Դսեղ
Գյուղ | |||
---|---|---|---|
Դսեղ | |||
Դսեղ գյուղի համայնապատկեր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Թումանյան (համայնք) | Թումանյան համայնք[1] | ||
Մակերես | 39.47 կմ² | ||
ԲԾՄ | 1250-1350 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2137[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դսեղցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | dsegh.am | ||
| |||
Դսեղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։
Ունի հնագույն պատմություն, որը սկսվում է մ․թ․ա ժամանակաշրջանից։ Հարուստ է պատմամշակութային հուշարձաններով[3]։ Բնությունը գեղեցիկ է, որը ներկայացված է անտառապատ լեռներով, անդնդախոր և ժայռապատ ձորերով, սարահարթով, բարձրլեռնային լճով։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանության հետ կապված երկու տարբերակ։ 1-ին տարբերակի համաձայն Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն՝ բնակավայրերից զատված, առանձնացված տեղ[4], բ) ըստ ավանդազրույցների՝ ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դըզի գեղ, և ժամանակի ընթացքում այդ անունը դարձել է Դրսեղ, ապա Դսեղ[5]։
Գյուղի անունը Դրսեղ ձևով 15-րդ դարի սկզբին առաջին անգամ հիշատակել է Հակոբ Գ Սսեցի կաթողիկոսը (1404-1411) Սանահինի վանքի հարկատուների ցուցակում[6]։ 15-րդ դարի կեսերին Գրիգոր Ժ Ջալալբեկյանց կաթողիկոսը (1443-1465) կարգադրել է Սանահինի թեմի կազմում ընդգրկել Դրսեղ գյուղը[7]։ 17-րդ դարում Դսեղ գյուղն արդեն սկսել է հիշատակվել առանց «ր» տառի[8]։
1938-1969 թվականների կոչվել է Թումանյան ի պատիվ հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի[9]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ալավերդի քաղաքից մոտ 13 կմ հարավ, Դեբեդ գետի բարձրադիր աջ ափին՝ անտառներով շրջապատված սարավանդի վրա, որի արևմտյան կողմում Դեբեդի կիրճն է։ Բնակավայրը ծովի մակարդակից բարձր է 1250-1350 մ։ Զբաղեցնում է 39.47 կմ2 տարածք։
Գյուղից հարավ արևելյան կողմի Ծովաքար կոչվող սարի ստորոտում է գտնվում «Ծովեր» կոչվող գեղեցիկ լիճը։
Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դսեղ գյուղի տարածքում՝ 20-25 կմ տարածության վրա ուղղահայաց գոտիականությամբ հանդիպում են բուսականության հինգ տիպեր՝ լեռնատափաստանային, անտառատափաստանային, լեռնանատառային, մերձալպյան, ալպյան։
Ծառատեսակներից հանդիպում են արևելյան հաճարենի, սրատերև թխկի, լորենի, բոխի, սեվորական հացենի, արևելյան կաղնի, վրացական կաղնի, անտառային բարդի (կաղամախի), վայրի տանձենու տեսակներ, արևելյան խնձորենի, ալոճենի (սզնի), հոնենի, վրացական թխկի, դաշտային թխկի, բարձրլեռնային թխկի, թավոտ կեչի, արոսենու տեսակներ, թեղի, վայրի կեռասենի, զկեռենի, տխլենի, շլորենի, այծուռենի, ուռենի[10]։
Թփերից հանդիպում են մամխենին, մասրենու տարբեր տեսակներ սովորական ծորենին (կծոխուր), կովկասյան ցախկեռասը իլենին, գայլահատը, մոշենին, ազնվամորին, գերիմաստին, կտտկենին[10]։
Խոտաբույսերից հանդիպում են անիծած ծաղիկը, աստղածաղիկը, ավելուկը, բազեխոտը, բոշխը, բոգը, բլդրղանը, դաղձը գորտնուկը, գայլաթաթը, զանգակները, թանթռնիկը, թրթնջուկը, թթվիճը, իսկոթը, խորդենին, խնկածաղիկը, ծվծվուկը, կնյունը, կատվախոտը, հովվամախաղը, հրանունկը, ղանթափարը, մատիտեղը, ոչխարի շյուղախոտը, պտերները, աննդարար ցորնուկը, սպիտակ հողմածաղիկը և այլն[10]։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դսեղին հարակից գետերում հանդիպում են կարմրախայտ, կողակ, արևելյան արագաշարժ (փիչխուլ), Քուռի լերկաձուկ, Քուռի բեղլու, իսկ Ծովերում՝ արծաթափայլ կարաս, կարպ[10]։
Սողուններից հանդիպում են սովորական լորտուն, բազմագույն սահնօձը, կովկասյան ագաման, ժայռային մողեսները, իլիկամողեսը, ճարպիկ մողեսը, շերտավոր մողեսը, շերտավոր մողեսը, միջին մողեսը[10]։
Թռչուններից տարածված են տնային ճնճղուկը, դաշտային ճնճղուկը, սովորական սարյակը, անտառային կաչաղակը, սովորական կաչաղակը, մոխրագույն ագռավը, սպիտակագլուխ անգղը, գորշ անգղը, մորուքավոր անգղը, կրետակեր ճուռակը, օձակեր արծիվը, գիշանգղը, տափաստանային արծիվը, քարարծիվը, գերեզմանարծիվը, սովորական հողմավար բազեն, կովկասյան մայրահավը, անտառակտցարը, թխակապույտ աղավնին, սովորական տատրակը, սովորական կկուն, բվեճը, անտառաբուն, ոսկեգույն մեղվակերը, խայտաբղետ փայտփորը, հոպոպը, անտառային արտույտը, գյուղական ծիծեռնակը, անտառային նրբագեղիկը, սովորական սոխակը, սև կեռնեխը (մոշահավ), կովկասյան գեղգեղիկը, դեղնափոր գեղգեղիկը, սևագլուխ շահրիկը, եև երաշտահավը, սովորական սիտեղը, ծվծվիկը, լորը, կարմրակատարը, սովորական խածկտիկը և այլն[10]։
Կաթնասուններից հանդիպում են սովորական ոզնին, անդրկովկասյան խլուրդը, սովորական գորշատամիկը, երկարապոչ սպիտակ ատամիկը, գիշերաչղջիկը, երկարականջ չղջիկը, նետոպիրը, մաշկաչղջիկը, պարսկական սկյուռը, շիկառնետը, անտառային քնամոլը, մոխրագույն առնետը, ջրային առնետը, տնային մուկը, ձնադաշտամուկը, անտառային մուկը, մացառուտային դաշտամուկը, սովորական դաշտամուկը, գորշ նապաստակը, կզաքիսը, աքիսը, փորսուղը, գորշ արջը, գորշ գայլը, շեկ աղվեսը, անտառային կատուն, լուսանը, վարազը, այծյամը[10]։
Հանդիպում են նաև ալոճաթիթեռ, մախառն, կաղամբաթիթեռ, շաֆրանի դեղնուկ, մարգագետնաին դեղնուկ, ցերեկային սիրամարգակն, բազմերանգ թիթեռ, դիդիմա, պաֆիա, դաշտային արծաթաթուշիկ, ինո, կապտաթիթեռ իկար, մելանարգիա, կաղնու զեփյուռ, մորֆեյ, ոսկեթիթեռներ, գիշերային մեծ սիրամարգակն, իլիկաթիթեռներ, բվիկներ, ժապավենաթիթեռներ, ապակեթևեր, ինչպես նաև մորեխներ, ծղրիդներ, ճռիկներ, մեղուներ, իշամեղուներ, կրետներ, մրջյուններ, ճանճեր, բոռեր, մոծակներ, երկարաբեղ բզեզներ գնայուկ բզեզներ, աղբաբզեզներ, եղջերաբզեզներ, ոսկեբզեզներ, մլուկներ, տափակ, կլոր և օղակավոր որդեր[10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տարածքում կա չորս եկեղեցի։ Ամենամեծը Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին է` կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից գյուղի հյուսիսային նույնանուն ձորում (գտնվում է կիսաքանդ վիճակում)։ Գյուղի հին մեծ գերեզմանատանն են գտնվում 645 թվականին կառուցված համեմատաբար փոքր միանավ եկեղեցու ավերակները։
Գյուղի կենտրոնական հրապարակում գտնվում է նաև Սարգիս Բաղդասարյանի կողմից քանդակված Լոռեցի Սաքոյի՝ Թումանյանի համանուն պոեմի հերոսի, բրոնզաձույլ արձանը։ Ի սկզբանե՝ 1987 թվականին, արձանը տեղադրվել է Երևանի Թումանյանի անվան զբոսայգում, սակայն 2000-ականներին բազմիցս վնասվել է և փորձեր են եղել այն գողանալու։ Վերականգնվելուց հետո՝ արձանը տեղադրվել է Դսեղի կենտրոնական հրապարակում[11]։
Դեբեդի ձորում՝ գյուղի արևմտյան կողմում, կիսաքանդ վիճակում կանգնած է Քառասնից Մանկաց եկեղեցին։ Ըստ ճակատի արձանագրության՝ օծվել է 1256 թվականին Հաղպատի վանքի վանահայր Համազասպի կողմից։ Գյուղի տարածքում կա չորս մատուռ։ Կանգուն են մնացել Սուրբ Սարգիս և Դդի գլխի Բալա Գիքորի կառուցած մատուռները։
Գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ, գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։ Եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման, իսկ 20-րդ դարի սկզբին` վերակառուցման։
Գյուղի շրջակայքում կան նաև քարանձավներ, որոնք օգտագործվել են մարդկանց կողմից հնագույն ժամանակներից ի վեր որպես կացարան, իսկ հետագայում միայն անասունների համար։ Դրանցից են «Դռնավոր էրը», Ծակ քարը և գյուղից Ձորագես իջնելու Մուտի աջ կողմի ցածր քարայրը, որը կրում է նաև մարդու կողմից հարմարեցման հետքեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Դսեղի մշտական բնակչությունը կազմել է 2137, առկա բնակչությունը՝ 1960 մարդ[2]։
Ստորև ներկայացված է Դսեղի բնակչության փոփոխությունն ըստ տարիների[12].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 473 | 1231 | 2655 | 3482 | 2990 | 3114 | 2554 | 2573 | 2137[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, ձու, բուրդ և մեղր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1853 թվականին Զաքար քահանա Եգանյանի հովանավորությամբ, Դսեղում բացվել էր երկսեռ դպրոց։ 1859-1864 թվականներին գյուղի դպրոցն սովորոլ են միայն տղաները։ Այնուհետև շուրջ 10 տարի գյուղում դպրոց չի եղել։ 1877 թվականին տիրացու Գրիգոր (Գրիշկա) Թումանյանը՝ բանաստեղծի հորեղբայրը, իր տանը հավաքում է երեխաներին և գրագիտություն է սովորեցնում։ Հովհաննես Թումանյանը գրել-կարդալ սովորել է Գրիշկա բիձու դպրոցում։ 1878 թվականին բանաստեղծի մոր նախաձեռնությամբ գյուղում բացվում է Սահակ վարժապետի դպրոցը։ Սկսած 1891 թվականից՝ գյուղի դպրոցը գործել է առանց ընդհատվելու։ Աշակերտների թվով պայմանավորված 1904 թվականին Թումանյանի նախաձեռնությամբ գյուղում կառուցվում է դպրոցի նոր շենք։ Այն գոյատևում է մինչև 1970 թվականը։ 1910 թվականին դպրոցի 5 դասարաններում արդեն սովորում էր 50 աշակերտ՝ 40 տղա և 10 աղջիկ։ Դպրոցի առաջին աշխարհիկ դասատուն եղել է Երևանի Գարանյան դպրոցի շրջանավարտ Կատարինա Մամիկոնյանը[13]։
1912-1913 ուսումնական տարում Դսեղի դպրոցում դասավանդվել է 4 առարկա՝ գրաճանաչություն, թվաբանություն, կրոն և ռուսաց լեզու։ 1932-1937 թվականների ընթացքում բարձր դասարանների աշակերտների պարապմունքներն անց են կացվել մասնավոր տներում, որովհետև նույնիսկ երկհերթ աշխատանքի դեպքում անգամ դասասենյակները չեն բավականացրել։ 1932 թվականին մասնավոր տներում պարապել են 11 խումբ[13]։
1937 թվականին Դսեղի դպրոցը տվել է միջնակարգ կրթությամբ իր առաջին շրջանավարտները։ 1938 թվականին հին դպրոցի հարևանությամբ կառուցվում է միջնակարգ դպրոցի գեղեցիկ ու բարեկարգ երկհարկանի նոր շենքը։ Շենքը նախատեսված էր 300 աշակերտի համար և ուներ մարզադահլիճ, գրադարան, ֆիզիկայի և քիմիայի կաբինետներ։ Օժանդակ օբյեկտները՝ պիոներ տունը, փայտամշակման արհեստանոցը և պահեստները, տեղադրված էին «հին շենքում»։ 1963 թվականին դպրոցն ունեցել է 40 ուսուցիչ և 950 աշակերտ[13]։
Դպրոցի նոր մասնաշենքը կառուցվել է 1972 թվականին և նախատեսված էր 660 աշակերտի համար։ Այն հիմնանորոգվել է 2011 թվականին։ Միջնակարգ դպրոցն իր գործունեության ողջ ընթացքում տվել է 32 մեդալակիր շրջանավարտ, որից 13-ը՝ ոսկի, 19-ը՝ արծաթե[13]։
Դպրոցում դասավանդած մաթեմատիկայի ուսուցիչներից առանձնանում են Աշոտ Թումանյանը, Մարուսյա Թումանյանը,Արմենակ Պապոյանը և վերջինիս դուստրը՝ Անահիտ Պապոյանը[13]։
2019-2020 ուստարում դպրոցն ունեցել է 218 աշակերտ և 29 ուսուցիչ։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի կենտրոնական հրապարակի վրա է գտնվում մշակույթի տունը՝ 250 տեղանոց դահլիճով և 11000 գիրք ունեցող գրադարանով[14]։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դսեղի նոր հիվանդանոցը կառուցվել է «Կարմիր Խաչ» կազմակերպության միջոցներով՝ Սպիտակի ավերիչ երկրաշաժից հետո որպես օգնություն գյուղին[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դսեղի հրապարակ
-
«Ծովեր» լիճը Հոկտեմբեր ամսին 2006 թ.
-
Սուրբ տերունական խաչ
-
Ձորագետը Դսեղից
-
Ձորագետի ՀԷԿ-ը Դսեղից
-
Սբ. Քառասնից Մանկաց եկեղեցի
-
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
-
Լոռեցի Սաքոյի արձանը՝ Դսեղի կենտրոնական հրապարակում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Թումանյան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 «Դսեղ». Վերցված է 2013 Դեկտեմբերի 24-ին.
- ↑ Ս. Էփրիկյան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, Վենետիկ, հ. 1, Սբ. Ղազար, 1903, էջ 591։
- ↑ Սերգեյ Քոչարյան Դսեղ, Երևան, 2009։
- ↑ Մատենադարան, Քոթուկ Սանահինի Վանաց, ձ. 3031, թ. 71ա-71բ։
- ↑ Մատենադարան, Քոթուկ Սանահինի Վանաց, ձ. 3031, թ. 87բ-88ա։
- ↑ Մատենադարան, Քոթուկ Սանահինի Վանաց, ձ. 3031, թ. 126ա, 139բ, 162ա։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 143 — 992 էջ։
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Սերգեյ Քոչարյան, Դսեղ, Երևան, 2009։
- ↑ «Վերականգնվում է «Լոռեցի Սաքո» քանդակը». www.1lurer.am. 2020 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 70» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 9-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Սերգեյ Քոչարյան, Թումանյանի բնաշխարհը Դսեղ, 2009 թվական, էջ 27-30
- ↑ Դսեղի գրադարանը նույնպես կունենա տեխնոլոգիական նոր հնարավորություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դսեղ» հոդվածին։ |
|