Jump to content

Հումանիստական հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հուլիսի 19, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Հումանիստական հոգեբանություն, արևմտյան (առավելապես ամերիկյան) հոգեբանական հայտնի ուղղություններից մեկը, որի ուսումնասիրության առարկան անձն է՝ որպես եզակի ամբողջական համակարգ, որին հատուկ է ինքնաիրացման հնարավորությունը[1]։ Հոգեբանական այս ուղղության շրջանակներում վերլուծության ենթարկվում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ բարձրագույն արժեքներ, անձի ինքնաիրացում, ստեղծագործականություն, սեր, ազատություն։ Հումանիստական հոգեբանություն տերմինն առաջադրվել է մի խումբ պերսոնոլոգների կողմից, ովքեր 1960-ական թվականների սկզբին Աբրահամ Մասլոուի ղեկավարությամբ միավորվեցին՝ ստեղծելու կենսունակ տեսական այլընտրանք՝ ի հակակշիռ հոգեբանական երկու խոշոր ուղղությունների՝ հոգեվերլուծությանը և բիհեյվիորիզմի։ Հումանիստական հոգեբանությունը խիստ կազմակերպված տեսական համակարգ չէ, այն կարելի է դիտարկել որպես շարժում։ Այս ուղղությունը իր տեսական հիմքով բխում է էքզիստենցիալ փիլիսոփայությունից՝ մշակված եվրոպական այնպիսի մտածողների կողմից, ինչպիսիք են՝ Սյորեն Կիերկեգորը, Կառլ Յասպերսը, Մարտին Հայդեգերը, Ժան Պոլ Սարտրը։ Այս ուղղության հայտնի ներկայացուցիչներ են Աբրահամ Մասլոուն, Կառլ Ռոջերսը, Գորդոն Օլպորտը, Վիկտոր Ֆրանկլը, Ռոլո Մեյը, Ջեյմս Բյուջենտալը և այլք։

Հումանիստական հոգեբանությունը ձևավորվել է 20-րդ դարի կեսին՝ առաջադրելով անձի և նրա զարգացման վերաբերյալ նոր հայեցակետ։ Ուղղության կենտրոնը ԱՄՆ-ն է։ Այս ուղղության ներկայացուցիչները գտնում էին, որ մարդը լավն է իր բնույթով և ընդունակ է ինքնակատարելագործման։ Հումանիստական հոգեբանության տեսանկյունից՝ մարդու էությունը նրան անընդհատ տանում է անձնային աճի, ստեղծագործականության և ինքնաբավության, եթե միայն, ուժեղ հանգամքները չեն խանգարում։ Մարդիկ մեծ չափով գիտակցական և բանական էակներ են՝ առանց դոմինանտող անգիտակցական պահանջմունքների և կոնֆլիկտների։ Այսինքն՝ հումանիստական հոգեբանության ներկայացուցիչները մարդուն դիտում էին՝ որպես սեփական կյանքի արարիչ՝ օժտված սեփական կյանքի ոճն ընտրելու և զարգացնելու ազատությամբ, որը սահմանափակված է միայն ֆիզիկական և սոցիալական ազդեցություններով։ Մարդու կյանքը հնարավոր չէ հասկանալ, եթե ուշադրություն չդարձնենք նրա բարձրագույն ձգտումներին։ Աճը, ինքնաիրացումը, առողջության ձգտումը, նույնականության և ինքնավարության որոնումը պետք է համարել լայնորեն տարածված՝ նույնիսկ համընդհանուր միտում[1][2]։

Տեսական դրույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու նկատմամբ էքզիստենցիալ մոտեցումը սկիզբ է առնում առանձին մարդու կեցության եզակիության գիտակցումից, ով ապրում է ժամանակի կոնկրետ պահի և որոշակի տարածության մեջ։ Ժխտելով այն փաստը, որ մարդը կամ ժառանգական գործոնների կամ շրջակա միջավայրի պրոդուկտ է, էքզիստենցիալիստները ընդգծում են, որ յուրաքանչյուրը պատասխանտու է նրա համար, թե ինչ է դառնում։ Հումանիստ տեսաբանները նույնպես ընդգծում են, որ յուրաքանչյուր մարդ իր վարքի և կենսափորձի ստեղծողն է։ Մարդիկ մտածող էակներ են՝ իրենց գործողություններն ազատորեն ընտրող, ապրող և որոշող։ Հետևաբար հումանիստական հոգեբանությունը որպես հիմնական մոդել՝ ընդունում է պատասխանատու մարդուն, ով ազատորեն ընտրում է ներկայացված հանգամանքներից[3]։

Առավել կարևոր հայեցակարգը, որ հումանիստական հոգեբանները դուրս են բերել էքզիստենցիալիզմից, կայացման հայեցակարգն է։ Մարդը երբեք ստատիկ չէ, նա միշտ գտնվում է կայացման գործընթացում։ Այս կերպ որպես ազատ էակ ՝ մարդը պատասխանատու է, ինչքան հնարավոր է, շատ հնարավորությունների իրացման համար։ Հետևաբար էքզիստենցիալ-հումանիստական տեսանկյունից՝ իսկական գոյությունը պահանջում է ավելի շատ, քան միայն կենսաբանական, սեռական և այլ պահանջմունքների բավարարումը։ Մարդիկ պետք է պատասխանատու լինեն իրենց ճակատագրի ընտրության և ուղղվածության համար, քանի որ ցանկանում են նրանք, թե ոչ, ծնվել են և պատասխանատու են մեկ մարդկային կյանքի՝ իերնց սեփականի համար։

Միակ իրականությունը, ըստ էքզիստենցիալիստների, սուբյեկտիվ իրականությունն է կամ անձնային, բայց ոչ օբյեկտիվը։ Այս հայացքը կարելի է բնութագրել որպես ֆենոմենոլոգիական կամ «այստեղ և հիմա» ուղղություն[4]։

Անհատը՝ որպես ամբողջականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր մարդու պետք է ուսումնասիրել՝ որպես միասնական, եզակի, կազմակերպված ամբողջ։ Մարդկային օրգանիզմը իրեն պահում է որպես միասնական ամբողջ, այլ ոչ թե տարբերակված մասերի հավաք, և այն, ինչ տեղի է ունենում մի մասի հետ, ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Կա միայն անհատի պահանջմունք, ընդ որում բավարարումը տրվում է ամբողջ անհատին, այլ ոչ թե նրա առանձին մասերին։ Մարդու կենտրոնական բնութագիրը միասնությունն է և ամբողջականությունը։

Կենդանիների հետ անհամատեղելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումանիստական հոգեբանության ներկայացուցիչները ընդունում են մարդկանց և կենդանիների վարքի խորը տարբերությունները։ Նրանց համար այն ավելին է, քան ուղղակի կենդանի։ Նա միանգամայն առանձնահատուկ կենդանի էակ է։ Այսպիսի մոտեցումն էապես տարբերվում է արմատական բիհեյվիորիզմից, որը մեծ չափով հիմնվում է կենդանիների վարքի ուսումնասիրության վրա։ Մարդուն դիտարկվում է կենդանիներից տարբեր, անկախ։ Դրա համար էլ կենդանիների ուսումնասիրությունն անընդունելի է մարդուն հասկանալու համար, քանի որ այս դեպքում անտեսվում են միայն մարդուն հատուկ բնութագրերը (օրինակ՝ իդելաներ, արժեքներ, սեր, հումոր, մեղք)[5]։

Մարդու ներքին բնույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումանիստները պնդում են, որ մարդու բնությունն իր էությամբ լավն է, ծայրահեղ դեպքում՝ չեզոք։ Սակայն, ըստ Մասլոուի՝ մարդկանց մեջ կործանարար ուժերը ֆրուստրացիայի կամ հիմնական չբավարարված պահանջմուքների արդյունք են։ Բնությունից յուրաքանչյուր մարդու մեջ դրված են պոտենցիալ հնարավորություններ՝ դրական աճի և կատարելագործման համար։ Այսպիսին է հումանիստների օպտիմիստական վերաբերմունքը մարդկության նկատմամբ[5]։

Մարդու ստեղծագործական պոտենցիալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու ստեղծագործական կողմի առաջնության ընդունումը հումանիստական հոգեբանության նշանակալից հայեցակարգն է։ Ստեղծագործականությունը մարդկանց առավել ունիվերսալ բնութագիրն է, որն ի ծնե գոյություն ունի յուրաքանչյուր մարդու մոտ։ Ստեղծագործականությունը մարդու հիմնարար գործառույթն է, որը հանգեցնում է ինքնաարտահայտման բոլոր ձևերին[4]։

Հոգեկան առողջության շեշտադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնլոուն պնդում էր, որ վարքի ուսումնասիրմամբ զբաղվող ոչ մի հոգեբանական ուղղություն նշանակալից ուշադրություն չի դարձրել առողջ մարդու գործառնությանը, նրա կենսաձևին կամ կենսական նպատակներին:Նա ուշադրությունը կենտրոնացրել է հոգեպես առողջ մարդու վրա և այդ մարդու հասկացմանը՝ այլ դիրքերից, ոչ թե հոգեկան հիվանդների հետ համեմատությամբ։ Նա պնդում էր, որ հոգեպես առողջ, ինքնաիրացվող մարդկանց ուսումնասիրությունը՝ որպես հոգեբանության առավել ունիվերսալ հիմք։ Հետևաբար, հումանիստական հոգեբանությունը գտնում է, որ ինքնակատարելագործումը մարդու կյանքի հիմնական թեման է, որը չի կարելի դուրս բերել՝ ուսումնասիրելով միայն հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց[4][6][7]։

Ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդոն Օլպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլպորտն իր կողմից ստեղծած հայեցակարգը դիտարկում էր որպես վարքային մոտեցման և հոգեվերլուծության կենսաբանական, բնազդային մոտեցման այլընտրանք։ Օլպորտը հակառակվում էր և հիվանդների հետ կապված փաստերի տեղափոխելուն առողջ մարդու հոգեկանի վրա։ Օլպորտն անհրաժեշտ էր համարում ոչ միայն հավաքել և նկարագրել դիտարկվող փաստերը, այլև համակարգել և բացատրել դրանք։

Օլպորտի տեսության գլխավոր դրույթներից մեկն այն է, որ անձը բաց է և ինքնազարգացող։ Մարդն, առաջին հերթին, սոցիալական էակ է, և դրա համար էլ չի կարող զարգանալ՝ առանց շրջապատողների, հասարակության հետ կապերի։ Դրա հետ մեկտեղ՝ Օլպորտը պնդում էր, անձ և հասարակության հաղորդակցությունը միջավայրի հետ հավասարակշռության հաստատման ձգտում չէ, այլ անընդհատ փոխազդեցություն։ Այս կերպ, նա խիստ հակադրվում էր համընդհանուր այն դրույթին, որ զարգացումը ադապտացիա է, շրջապատող աշխարհի նկատմամբ հարմարում՝ ապացուցելով, որ մարդուն հատուկ է հավասարակշռությունը խախտելու պահանջմունքը և բարձունքների հասնելը[1]։

Գորդոն Օլպորտ

Օլպորտն առաջինն է խոսել յուրաքանչյուր մարդու եզակիության մասին. յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և անհատական, քանի որ նրանում համադրվում են յուրահատուկ պահանջմունքներ, որակներ, որոնք Օլպորտն անվանել է գծեր։ Այդ գծերը նա բաժանել է հիմնականների և գործիքայինների։ Հիմնական գծերը խթանում են վարքը, գործիքայինները կազմում են վարքը և ձևավորում կյանքի գործընթացում, այսինքն՝ համարվում ֆենոտիպի կազմավորումներ։ Գծերի այդ հավաքն էլ կազմում է անձի միջուկը[8]։

Օլպորտի համար կարևոր է և այդ գծերի ինքնուրույնությունը, որը զարգանում է ժամանակի ընթացքում։ Երեխան չունի այդ ինքնուրույնությունը, քանի որ այդ գծերը դեռ կայուն չեն և ամբողջականորեն ձևավորված չեն։ Միայն սեփական անձը, որակներն ու անհատականությունը գիտակցող հասուն մարդու մոտ են գծերը դառնում ինքնուրույն և կախված չեն ո՛չ կենսաբանական պահանջմունքներից, ո՛չ հասարակության ճնշումից։ Անձնային գծերի ինքնուրույնությունը հնարավորություն են տալիս մարդուն՝ բաց մնալու հասարակության համար, պահպանելու իր անհատականությունոը։ Այս կերպ, Օլպորտը լուծում է նույնականացման և օտարման խնդիրը, որը ամենակարևորներից է հումանիստական հոգեբանության համար[9]։

Օլպորտը ոչ միայն մշակել է անձի իր տեսական հայեցակարգը, այլև առաջադրել է հոգեկանի համակարգային ուսումնասիրման բազմագործոնայի մեթոդներ։ Ժամանակի ընթացքում Օլպորտը եկել է այն եզրակացությանը, որ հարցազրույցը ավելի շատ ինֆորմացիա է տալիս և ավելի հուսալի մեթոդ է, քան հարցաթերթը, քանի որ թույլ է տալիս զրույցի ընթացքում փոխելու հարցերը, դիտելու փորձարկվողի վիճակն ու ռեակցիաները։ Չափանիշների օբյեկտիվությունը, համակարգայնությունը տարբերում են Օլպորտի մշակած մեթոդները հոգեվերլուծական դպրոցի սուբյեկտիվ պրոյեկցիոն մեթոդներից[1]։

Անձի իր տեսության մեջ Ռոջերսը մշակել է հասկացությունների որոշակի համակարգ, որում մարդիկ կարող են ստեղծել և փոխել իրենց պատկերացումներն իրենց, իրենց մոտիկների մասին։ Այս համակարգում էլ զարգանում է թերապիան, որն օգնում է մարդուն փոխելու իրեն և վերաբերմունքն ուրիշների նկատմամբ։ Ինչպես հումանիստական հոգեբանության այլ ներկայացուցիչների համար, Ռոջերսի համար ևս կնետրոնական էր մարդկային անձի արժեքայնության և եզակիության գաղափարը։ Նա գտնում էր, որ մարդու կյանքի ընթացքում ձեռք բերած փորձը, որը նա անվանել է «ֆենոմենալ դաշտ», անհատական է և եզակի։ Մարդու կողմից ստեղծված այդ աշխարհը կարող է համընկնել կամ չհամընկնել իրականության հետ, քանի որ շրջապատի ոչ բոլոր առարկաներն են գիտակցվում սուբյեկտի կողմից։ Այդ դաշտի նույնականացման, համապատասխանության աստիճանը իրականության հետ Ռոջերսն անվանել է կոնգրուենտությունը։ Վերջինիս բարձր աստիճանը նշանակում է, որ մարդը հաղորդում է ուրիշներին այն, թե ինչ է տեղի է ունենում շրջապատում և այն, իոր նրա գիտակցածն այս կամ այն չափով համընկնում է տեղի ունեցողի հետ[10]

Կոնգրուենտության խախտումը հանգեցնում է լարվածության, տագնապալիության և վերջնարդյունքում՝ անձի նևրոտիզացիայի։ Վերջինիս հանգեցնւոում է նաև ինքնաիրացումից հրաժարումը։ Զարգացնելով իր՝ այցելուակենտրոն թերապիայի հիմքերը՝ գիտնականը միացնում է նրանում ինքնաիրացման գաղափարը կոնգրուենտության գաղափարի հետ։

Խոսելով Ես-ի կառուցվածքի մասին Ռոջերսը մեծ նշանակություն է տվել ինքնագնահատականին, որում արտացոլվում է մարդու էությունը, նրա ինքնությունը։ Ռոջերսը պնդում էր, որ ինքնագնահատականը պետք է լինի ոչ միայն ադեկվատ, այլև ճկուն՝ փոփոխվող իրավիճակից կախված։ Նա նաև ընդգծում էր ներկայի նշանակությունը։ Մարդիկ պետք է սովորեն ապրել ներկայում, գիտակց են և գնահատեն իրենց կյանքի յուրաքանչյուր պահ։ Միայն այս դեպքում կարելի է խոսել անձի ամբողջական գործառնման մասին։

Կառլ Ռոջերս

Ռոջերսն ուներ իր հատուկ մոտեցումը հոգեշտկման վերաբերյալ։ Նա գտնում էր, որ հոգեթերապևտը պետք է ոչ միայն այցելուին կարծիք հայտնի, այլև տանի ճիշտ որոշման, որը նա կկայացնի ինքնուրույն։ Թերապիայի գործընթացում այցելուն սովորում է առավել վստահել իրեն, իր ինտուիցիային, իր զգայություններին և մղումներին։ Սկսելով լվ հասկանալ իրեն՝ նա սկսում է լավ հասկանալ և ուրիշներին։ Արդյունքում տեղի է ունենում ինսայթ (փայլատակում), որն օգնում է վերափոխել սեփական ինքնագնահատականը, վերակառուցվածքավորել գեշտալտը[11]։

Աբրահամ Մասլոու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսելով հոգեկանի հասկացման նոր մոտեցման մասին՝ Մասլոուն ընդգծում է, որ չի ժխտում հին մոտեցումներն ու հին դպրոցները, այլ հանդես է գալիս նրանց կողմից փորձի բացարձակեցման դեմ։ Հոգեվերլուծության առաջին թերություններից մեկն, ըստ նրա, ոչ այնքան գիտակցության դերը նվազեցնւոելն է, որքան միտումը՝ դիտարկելու հոգեկանի զարգացումը միջավայրի նկատմամբ օրգանիզմի հարմարման տեսանկյունից։ Ինչպես Օլպորտը, նա գտնում էր, որ այդպիսի հավասարակշռությունը մահ է անձի համար, այն բացասական է ազդում անձի ինքնաիրացման ձգտման վրա, որն էլ մարդուն դարձնում են անձ։ Հոգեկանում ամենաարժեքավորը ինքնազարգացման նկատմամբ ձգտումն է։ Մասլոուի հումանիստական հայեցակարգի կենտրոնական հասկացություններից մեկը ինքնաիրացումն է։ Մասլոուն գտնում է, որ մարդկային բնությունը հետազոտելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նրա «լավագույն ներկայացուցիչներին»։ Միայն այս եղանակով կարելի է հասկանալ մարդկային հանրավորության սահմանները, մարդու իսկական բնությունը[1][4]։

Մասլուի հետազոտությունները հանգեցրել են այն մտքին, որ գոյություն ունի մարդու պահանջմունքների որոշակի հիերարխիա։ Վերջինիս կազմի մեջ մտնում են.

  1. Ֆիզիոլոգիական պահանջմունքներ. սնունդ, ջուր, քուն։
  2. Անվտանգության պահանջմունք. կայունություն, կարգուկանոն։
  3. Սիրո և պատկանելիության պահանջմունք. ընտանիք, ընկերություն։
  4. Հարգանքի, պահանջմունք. ընդունում, ինքնահարգանք։
  5. Ինքնաիրացման պահանջմունք. ընդունակությունների զարգացում[12]։

Մասլոուի տեսության թույլ տեղերից մեկն այն է, որ նա պնդում է, որ այդ պահանջմունքները մշտապես գտնվում են խիստ հիերարխիայում. և առավել բարձր պահանջմունքները ծագում են տարրականների բավարարումից հետո։ Ոչ միայն Մասլոուի քննադատները, այլև նրա հետևորդները ցույց են տվել, որ շատ հաճախ ինքնաիրացման պահանջմունքը կամ ինքնահարգանքինը գերակայող է և որոշում է մարդու վարքը՝ անկախ նրա ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման։ Արդյունքում, հենց Մասլուն հրաժարվել է խիստ հիերարխիայից՝ բոլոր պահանջմունքները միավորելով երկու դասերում՝ կարիքի և զարգացման կամ դեֆիցիտի և ինքնաիրացման պահանջմունքներ[13]։

Ինքնաիրացումը կապված է ինքդ քեզ հասկանալու և սովորելու «տրամադրվել» սեփական բնությանը, կառուցելու սեփական վարքը՝ ելնելով նրանից։ Դա միակնթարթային գործողություն չէ, այլ վերջ չունեցող գործընթաց«, դա «ապրելու, աշխատանքի և աշխարհի հետ հարաբերվելու» միջոց է, այլ ոչ թե միակ ձեռքբերում։ Մասլոուն առանձնացրել է այդ գործընթացում առավել նշանակալից պահերը, որոնք փոխում են մարդու վերաբերմունքն ինքն իր և աշխարհի նկատմամբ ու խթանում անձնային աճը։ Դա կարող է լինել ակնթարթային(պիկ-ապրում) ապրում կամ երկարատև ապրում(պլատո-ապրում)։

Նկարագրելով ինքնաիրացվող անձին՝ Մասլոուն նշում էր, որ վերջինիս հատուկ է ինքն իրեն, աշխարհին և այլ մարդկանց ընդունումը։ Նրանք, որպես կանոն, իրավիճակն արդյունավետորեն և ադեկվատ ընկալող մարդիկ են՝ կենտրոնացված խնդրի, այլ ոչ թե իրենց վրա։ Նրանց բնորոշ է և ինքնուրույնությունը շրջապատող աշխարհից և մշակույթից անկախությունը։

Մասլոուի տեսության մեջ մտնում են նույնականացման և օտարման հասկացությունները, թեև դրանց մեխանիզմները մինչև վերջ բացահայտված չեն։ Գիտնականը գտնում էր, որ գիտակցական ձգտումներն ու դրդապատճառները, այլ ոչ թե անգիտակցական բնազդներն են կազմում անձի էությունը։ Սակայն, ինքնաիրացման նկատմամբ ձգտումը բախվում է խոչընդոտների։ Հասարակությունը, ըստ էության, չի կարող չխոչընդոտել ինքնարիացման ձգտմանը. չէ՞ որ յուրաքանչյուր հասարակություն ձգտում է իր սովորական ներկայացուցիչ՝ օտարելով նրան իր էությունից։ Միևնույն ժամանակ, օտարումը մարդուն դնում է միջավայրի հետ դիմադրության մեջ և զրկում ինքնաիրացման հնարավորությունից։ Դրա համար էլ անհրաժեշտ է պահպանել հավասարակշռություն այդ երկու մեխանիզմների միջև։ Ըստ Մասլոուի՝ օպտիմալ է համարվում նույնականությունն արտաքին պլանում, շրջապատող աշխարհի հետ հարաբերության մեջ, և օտարում ներքին պլանում՝ ինքնագիտակցության զարգացման պլանում։ Միայն այսպիսի մոտեցումն է մարդուն հնարավորություն տալիս շփվելու շրջապատի հետ արդյունավետ և միաժամանակ մնալու ինքն իրենով։

Այսպիսով, Մասլոուն առաջիններից է ուսումնասիրել անձնային փորձի առանձնահատկությունները, բացահայտել ինքնազարգացման և ինքնակատարելագործման ուղիները ցանկացած մարդու համար[14]։

Անձնային իմաստներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ярошевский М.Г. Гуманистическая психология: История психологии от античности до середины ХХ века. [1] Արխիվացված 2016-12-31 Wayback Machine (ստուգված է 06.02.2016.):
  2. LeMay M., Damm V. (1968). The Personal Orientation Inventory as a measure of self-actualization of underachievers. Measurement and Evaluation in Guidance, 110-114.
  3. Durant W. (1977). Humanism in historical perspective. The Humanist, January/February. 37.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Хьелл Л., Зиглер Д. Теории личности. СПб.: Питер, 2003. - 608 с.
  5. 5,0 5,1 Maddi S. R. (1988). Personality theories: A comparative analysis (5th ed.). Chicago: Dorsey Press.
  6. Maslow A. H. (1950). Self-actualizing people: A study of psychological health. Personality symposia: Symposium #1 on values (pp. 11-34). New York: Grune & Stratton.
  7. Maslow A. H. (1956). A philosophy of psychology. In J. Fairchild (Ed.). Personal problems and psychological frontiers. New York: Sheridan House.
  8. Олпорт Г. Личность в психологии, 1998.[2](չաշխատող հղում) (ստուգված է 06.02.2016.)
  9. Олпорт Г. СТАНОВЛЕНИЕ ЛИЧНОСТИ. Избранные трулы. Под обшей редакиией П.А.Леонтьева. Москва Смысл 2002.
  10. Ждан А.Н. История психологии как становление ее предмета: Дисс. на соиск. ст. доктора психол. наук.- М., 1994.
  11. Rogers C. R. (1951). Client-centered therapy: Its current practice, implications, and theory. Boston: Houghton Mifflin.
  12. Маслоу А. Мотивация и личность. - СПб.: Питер, 2008.
  13. Maslow A. H. (1967). A theory of metamotivation: The biological rooting of the value-life. Journal of Humanistic Psychology, 7.
  14. Фрейджер Р., Фейдимен Д. Личность. Теории, упражнения, эксперименты.СПб.: Прайм-ЕВРОЗНАК, 2004. - 608 с. (Проект «Психологическая энциклопедия»)
  • Фрейджер, P. Гуманистическая, трансперсональная и экзистенциальная психология. К. Роджерс, А. Маслоу и Р. Мэй / Роберт Фрейджер, Джон Фейдимен, -СПб.: Прайм-Еврознак, 2007. - 221. [3] с. - (Университетская библиотека).
  • Мэй Р. Искусство психологического консультирования. М.: Независимая фирма «Класс», 1994.
  • Шестов Л. Киркегаард и экзистенциальная философия. Санкт-Петербург, 1908.
  • Feist J.у Feist G. (1998). Theories of Personality, McGraw-Hill.
  • May R. (1953). Man's Search for Himself, New York: Norton.
  • Leonard G. (1983). Abraham Maslow and the new self. Esquire, December, 326-336.
  • LeMay M., Damm V. (1968). The Personal Orientation Inventory as a measure of self-actualization of underachievers. Measurement and Evaluation in Guidance, 110-114.
  • Lester D., Hvezda J., Sullivan S., Plourde R. (1983)։ Maslow's hierarchy of needs and psychological health. The Journal of General Psychology, 109, 83-85.