Վիքիպեդիա:Օրվա հոդված/Մարտ 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թարմացնել այս էջի քեշը
Մարտ ամսվա հոդվածները
Մարտի 1
Տատու խմբի տարբերանշանը

Տատու (ռուս.՝ «Тату»,անգլ.՝ «t.A.T.u.»), ռուսական երաժշտական խումբ, որի կազմի մեջ մտնում են Յուլիա Վոլկովան և Լենա Կատինան: Խումբը ստեղծվել է 1999 թվականին պրոդյուսեր Իվան Շապովալովի կողմից երգահան Ալեքսանդր Վոյտինսկու հետ համատեղ: Սկզբնապես «Տատու»-ն օգտագործում էր լեսբուհիների իմիջը, սակայն, հետագայում, հրաժարվում են նրանից:

«Տատու»-ն հանդիսանում էր համաշխարհային ճանաչում նվաճած առավել հաջողակ ռուսական փոփ-խումբ: Նրանց սինգլները, ինչպես անգլերեն, այնպես էլ ռուսալեզու, գլխավորում էին Ռուսաստանի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հիթ-շքերթները: Նրանց նորամուտային անգլալեզու «All the Things She Said» սինգլը դառնում է տարվա ամենահաջողակ սինգլներից մեկը և գլխավորում է աշխարհի գլխավոր հիթ-շքերթները: «Տատու»-ն հանդիսանում է առաջին և միակ ռուսական խումբը, ով արժանացել է «IFPI» մրցանակի՝ վաճառված ալբոմների քանակի համար:

2003 թվականի մայիսին խումբը մասնակցում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: 2004 թվականին խումբը հայտարարում է ... Ավելին

Մարտի 2
Գեշտալտն աչքի վրա

Գեշտալտ հոգեբանություն, 20-րդ դարի առաջին կեսի արտասահմանյան հոգեբանության խոշորագույն դպրոցներից մեկը, որի հիմքում դրված է հոգեկան երևույթի, հոգեկան գործընթացների ուսումնասիրությունն իր ամբողջության մեջ: Սկիզբ է առել Գերմանիայում: Գեշտալտ (գերմ.՝ Gestalt) նշանակում է ամբողջական ձև, պատկեր, կառուցվածք: Ներկայացուցիչներն էին Մաքս Վերթհայմերը, Վոլֆգանգ Քյոլերը, Կուրտ Կոֆկան, Կուրտ Լևինը: Գեշտալտ հոգեբանությունը առաջացավ մեխանիստական բնագիտության ու բուրժուական հոգեբանության ընդհանուր ճգնաժամի ֆոնի վրա, ընդդեմ մեխանիստական ասոցիատիվ հոգեբանության: Ընդունում է ամբողջի հոգեբանությունը, ի հակակշիռ «էլեմենտի հոգեբանության»: Ամբողջականի կառուցվածքի գաղափարը գեշտալտ հոգեբանության ներկայացուցիչները կիրառեցին ընկալման հոգեբանության մեջ՝ փորձելով այն հիմնավորել փորձառական միջոցներով: Ընկալման կառուցվածքային տեսությունը տարածեցին հոգեֆիզիկական, ապա հոգեբանության բոլոր պրոբլեմների վրա: Գեշտալտ հոգեբանությունը մերժում է հոգեբանական տարրական պրոցեսների՝ զգայության տեսակների ու որակների առանձին ինքնուրույն ուսումնասիրությունը: Ըստ գեշտալտ հոգեբանության՝ ընկալման կառուցվածքը ոչ թե առարկայի... Ավելին

Մարտի 3
Կոստանդնուպոլսի պաշարում

Կոստանդնուպոլսի պաշարում, ռազմական ընդհարում Բյուզանդական կայսր Ալեքսիոս III Անգելոսի (1195-1203) և Վենետիկի հանրապետության դոժ Էնրիկո Դանդոլոյի (1192-1205) միջև: Տեղի է ունեցել խաչակրաց չորրորդ արշավանքի ընթացքում՝ 1203 թվականի հուլիսի 11-ից 18-ը՝ Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մատույցներում:

1189-1192 թվականներին երեք խաչակիր միապետների՝ Ռիչարդ I Առյուծասիրտի (Անգլիա), Ֆիլիպ II Օգոստոսի (Ֆրանսիա) և Ֆրիդրիխ I Շիկամորուսի (Գերմանիա) կազմակերպած խաչակրաց երրորդ արշավանքը չի հասնում իր հիմնական նպատակին. Երուսաղեմ քաղաքը շարունակում է մնալ Սալահ ալ-Դինի պետության սահմաններում: Կաթոլիկ քրիստոնյաների առաջնորդ ընտրվելուց հետո Հռոմի պապ Ինոկենտիոս III1198 թվականին հրապարակում է մի քանի հրովարտակ՝ խաչակրաց նոր արշավանք կազմակերպելու կոչով: Պապի կոչը սկզբնական շրջանում չի ընդունվում եվրոպական ազնվականության շրջանում, սակայն երկու տարի անց հավաքվում է 35,000 զինվոր:

1201 թվականին Վենետիկի իննսունչորսամյա դոժ Էնրիկո Դանդոլոն խաչակիրների հետ կնքեց համաձայնություն, ըստ որի ... Ավելին

Մարտի 4
Վիքթոր Հիւկօ

Վիքթոր Հիւկօ (ֆր.՝ Victor Marie Hugo [viktɔʁ maʁi yˈɡo], 26 Փետրուար 1802, Պեզանսոն - 22 Մայիս 1885, Փարիզ), ֆրանսացի հռչակաւոր գրող, բանաստեղծ, թատերագիր, քաղաքական գործիչ, ֆրանսական ռամկավարական վիպասանութեան առաջնորդն ու տեսաբանը:

Վիքթոր Հիւկօ եղած է երեք եղբայրներէն կրտսերը (մեծ եղբայրները՝ Աբել (1798-1865) եւ Եւկենի (1800-1837)): Գրողին հայրը՝ Ժոզէֆ Լէօպոլտ Սիկիսպըր Հիւկօ (1773-1828), Նափոլէոնեան բանակի հրամանատար էր, իսկ մայրը՝ Սոֆի Թղէպյուշէն (1772-1821), դաշնակահարուհի էր:

Հիւկոյի մանկութիւնը անցած է Մարսէյի, Քորսիքայի, Իտալիոյ (1807) եւ Մատրիտի (1811) մէջ, ուր ընտանիքը կը տեղափոխուէր հօրը աշխատանքին բերումով եւ կրկին կը վերադառնար Փարիզ: Ճանապարհորդութիւնները խոր տպաւորութիւններ ձգած են գրողին հոգիին մէջ, որոնք կ'արտայայտուին... Ավելին

Մարտի 5
Բիր Գրիլս

Էդվարդ Մայքլ «Բիր» Գրիլս (անգլ.՝ Edward Michael "Bear" Grylls, հունիսի 7, 1974, Հյուսիսային Իռլանդիա), բրիտանացի ճանապարհորդ, հեռուստատեսային հաղորդավոր և գրող: Հայտնի է դարձել «Մարդն ընդդեմ բնությանը» հեռուստահաղորդման շնորհիվ, որը Մեծ Բրիտանիայում ավելի հայտնի է «Գոյատևելու համար ծնվածը. Բիր Գրիլս» անունով: Գրիլսը նաև հանդես է գալիս մի շարք այլ ուսուցողական հաղորդումներում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: 2009 թվականի հուլիսին Գրիլսը 35 տարեկան հասակում ճանաչվում է սկաուտական շարժման ամենաերիտասարդ գլխավոր սկաուտը:

Գրիլսը մինչև չորս տարեկան դառնալը ապրել է Դոնահադիում (Հյուսիսային Իռլանդիա), ապա նրա ընտանիքը տեղափոխվել է Ուայթ կղզիում գտնվող Բեմբրիջ գյուղը: Նա Պահպանողական կուսակցությունում աշխատող քաղաքական գործիչ սըր Մայքլ Գրիլսի և Սալլի Գրիլսի (Սարա Ֆորդ) որդին է: Նրա մորական տատը՝ Պատրիսիա Ֆորդը, եղել է Օլստերսկու ունիոնիստական կուսակցության անդամներից, իսկ պապը՝ Նևիլ Ֆորդը՝ կրիկետի պրոֆեսիոնալ խաղացող: Գրիլսը ունեցել է մեկ եղբայր և մեկ քույր:

Գրիլսը սովորել է... Ավելին

Մարտի 6
Եդեսիայի կոմսություն

Եդեսիայի կոմսություն (լատ.՝ Comitatus Edessanus) միջնադարյան պետություն հյուսիսային Միջագետքում և Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում 1098-1150 թվականներին: Հիմնադրել է Բալդուին Բուլյոնցին 1098 թվականին՝ խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ: Երկիրը կառավարել են ֆրանսիական ծագում ունեցող Բուլյոնցի և դը Կուրտենե ազնվական ընտանիքները: Տարածքը կազմել է առավելագույնը 35 000 քառ. կմ՝ Ժոսլին I կոմսի օրոք (1118-1131):

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր հայաշատ Եդեսիա քաղաքը, որն ուներ 10 000 բնակիչ: 1144 թվականին Զանգիների ամիրայության հիմնադիր Իմադ ալ-Դինը գրավում է Եդեսիան, որից հետո մայրաքաղաքը տեղափոխվում է Տուրբեսել: Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Սելջուկյան սուլթանությունը, իր մեջ ներառել է հարևան և հեռավոր հայկական տարբեր գավառներ՝ հասնելով մինչև Կիլիկիա և Անտիոք: 1116-1117 թվականներին Քեսունի իշխանությունից գրավվեցին բազմաթիվ բերդեր, աքսորվեցին Պիրից իշխան Ապլղարիբ Պահլավունին, Գուրիսի իշխան Բագրատ Կամսարականը:

Եդեսիայի անկումից հետո, որին նվիրված է Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմը... Ավելին

Մարտի 7
Բիր Գրիլս

«Արտհաշաստրա» կամ Արտխաշաստրա (սանսկր.՝ अर्थशास्त्र, Arthaśāstra IAST, բառացի՝ գիտություն գործնական կյանքի մասին, գիտություն օգուտի մասին), սանսկրիտով գրված հին հնդկական քննախոսություն, տնտեսական քաղաքականության և ռազմական ռազմավարության տրակտատ, հանրային կառավարման դրույթների ժողովածու: Հեղինակը համարվում է Մաուրյաների պետության առաջին արքա՝ Չանդրագուպտայի (մ․թ․ա․ 321-297 թվականներ) գլխավոր խորհրդական, Թաքսիլայի ուսուցիչ Կաուտիլիեն (մ․թ․ա․ 4-րդ դար), որը հայտնի է նաև Չանակյա (մ․թ․ա․ 350–283 թվականներ), Վիշնու Գուպտա անուններով: Սակայն նա, հավանաբար, եղել է սոսկ «Արտհաշաստրայի» հիմնադիրը: «Արտհաշաստրան» հետագայում, մինչև մ․ թ․ 2–3-րդ դարեր, վերամշակվել և լրացվել է: Հին Հնդկաստանի հասարակական հարաբերությունների, տնտեսության, քաղաքական հաստատությունների, հատուկ ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների ուսումնասիրության կարևորագույն աղբյուր է:

Արտհաշաստրայում սանքհյան և յոգան հիշատակվում են որպես... Ավելին

Մարտի 8
Աստվածամայրը մանկան հետ

Աստվածամայրը մանկան հետ, սրբապատկեր՝ ստեղծված Միխայիլ Վրուբելի կողմից Կիևի Կիրիլյան եկեղեցու միահարկ մարմարե միջնապատի համար 1884-1885 թվականներին: Վրուբելին հատկապես այս աշխատանքը բերեց ճանաչում լայն հասարակությունում և ծառայեց որպես հիմնական նշաձող նկարչի հետագա հաջողության համար: Չնայած այն բանին, որ կերպարը կատարված է համաձայն ուղղափառ սրբապատկերագրման բոլոր կանոնների համաձայն, արվեստաբանները և նկարիչները մատնանշում են նրա արտահայտչականությունը և անսովորությունը: Որպես Աստվածածնի և Քրիստոս-մանկան դեմքեր Վրուբելը օգտագործել էր արվեստաբան Ադրիան Պրախովի կնոջ և կրտսեր աղջկա դեմքերը:

Սրբապատկերը նկարված է ցինկե թիթեղի վրա յուղաներկով, ոսկեզօծ մասնիկներով: Չափերը 202 х 87սմ:

Ըստ պատկերագրության այս սրբապատկերը պատկանում է Պախարանտա ձևին: Այս ձևին բնորոշ է մանուկ Քրիստոսը ծնկներին, գահին բազմած Մարիամ Աստվածածնի պատկերը: Գահը խորհրդանշում է... Ավելին

Մարտի 9
Դավիդ բեն Գուրիոն

Դավիդ բեն Գուրիոն (եբրայերեն՝ דָּוִד בֶּן-גּוּרִיּוֹן‎,պետք արտասանել[daˈvɪd ben gurˈjo:n], ծնվել է Դեյվիդ Գրյուն, հոկտեմբերի 16, 1886, Պլոնսկ - դեկտեմբերի 1, 1973, Թել Ավիվ), Իսրայելի պետության հիմնադիր և Իսրայելի առաջին վարչապետ:

Բեն Գուրիոնը վաղ հասակից մոլի սիոնիստ էր, 1946 թվականին նա դարձավ Սիոնիստական գլխավոր առաջնորդ և Համաշխարհային սիոնիստական կազմակերպության գործադիր ղեկավար: 1935 թվականից որպես հրեական գործակալության ղեկավար, հետագայում նաև նախագահ, հրեական գործակալության գործադիր, նա դե ֆակտո առաջնորդն էր հրեական համայնքի Պաղեստինում, և շատ դեպքերում Հրեական անկախ պետության համար պայքարում առաջնորդել է համայնքին: 1948 թվականի մայիսի 14-ին նա պաշտոնապես հռչակեց Իսրայել պետության ստեղծումը, և առաջինն է ստորագրել Իսրայելի անկախության հռչակագիրը: Բեն Գուրիոնը առաջնորդում էր Իսրայելին 1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում, և հավաքագրում էր տարբեր հրեական աշխարհազորայինների Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ): Հետագայում նա հայտնի դարձավ... Ավելին

Մարտի 10
Մկանագլոբինի կառուցվածքի 3D-ով ներկայացված պատկերը

Սպիտակուցներ (պրոտեիններ, պոլիպեպտիդներ), բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են իրար պեպտիդային կապով միացած ալֆա-ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ: Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ: Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը: Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին օրինակ՝ ֆոտոսինթեզի սպիտակուցային կոմպլեքսն է:

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են: Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող... Ավելին

Մարտի 11
Իգի Փոփ

Իգի Փոփ (անգլ.՝ Iggy Pop, իրական անունը՝ Ջեյմս Նյուել Օսթերբերգ կրտսեր (անգլ.՝ James Newell Osterberg, Jr., ապրիլի 21, 1947, Մասկիգոն), ամերիկացի ռոք վոկալիստ, ալտերնատիվ ռոքի սկզբնադիրներից: Այլընտրանքային ռոքի զարգացման մեջ իր ունեցած մեծ ներդրման շնորհիվ նրան անվանում են պանկ ռոքի ու գրանջի «կնքահայր» (երբեմն նաև «պապ»): 2009 թվականին բրիտանական «Classic Rock« հեղինակային ամսագիրը նրան տվեց «Կենդանի լեգենդ« կոչումը:

1960-ականների վերջերից մինչև 1970-ականների սկզբները Իգի Փոփը հարդ ռոքի ու պանկ ռոքի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցած The Stooges ռոք խմբի վոկալիստն էր: The Stooges-ը հայտնի դարձավ իր համերգային ելույթներով, որոնց ժամանակ Իգին (ինչպես միշտ մերկ իրանով) խեղում էր ինքն իրեն, վիրավորում ու հայհոյում հանդիսատեսներին, բեմից թռչում հանդիսատեսի վրա (առաջին անգամ օգտագործել stage dive-ը): The Stooges-ը յոթ անգամ ներկայացվել է ռոքնռոլի փառքի սրահում ներկայացվելու, և վերջապես... Ավելին

Մարտի 12
Մարդկային փայծաղ

Փայծաղ (անգլ․՝ spleen, յունարէն՝ σπλήν-splḗn) կապոյտ-մանիշակագոյն կակուղ օրկան մըն է, որ հարուստ է անօթներով (vessels) եւ արիւնով: Անիկա անծորան (ductless) գեղձ մըն է: Փայծաղը ունի 12-13 սմ. երկարութիւն, 7-8 սմ. լայնք եւ 4-5 սմ. հաստութիւն: Անիկա կը գտնուի փորի ձախ եւ վերի բաժինին մէջ եւ ստոծանիին (diaphragm) տակը: Անոր դիրքորոշումը կախեալ է ստոծանիի շարժումներէն եւ շնչառութեան հոլովոյթէն:

Փայծաղը օժտուած է կշռութային պռկումներով, որոնք կ'արագացնեն իր մէջ կուտակուած արեան շարժումը:

Փայծաղը կազմուած է երկու տեսակի հիւսկէններէ.

  • Սպիտակ միջուկ հիւսկէններէ (white pulp), որոնք կ'առնչուին մարմինի դիմադրողականութեան հետ՝ արտադրելով ճերմակ գնդիկներու T եւ B խմբաւորումները: T եւ B բջիջները կը յառաջացնեն պաշտպանողական հակամարմիններ (antibody).
  • Կարմիր միջուկ հիւսկէններէ (red pulp), որոնք կը գործեն որպէս զտիչ եւ որպէս արեան շտեմարան: Անոնք կը կազմեն փայծաղին 75-80 տոկոսը:

Փայծաղի հիմնական դերակատարութիւններն են

  1. Կ'արտադրէ հակամարմիններ եւ կ'օժանդակէ մարմինի դիմադրողական համակարգին (immune system).
  2. Կ'ամբարէ եւ կ'արտադրէ արեան ճերմակ գնդիկներ.

Այս երկու դերակատարութիւնները կը կատարուին... Ավելին

Մարտի 13
Սերեբրո (խումբ)

«Սերեբրո» (անգլ.՝ «SEREBRO», ռուս.՝ «Серебро»), ռուսական կանացի փոփ-խումբ, ստեղծված 2006 թվականին ռուսական երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի կողմից: Խմբի կազմի մեջ են մտնում Օլգա Սերյաբկինան, Դարյա Շաշինան և Պոլինա Ֆավորսկայան: Օլգա Սերյաբկինան նաև հանդիսանում է խմբի երգերի տեքստերի հեղինակը: Առաջին հանրային ելույթը կայացել է «Եվրատեսիլ 2007» երգի մրցույթի եզրափակիչում, որտեղ Սերեբրո-ն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ «Song #1» երգով:

Ստեղծման պահից խումբը թողարկել է երկու ստուդիական ալբոմ՝ «ОпиумRoz» և «Mama Lover»: Նաև խումբը թողարկել է տասներեք սինգլներ, որոնցից հինգը գլխավորում էին ռուսական հիթ-շքերթները: Խումբը նվագում է միանգամից մի քանի ոճերում, այնպիսիք, ինչպիսիք են փոփ, փոփ-ռոք, եվրոփոփ, թրիպ-հոփ և... Ավելին

Մարտի 14
Իսրայել Օրի

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ: Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն: Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731):

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ: Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك՝‎‎ թագավոր): Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում:

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում... Ավելին

Մարտի 15
Ենթաոստայնային արյունազեղում

Ենթաոստայնային արյունազեղում (ԵՈԱ, նաև՝ սուբարախնոիդալ արյունազեղում), արյան կուտակումը ոստայնենու և նրբենու միջև առկա տարածության՝ ենթաոստայնային տարածության մեջ: Այն կարող է առաջանալ ինքնաբուխ կերպով՝ սովորաբար ուղեղային անոթալայնանքի պատռվածքի հետևանքով կամ կարող է լինել գլխի վնասվածքի հետևանք:

ԵՈԱ-ի դեպքում դիտվող ախտանիշերից են՝ հանկարծակի սկսված ուժեղ գլխացավը (որը հիշեցնում է հարված գլխի շրջանում), փսխումը, գիտակցության մթագնումը, երբեմն նաև դիտվում են ցնցումներ: Ընդհանուր դեպքերում ախտորոշումը հաստատվում է գլխի ՀՇ հետազոտության, երբեմն նաև գոտկային պունկցիայի միջոցով: Բուժումը կատարվում է շտապ նյարդավիրահատական միջամտության կամ ճառագայթային հսկողությամբ կատարվող միջամտությունների միջոցով՝ զուգակցված դեղորայքային կամ այլ միջոցների հետ, որոնք օգնում են կանխել... Ավելին

Մարտի 16
Յուվենտուս (իտալ.՝ Juventus Football Club, [ju.ˈvɛn.tus]), իտալական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Թուրին քաղաքից: Հիմնադրման առաջին տարիներից մասնակցում է Իտալիայի A սերիայի առաջնությանը: 1920-ական թվականներից ակումբի սեփականատերն է իտալական «FIAT» կոնցեռնի տնօրեն Անյելլի ընտանիքը:

Հիմնադրվել է 1897 թվականի նոյեմբերի 1-ին Իտալիայի թագավորության Թուրին քաղաքում որպես «սպորտ-կլուբ Յուվենտուս»: «Յուվենտուսն» Իտալիայի միակ ակումբն է, որ ունի իր սեփական մարզադաշտը: Այն կառուցվել է 2009 թվականի մարտի 1-ին Իտալիայի Պիեմոնտ գավառի Թուրին քաղաքում՝ նախկին «Դելլե Ալպի» մարզադաշտի տեղում: Բացումը կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 8-ին: Մարզադաշտը տեղավորում է ավելի քան 41 000 հանդիսական:

«Յուվենտուսն» առաջատարն է նվաճած «Սկուդետոների» քանակով. 114 մրցաշարերում 31 անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը, երկրորդ և երրորդ տեղերում գտնվող «Միլանը» և «Ինտերը»՝ միասին հաղթել են... Ավելին

Մարտի 17
Աննա Անդերսոն

Անաստասիա Չայկովսկայա (ռուս.՝ Анастаси́я Чайко́вская (ամուսնական՝ Մանահան)), առավել հայտնի որպես Աննա Անդերսոն(16 դեկտեմբերի 1896 - 12 փետրվարի 1984, Չարլոտսվիլ, Վիրջինիա նահանգ, ԱՄՆ), ամենահայտնի կանանցից, ովքեր իրենց ներկայացնում էին, որպես Անսաստասիա իշխանուհի՝ վերջին ռուս կայսր Նիկոլայ II-ի ու կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի դուստրը, ում բոլշևիկները ամբողջ ընտանիքի հետ գնդակահարեցին 1918 թվականի հուլիսի 17-ին Եկատերինբուրգում, սակայն արքայական ընտանիքի անդամների մասունքների գտնվելու վայրը անհայտ մնաց մինչև 2007 թվականը:

Հավանաբար տառապում էր հոգեկան հիվանդություններով: Վարկածներից մեկի համաձայն Աննա Անդերսոնը պայթյունավտանգ նյութեր արտադրող բեռլինյան գործարանի լեհական ծագման աշխատակցուհի Ֆրանցիսկա Շանցովսկայան է: Նրա գենետիկ կապը Շանցովսկիների ընտանիքի հետ հաստատել են երկու իրարից անկախ ԴՆԹ թեստեր, որոնք կատարվել են նրա մահից հետո:

Գերմանական դատարաններում տարիներ տևած դատական գործերի արդյունքում ի վերջո հաստատվեց, որ նա... Ավելին

Մարտի 18
Անդրանիկ Օզանեան

Անդրանիկ Թորոս Օզանեան կամ Զօրավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա (25 Փետրուար 1865 - 31 Օգոստոս 1927), հայ զօրահրամանատար, պետական գործիչ ֆետայապետ (հայդուկապետ): Առանձնայատուկ դեր խաղացած է Հայ ազատագրական շարժման գործին մէջ: 1892-ին կ՚անդամագրուի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան, այլ ֆետայիներու հետ մասնակցած է իր հայրենի երկրի բնակավայրերու պաշտպանութեան: Անդրանիկ առաջին անգամ կ՚անցնի Սասուն, բայց 1896-ին կը մեկնի արտասահման: 1897-ին Վազգէն Տերոյեանի խումբի կազմին Անդրանիկը երկրորդ անգամ կը մտնէ Արեւմտեան Հայաստան, ուր կը մնայ մինչեւ 1904: 1912-1913 թուականներուն Գարեգին Նժդեհի հետ Անդրանիկի գլխաւորութեամբ հայ կամաւորներէն կը կազմակերպուի վաշտ մը, որ կը մտնէ պուլկարական բանակի աշխարհազօրի կազմին մէջ եւ կը մարտնչի Օսմանեան կայսրութեան բանակին դէմ: Պուլկարական հրամանատարութիւնը բարձր կը գնահատէ հայկական վաշտին մասնակցութիւնը Առաջին Պալքանեան պատերազմին... Ավելին

Մարտի 19
Թոոմաս Հենդրիկ Իլվես

Թոոմաս Հենդրիկ Իլվես (էստ․՝ Toomas Hendrik Ilves; դեկտեմբերի 26, 1953, Ստոկհոլմ), էստոնացի քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ, լրագրող, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ:

Ներկայումս նա Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն է: 2006 թվականի սեպտեմբերի 23-ից Իլվեսը զբաղեցնում է Էստոնիայի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Իլվեսի մորական կողմի տատիկը՝ Ելիզավետա Չիստոգանովան, ծնունդով Սանկտ Պետերբուրգից էր, Իլվեսի մայրը` Իրաիդա Սիյտամը, ծնվել է 1927 թվականի հունվարի 6-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Լենինգրադ քաղաքում, որտեղից 1928 թվականի հոկտեմբերի 13-ին Ռուսաստանում աշխատող Իլվեսի պապի՝ Պեետեր Սիյտամի հետ տեղափոխվել է անկախ Էստոնիա:

Էստոնիայում Իլվեսի մայրը որդեգրվում է Ալեքսանդրա և Պեետեր Ռեբանեների կողմից: Իրաիդա Սիյտամի խորթ հայրը էստոնացի քաղաքական գործիչ Հանս Ռեբանեի եղբայրն էր, որը 1927-1928 թվականներին զբաղեցնում էր Էստոնիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Որդեգրման գործում ասվում է, որ ծնողները համաձայն են, որպեսզի իրենց աղջկան որդեգրեն Տալլինում ապրող Պեետեր և Ալեքսանդրա Ռեբանեները, քանի որ իրենք ի վիճակի չէին պահել երեխային, իսկ Ռեբանեները, ըստ նրանց, հարուստ մարդիկ էին: Բացի այդ, Ալեքսանդրա Ռեբանեն Ելիզավետայի քույրն էր, հետևաբար... Ավելին

Մարտի 20
Քենի Դալգիշ

Քենետ Մետիսոն Դալգլիշ (անգլ.՝ Kenneth Mathieson Dalglish; մարտի 4, 1951, Գլազգո), ավելի հայտնի է Քենի Դալգլիշ անունով (անգլ.՝ Kenny Dalglish), շոտլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ, Բրիտանական թագավորության շքանշանի ասպետ: Ֆուտբոլային կարիերայի 22 տարիների ընթացքում հանդես գալով ընդամենը երկու ֆուտբոլային ակումբներում՝ «Սելտիկում» և «Լիվերպուլում»՝ ստացել է մեծ ճանաչում, հարգանք և բազմաթիվ մրցանակներ: Նա՝ որպես Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, սահմանել է երկու ռեկորդ՝ որպես հավաքականում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ (102 խաղ) և որպես ամենաշատ գոլերի հեղինակ դարձած ֆուտբոլիստ (նույն արդյունքն ունի նաև Դենիս Լոուն. երկուսն էլ հեղինակել են 30 գնդակ): Դալգլիշը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների վարկածով 1982-83 մրցաշրջանում ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1979 և 1983 թվականներին: 2009 թվականին FourFourTwo ամսագիրը Դալգլիշին ճանաչել է հետպատերազմյան բրիտանական ֆուտբոլի պատմության ամենահանճարեղ հարձակվող: 2006 թվականի «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող շուրջ 100 հազար երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում (100 Players Who Shook The Kop - «100 ֆուտբոլիստներ, ովքեր... Ավելին

Մարտի 21
Կաստիլիայի թագավորության զինանշան

Կաստիլիայի թագավորություն (իսպ.՝ Reino de Castilla [ռեյնո դե կաստիլյա]) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 1065-1230 թվականներին: Հիմնադրել է իշխան Սանչո II-ը 1065 թվականին: Երկիրը կառավարել են տարբեր ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, ովքեր բարեկամական կապեր ունեին հարևան քրիստոնեադավան դինաստիաների հետ: Տարածքը կազմել է առավելագույնը 40 000 քառ. կմ՝ Ֆերդինանդ III արքայի օրոք (1217-1230):

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բուրգոսը: 1087 թվականից Ալֆոնսո VI Քաջը մայրաքաղաքը տեղափոխում է Տոլեդո, որը ավելի քան մեկուկես դար մնում է Կաստիլիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը: Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում թերակղզու մուսուլմանական պետությունները, իր մեջ ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև ժամանակակից Իսպանիայի կենտրոնական հատվածներ: Երբեմն այն իր մեջ ներառում էր Գալիսիայի, Լեոնի, Նավարրայի և Արագոնի թագավորությունները:

13-րդ դարի առաջին քառորդին Կաստիլիայի թագավորությունը միավորվեց... Ավելին

Մարտի 22
Երրորդ ալիք (անգլ.՝ The Third Wave, 1967 թվական ապրիլ, ԱՄՆ, Կալիֆոռնիա, Պալո Ալտո), իրական պատմություն, հոգեբանական գիտափորձ միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ, իրականացրել է պատմության ուսուցիչ Ռոն Ջոնսը՝ նպատակ ունենալով մեկնաբանել նացիոնալ-սոցիալիզմի ազդեցությամբ գերմանացի ժողովրդի դրսևորած ազգայնամոլական և ռասայական խտրականության վարքը, տևողություն կազմել է մեկ շաբաթ:

Ռոն Ջոնսը գիտափորձը կատարել է՝ դպրոցականների (մինչև 15 տարեկան) նկատմամբ կոշտ կանոններ կիրառելով, երիտասարդական խմբավորման հիմնադիր դառնալով և ի զարմանս ուսուցչի՝ ո՛չ մեծերի և ո՛չ էլ աշակերտների կողմից որևէ արգելքի կամ դիմադրության չհանդիպելով: Հինգերորդ օրը գիտափորձի ալիքն այնպիսի թափ է հավաքել, որ մասնակիցների թիվը, 30-ից աճելով, հասնել է 200-ի: Այն նախատեսված էր երկու շաբաթ, սակայն ընդհատվել է ժամկետից շուտ, քանի որ ուսուցիչը զգուշացել է՝ տեսնելով, թե ինչպես է աշխատում ամբոխի հոգեբանությունը, թե երեխաներն ինչքան հեշտությամբ, ինքնակամ ենթարկվում են ամբոխի մանիպուլյացիային (անգլ.՝ Crowd manipulation), և որ այդ օրերի ընթացքում «նրանց ենթարկվող վարքն ամենևին չէր տարբերվում Երրորդ ռայխի շարքային քաղաքացիների արարքներից»:

Թեմայով նկարահանվել են բազմաթիվ մրցանակների արժանացած... Ավելին

Մարտի 23
Status Quo

Status Quo, բրիտանական ռոք խումբ, հիմնադրված բաս-կիթառահար Ալան Լանկաստերի և կիթառահար Ֆրենսիս Ռոսսիի կողմից, 1962 թվականին Լոնդոնում, Անգլիա (սկզբնահես որպես The Scorpions, The Spectres և Traffic Jam, Status Quo անվանումը ընդունվել է 1967 թվականին): Խումբը, որը սկսած 1970 թվականից գործնականում չի փոխել ոճը և կատարում էր ծանր ռիթմիկ ռոքնռոլ, ռիթմ ընդ բլյուզի և բուգի-վուգիի տարրերով, սկսած 2005 թվականից պահպանում է սինգլների քանակով բրիտանական ռեկորդը (63), որոնք մտնում են պաշտոնական հիթ-շքերթները: Խմբի 22 սինգլները մտել են բրիտանական «տասնյակի» մեջ: Status Quo-ի բոլոր սկավառակների համաշխարհային տպաքանակը (2008 թվականին) կազմել է 118 միլիոն: Նա 106 անգամ ելույթ է ունեցել «Top of the Pops» հեուստահաղորդման մեջ, որը նույնպես համարվում է ռեկորդ: Ըստ հիթ-ալբոմների քանակի (32) Status Quo-ն զիջում է միայն Rolling Stones-ին: Հիթ-ռքարթներում բարձրագույն հաջողության Status Quo-ն արժանացել է «Down Down» (#1, նոյեմբեր, 1974 թվական), «In The Army Now» (#2, սեպտեմբեր, 1986 թվական) և «Rockin' All Over the World» (#3, հոկտեմբեր, 1977 թվական) սինգլների հետ: 15 (29-ից) ստուդիական ալբոմները ունեն «ոսկե» կարգավիճակ («Don’t Stop»-ը դարձել է պլատինե), նրանցից չորսը Բրիտանիայում բարձրացել են... Ավելին

Մարտի 24
Հոգեբանության խորհրդանիշ հունարեն փսի տառը

Հումանիստական հոգեբանություն, արևմտյան (առավելապես ամերիկյան) հոգեբանական հայտնի ուղղություններից մեկը, որի ուսումնասիրության առարկան անձն է՝ որպես եզակի ամբողջական համակարգ, որին հատուկ է ինքնաիրացման հնարավորությունը: Հոգեբանական այս ուղղության շրջանակներում վերլուծության ենթարկվում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ բարձրագույն արժեքներ, անձի ինքնաիրացում, ստեղծագործականություն, սեր, ազատություն: Հումանիստական հոգեբանություն տերմինն առաջադրվել է մի խումբ պերսոնոլոգների կողմից, ովքեր 1960-ական թվականների սկզբին Աբրահամ Մասլոուի ղեկավարությամբ միավորվեցին՝ ստեղծելու կենսունակ տեսական այլընտրանք՝ ի հակակշիռ հոգեբանական երկու խոշոր ուղղությունների՝ հոգեվերլուծությանը և բիհեյվիորիզմի: Հումանիստական հոգեբանությունը խիստ կազմակերպված տեսական համակարգ չէ, այն կարելի է դիտարկել որպես շարժում: Այս ուղղությունը իր տեսական հիմքով բխում է էքզիստենցիալ փիլիսոփայությունից՝ մշակված եվրոպական այպիսի մտածողների կողմից, ինչպիսիք են՝ Սյորեն Կիերկեգորը, Կառլ Յասպերսը, Մարտին Հայդեգերը, Ժան Պոլ Սարտրը: Այս ուղղության հայտնի ներկայացուցիչներ են Աբրահամ Մասլոուն, Կառլ Ռոջերսը, Գորդոն Օլպորտը, Վիկտոր Ֆրանկլը, Ռոլո Մեյը, Ջեյմս Բյուջենտալը և այլոք:

Հումանիստական հոգեբանությունը ձևավորվել է... Ավելին

Մարտի 25
Բիւզանդական Հայաստան

Բիւզանդական Հայաստան Բիւզանդիոնի իշխանութեան տակ գտնուող Մեծ Հայքի քանի մը նահանգները,ինչպէս նաեւ Փոքր Հայքի գաւառները: Յստակ սահմաններ չեն եղած, որովհետեւ ատիկա միշտ փոփոխութեան ենթարկուած է :

Անիկա ստեղծուած է 387-ին Հայաստանի բաժանման ատեն, երբ Մեծ Հայքի շուրջ 20 առ հարիւրը, բարձր Հայքը, Ծոփքը, եւ Աղձնիքի մէկ մասը անցան Հռովմէական կայսրութեան գերիշխանութեան տակ (365-էն՝ Բիւզանդիոն ), իսկ մնացածը՝ Սասանեան Պարսկաստանի գերիշխանութեան: Անկէ ետք, Հայաստան երկրորդ անգամ բաժնուեցաւ, եւ կայսրութեան սահմանները ընդլայնեցան: Այս վիճակը տեւեց մինչեւ արաբական արշաւանքները: Սակայն երբ Հայաստանի անկախութիւնը վերականգնեցաւ, Բագրատունիներու իշխանութեան տակ, Պատմական Հայաստանի որոշ մասեր շարունակեցին մնալ Բիզանդիոնի իշխանութեան տակ:

Հայերը մեծ տեղ գրաւած էին կայսրութեան կազմին մէջ: Բիւզանդիոնի մէջ եղած են բազմաթիւ Հայազգի կայսրեր եւ զօրավարներ: Յայտնի զօրավարն էր... Ավելին

Մարտի 26
Նիկոլա Տեսլա

Նիկոլա Տեսլա (սերբ.՝ Никола Тесла, հուլիսի 10, 1856, Սմիլյան - հունվարի 7, 1943, Նյու Յորք շրջան), ազգությամբ սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, ինչպես նաև գյուտարար՝ էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի բնագավառում: Ծնվել և մեծացել է Ավստրո-Հունգարիայում, ապրել և աշխատել է հիմնականում Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: 1891 թվականին ստացել է ամերիկյան քաղաքացիություն:

Տեսլայի ընտանիքն ապրում էր Սմիլյան գյուղում՝ Գոսպիչ քաղաքից 6 կմ հեռու: Հայրը՝ Միլուտին Տեսլան (1819-1879), սերբական ուղղափառ եկեղեցու քահանա էր, մայրը՝ Գեորգինա Տեսլան (1822-1892), եղել է քահանայի դուստր: 1856 թվականին ընտանիքում լույս աշխարհ է գալիս չորրորդ երեխան՝ Նիկոլան: Ընտանիքում ընդհանրապես եղել են հինգ երեխաներ՝ երեք աղջիկ, Նիկոլան և նրա ավագ եղբայր Դանեն, որը, ձիուց ընկնելով, մահացել է, երբ Նիկոլան հինգ տարեկան էր: Տարրական դպրոցի առաջին դասարանը Նիկոլան ավարտում է Սմիլյանում: 1862 թվականին՝ Դանեի մահից որոշ ժամանակ անց, Նիկոլայի հոր աստիճանի բարձրացման արդյունքում ընտանիքը տեղափոխվում է Գոսպիչ, որտեղ էլ տղան ավարտում է... Ավելին

Մարտի 27
Genesis

Genesis, բրիտանական ռոք խումբ, ստեղծված 1967 թվականին և սկզբնապես պատկանում էր պրոգրեսիվ ռոք ուղղությանը: Խումբն արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Ամբողջ աշխարհով մեկ վաճառել է ավելի քան 150 միլիոն տպաքանակ ալբոմ (որոնցից մոտ 22 միլիոնը ԱՄՆ-ում) և այդ ցուցանիշով մտնում է բոլոր ժամանակների «Top 30»: Առավել հայտնի մասնակիցները՝ Պիտեր Գեբրիելը և Ֆիլ Քոլլինզը, իրականացրել են հաջող մենակատարային կարիերա:

Խումբը պարբերաբար փոխել է կազմը. ամենալուրջ փոփոխությունը կայացել է 1975 թվականին, երբ խմբից հեռանում է Գեբրիելը և հիմնական վոկալիստ դառնում է թմբկահար Քոլլինզը: Իր հերթին, Քոլլինզին 1997 թվականին, այսօրվա դրությամբ վերջին «Calling All Stations» ալբոմի ձայնագրությունից առաջ, փոխարինում է Ռեյ Ուիլսոնը՝ Stiltskin խմբի նախկին մասնակիցը: Կապված այդ ալբոմի կոմերցիոն անհաջողության հե՝, խումբը հայտարարում է լուծարման մասին, սակայն 2006 թվականի հոկտեմբերին Քոլլինզը, Ռեզերֆորդը և Բենքսը նորից միավորվում են համերգային շրջագայության համար:

2010 թվականի մարտի 15-ին խումբը ընդգրկվում է Ռոքնռոլի փառքի սրահ: Խմբի ապագան մնում է անորոշ՝ կապված Ֆիլ Քոլլինզի երաժշտական կարիերայի ավարտի հետ և խմբի մյուս անդամների մենակատարային նախագծերի հետ: Վերջերս Ֆիլ Քոլլինզը հարցազրույց է տալիս The Guardian հրատարակչությանը, որում պատմում է, որ մտածում է վերադառնալ ստեղծագործական երաժշտական գործունեության, չնայած... Ավելին

Մարտի 28
Genesis

Աստուրիայի թագավորություն (լատ.՝ Regnum Asturorum՝ ռեգնում աստուրորում) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 718-925 թվականներին: Հիմնադրել է վեստգոթ Պելագիուս Աստուրիասը (իսպ.՝ Pelayo) 718 թվականին: Երկիրը կառավարել է Աստուրական թագավորական տոհմը: Տարածքը կազմել է առավելագույնը 60 000 քառ. կմ՝ Ալֆոնսո III Մեծ արքայի օրոք (866-910):

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Կանգաս դե Օնիսը, ապա՝ Սան Մարտին դել Ռեյ Աուրելիոն և Պրավիան: 791 թվականից Ալֆոնսո II-ը մայրաքաղաքը տեղափոխում է իր ծննդավայր Օվիեդո, որը ավելի քան մեկուկես դար մնում է Աստուրիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը: Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Կորդովայի ամիրայությունը, իր մեջ ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև Պորտուգալիա: Ոսկեդարի շրջանում այն իր մեջ ներառում էր Աստուրիայի լեռները, Լեոնի հովիտը և ազդեցություն է ունեցել Նավարրայի թագավորության վրա:

10-րդ դարում Աստուրիայի թագավորությունը վերափոխվեց... Ավելին

Մարտի 29
Հաննա Դակոտա Ֆենինգ (անգլ.՝ Hannah Dakota Fanning, ծնվել է՝ փետրվարի 23, 1994, Կոնյերս, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել: Հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են՝ «Ես Սեմն եմ», «Զայրույթ», «Աշխարհների պատերազմ», «Շարլոտայի սարդոստայնը»: Տարբեր մրցանակների դափնեկիր է: Ութ տարեկանում «Ես Սեմն եմ» ֆիլմում կատարած դերակատարման համար ներկայացվել է «ԱՄՆ-ի դերասանների գիլդիայի մրցանակի»՝ դառնալով այդ մրցանակի ամենաերիտասարդ հավակնորդը:

Դակոտա Ֆենինգը ծնվել է սպորտային ընտանիքում: Նրա հայրը՝ Սթիվ Ֆենինգը (ծնված 1967 թվականին), Սենթ Լուիս Կարդինալս ակումբի նախկին բեյսբոլիստ է, ներկայում զբաղվում է էլեկտրոնիկայի վաճառքով, մայրը՝ Ջոյ Ֆենիգը (ծնված 1967 թվականին, օրիորդական ազգանունը՝ Էրինգթոն), նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի է: Նրա մայրական կողմից պապը` Ռիք Էրինգթոնը, Իգլզ Ֆիլադելֆիա ակումբի նախկին խաղացողներից է, իսկ դերասանուհու մորաքույրը` Ջիլ Էլինգթոնը ESPN-ի նախկին մեկնաբաններից է: Դակոտան ունի փոքր քույր՝ Էլ Ֆեմինգը, ով նույնպես դերասանուհի է: Դակոտա Ֆենինգն ունի գերմանական և իռլանդական արմատներ: Ֆենինգն ու իր ընտանիքի անդամները բապտիստներ են: Դակոտա Ֆենինգն ավարտել է... Ավելին

Մարտի 30
Լեպա Բրենա

Լեպա Բրենա (սերբախորվաթ․՝ Лепа Брена / Lepa Brena), իսկական անունը՝ Ֆախրետա Ժիվոինովիչ, օրիորդական ազգանունը՝ Յախիչ (սերբախորվաթ․՝ Фахрета Јахић-Живојиновић / Fahreta Jahić-Živojinović, ), հարավսլավացի և բոսնիացի երգչուհի, դերասանուհի և պրոդյուսեր, ամենահանրահայտ երգչուհին ոչ միայն Բոսնիա և Հերցեգովինայում, այլև նախկին Հարավսլավիայի երկրներում (աշխարհում վաճառվել է նրա ալբոմների ավելի քան 40 միլիոն օրինակ):

Ֆախրետա Յախիչը ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 20-ին Տուզլա քաղաքում (այն ժամանակ՝ Բոսնիա և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն Հարավսլավիայի կազմում): Մանկությունն անցել է Բրչկո քաղաքում:

Ֆախրետա Յախիչը եղել է Աբիդ և Իֆետա Յախիչների երրորդ երեխան: Հայրը մասնագիտությամբ բժիշկ էր, մայրը՝ դերձակուհի: Ընտանիքն ապրել է երկու սենյականոց բնակարանում, սակայն Լեպա Բրենան նշում է, որ ինքը մանուկ հասակում ոչնչի պակասություն չի զգացել:

Դեռ վաղ տարիքում ծնողները նկատել են իրեց դստեր երաժշտական տաղանդը: Առաջին երգը Ֆախրետան լսել է... Ավելին

Մարտի 31
Վարշավայի համալսարան (լեհ.՝ Uniwersytet Warszawski, լատ.՝ Universitas Varsoviensis), Լեհաստանի առավել հեղինակավոր պետական բարձրագույն ուսումնական հաստատություններց մեկն է: Այն հիմնադրվել է 1816 թվականին, Ռուսական կայսրության Լեհական թագավորությունում: Ըստ 2004 թվականի աշնան տվյալների, համալսարանում սովորում է 60 հազարից ավել ուսանող:

Բրիտանական «Թայմս» ամսագիրը համալսարանը ներառել է աշխարհի 200 լավագույն համալսարանների կազմի մեջ: Ըստ 1816 թվականի տվյալների, այն Լեհաստանի ամենամեծ համալսարանն է: Համալսարանն առաջարկում է մոտ 37 տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ, 18 ֆակուլտետներ և ավեի քան 100 մասնագիտություններ հումինատար և տեխնիկական բաժնում, ինչպես նաև բնական գիտություններ: Համալսարանում ուսուցանվում են կենսաբանություն, քիմիա, լրագրություն և քաղաքագիտություն, փիլիսոփայություն և սոցիոլոգիա, ֆիզիկա, աշխարհագրություն, ռեգիոնալ աշխարհագրություն, երկրաբանություն, պատմություն, կիրառական լեզուներ և սլավոնական բանասիրություն, տնտեսագիտություն, բանասիրություն, մանկավարժություն, լեհերեն, իրավունք և կառավարում, հոգեբանություն, կիրառական սոցիալական գիտություններ, կառավարում և մաթեմատիկա, ինֆորմատիկա և մեխանիկա... Ավելին

HSutvald2.svg 2016 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր