Աբրահամ Մասլոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Մասլոու
Abraham Maslow
Ծնվել էապրիլի 1, 1908(1908-04-01)[1][2][3][…]
Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 8, 1970(1970-06-08)[1][2][3][…] (62 տարեկան)
Մենլո պարկ, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
բնական մահով
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքաթեիզմ[7]
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, սոցիոլոգ և հոգեբան
Հաստատություն(ներ)Բրանդեյսի համալսարան[8] և Բրուքլինի քոլեջ[8]
Գործունեության ոլորտհոգեբանություն և Հումանիստական հոգեբանություն
Պաշտոն(ներ)Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ
ԱնդամակցությունԱմերիկյան հոգեբանական ասոցիացիա
Ալմա մատերՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[8], Կոռնելի համալսարան, Նյու Յորք քաղաքի քոլեջ և Boys High School?
Գիտական աստիճանԲակալավր[8] (2059), արվեստների մագիստրոս[8] (1931) և փիլիսոփայության դոկտոր[8] (1934)
Տիրապետում է լեզուներինամերիկյան անգլերեն և անգլերեն[9]
Գիտական ղեկավարՀարի Հարլոու
Հայտնի աշակերտներSteve Andreas?
Ինչով է հայտնիՀումանիստական հոգեբանության հիմնադիր
Ազդվել էԱլֆրեդ Ադլեր, Հենրի Մյուրրեյ, Կուրտ Գոլդշտեյն
Պարգևներ
Ամուսին(ներ)Bertha Goodman Maslow?
 Abraham Maslow Վիքիպահեստում

Աբրահամ Մասլոու[10] (անգլ.՝ Abraham Maslow (ապրիլի 1, 1908(1908-04-01)[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 8, 1970(1970-06-08)[1][2][3][…], Մենլո պարկ, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիր։ Մասլոուի հիմնական գաղափարն այն մասին է, որ որպես բիհեյվիորիզմի և հոգեվերլուծության այլընտրանք՝ երրորդ ուղղության անհրաժեշտություն կա։ Նա չէր մերժում առկա ուղղությունները, այլ մերժում է դրանց փորձը բացարձակի հասցնելը։ Հոգեվերլուծության ամենամեծ թերությունը նա համարում էր այն, որ հոգեկանի զարգացումը դիտարկվում էր որպես շրջապատող միջավայրին օրգանիզմի ադապտացիա։ Մասլոուի հիմնական միտքն այն էր, որ ի տարբերություն կենդանու՝ մարդը չի ցանկանում հաղթահարել այդ հավասարակշռությունը, որը մահ է նշանակում անձի համար։ Հարմարումը խոչընդոտում է անձի ինքնիրացմանը։ Անձի զարգացման հիմքը ինքնիրացման հասնելու ձգտումն է։ Մյուս կողմից, ընդդիմանալով բիհեյվիորիզմին, Մասլոուն պնդում էր, որ ամենաարժեքավորը, ինչ կա հոգեկանում՝ ինքնությունը, ձգտումը հասնել ինքնիրացմանը, չեն կարող նկարագրվել և հասկացվել բիհեյվիորիզմի սահմաններում, և դա է պատճառը, որ վարքի հոգեբանությունը պետք է լրացվի գիտակցության հոգեբանությամբ, որը կհետազոտեր անձի «Ես-հայեցակարգը», նրա ինքնությունը[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում 1908 թ. ապրիլի 1-ին։ Հրեական ընտանիքից էր, որն XX դարում արտագաղթել էր Ռուսաստանից[12] ։ Ծնողներն անուս էին, բայց շատ էին ցանկանում, որ Աբրահամը՝ յոթ երեխաներից ավագը, կրթություն ստանար և աջակցում էին նրան։ Այնուամենայնիվ Մասլոուն խոստովանում է, որ իր մանկությունը գրեթե բոլոր տարիներին եղել է միայնակ ու տխուր[13]։ Նրա հարաբերությունները մոր հետ համարյա թշնամական էին. մայրը հաճախ սպառնում էր, որ Աստված իրեն կպատժի գործած ամեն մի սխալի համար։ Արդյունքում Մասլոուն սկսեց կասկածի տակ դնել Աստծո գոյությունը։

Մասլոուն դպրոցի լավագույն աշակերտներից մեկն էր։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1926 թ., հոր խորհրդով ընդունվում է Նյու Յորքի քաղաքային իրավաբանական քոլեջ, սակայն չի ավարտում նույնիսկ առաջին կուրսը։

Մասլոուն հոգեբանությանն առաջին անգամ ծանոթանում է Կորնելի համալսարանում, որտեղի հոգեբանության պրոֆեսորը Է. Բ. Թիթչեներն էր։ 1828 թ. ընդունվում է Մադիսոն քաղաքի Վիսկոնսինի համալսարանը, որտեղ նրա գիտական ղեկավար է դառնում Հարրի Հարլոուն, ով պրիմատների հայտնի հետազոտող էր։ Այդ տարի էլ Մասլոուն ամուսնանում է իր զարմուհի Բերթայի հետ[14]։

1930 թ. Մասլոուն Վիսկոնսինի համալսարանում ստանում է բակալավրի աստիճան, 1931 թ.՝ մագիստրոսի կոչում, իսկ արդեն 1934 թ. պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ Մասլոուն ստացել է դասական բիհեյվիորիստական կրթություն, իսկ նրա գիտական առաջին աշխատանքը, որն ապահովեց նրա փայլուն ապագան, նվիրված էր պրիմատների մոտ առկա հմայքի ու սոցիալական վարքի կապին։ Նրա սեփական տեսությունը երևան է եկել հիմնական հոգեբանական հայեցակարգերին ծանոթանալուց հետո։

1934 թ. Մասլոուն Կոլումբիայի համալսարանում որպես օգնական հետազոտող աշխատում է հայտնի բիհեյվիորիստ Է. Թորնդայքի մոտ։ Սկզբնական շրջանում նա ևս հետևում էր բիհեյվիորիստական տեսությանը, հիացած էր Ջ. Բ. Ուոտսոնի աշխատանքներով, սակայն աստիճանաբար սկսում է հետաքրքրվել այլ գաղափարներով[14]։ 1937 թ. ընդունում է Բրուքլինի քոլեջում աշխատելու հրավերը, որտեղ աշխատում է 14 տարի։ Այդ տարիներին էլ նա հանդիպում է եվրոպացի բազմաթիվ հոգեբանների, ովքեր, խուսափելով ազգայնամոլների հետապնդումներից, ապաստան էին գտել ԱՄՆ-ում։ Նրանց թվում էին Ալֆրեդ Ադլերը, Էրիխ Ֆրոմը, Մարգարետ Միդը, Կարեն Հորնին, ինչպես նաև գեշտալտ հոգեբանության հիմնադիր Մաքս Վերթեյմերը և մարդաբան Ռութ Բենեդիկտը։ Վերջին երկուսը դարձան ոչ միայն Մասլոուի ընկերն ու ուսուցիչը, այլ նաև այն մարդիկ, ում շնորհիվ առաջացավ անձնավորության ինքնաիրացման հետազոտման գաղափարը[15]։

1951 թ. Մասլոուն դառնում է նորաբաց Բրենդիսի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի առաջին դեկան։ Այնտեղ աշխատում է մինչև 1969 թ.։ 60-ական թվականներին Մասլոուն դառնում է հայտնի և 1967 թ. ընտրվում Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիայի տնօրեն[13]։ 1970 թվականի հունիսի 8-ին, 62 տարեկան հասակում նա մահացավ սրտի կաթվածից, որը սրտի քրոնիկական հիվանդության արդյունք էր։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն հոգեվերլուծողների՝ Մասլոուն կարծում էր, որ անձի բնույթը պետք է ուսումնասիրվի ոչ թե շեղվող վարք ունեցող մարդկանց հետազոտելով, այլև մարդկանց լավագույն ներկայացուցիչներին ուսումնասիրելով։ Մասլոույի կողմից ընտրված խումբը բաղկացած էր 18 մարդուց. ինը մարդ նրա ժամանակակիցներն էին, իսկ մյուսը ինը՝ պատմական անձինք (Աբրահամ Լինկոլն, Ալբերտ Էյնշտեյն, Բենեդիկտ Սպինոզա և այլք)։ Հետազոտությունները նրան տվեցին մարդու պահանջմունքների հիերարխիայի առկայության գաղափարը։ Այդ հիերարխիան հետևյալն է.

  1. Ֆիզիոլոգիական պահանջմունքներ՝ սնունդ, ջուր, քուն։
  2. Անվտանգության պահանջմունք՝ կայունություն։
  3. Պատկանելություն և սիրո պահանջմունք՝ ընտանիք, ընկերություն։
  4. Հարգանքի պահանջմունք՝ ինքնահարգանք, ճանաչում։
  5. Ինքնիրացման պահանջմունք՝ ընդունակությունների զարգացում։

Մասլոուի տեսության խոցելի կողմն այն էր, որ նա պնդում էր, թե տվյալ պահանջմունքները (ինքնահարգանք, ինքնիրացում) ի հայտ են գալիս նախորդ ավելի տարրականները բավարարելուց հետո։ Մասլոուից հետո հումանիստական հոգեբանության շրջանառության մեջ մտան «ինքնիրացում» և «ինքնիրացվող անձ» տերմինները։ Ինքնիրացվող մարդիկ, ըստ հեղինակի, բնական, համարժեք և արդյունավետ են ընկալում իրավիճակը, կենտրոնանում են խնդրի, և ոչ թե սեփական անձի վրա։ Սրանք մի կողմից բաց են այլոց համար, մյուս կողմից նրանց հատուկ է ինքնավարությունն ու անկախությունը շրջապատող միջավայրից։ Գիտնականը կարծում էր, որ յուրաքանչյուր ոք ծնվում է որակների, ընդունակությունների որոշակի համալիրով, որոնք նրա «Ես»-ի էությունն են կազմում և որոնք մարդ պետք է գիտակցի ու դրսևորի սեփական կյանքում։ Դա է պատճառը, որ գիտակցված ցանկություններն ու դրդապատճառներն են, որ կազմում են անձի էությունը և տարբերում նրան կենդանիներից։ Ինքնիրացման ճանապարհին առկա խոչընդոտները երբեմն ստիպում են մարդուն ետ կանգնել զարգացման այդ ուղուց, ինչի հետևանքով կարող են զարգանալ նևրոզներ։ Մասլոուի հետազոտությունները ցույց են տվել, որ նևրոտիկներն ինքնիրացման չգիտակցված կամ թերի զարգացած պահանջմունք ունեցող մարդիկ են։ Այսպիսով, մի կողմից հասարակությունն անհրաժեշտ է անձին, քանի որ ինքնիրացվել նա կարող է միայն հասարակության մեջ, մյուս կողմից այն խոչընդոտում է ինքնիրացմանը և հեռացնում մարդուն իր էությունից։ Դա է պատճառը, որ մարդն անհրաժեշտ է, որ հավասարակշռություն պահպանի այդ երկու մեխանիզմների միջև։ Օպտիմալը, ըստ Մասլոուի, արտաքին աշխարհի հետ շփման մեջ նույնականացումն է արտաքին պլանում և օտարվածությունը ներքին պլանում։ Միայն այդպիսի մոտեցումն է, որ թույլ կտա մարդուն արդյունավետ շփվել շրջապատի հետ և միևնույն ժամանակ մնալ այնպիսին, ինչպիսին կա։ Մեծ ճանաչում է ստացել Մասլոուի դրույթն այն մասին, որ անձնային զարգացման նպատակն ինքնիրացման ցանկությունն է, մինչդեռ անձնային աճի դադարումը՝ անձնային մահ է։ Ընդ որում, հոգևոր աճին խանգարում են ոչ միայն ֆիզիոլոգիական պահանջմունքները, մահվան վախը, վատ սովորությունները, այլև խմբի ճնշումը, սոցիալական քարոզչությունը, որոնք նվազեցնում են մարդու ինքնավարությունն ու անկախությունը։ Գնահատելով Մասլոուի տեսությունը՝ անհրաժեշտ է նշել, որ նա առաջին հոգեբանն էր, որն իր ուշադրությունն ուղղել էր ոչ միայն անձի բացասական, այլև դրական կողմերի վրա։ Առաջիններից, որ հետազոտեց անձնային փորձի դրական ձեռքբերումները և բացահայտեց ինքնազարգացման և ինքնակատարելագործման ուղիները յուրաքանչյուրի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 https://www.biografiasyvidas.com/biografia/m/maslow.htm
  5. 5,0 5,1 5,2 Abraham Maslow // The EconomistLondon: The Economist Group, 2008. — ISSN 0013-0613; 1476-8860
  6. Find A Grave — 1996.
  7. https://www.thenewatlantis.com/publications/abraham-maslow-and-the-all-american-self
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Notable Names Database — 2002.
  9. CONOR.Sl
  10. «Maslow, Abraham». Oxford US English dictionary. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  11. Հոգեբանություն (դեմքեր, փաստեր)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ/ Կազմ. Ս.Վ. Հովհաննիսյան, Հ.Ռ. Հովհաննիսյան, Է.Վ. Ասրիյան, խմբ. Հ.Մ. Ավանեսյան - Եր.: ԵՊՀ հրատ., 2010 թ. - 145-147 էջ։
  12. Ruth Lewis
  13. 13,0 13,1 Фрейджер, Роберт; Фейдимен, Джеймс. Личность. Теории, упражнения, эксперименты. — Прайм-Еврознак, 2004.
  14. 14,0 14,1 Маслоу А. Мотивация и личность. — СПб.: Питер, 2008.
  15. Шульц Д. П., Шульц С. Э. История современной психологии. — СПб.: Евразия, 2003.