Դոժ
Դոժ (իտալ.՝ doge, լատին․՝ dux-ից-առաջնորդ), Վենետիկի (7-18-րդ դարերում) և Ջենովայի (14-18-րդ դարերում) հանրապետությունների ղեկավարը։ Վենետիկում դոժին ընտրել է ավագանին՝ բազմաստիճան ընտրությունների միջոցով։ Պաշտոնը եղել է ցմահ, սկզբնական շրջանում ունեցել է մեծ իշխանություն։ Առանձին դոժերի՝ իշխանությունը ժառանգական դարձնելու փորձերից հետո, Վենետիկի օլիգարխիան 12-14-րդ դարերի ընթացքում աստիճանաբար սկսեց սահմանափակել նրանց դերը։ Ջենովայում դոժի պաշտոնը ցմահ է հայտարարվել 1339 թվականին։ Սակայն 1528 թվականին այդ ժամկետը սահմանափակվել է 2 տարով։
Վենետիկյան դոժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոժի տիտղոսը Վենետիկի հանրապետությունում գոյատևել է տասը դարից ավել։ Սկիզբ է առել 697 թվականին, այն ժամանակ դեռ Վենետիկը պատկանում էր Բյուզանդիային։ Վենետիկի առաջին դոժը եղել է Պաուլո Լուչիո Անաֆեստոն։ Դոժերը ընտրվում էին ցմահ՝ Վենետիկի ամենահարուստ մարդկանց կողմից։ Մինչ 1032 թվականը դոժերը ունեին անսահմանափակ իշխանություն։
Ջենովայի դոժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոժի տիտղոս էր կրում նաև Ջենովայի հանրապետության կառավարիչը։ Դոժ տիտղոսը Ջենովայում սկզբնավորվել է 1339 թվականին։ 1384 թվականից մինչև 1515 թվականը Ջենովայի ամենապատվավոր քաղաքացիները զբաղեցնում էին դոժի պաշտոն։ Տիտղոսը դադարել է Ջենովայում և Վենետիկում Նապոլեոն Բոնապարտի նվաճումների ժամանակաշրջանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 430)։ |