզպետ
2018 - 2019
ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
 2020-2021

2021-ից

 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 21, 1975(1975-07-21) (49 տարեկան)
Ծննդավայր Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Վահե Ղալումյան (հուլիսի 21, 1975(1975-07-21), Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, կուսակցական, քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, Տավուշի մարզի նախկին մարզպետ, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» խմբակցությունից[1], Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից[2]։ ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Պատգամավորական գործունեության ընթացքում իր հնչեցրած հայտարարությունների և Ազգային ժողովի դահլիճում իր դրսևորած վարքի համար լայնորեն քննարկվել ու քննադատվել է[3][4][5][6][7]։

Կենսագրական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Ղալումյանը ծնվել է 1975 թվականի հուլիսի 21-ին Խորհրդային Հայաստանի Իջևան քաղաքում[8]։ 1994 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Հայաստանի զինված ուժերում[8]։

Վահե Ղալումյանը 1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը և ստացել տնտեսագետի որակավորում[8]։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Ղալումյանը 2001-2002 թվականներին աշխատել է շինարարական կազմակերպությունում որպես աշխատանքների ղեկավարի օգնական, 2002-2003 թվականներին աշխատել է Իջևանի ճանապարհաշինարարական վարչությունում որպես գլխավոր տնօրենի օգնական, 2003-2006 թվականներին՝ Իջևանի ճանապարհաշինարարական վարչությունում որպես գործադիր տնօրենի տեղակալ, 2006-2015 թվականներին՝ Իջևանի ճանապարհաշինարարական վարչությունում որպես գործադիր տնօրենի առաջին տեղակալ[2]։

2005-2018 թվականներին եղել է Իջևան քաղաքի ավագանու անդամ[2]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավուշի մարզպետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ նույն թվականի հունիսի 1-ին Հայաստանի կառավարության որոշմամբ նշանակվել է Տավուշի մարզի մարզպետ[8]։

Ազգային ժողովի պատգամավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Ազգային ժողով (2018-2021)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Վահե Ղալումյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։

Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ 2019 թվականի փետրվարի 6-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 10-ը եղել է Հայաստանի ազգային ժողովի «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ, այնուհետև դարձել հանձնաժողովի նախագահ։ 2019 թվականի դեկտեմբերի 26-ից եղել է Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» անդամ[1]։

Հայաստանի Ազգային ժողով (2021-)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վահե Ղալումյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր[2][9]։

Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ Վահե Ղալումյանը 2021 թվականի օգոստոսի 12-ից դարձել է Հայաստանի Ազգային ժողովի «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ[2]։

Քննադատություն և մեկնաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Ղալումյանը, որպես Հայաստանի իշխող քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, իր քաղաքական գործունեության ընթացքում հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք քննադատության են արժանացել։

Ադրբեջանամետ հայտարարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ տեղեկությունների՝ Վահե Ղալումյանը հայտնի է իր ադրբեջանամետ հայտարարություններով, ինչը քննադատությունների է արժանացել[3][4][5]։

2021 թվականի հունիսին իշխանական «Իմ քայլ» խմբակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել էր, որ պետք է ստեղծվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հարցերը կարգավորող հանձնաժողով։ Անդրադառնալով լրագրողի հարցին՝ նա ասել էր, որ «Տավուշի մարզում և՛ ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ, և՛ կան հայկական տարածքներ»[3]։ Մասնավորեցնելով թե որոնք են ադրբեջանական հողեր, նա նշել է՝ «Անկլավները։ Գյուղերի անուններն են՝ Բարխուդարլու, Խեյրիմլի, Սոֆուլու, Ոսկեպար»[3]։

2021 թվականի սեպտեմբերին լրագրողի հետ հարցազրույցում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Վահե Ղալումյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իր հայտարարության մեջ Մ 2 միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածի մի մասը համարում Ադրբեջանի տարածք, պատասխանել է, որ հիմքեր ունի այդպիսի հայտարարություն անելու համար` փաստացի այն ճանաչելով Ադրբեջան[4][5]։

Մեջքից հարվածելու միջադեպեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննարկման առարկա է դարձել նաև այն հանգամանքը, որ Վահե Ղալումյանը, լինելով Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր, բռունցքներով հետևից հարվածել է մի շարք պատգամավորների։ Այդ միջադեպերից հետո Վահե Ղալումյանին երբեմն անվանում են «մեջքից հարվածող»[6][7]։

2020 թվականի մայիսի 8-ին Հայաստանի ազգային ժողովի դահլիճում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Էդմոն Մարուքյանի և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած վիճանբանության ժամանակ պատգամավոր Վահե Ղալումյանը մոտենում է Էդմոն Մարուքյանին և հետևից հարվածում նրա գլխին[6]։ Անդրադառնալով միջադեպին՝ Վահե Ղալումյանը հայտնել է, որ ինքը չի հարվածել Էդմոն Մարուքյանին, այլ գլխից քաշել է[10]։

2021 թվականի օգոստոսի 25-ին Վահե Ղալումյանը Հայաստանի ազգային ժողովի դահլիճում մոտեցել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին և հետևից հարվածել նրան[7][11]։

Վահե Ղալումյանն ամուսնացած է և ունի երեք զավակ` երկու տղա և մեկ աղջիկ[8]։

Հանդիսանում է 2019-2021 թվականներին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար և 2021 թվականից Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրը[12][13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Վահե Ղալումյանի մասին տեղեկություններ Հայաստանի Ազգային ժողովի կայքում։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Վահե Ղալումյանի մասին տեղեկություններ Հայաստանի Ազգային ժողովի կայքում։
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան… Բարխուդարլու, Խեյրիմլի, Սոֆուլու, Ոսկեպար…». Իմքայլական Վահե Ղալումյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին, (արխիվացված 23․06․2021թ․
  4. 4,0 4,1 4,2 «Ուրեմն ԱԱԾ-ն հիմքեր ունի, որ դա ադրբեջանական տարածք է համարում։
  5. 5,0 5,1 5,2 Ուրեմն ԱԱԾ-ն հիմքեր ունի, որ դա ադրբեջանական տարածք է համարում․ Վահե Ղալումյան(չաշխատող հղում)։
  6. 6,0 6,1 6,2 Մեջքից հարվածելու «մեծ վարպետը». վարչապետի ընտանիքի քավոր Վահե Ղալումյանը:
  7. 7,0 7,1 7,2 Վահագն Ալեքսանյանը ոտքով խփեց Վահե Հակոբյանին. հարվածեցին նաեւ Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը:
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Վահե Ղալուման
  9. ԿԸՀ-ն գրանցեց ընտրված 107 պատգամավորների անունները։
  10. «Չեմ հարվածել, գլխից քաշել եմ»․ Վահե Ղալումյան։
  11. «Վահե Ղալումյանը երեկ հետևից բռունցքներով հարվածում էր «Հայաստան» դաշինքի պատգամավորներին, այսօր երեսին ասեցի՝ ամենազազրելի բանը հետևից խփող տղամարդն է, պատասխանեց՝ ես կարամ դիմացից էլ խփեմ. Գալստյան։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  12. Տավուշի մարզպետ կնշանակվի Հայկ Ղալումյանը։
  13. Հայկ Ղալումյանի մասին տեղեկություններ Տավուշի մարզպետարանի կայքում։