Արտակ Մանուկյան
Արտակ Չուբարի Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | 1978 թվականի փետրվարի 15 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստանի Հանրապետություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
Աշխատանք | պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով (Բաղրամյան 19 փողոց) |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Երեխաներ | երկու զավակ |
Արտակ Չուբարի Մանուկյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, տնտեսագետ[1]:
Կենսագրություն
Ծնվել է 1978 թվականի փետրվարի 15-ին Երևանում:
Միչև 1999 թվականը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում: 2002 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան (տնտեսագիտության թեկնածու, դոցենտ): 2005 թվականին ավարտել է Շվեյցարիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիվանագիտական և 2007 թվականին՝ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցները:
2003, 2005 և 2010 թվականներ հետազոտական գործունեություն է ծավալել Քլիվլենդի ֆեդերալ ռեզերվային բանկում (ԱՄՆ), Պոտսդամի համալսարանում (Գերմանիա) և Դելավերի համալսարանում (ԱՄՆ):
1998-2007 թվականներին ղեկավարել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի հետազոտական խմբերը:
2003-2004 թվականներին եղել է «Երևանի Գարեջուր» ՓԲԸ ավագ տնտեսագետ, գործադիր տնօրենի խորհրդական, Ազգային ժողովի պատգամավորի օգնական: 2004 թվականից Երիտասարդական խորհրդարանի համահիմնադիր, փոխնախագահ: 2006-2007 թվականներին աշխատել է որպես «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ պլանավորման և վերլուծության բաժնի պետ: 2004-2018 թվականներին՝ ՄԱԿ, ՀԲ, ԱԶԲ, Միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղերի, «Կոնրադ Ադենաուեր» և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամների փորձագետ: 2005-2008 թվականներին եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, 2007-2013 թվականներին՝ ՀՊՏՀ, 2011-2012 թվականներին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, 2016-2017 թվականներին՝ Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի դասախոս: 2003-2018 թվականներին՝ միջազգային մի շարք ծրագրերի փորձագետ, խորհրդատու (Գերմանիա, Վրաստան, Շվեյցարիա)։ 2005 թվականին արժանացել է Շվեյցարիայի առաջնորդության մրցանակի: 2006-2007 թվականներին եղել է Շվեյցարիայի շրջանավարտների խորհրդի Հայաստանի թիմի տնօրեն: 2008-2016 թվականներին՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի պետական գնումների քաղաքականության փորձագետ: 2014-2015 թվականներին՝ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հակակոռուպցիոն փորձագետ։ 2015 թվականից Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի փորձագետ է, հրավիրված է եղել որպես դասախոս: 2018 թվականի հունիսի 12-ից միչև 2019 թվականի հունվարի 14՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
2017 թվականի մայիսից միչև 2017 թվականի նոյեմբեր նախագահել է ՓՄՁ համագործակցության ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, Հակակոռուպցիոն դաշինքի անդամ, ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ: 2017 թվականին եղել է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ:
Քաղաքական գործունեություն
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2019 թվականի փետրվարի 11-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
Ընտանիք
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Գիտական գործունեություն
Հեղինակել է երկու մենագրության և ավելի քան 40 գիտական հրապարակումների։ Շախմատի ազգային վարպետ, ProChessLeague շախմատի աշխարհի թիմային մրցաշարի հաղթող (2018 թվականի):