Չանակյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չանակյա
Chanakya artistic depiction.jpg
Ծննդյան անունսանսկր.՝ Kauṭilya or Vishnu Gupta
Ծնվել էմ. թ. ա. 375
ԾննդավայրՀին Հնդկաստան
Վախճանվել էմ. թ. ա. 283
Վախճանի վայրՊատալիպուտրա
Գրական անունԿաուտիլյա, Վիշնու Գուպտա, Վաթսյայանա, Դրամիլա
ՄասնագիտությունՉանդրագուպտայի գլխավոր խորհրդական, ռազմական մինիստր, բրահման, Թաքսիլայի պրոֆեսոր, գրող, փիլիսոփա, տնտեսագետ, իրավաբան, աստղագուշակ
Լեզուսանսկրիտ
Ազգությունհնդիկ
ՔաղաքացիությունՀին Հնդկաստան, Մաուրյաների պետություն
ԿրթությունԹաքսիլա
Ժանրերտրակտատ, պետությունը ղեկավարելու հմտությունների ուղեցույց
Թեմաներտնտեսագիտություն, քաղաքագիտություն, բարոյագիտություն, հասարակագիտություն, միջազգային հարաբերություններ, հատուկ ծառայություններ
Ուշագրավ աշխատանքներԱրտհաշաստրա, Նիտիշաստրա, Չանակյա Սուտրա, Չանակյա ռաջանիշաստրա
Chanakya Վիքիպահեստում

Չանակյա (चाणक्य IAST Cāṇakya, մոտ մ. թ. ա. 375, Բիհար, Բրիտանական Հնդկաստան - մ. թ. ա. 283, Պատնա, Մաուրյաների պետություն[3][4]), հայտնի է նաև Կաուտիլյա (Kauṭilya), Վիշնու Գուպտա (Vishnu Gupta), Վաթսյայանա անուններով, հնդիկ ուսուցիչ, փիլիսոփա, տնտեսագետ, իրավաբան, արքունի խորհրդական, ռազմական նախարար, աստղագուշակ, Հնդկաստանի պատմության մեջ հայտնի բրահման։ Երբեմն նրան անվանում են Չանդրագուպտայի կանցլեր կամ վարչապետ՝ Բիսմարկին նմանացնելով[5]: Խորամանկության և նուրբ քաղաքական մտքի շնորհիվ Հնդկաստանի պատմաբանները նրան համեմատել են Մաքիավելիի հետ[6], որի աշխատությունները լույս են տեսել 1800 տարի հետո։

Aquote1.png Իրական ծայրահեղական «մաքիավելիզմը», այս բառի լայն իմաստով, իր դասական արտահայտությունն է գտել հնդկական գրականության մեջ Կաուտիլյայի Արտհաշաստրայում, որի համեմատ Մաքիավելին անմեղ արքայազն է[7]:
- Մաքս Վեբեր «Քաղաքականությունը որպես կոչում և մասնագիտություն» թեմայով դասախոսությունից
Aquote2.png

Չանակյայի ստեղծագործությունները կորած էին համարվում Գուպտա կայսրության մայրամուտին, և չէին գտնվում մինչև 1915 թվականը[8]: Չանակյայի գրչին է վերագրվում քաղաքականության և բարոյականության մասին «Չանակյա սուտրա» անվամբ հայտնի տրակտատը, ինչպես նաև «Չանակյա ռաջանի շաստրա» տրակտատը։ Նա համարվում է «Արտհաշաստրա» (սանսկրիտերեն նշանակում է «Գիտություն օգուտի մասին») քաղաքական տրակտատի հեղինակը (գրված Կաուտիլյա և Վիշնու Գուպտա անուններով)[9]: Այս աշխատությունը ձևավորվել է մ․ թ․ ա․ IV դարի ընթացքում և աշխարհում առաջին գիրքն է, որում ձևակերպվել են հատուկ ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքները։ Չանակյան տնտեսագիտության և քաղաքագիտության Թաքսիլա հնագույն համալսարանի իսկական պրոֆեսոր էր, և պատահական չէ, որ նրան հաջողվել է ստեղծել Հնդկաստանի ենթամայրցամաքում իր տեսակի մեջ առաջին կայսրությունը՝ Մաուրյաների միասնական պետությունը։ Չանակյան համարվում է տնտեսագիտության և քաղաքագիտության ոլորտների պիոներ։ Նրա հիմնական աշխատությունը դասական քաղաքատնտեսության կարևոր նախորդն է[10][11][12][13]:

Չանակյան գլխավոր գործող անձն է Վիշակհադատտիի «Մուդրառակշասա» («Ռակշասայի թանկարժեք մատանին») հայտնի դրամայում։

Պատմական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր հնդիկ բրահմանի կյանքի իրադարձությունների և իրական կերպարի վերականգնումը որոշակի խնդիրներ են առաջացրել։ Օրինակ, այն դեպքում, երբ նրա տիրակալ արքա Չանդրագուպտա Մաուրիայի մասին հիշատակվում է բազմաթիվ անտիկ հեղինակների կողմից, սկսած Հին Հունաստանի ճանապարհորդներից Մեգասֆենից («Ինդիկա» աշխատություն), ներառյալ Յուստինոսի և Պոմպեոս Տրոգոսի, Չանակյայի մասին որևէ հիշատակում չկա անտիկ գրականության մեջ։ Նաև պետք է նշել, որ առ այսօր չի գտնվել Չանդրագուպտայի իշխանության ժամանակաշրջանի հատկապես հնդկական ծագման որևէ աղբյուր։ Այդ առումով այդ անհատի գոյության պատմական իրականությունը որպես իմաստուն բրահմանի, որն իրականացնում էր իր ժամանակի խոշոր քաղաքական խաղերը, որոշակի կասկածի տեղիք է տալիս։ Ընդ որում պետք է նշել, որ այդ անվստահությունը ոչ թե անմիջապես Չանակյայի գոյության փաստի նկատմամբ է, այլ նրան վերաբերվող մանրամասների։ Այսպես, օրինակ, տեսակետ կա, որ Չանակյան և Կաուտիլիան տարբեր մարդիկ են կամ Չանակյան Չանդրագուպտայի ժամանակակիցը չէ և հետագայում ձևավորված լեգենդների հաշվին է կապվել նրա անվան հետ՝ նպատակ ունենալով գունավորել հզոր արքայի մասին պատմությունները։ Չանակյայի գոյությունը հիմնավորվում է աղբյուրների շատ լայն սպեկտրով, որտեղ նա առկա է արքայի հետ՝ որպես հանրաճանաչ պատմական դեմք։ Այդ լեգենդների թվագրումը հավաստում է Չանդրագուպտայի իշխանության ժամանակներից դրանց ավելի ուշ ծագման մասին։ Սակայն դրանք գոյություն ունեն հնդկական ավանդույթում և վերաբերվում են ջայնիզմին, ինչպես նաև հինդուիզմին և բուդդիզմին, և տարածված են եղել ոչ միայն Հնդկաստանի սահմաններում, այլև նրա սահմաններից դուրս։

Արքայի և նրա կյանքի մասին պահպանված աղբյուրներին է անդրադառնում նաև դրամատուրգ Վիշակհադատտայի (սանսկր․ IAST, անգլ.՝ Vishakhadatta) «Մուդրառակշասա» (անգլ.՝ Mudrarakshasa) պիեսը, ինչպես նաև՝ Շրի Լանկայի (Ցեյլոնի) արքաների մասին պալիերեն (Pāḷi, սինհալերեն පාලි, դևանագարի पालि) «Մահավամսա» պատմական տարեգրությունները (պալիերեն Mahāvaṃsa, «Մեծ տարեգրություն»)[14], պուրանների ժողովածուները, Աչարյա Հեմաչանդրայի (անգլ.՝ Acharya Hemachandra) ստեղծագործությունները։ Չանդրագուպտայի մասին հնդկական լեգենդների և անտիկ աղբյուրների վկայությունները համապատասխանում են Չանակյայի մասին նմանատիպ բուդդայական և ջայնիստական լեգենդների դրվագներին[15][16]:

Նույնականացում Կաուտիլյա կամ Վիշնուգուպտա անունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն Արտհաշաստրայում Չանայան ավանդաբար դասվում է մի շարք գիտունների թվին։ Արտհաշաստրայում հեղինակի մասին հիշատակվում է Կաուտիլյա անունով, բացառությամբ մի չափածո հատվածի, որտեղ Վիշնուգուպտա է հիշատակվում, որը հավանաբար Կաուտիլյայի գոթրայի (gotra – էկզոգամ կլան) անունն է[17]:

Չանակյան նույնականացվել է Վիշնուգուպտայի հետ սանսկրիտ գրականության ամենահնագույն արձակ ձեռագրերից մեկում՝ հայտնի առակագիր Վիշնուշարմանի Պանչատանտրայում (մ․թ․ 3–րդ դար)[18][19]:

Մեկ այլ տեսակետի համաձայն (K․C․ Ojha) Վիշնուգոուպտայի և Կաուտիլյայի ավանդական նույնականացումը առաջացրել է խմբագրին հեղինակի հետ շփոթելու հետևանքով։ Նա առաջարկում է ընդունել, որ Վիշնուգուպտան Կաուտիլյայի գրած բնօրինակի խմբագիրն է[20]: Թոմաս Բարոուն ավելի առաջ գնալով համարում է, որ Չանակյան և Կաուտիլյան կարող են տարբեր մարդիկ լինել։ Չանակյան գոթրայի անունն է, Չանակյա նախարարը լեգենդ է, Կաուտիլյան «Արտհաշաստրայի» կազմողն է[21]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանակյան ծնվել է բրահմանի ընտանիքում։ Ծննդավայրը ստույգ հայտնի չէ[22]: Ըստ «Մախավամսա Տիկա» բուդդայական տեքստի, Չանակյան ծնվել է Թաքսիլայում[16][23][24]:

Ջայնիստական ձեռագրերում, օրինակ «Աբհիդհանա Չինտամանիում» նա հիշատակվում է որպես Դրամիլա (նույն Դրավիդա կամ Հարավային Հնդկաստան, որտեղ խոսում են դրավիդյան լեզուներով)։ Հեմաչանդրան ենթադրում է, որ Դրամիլան Վաթսյայանայի մյուս անունն է, և նա ծնունդով Դրամիլայից չէ, այլ՝ Վաթսայից (անգլ.՝ Vatsa), որը եղել է Կաուշամբիի (անգլ.՝ Kaushambi) մայրաքաղաքը, գտնվում է Ալլահաբադից 56 կմ հարավ-արևմուտք[24][25][26]:

Համաձայն ջայնիստ, պոլիմատ՝ բազմակողմանի զարգացած Աչարյա Հեմաչանդրայի «Պարիշիշտապարվա» (անգլ.՝ Hemachandra Չանակյայի մասին պատմություն) տեքստի, Չանակյան ծնվել է Գոլլա շրջանի Չանակա գյուղում, բրահման Չանինի և նրա կնոջ՝ Չանեսվարիի ընտանիքում[27]: Այլ աղբյուրներով նրա հայրանունը Չանակ էր, որից էլ առաջացել է «Չանակյա» անունը[28]:

Ըստ որոշ աղբյուրների, Չանակյան քուրմ էր Հյուսիսային Հնդկաստանից, գիտնական, վեդաների գիտակ[29] և Վիշնուի նվիրյալ։ Ըստ ջայնական աղբյուրների, նա ջայնիստ դարձել է ծեր տարիքում, ինչպես Չանդրագուպտա Մաուրյան[30][31][32]:

Չանակյան կրթությունը ստացել է Թաքսիլայում, Հնդկաստանի հյուսիս–արևմուտքում գտնվող հնագույն ուսումնական կենտրոնում (ներկայումս Պակիստանի տարածքում), որտեղ հետագայում դասավանդել է (սանսկր․ आचार्य, Ācārya աչարյա)[33]: Չանակյայի կյանքը կապված է երկու քաղաքների հետ․ Թաքշասիլա և Պատալիպուտրա (ներկայումս Պատնա՝ Հնդկաստանի Բիհար նահանգի վարչական կենտրոն)։ Պատալիպուտրան Մագաթհա թագավորության մայրաքաղաքն էր, որը Պատալապուտրայի հետ միանում էր Ուտարապատհա (անգլ.՝ Uttarapatha[34]) հնագույն առևտրական ճանապարհով[35]:

Նանդա կայսրությունն իր ծաղկման շրջանում, մ․թ․ա․ 323 թվական
Մաուրյաների պետությունը Բինդուսարայի մահվանից հետո, մ․ թ․ ա․ 269 թվական

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանակյայի անմիջական օժանդակությամբ

Հայտնի լեգենդը վկայում է, որ Չանակյան մասամբ մեղավոր է թագաժառանգին ծննդաբերելու ժամանակ Չանդրագուպտայի կնոջ մահվան մեջ[37][38]: Բինդուսարա անունը առաջացել է բինդու՝ կաթիլ բառից (ծնվելիս նրա վրա թունավորված արյան կաթիլ է թափվել)[39][40]:

Երբ Բինդուսարան սկսեց մեծանալ, Չանդրագուպտան գահը թողեց և հետևեց սուրբ Աչարյա Բհադրաբահուին կանգ առնելով Շրավանաբելագոլա քաղաքում (կաննադա ಶ್ರವಣಬೆಳಗೊಳ, Śravaṇa Beḷagoḷa, ներկայիս Կառնատակայի նահանգ)։ Ասկետիզմին հետևելով ապրեց մի քանի տարի, մինչև մահացավ ջայնիզմի ավանդույթների համաձայն՝ ինքնահոժար հացադուլից։ Չանակյան այդ ընթացքում պալատում ծառայում էր երիտասարդ Բինդուսարային որպես խորհրդական և դաստիարակ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանակյայի իրական մահվան պատճառը հայտնի չէ և վիճաբանության առարկա է։ Համաձայն ավանդապատումներից մեկի՝ նա հեռացել է ջունգլիներ[41] և սովից մահանալ է[42]:

Աչարյա Հեմաչանդրայի հիշատակած լեգենդի համաձայն Բինդուսարայի նախարարներից մեկը՝ Սուբանդխուն, Չանակիայի թշնամին էր։ Մի անգամ Սուբանդխուն Բինդուսարային հայտնում է, որ նրա մայրը Չանակյայի պատճառով է մահացել։ Բինդուսարան հարցնում է իր ծննդյան ժամանակ ներկա եղած կանանց և համոզվելով, որ ճիշտ է, ցասում է ապրում։ Իմանալով այդ մասին, ծերունի Չանակյան որոշում է ինքնասպան լինել։ Համաձայն ջայնիստական ավանդույթի, նա սովի է մատնում իրեն, որ կյանքին վերջ տա։ Այդ ընթացքում արքան իմանում է ամբողջ իրականությունը, որ իր մոր մահը դժբախտ պատահարի արդյունք է եղել, և Սուբանդխուին խնդրում է Չանակյային փոխանցել, որ իր բարկությունը անցել է։ Սակայն Սուբանդխուն հակառակն է ասում և սպանում է Չանակյային՝ նրան կենդանի այրելով[43]:

Մաուրյաների պետության դրամ, որում պատկերված է Բուդդայի կողմից կազմված ութ կանոնները բնութագրող «Ազնիվ Ութակի ճանապարհի» նշանը դհարմայի անիվով[44] և փղով


Լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան Թոմաս Թրաութմանը Չանակյայի մասին տարբեր լեգենդներից առանձնացնում է ընդհանրություն ներկայացնող հետևյալ էլեմենտները[45].

  • Չանակյան ծնվել էր ամբողջական ատամնաշարով, ի նշան գերագույն տիրակալի, սակայն դա բացառված էր բրահմանի կաստայում ծնվածի համար։ Այդ պատճառով նրա ատամները հանեցին, որից հետո հայտարավեց, որ Չանակյան թագավորելու է ուրիշի միջոցով։
  • Նանդա դինաստիայի գահընկեց արված արքան Չանակյային բացառեց իրեն շրջապատողների ցանկից՝ նրան հրահրելով տալ վրեժի երդում։
  • Չանակյան փնտրում էր արժանի թեկնածու, որի միջոցով կիրականացներ իր քաղաքականությունը։ Այդ ճանապարհին նա հանդիպեց երիտասարդ Չանդրագուպտա Մաուրյային, որը տակավին երեխա լինելով հանդերձ ցուցաբերում էր ի ծնե առաջնորդի հատկանիշներ։
  • Նանդա դինաստիան գահընկեց անելու Չանակյայի փորձերը անհաջողության մատնվեցին, մինչև նա տեսավ, թե ինչպես է մայրը խրատում շիլայից այրված իր երեխային, որը շիլան ուտելիս գդալով վերցրել էր ափսեի կենտրոնից և ոչ թե եզրից, որտեղ շիլան այնքան էլ տաք չէ։ Չանակյան հասկացավ, թե ի սկզբանե, ինչումն է իր ռազմավարական սխալը, և Նանդա դինաստիայի հսկողության տակ գտնվող կենտրոնական շրջանի վրա հարձակվելու փոխարեն սկսեց նրանից աստիճանաբար անջատել նրա ծայրամասերը։
  • Չանակյան խզեց իր միությունը Պարվատա արքայի հետ, վերջինիս համառության և համատեղ գործունեություն ծավալելու համաձայնությունը չպահպանելու պատճառով։ Չանակյան դիմեց մոլեռանդ ջուլհակի ծառայությանը, որ ձերբազատվի ապստամբներից։
  • Չանակյան թագադրված Չանդրագուպտային անխոցելի դարձրնելու նպատակով թույն լցրեց նրա սննդի մեջ[38]: Դրանից անտեղյակ Չանդրագուպտան այդ սննդի մի մասը տվեց թագուհուն, որը հղիության իններորդ ամսում էր։ Գահի ապագա ժառանգին փրկելու նպատակով Չանակյան կտրեց թագուհու փորը և փրկեց պտուղը։ Այդպես լույս աշխարհ եկավ թագաժառանգը, որին տվեցին Բինդուսարա անունը (բինդու՝ կաթիլ բառից)[40]:
  • Սուբանդհուի հետ Չանակյայի մրցակցությունը հանգեցրեց վերջինիս մահվան։
  • Չանակյան հանդիսանում էր բնության խորաթափանց դիտորդ։ Մաուրյաների զինվորները ստիպված էին քարանձավում թաքնվել, որտեղ որևէ ուտելիք չկար։ Քարանձավից դուրս գալ չէին կարող, քանի որ կկործանվեին։ Այդ ժամանակ Չանակյան տեսավ, որ մրջյունը բրնձի հատիկ է տանում, չնայած մոտակայքում բրինձ չկար։ Եվ միաժամանակ, հատիկը եփած էր։ Չանակյան հետախույզ ուղարկեց, որոնք գտան, որ թշնամին քարանձավից ներքև է իջել` ճաշելու։ Այդ իմանալով զինվորները դուրս եկան քարանձավից և փախչելով փրկվեցին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանակյայի «Արտհաշաստրա» (Arthaśāstra) գիրքը մանրամասն դիտարկում է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, սոցիալական ապահովության, միջազգային հարաբերությունների, ռազմավարական հարցեր։ Մյուս աշխատությունը՝ Նիտիշաստրա (Էթիկայի ցուցումներ) իրենից ներկայացնում է իդեալական ապրելակերպի մասին տրակտատ և ցույց է տալիս հնդկական ապրելակերպի մասին հեղինալի խորը իմացությունը։ Չանակյան մշակել է նաև Նիտի–սուտրաների աֆորիզմներ (կամ Չանակյա սուտրա), որոնք պատմում եմ ճիշտ վարվեցողության մասին։ Հայտնի 455 սուտրաներից գրեթե 216–ը «Չանակյա–ռաջանիշաստրա» է (ինչ չի կարելի անել թագավորելու ընթացքում)։ Ակնհայտ է, որ Չանակյան այդ սուտրաները կիրառել է երիտասարդ Չանդրագուպտային և այլ ընտրյալ աշակերտներին պետության ղեկավարման արվեստը ուսուցանելիս։ Նա անսահման գիտուն մարդ էր, ջյոտիշա (սանսկր․ ज्योतिष — jyotiṣa, «աստղագիտություն, աստղաբանություն, աստղագուշակություն»[46], jyotis – «լույս, երկնային լուսատու»[47] բառից) — հինդուիզմի ասղագուշակության կամ վեդայական աստղագուշակության, աստղաբանության գիտակ։ Աստղագիտության մասին Չանակյայի մտքերը կարելի է գտնել «Սարավալի» կոչվող տեքստում։

«Արտհաշաստրա»։ Իրավա–քաղաքական ուսմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ I հազարամյակի երկրորդ կեսը Հին Հնդկաստանի քաղաքական կազմակերպման և պետականության զարգացման համար անչափ կարևոր ժամանակաշրջան էր։ Այդ ժամանակ ձևավորվեց առաջին հզոր պետությունը Գանգեսի հովտում, իսկ հետագայում միավորված կայսրությունը։ Հին Հնդկաստանի քաղաքական կազմակերպման և պետականության զարգացմանը զուգընթաց մանրամասնորեն մշակվում էին պետությունների միջև փոխհարաբերությունների տարբեր մեթոդներ, պատերազմը վարելու և խաղաղ երկխոսությունների միջոցներ։ Կարևոր էին դառնում արտաքին քաղաքականության հարցերը։ Մշակվում էին ղեկավարման սկզբունքներ, պետական իշխանության տեսություններ, ի հայտ էին գալիս քաղաքական դպրոցներ և քաղաքական տրակտատներ։

Այս ժամանակաշրջանում առավել հետաքրքրական է «Արտհաշաստրա» տրակտատը, որի հեղինակ համարվում է բարձրաստիճան պաշտոնյա Կաուտիլյան՝ Չանդրագուպտա արքայի գլխավոր խորհրդականը։ Այս քաղաքական ստեղծագործությունը ձևավորվել է մ․թ․ սկզբում կիրառելով այդ ժանրի ավելի վաղ շրջանի ստեղծագործությունները[13][48]: Նրանում շարադրված պետական քաղաքականության գաղափարներն ու սկզբունքները անրադարձն են մաուրիական դարաշրջանի։

Մի շարք քաղաքական խնդիրներ են բարձրացված «Արտհաշաստրա» տրակտատում («Գիրք օգուտի մասին»)։ Այն պարունակում է արքային ուղղված խորհուրդներ վարչակազմի և դատարանի, օրենսդրության և ղեկավարման, արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ։ Հենց սկզբում ասվում է, որ արքան պետք է տիրապետի չորս «գիտության»․

  1. Վեդաների ուսմունք
  2. փիլիսոփայություն (կան տրամաբանություն)
  3. կառավարման գիտություն (իշխանություն, պատժամիջոցներ)
  4. տնտեսագիտություն (վարտտա, որ մեկնաբանվում է որպես հողագործություն, անասնապահություն և առևտուր)[49], որը ուսմունք էր ոչ թե ընդհանուր տնտեսության մասին, այլ միայն պետական տնտեսության, պետական գանձարանը լցնելու մասին։ Վարչակազմի գործունեությունը դիտվում է միայն մեկ տեսանկյունից․ ինչպիսի շահույթ կարող է բերել արքային, գանձարանին[13]:

Կաուտիլյան կարևորում է գործնական, կիրառական հետաքրքրությունները։ Դրանից ելնելով, նա նույնիսկ թույլատրելի է համարում բրահմանական Շաստրայի սահմանված նորմերից շեղումը։ Ըստ նրա, օրենքի և կառավարության հրահանգների միջև հակասության դեպքում առավելությունը պետք է տրվի վերջինին։ Բարդ ֆինանսական իրադրության դեպքում Կաուտիլյան արքային խորհուրդ է տալիս եկեղեցիների կարողությունը բռնագրավել և լցնել թագավորական գանձարանը։

«Արտհաշաստրան» հիմնավորում է արտաքին քաղաքականության վեց հիմնական մեթոդներ․

  1. խաղաղություն
  2. պատերազմ
  3. զինադադար
  4. հարձակում
  5. պաշտպանական միջոցների փնտրում
  6. երկակի քաղաքականություն։

Կաուտիլյան հատուկ ուշադրության է արժանացնում դեսպանների գործունեությանը, որոնց պարտականությունների շրջանակը շատ լայն էր։ Կաուտիլյան դեսպանի պարտականությունն էր համարում ոչ միայն պարտավորությունների կատարումը և սեփական պետության հեղինակության աջակցությունը, այլ նաև դաշնակիցներին վեճերի հրահրելը, գաղտնի երկխոսություններ իրականացնելը, զորքերը գաղտնի տեղաշարժելը, ամենատարբեր միջոցներով գործելը․ մանրակրկիտ մշակվում էին հարևանների հետ պայքարի մեթոդները, որոնք սովորաբար թշնամի էին համարվում։ Կաուտիլյան, խոսելով հարձակման առավել հարմար իրադրության մասին, խորհուրդ է տալիս նկատի ունենալ ապագա հակառակորդի ֆինանսական վիճակը և իր հպատակների հետ փոխհարաբերությունները․

Aquote1.png Եթե հպատակները իրենց տիրակալի դեմ են տրամադրված, ապա կարող են կործանել նրան, եթե անգամ նա հզոր է։ Հետևաբար արժե դուրս գալ այն տիրակալի դեմ, որի հպատակները թշնամաբար են տրամադրված նրա նկատմամբ[50]: Aquote2.png

Համաձայն «Մանու գրքի» և Կաուտիլյայի արտահայտությունների, պետությունը կազմված է յոթ տարրերից․

  1. արքա
  2. նախարարներ
  3. հողատարածքներ
  4. մայրաքաղաք
  5. պետական գանձարան
  6. բանակ
  7. միջազգային դաշնակիցներ։

Պետական կազմակերպության ծագումը կապված է ժողովրդի մեջ բարքերի անկման հետ, քանի որ եղել են ժամանակներ, երբ մարդիկ ենթարկվել են միայն օրենքներին և երբ որևէ իշխանություն չի եղել։ Եվ ըստ էության իշխանությունը «վստահեցնում է և՛ փիլիսոփայության, և՛ սուրբ Վեդաների, և տնտեսական կյանքի խաղաղ գոյությունը։ Քանի որ այնտեղ, որտեղ չկա իշխանություն, ուժեղը խժռում է թույլին»։ «Արտհաշաստրայում» ընդգծվում է, որ իշխանությունը կարևոր տարր է, առանց որի հասարակությունը գոյություն ունենալ չի կարող։

Aquote1.png Կառավարությունը պաշտպանում է քնատին, իշխում է բոլոր էակների վրա, պաշտպանում է նրանց, հսկում է ընդհանուր կարգ ու կանոնը… Արքան հենվում է ֆինանսների և հարկադրանքի վրա, հարկադրանքը՝ ֆինանսների, հարկադրանքի վրա է հենվում իրավունքը, և վերջապես, իրավունքի վրա հենվում են մարդիկ։ Aquote2.png

Կաուտիլյան մշակել էր մի շարք մեթոդներ, որոնք արքան կարող էր կիրառել, որպեսզի օգտվելով ժողովրդի նախապաշարմունքներից հավատացներ, որ արքան մոգական ուժով է օժտված։

Չանակյայի կերպարը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանակյայի մասնակցությամբ պատմական լեգենդներից բացի նրա կերպարը դարձել է Վիշակհադատտիի «Մուդրառակշասա» (անգլ.՝ Mudrarakshasa, Ռակշասայի թանկարժեք մատանի) քաղաքական դրաման։ Պյեսում Չանակյան ներկայանում է հմուտ, խորամանկ ու նենգ քաղաքական գործիչ։ Սկզբում նա պայմանագիր է կնքում Հիմալայների տիրակալ Պարվատեշվարայի հետ ընդդեմ Նանդա դինաստիայի, որին ցանկանում էր ոչնչացնել։ Երբ Նանդա արքան, Մալայակեթուն (անգլ.՝ Malayaketu) Նանդա նախարար Ռակշասայի հետ կոալիցիա կազմելով՝ բանակով հանդերձ պաշարում են Պատալիպուտրան՝ Չանդրագուպտայի մայրաքաղաքը, Չանակյան խորամանկորեն Մաուրյաների կողմն է գրավում Ռակշասային, այդպիսով ապահովելով հաղթանակը։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մուդրառակշասա» դրամայի հիման վրա Հնդկաստանում նկարահանվել է 47 սերիայից կազմված «Չանակյա» հեռուստասերիալը[51], սցենարի հեղինակ, ռեժիսոր և գլխավոր դերակատար՝ Չանդրապրակաշ Դվիվեդի (անգլ.՝ Chandraprakash Dwivedi)։ Դյուցազներգական պատմական այս դրամատիկ սերիալը ցուցադրվել է 1991 թվականի սեպտեմբերի 8–ից մինչև 1992 թվականի օգոստոսի 9–ը։ «Չանակյա Չանդրագուպտա» (Chanakya Chandragupta տելուգու చాణక్య చంద్రగుప్త) 1977 թվականի տելուգու լեզվով պատմական ֆիլմ։ Չանակյայի դերում Ակինենի Նագեսվառա Ռաո (Akkineni Nageswara Rao), Չանդրագուպտայի դերում՝ Նանդամուրի Տամակա Ռամա Ռաո (N. T. Rama Rao)[52] Ստեղծելով իրատեսական դեկորացիաներ, օգտագործելով նույնական իրեր և հագուստներ, սերիալը ներկայացնում է Չանակյայի կյանքը մանկությունից մինչև Չանդրագուպտա արքայի թագադրման պահը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "And Now Chanakya". Surya India 14: 58. 1989.
  2. Uma Chakravarti (2000) [1998]. "Inventing Saffron History". In Mary E. John, Janaki Nair. A question of silence: the sexual economies of modern India. pp. 243–268.
  3. V. K. Subramanian (1980). Maxims of Chanakya: Kautilya. Abhinav Publications. pp. 1–. ISBN 978-0-8364-0616-0.
  4. Jain, RP (2008), Chanakya Neeti, Prabhat Prakashan, p. 9, ISBN 81-208-0436-8
  5. 5,0 5,1 Romila Thapar, Ancient Indian Social History: Some Interpretations (New Delhi: Orient Longman, 1978), 12.
  6. Roger Boesche: Kautilya's Arthaśāstra on War and Diplomacy in Ancient India. In: The Journal of Military History. 67, Nr. 1, Januar 2003, S. 9–37. ISSN 0899-3718. doi:10.1353/jmh.2003.0006
  7. Մաքս Վեբեր, "Politics as a Vocation, " in Weber: Selections in Translation, ed. W. G. Runciman, trans. Eric Matthews (Cambridge: Cambridge University Press, 1978), 212-25, see 220.
  8. Waldauer, C., Zahka, W.J. and Pal, S. 1996. Kauṭilya's Arthashastra: A neglected precursor to classical economics. Indian Economic Review, Vol. XXXI, No. 1, pp. 101–108.
  9. (1964) «The Date of the Arthaśāstra». Journal of the American Oriental Society (American Oriental Society) 84 (2): 162–169. DOI:10.2307/597102. [JSTOR] ISSN 0003-0279.
  10. L. K. Jha, K. N. Jha (1998). «Chanakya: the pioneer economist of the world», International Journal of Social Economics 25 (2-4), էջ 267—282.
  11. Tisdell, C. 2003. A Western perspective of Kauṭilya’s Arthasastra: does it provide a basis for economic science? Economic Theory, Applications and Issues Working Paper No. 18. Brisbane: School of Economics, The University of Queensland.
  12. Sihag, B.S. 2007. Kauṭilya on institutions, governance, knowledge, ethics and prosperity. Humanomics 23 (1): 5-28.
  13. 13,0 13,1 13,2 Вигасин А. А.Учение об управлении и государственных доходах в «Артхашастре»․ От зарождения экономической мысли до первых теоретических систем политической жизни. // Всемирная история экономической мысли: В 6 томах / Гл. ред. В. Н. Черковец. — М.: Мысль, 1987 — հատոր I, գլուխ 4.3 — էջեր 83-93 — 606 էջ — 20 000 экз. — ISBN 5-244-00038-1. ռուս.՝ Տնտեսագիտական մտքի համաշխարհային պատմություն
  14. Бонгард-Левин Г. М. Древнеиндийская цивилизация. — М.: Восточная литература, 2000, էջ 35 — ISBN ISBN 5-02-018196-X.
  15. Бонгард-Левин Г. М.
  16. 16,0 16,1 Бонгард-Левин Г. М. Индийский брахман Чанакья в античной традиции // Вестник древней истории. 1982. № 1. էջ 13-26.
  17. Trautmann 1971 թ., :10 «որպես Արտհաշաստրայի հեղինակ նրան բնութագրելիս՝ գլխավորապես նշվում է իր գոթրա անունով․ Կաուտիլյա»
  18. Mabbett 1964: "References to the work in other Sanskrit literature attribute it variously to Vishnugupta, Chanakya and Kautilya. The same individual is meant in each case. The Panchatantra explicitly identifies Chanakya with Vishnugupta."
  19. Santhini Govindan. 71 Golden Tales of Panchatantra. Unicorn Books, 2007. ISBN 9788178060866. «... credited to Pandit Vishnu Sharma somewhere between 1200 BC and AD 300.»
  20. Mabbett, I. W. (1964). "The Date of the Arthaśāstra". Journal of the American Oriental Society (American Oriental Society) 84 (2): 162–169. doi:10.2307/597102. JSTOR 597102. ISSN 0003-0279.
  21. Burrow․ «Cāṇakya and Kauṭalya», Annals of the Bhandarkar Oriental Research Institute 48–49 1968, p. 17 ff.
  22. Renu Saran (13 February 2014). Chanakya. Diamond Pocket Books Pvt Ltd. էջեր 4–. ISBN 978-93-5083-482-4.
  23. V. K. Subramanian (1980).Maxims of Chanakya: Kautilya. Abhinav Publications. pp. 1–. ISBN 978-0-8364-0616-0.
  24. 24,0 24,1 The Indian Encyclopaedia by Subodh Kapoor (2002). Cosmo Publications. Page 1372. ISBN 978-81-7755-257-7.
  25. A History of Indian Logic: Ancient, Mediaeval, and Modern Schools
  26. Iyengar P. T. Srinivasa. History of the Tamils from the Earliest Times to the Present Day. — 1929.
  27. P. E. Granoff. The Clever Adulteress and Other Stories: A Treasury of Jaina Literature. — Motilal Banarsidass Publ., Ռոզալինդ Լեֆեբերի անգլերեն թարգմանություն, էջ 189–190. — ISBN 978-81-208-1150-8.
  28. Trautmann Thomas R. Kautilya and the Arthaśhāstra: A Statistical Investigation of the Authorship and Evolution of the Text. — Leiden: E.J. Brill, 1971., էջ 10.
  29. "Chanakya, The Legend". Chanakya National Law University. 2013.
  30. Helmuth von Glasenapp (1 January 1999), Jainism, Motilal Banarsidass Publ., p. 42, ISBN 978-81-208-1376-2
  31. Natubhai Shah (2004). Jainism: The World of Conquerors. Motilal Banarsidass Publishe. pp. 60–. ISBN 978-81-208-1938-2.
  32. Padhy, K. S. (2011), Indian Political Thought, PHI Learning Pvt. Ltd., p. 33, ISBN 978-81-203-4305-4
  33. Chanakya-Niti
  34. Bhallika, Bhalliya, Bhalluka Thera Buddhist Dictionary of Pali Proper Names․ uttaraapatha
  35. Bhallika, Bhalliya, Bhalluka Thera Buddhist Dictionary of Pali Proper Names․ paataliputta
  36. Radha Kumud Mookerji, Chandragupta Maurya and His Times, 4th ed. (Delhi: Motilal Banarsidass, 1988 [1966]), 31, 28-33.
  37. Wilhelm Geiger. The Dīpavaṃsa and Mahāvaṃsa and their historical development in Ceylon. — H. C. Cottle, Government Printer, Ceylon, 1908. — P. 40.
  38. 38,0 38,1 Bibliotheca Indica, Volume 96, Issue 5. Asiatic Society (Calcutta, India). Baptist Mission Press, 1891.
  39. M. Srinivasachariar. History of classical Sanskrit literature. — 3. — Motilal Banarsidass, 1989. — P. 550. — ISBN 978-81-208-0284-1.
  40. 40,0 40,1 Jainism in South India by P. M. Joseph. International School of Dravidian Linguistics, 1997. ISBN 978-81-85692-23-4.
  41. հինդուզմում ընդունված կյանքի փուլ՝ սաննյասա – Դևանագարի संन्यास, sannyāsa — «հրաժարում»
  42. Journal of Indian History. University of Kerala, 1949, էջ 211.
  43. Nury Vittachi.The Kama Sutra of Business: Management Principles From Indian Classics. Wiley India Pvt. Limited, 2007, էջ 87 — ISBN 978-81-265-1454-0.
  44. Жуковский В. И., Копцева Н. П. Искусство Востока. Индия: Учеб. пособие. — Красноярск: Краснояр. гос. ун-т, 2005. — էջեր 64, 402 — ISBN 5-7638-0575-5.
  45. Trautmann: «The Chāṇakya-Chandragupt-Kathā», 1971
  46. jyotiṣa in Sanskrit dictionary
  47. jyotiṣ in Sanskrit dictionary
  48. Kangle R.P. The Kautiliya Arthasastra.V. I.Bombay, 1960
  49. I. 4. 1
  50. Кальянов В.Л Артхашастра важнейший памятник индийской культуры.
  51. անգլ.՝ Chanakya (TV series)
  52. Chanakya Chandragupta film at IMDb.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]